***

Երազը թեւ է փնտրում կապուտակ քո աչքերի մեջ։
Տարին երաշտ է եւ առուն ոչ մի նոր երգ-մեղեդի
դեռ չի հորինել,
հերվա քարեքար թռչող բառերն է ուզում վերհիշել։
Չոփը կտուցին՝ քաշը ճյուղեճյուղ ելնում է, ահա,
քաշը բարձր է իր բույնը շինում,
երաշտն՝ ուրեմն, դեռ ձգվելու է։ Ուզում եմ երգիս
բառերը ձգվեն՝ Աստծով հաստված թռիչքների մեջ,
անընդհատ փոխվեն,
շարժվեն ու շարվեն
երկնքով անցնող երամի կապույտ կռունկների պես,
դրանից սրտիս կարոտը դառնա նախնական ու պարզ,
խոսքերս՝ հասնեն,
ինչպես երամն է գիշերով հասնում։
Քո աչքերի մեջ ամպերի տխուր երամներ կան շատ։
Տարին գնում է։
Կռունկը, թեւին ձյունի փաթիլ կա, փորձում է չվել մի կրկին անգամ,
Թեւը քսվում է աշնանավերջին թեթեւ ծաղկոտված ինչ-որ մի թփի.
ձմեռն, ուրեմն՝ խիստ է լինելու։
Ծաղկի թռչող թեւ՝ ձյուների միջով։
Գիշերվա քիվին՝ կռունկի տաք կանչ.
                          «Ինձ մի կորցրու, ինձ մի կորցրու»։
Իսկ իմ տխրության խոնավ երկնքով
չվում են, ահա, երկու կռունկներ. այդ քո աչքերն են-
երկվորյակները՝ ցավոտ, կապուտակ իմ երազների։