Երազ (Միքայել Նալբանդյան)



ԵՐԱԶ

Սարսափելի երազ տեսա այս գիշեր,
Որպես թե մի պարտիզի մեջ կանգնած եմ.
Մշտադալար զարդարված է կանաչով,
Բյուր ծաղիկներ յուրյանց հոտը բուրում են։

5 Ուրախ֊ուրախ թռչունները երգելով,
Ծառե ի ծառ ողջունեցին իմ գալը.
Ծաղիկները քնքուշ գլուխքը խոնարհած՝
Ողջույն տվին, զմայլեցավ իմ սիրտը։

Գնում եմ խոր պարտիզի մեջ. մարդ չկա,
10 Ոչ մի տեղից ձայն, աղաղակ չէ լսվում.
Միայն հեռվից հասանում է ականջիս
Ջրի ձայնը, բայց ջուրը դեռ չեմ տեսնում։

Ւմ գնացած ճանապարհի ծայրումը
Ահա բացվեց մի գեղեցիկ հրապարակ,
15 Մարմարոնյա գեղեցկաշեն ավազան,
Ուր գործում էր ջուրը այնքան աղաղակ։

Երբ մոտեցա ավազանին, ի՛նչ տեսնեմ,
Մի հրաշագեղ, մատաղահաս օրիորդ,
Ավազանի ափի վերա խոնարհած,
20 Լվանում է իստակ ջրում մի լվածք։
 
Գերբնական է այդ աղջկա տեսիլը,
Ոչինչ չկա դորա վերա հողեղեն.
Լուսեղեն է, թափանցիկ է մարմինը,
Աչքը հոնքը սև սաթի պես փայլում են։

25 Չքնաղ իրան, մեջքը բարակ, իսկ կուրծքը
Դուրս է նայում բարակ հագուստի տակից,

Որպես երկու հասունացած մեծ նռներ,
Թավիշապատ. խելք է թռցնում գլխից:

Կերպարանքը կանոնավոր ու սիրուն,
30 Ոսկիամայրն չարժե նորա մոտ ոչինչ.
Ծածանում է ուսի վերա մազերը,
Բերնի վերա ծաղկում է քաղցր ժպիտ։

Երգ երգելով, նա կտավ է լվանում,
Նորա ձայնը կախարդում է թովչի պես.
35 «Խաղա՛ աղբյուր», նա երգում է, «խայտալով,
Իմ կտավը ճերմակցրո՛ւ քո ջրերով»։

— Ո՛վ իմ չքնաղ, ասա′, լսեմ, ով ես դու.
Ես մոտեցա և ասում եմ նազելով,
Ո՛ր տեղից ես եկած այստեղ և ինչո′ւ,
40 Այդ ի՛նչ բան է, լվանում եմ երգելով։ —

Ինձ պատասխան տվեց այսպես. «Պատրա՛ստ կաց,
Մահու պատանք լվանում եմ քո համար».
Եվ այս խոսքը ասած չասած, ծուխի պես
Անհայտացավ իմ աչքիցը ամեն բան։

45 Տեսանում եմ, որ կանգնած եմ անտառում,
Ծառի կատարքը հասանում են երկնքին.
Յուր մռայլոտ գագաթովը անտառը
Սոսկալի էր ահաբեկված իմ սրտին։

Լսելիքս ամբոխվեցան... վաստակեցան աչքերս...
50 Կացինի ձայն հեռվից հանկարծ լսում եմ.
Խիտ ծառերի միջերից դուրս վազելով,
Հանկարծ մի այլ նոր երևույթ տեսնում եմ։

Մի հաստաբուն, բարձր կաղնի ահագին,
Նորա տակին նույն օրիորդն է կանգնած
55 Կացին ձեռքին, ջարդոտվելով մեծ կաղնին,
Հրաժարվում է յուր դարավոր արմատից։

Օրիորդը կտրում է ու երգում է,
Նորա երգը սիրտ կախարդող է դարձյալ.

