«Երբ գիշերային...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 105,
ծ. ― էջ 572




* * *


Երբ գիշերային
Մութ հորիզոնից
Արև կամ լուսին
Երևում են ինձ,
5 Իմ տխուր հոգում
Ծագում է ոսկի
Ճաճանչը հուսո
Հարատև կյանքի,
Եվ մտածում եմ.—
10 Աշխարքը դեռ կա,
Դեռ օր կըտեսնեմ...
Եվ նշանն ահա։
Հրճվում է հոգիս,
Երգում եմ զվարթ,
15 Եվ ժպտում են ինձ
Թե՛ աստված, թե՛ մարդ։


Աստծո տաճարում
Մոմը սեղանից
Խնկաբույր ծխում,
20 Վառվում է հանգիստ.
Իմ մռայլ հոգում
Առաքինության,
Ճշմարիտ կյանքի
Հավիտենական
25 Լույսը ցոլանում,
Վառվում է նույնպես.
Սրտով մեղմանում,
Աղոթում եմ ես։


Կուսի աչքերին
30 Նայում եմ ագահ.
Թնդում է հոգիս,
Դողում ակամա,
Եվ կենդանության
Ախտերը եռուն,
35 Ախորժ այրվում են
Իմ երակներում.
Սիրտս անհանգիստ
Պայթում է կարծես,
Զգում եմ ցավ, վիշտ...
40 Եվ տանջվում եմ ես.
Բայց այն տանջանքը
Քաղցր է ինձ համար,
Քան երկար կյանքը,
Աղոթք փրկարար։

1892