ՅԵ՜Տ ՏԱ՛Ր ՔՈ ԽԱՉԸ...


Անծայր տափարակ... գետինը սառած,
Ձեան կարծըր շերտի հիւրընկալ գրկին
Դէմքը ցաւագար խնամքով ծածկած՝
Լուռ մտորում է վիշտըն անմեկին...
Բքաշունչ քամին վազում սանձարձակ—
Ոռնում է, ճչում... կամ պաղ թևերով
Ծեծկում է գետնին և իւր անգունակ
Հին կսկիծներից երգում է լալով:
Մառախուղը գորշ տձև փեշերի
Ծալքերն երկնքում համարձակ ձգել,
Ծածկել է չքնաղ լուսնի, աստղերի
Լուսաբեր ցոլքն—ազատ, անարգել. .
Եւ ահա հեռուից ինչ որ մութ գծեր
Սևին են տալիս, ճօճում անհաստատ,
Ճօճում, երերում՝ կասես ագռաւներ
Քաղցից շուարած, ծարաւ կամ քնհատ:
Եւ դաշտավայրի սպիտակ կրծքին
Որպէս չորացած վէրքերի սպիներ.—
Այն սև գծերը լուռ և մոլեգին՝
Տագնապ են ազդում, սարսուռ ահաբել...

Ահա կանգ առան․․․ խառնուեցին իրար
Մի խուլ հարուածից տնքաց ու դողաց
Ամայի դաշտը... քամին թևահար
Պինդ փարուեց երկրին, քարացած մնաց:
Եւ մի սոսկալի, խոլ հեկեկանքի
Խեղդած հեծկլտանք տարածուեց դաշտում,
Մի ամօթապարտ, մեղսոտ պատրանքի
Դիւային քրքիջ շշնչաց օդում:
Ու աղեկտուր լալագին վշտի
Հոգոց դուրս թռաւ երկրի երեսից.
Եւ սևին տուեց սև յաղթանակի
Գարշելի փառքին պատրաստուած մի ցից...

Ամենքը լուռ են... Մի լուռ պատմութիւն,
Մարդկային կեանքի մի հսկայ հոսանք.
Ապրածի՝ վերջը, նորի՝ յայտնութիւն,
Դարերի ճնշման պոռթկումի թափից
Ըմբոստ վիժուածքը տառապանքների,
Անարդ բնութետն սուր ճիրաններից
Նորածիլ սաղմը ազատ մտքերի,
Հաւասարութեան միակ փրկարար
Վես գիտակցութեան ծնունդը հսկայ—
Օրնիրուն վթող, անվերջ հողմահար
Տիրող կարգերի լուծն արճիճեայ՝
Կանգնեցին անխօս, դէմ առ դէմ այնտեղ––
Այդ ոչնչացման տխուր հանդէսի
Սոսկալի ժամին... այն ժամին ահեղ
Երբ սոսկ մարմնացած դարը կը խօսի...
...........................

Բամին դողալով շոյում է, գգւում
Այն լուռ դէմքերին և իր վշտահար,
Մենակ, անընկեր կեանքից անխնդում
Պատմում է նրանց, լալիս անդադար:
Նա մերթ քծնելով սև ֆարտջայի
Երկար փեշերն է վախկոտ փողփողում,
Եւ այն ծեր ձեոքում բռնած սառ խաչի
Շուրջը զարմացած գալարւում, խաղում:
Նա մերթ այն դաժան դէմքերից ցասկոտ
Թռչում է հեռու ու սիւնին դիպչում,
Կամ սիւնին կապած էակի թախծոտ
Այրուող ճակատը պաղ թևով շփում:
Թշուա՜ռ էակի... նրան վերցրին
Մի պայթած ռումբի փշրանքների մօտ
Որտեղ փորուել էր—իր ջահել կեանքին,
Ջախջախուած մարմնին—առանց ձեռ ու ոտ,
Բռնութեան ճնշող հաճոյքին յարմար
Մի անդարձ անդունդ—ըմբոստի համար...
Եւ ահա ինքը՝ մարդկութեան որդին,
Տառապանքների, անարդ բռնութեան
Ըմբոստ մարտիկը — իր նմաններին
Փրկելու համար ելաւ կախաղան:
Ի՞նչ հոգ խաւարի սև հոգիներին
Որ նա կէս մարդ է... որ նա տրորուած
Արիւնաշաղախ մի վիրոտ մարմին,
Սպիների մի ցանց, ձեռք-ոտք կորցրած...
Չէ որ թշուառի խիզախ կրծքի տակ
Դեռ ևս տրոփում են զարկերը վերջին,
Այն ըմբոստ հոգու տենչըն անխորտակ,
Յագեցած վրէժի ցոլք կայ աչերին:
Չէ՞ որ արնաքամ, չորցած շրթերում
Արհամարանքի խաղում է ժպիտ,
Ու մի ստահակ, գոհունակ խնդում
Տիրում այլանդակ մարնին չոր, վտիտ...
Հա, կատարուել է... պէտք է շուտ մեռցնել
Բախտաւորներին - արհամարողին.
Պէտք է շուտ խեղդել, արմատից խլել
Ըմբոստ խլրտման ծիլերը վերջին...
Եւ ահա թշուառ դատապարտեալին
Լուռ մօտենում է ծերուկ քահանան՝
Ստրուկի շղթան փշրել ուզողին—
Համբուրել տալու հաւատի շղթան...
Յե՜տ տար քո խաչը...

Յե՜տ տա՛ր քո խաչը—գործիքն յարմար
Անվերջ կեղծիքի, լպիրշ քսութեան.
Անխախտ պատճառըն—արուած ոտնահար
Ամեն մի տենչի թշուառ մարդկութեան:

Յե՜տ տար ազգերի տիտան կապանքի—
Վեհ ձգտումների, սուրբ ճշմարտութեան,
Գիտակից մտքի—ազատ վայելքի,
Շաղկապ իդէալի-հաւասարութեան,
Եւ սասանական անվերջ ջարդերին:
Անմեղ զոհերի անգութ սպառման՝
Վաղո՜ւց կեղծուած ժանգոտ բանալին...

Յե՜տ տա՛ր մոլեռանդ, անմիտ ու անհամ
Կեղեքիչների զէնքը – քառաթև՝
Որ պաշտուեց երկար, երբ ամեն անգամ
Տնքում էր մարդը—մտքով կո՜յր, անթև՜...

Յե՜տ տա՛ր... նրանից արիւն է ծորում,
Վազում արցունքի, շարաւի հեղեղ,
Բիւրաւոր, անթիւ զոհերի լքում—
Ղօղանջում մահուան նզովքով ահեղ...

Յե՜տ տա՛ր—տրորուած ըմբոստ գանգերի
Տաք-տաք, բաբախուն—արիւնաշաղաղ
Թարմ ուղեղներից—հաւատողների
Կոփանքի սալը—և խաչդ՝ աւա՜ղ...
Ահա մեր խաչը—սև սիւնը անարգ,
Փրկութեան համար հանուած Գողգոթա,
Ահա և ինքը՝ նոր լոյսի զաւակ,
Որ ազատութեան հարթում է ճամբայ...

Բքաշունչ քամին վշտից կարկամած
Ոռնում է, ճչում. իւր պաղ թևերով
Ծեծկում է թմբին, կոյտերի սառած
Փշրանքը արնոտ գուրգուրում լալով...