Առանց քո իմացության` ես քեզ տանում եմ հեռուն։
Ես ինձ չեմ ընթերցում, քանի որ չեմ սիրում
նույն տեղով անցնել
երկրորդ անգամ։
Ամեն հայացք ունի իր
«ինչուն»։
Առանց քո իմացության` ես քեզ տանում եմ հեռուն։
Եվ հիմա, երբ ես եկել եմ քեզ մոտ, ե՞ս եմ եկել,
թե ինձ թողել եմ ինչ-որ տեղ ու եկել։ Անձրեւը
ծառերի վրա իջնում է գրեթե
անվարտիք։
Չեմ հասկանում լույսի խորհուրդը. «Երբ մութ է՝ բռնում ես ձեռքս,
երբ մութ չէ՝ ձեռքս բաց ես թողնում»։
Առանց քո իմացության` ես քեզ տանում եմ հեռուն,
եւ ափիս մեջ, երբ գրում եմ քո մասին,
գրիչս ծաղկում է,
եւ ինքն իրեն հնչում է վանքի զանգը՝ ինչպես ջրվեժ։