«Կտրի՛ր, կտրի՛ր, սրաբերան իմ տապար,
60 Փայտ կտրատիր, տախտակ տաշիր իմ համար»։

— Իմ նազելի, իմ սիրական, ասա՛ ինձ,
Մոտենում եմ նորան դարձյալ ասելով․
Ասա՛, ո՛վ ես և կամ ուստի՛ ես եկած,
է՞ր տախտակներ կտրատում ես երգելով։ —

65 Իմ հարցմունքին այսպես տվեց պատասխան․
«Քո օրհասը մոտեցել է, տախտակներ
Պատրաստում եմ ես քո դագաղի համար»։
Ասացք դարձյալ անհայտացավ. ես մնացի։

Քայքայվելով հողիս ու սիրտս նայում եմ․․․
70 Ահա դաշտը սևանում է չորս կողմից․
Ես չգիտեմ, թե ի՛նչ պիտի գա գլխիս,
Բայց դողում եմ բոլոր մարմնով երկյուղից։

Երթում եմ ես... բայց ամպի պես մի պատկեր
Հեռուիցը երևեցավ իմ աչքին․
75 Մոտ վազեցի, դարձյալ տեսա․․․․․ ես նորան,
Մի գունաթափ, տխուր դեմքով ուրվական։

Մի ծանր մուրճ բռնած էր պինդ յուր ձեռքում,
Որով գետինը փորում էր անդադար․
Ո՛հ, թեև այնքան գեղեցիկ էր իմ աչքին,
80 Բայց երկյուղից սիրտս զարկում էր կատաղած։

Նա փորելով դարձյալ երգում էր մի երգ—
Մի սրտաշարժ, մի շատ տխուր, տրտում երգ․
«Մո՛ւրճ իմ, մուրճ իմ, փորիր դու ինձ մի փոս խոր,
Փորի՛ր, մուրճ իմ, մի գրկաչափ գետնափոր»։

85 Մոտենում եմ նորան դարձյալ խնդրելով․
— Իմ նազելի, իմ սիրական, ասա′ ինձ,
Ասա′, ով ես և կամ ուստի′ դու եկար,
Կամ այդ փոսը դու փորում ես ո՞ւմ համար։—

Իմ հարցմունքին պատասխանում է այսպես․
90 «Ես քո համար պատրաստում եմ գերեզման»։

Ճայթեց սիրտս... և երկյուղից և ցավից,
Բայց կամեցա տեսնել իմ այդ օթևան:

Երբ գնացի ես փոսի մոտ նայելու,
Սարսափելի մի ձայն եկավ ականջիս.
95 Հետ եմ նայում, տեսանում եմ այլ աղջիկ,
Նույնպես չքնաղ, նույնպես մատաղ, թափանցիկ:

— Իմ նազելի, գո՛նե դու ինձ գթա՛, ասա՛,
Ո՞վ է փորող օրիորդը և դու ո՛վ.
Ինչո՛ւ այդպես գիշատում եք իմ սիրտը,
100 Շուտ պատասխան տուր նազելի խղճալով:—

«Մեք երկուքս քույր ենք միմյանց անբաժան»,
Օրիորդը պատասխանեց հեգնելով.
«Նա երեցն է, իսկ ես կրտսեր հարազատ...»
— Բայց ո՞վ եք դուք,— ես հարց արի գոռալով:

105 «Նա ալևոր Հայաստանի հոգին է...
Իսկ իմ անունն է Անմիաբանություն,
Մեք շատ դարեր անցուցել ենք խռովով,
Եվ շատ մարդիկ փոսն են ընկել մեր ձեռքով»:

Ասաց, ժպտաց. կատաղաբար երկու քույր
110 Գլորեցին ինձ փոսի մեջ. ես ընկա...
Շնչարգելված նեղութենից զարթելով
Ստուգեցի, թե երազ էր որ. տեսա: