Երազ (Շուշանի Կուրղինյան)

ԵՐԱԶ.


Երազ ես տեսայ—երկնակամարից
Շքեղ, բոցավառ մի ջահ էր կախուած.
Ճօճում էր նրան զով քամին վարից:
Անահ թևերով բոցերը գրկած:

Ա՜խ, լաւ էր այնպէս... և բոսոր լոյսին
Երկիրն էր նայում ակնապիշ, լռիկ.
Ինչպէս սիրահար՝ որ մատաղ կոյսին
Միայն տեսնելուց գոհ է, երջանիկ:

Թռայ սրարշաւ և ի հև ես վեր,
Վաթա՜ն, քեզ համար... որ լոյսը միայն
Խաւար քո դէմքին մօտ-մօտիկ կախուէր,
Քեզ լոյս տալ, ազի՛զ, շողար յաւիտեան:

Ահա մօտեցայ ես նրան անշեղ.
Ջահը պինդ գրկած սլացայ դէպ վար.
Բայց նա մարեցա՜ւ... խաւա՜ր է ահեղ...
Ա՜խ, կախուած էր նա ամենքի համար: