Գարունը ծաղիկներից հավաքեց քո աչքերը, եւ ես զգացի, որ
դժբախտությունը սիրում է այցելել միայն անտխուր պահերին։ Իսկ
արեւածագը Մեծ քարի վրա ամեն օր նման է լինում արտակարգ ու
աննախադեպ
ծիսակատարության։
Ես պահի վկան եմ։ Եվ՝
ականատեսը։ Բոլորիդ հետ
մի երկիր եմ։ Հոսում եմ՝ ինչպես անապատի աղբյուր՝ Մովսեսի գավազանի
ծայրին։ Ուզում եմ միշտ այնտեղ լինել, ուր միայն երգը կարող է տանել։
Դաշտը չի հասցեագրում իր ծաղիկը որեւէ մեկին, պարզապես բուրում է։
Գիշերվա ծոցի մեջ՝
մարմնավաճառ
մոմեր։
Հույժ հրատապ լռություն։
Իր մեղվին սպասող եղրեւանու շուքի տակ նստել է գայլը։
Բանաստեղծությունը՝ Ադամի եւ Եվայի առաջին հանդիպումներից սկսած,
իր մեջ տանում է ապագայի մոդուլը եւ
ինքն իրեն մոտենում է՝ Ադամին եւ Եվային սպանելով։ Բայց
իմ պսակը՝ աստղի հետ ավելի հմայիչ է դարձրել մութը, քանի որ
բառի եւ սպիտակ թղթի հանդիպումը չի հանդուրժում ոչ մի ժամադրություն։
Մարդն ուր էլ լինի, չի կարող
հեռանալ ամբողջովին։ Մինչդեռ
բանն ընդամենը փորձ է աշխարհը շտկելու, իսկ
գրել, նշանակում է՝
ընդդիմանալ։
Չկա ոչինչ ավելի անօրինակելի, քան ինքը՝ օրինակելին։ Ավա՜ղ, լեզուն եւ
դրամը հաղորդակցության մրցակիցներ են։ Թեեւ փողոցով գնում եմ,
ահա, բայց տեսնում եմ, որ փողոցով չեմ գնում։ Տագնապ կա
իմ մեջ. «Մարդն ինքն իր վատթար տեսակն է»։
Վախենում եմ՝ հանկարծ այնքան թույլ լինեմ, որ չկարողանամ անգամ մեռնել։
Ինքն իր հանդեպ այնպես անտարբեր է, որ դիմացինին այլեւս չի նկատում։ Ես
հիմա ոչ թե ես չեմ, այլ նա եմ, որ մի քիչ նման է ոչ ինձ։
Իսկ արեւածագը՝ Մեծ քարի վրա, միակ նշանն է, որով
կարող եմ վերադառնալ, սկսած այն ժամանակներից,
երբ գարունը աչքեր է հավաքում ծաղիկներից եւ բառերը արտաբերվում են միայն ձեռքով։