Ես քեզ ասելու խոսքեր չեմ գտնում

***

Ես քեզ ասելու խոսքեր չեմ գտնում.
եւ իմ աչքերը վարդեր են քաղում,
եւ հավքի թեւ է դառնում հայացքդ,
եւ հապաղում է օրը վայրկյանում,
եւ չես հասկանում անհասկանալին։

Ես քեզ ասելու ասքեր եմ փնտրում.
եւ փակ կողպեք չի մնում ինձանում,
եւ քո թեւերն է մտնում աղբյուրը,
եւ մեզնով ճամփան գտնում է իրեն,
եւ չես հասկանում անհասկանալին։

Ես քեզ ասելու աստղեր եմ փնտրում.
եւ ծաղկած հաց է դառնում երկինքը,
եւ լույսը մթան կողերն է ընկնում,
եւ իմ մայրիկը տղա է բերում,
եւ չես հասկանում անհասկանալին։

Ես քեզ ասելու ծովեր եմ փնտրում.
եւ հուշի գրկում խայտում են ձկներ,
եւ այրվող շուրթին մարում է ցողը,
եւ սերն Աստծու պատիժ է դառնում,
եւ չես հասկանում անհասկանալին։

Ես քեզ ասելու խոսքեր չեմ գտնում,
Ես քեզ ասելու ասքեր չեմ գտնում,
Ես քեզ ասելու աստղեր չեմ գտնում,
Ես քեզ ասելու ծովեր չեմ գտնում
եւ հասկանում եմ անհասկանալին...