Երգիծական մանրապատումներ
ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
Հաստատ իմանալով, որ այս տարի «Տարազ»-ում տպվելու են բոլոր հայ խմբագիրների պատկերները, նախանձից ու փառասիրությունից դրդված մտածեցի մի թերթ էլ ես հրատարակեմ– գլուխ քարը, թե ուրիշ օգուտ չեմ ունենալ, խոմ պատկերս գոնե կտպվի․․․
Շատ կարճ մտածելուց հետո անունը դրի «Նոր-Տարի»։
Թերթիս անունը խմբագրատան ճակատին կախեցի, մտա ներս, սկսեցի գրել անդրանիկ առաջնորդողս.
Մենք բախտավոր ենք համարում մեզ, որ միայն մենք ենք հասկանում և վճռում այսպիսի ծանր խնդիրները և մեզ երջանիկ ենք համարում, որ մեր կողմն է ազգի լավագույն մասը։ Ապագան անպատճառ մազութ կքսի մեր հակառակորդների գերեզմաններին և մեզ կփառաբանի։ Մեր հակառակորդները շոյում են կույր ամբոխին։ Բայց դառնանք խնդրին։ Այս խնդիրը դարուս ազգային, եկեղեցական և հասարակական ամենամեծ խնդիրն է, ով որ այսպես չի հասկանում, նա լիրբ է և հիմար, ինչպես մեր բոլոր հակառակորդները։
Ասել ենք, ասում ենք և[1] կասենք, որ մենք խնդրին նայում ենք բոլորովին ուրիշ կողմից, որտեղից ոչ ոք չի կարող նայել։ Ահա խնդիրը կանգնած է մեր առաջ։ Էջմիածնում ծափահարել են մեր հայրապետին…
— Այստեղ է՜, գտել ե՜մ, եկեք…— հանկարծ դուրսն աղմկելով ներս են թափվում մի խումբ երիտասարդներ։ Նրանցից մեկը ձեռքին մի արծաթյա պսակ հառաջ է գալիս և ոգևորված խոսում.
Պարոն խմբագիր,
Դուք ձեր ազգօգուտ թերթում ձեր ուժեղ ձայնը բարձրացրիք և տասը տարի շարունակ անխոնջ կռվեցիք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին քանդողների դեմ…
Այստեղ ընդհատելով, գռ՜ռ՜, դարձյալ ներս խուժեցին։
Պսակներ ու պատգամավորներ Բալախանից, Կիլիկիայից, Ղարաբաղից… նախասենյակը թնդում է՝ «շնորհավորում ենք ձեր տասնամյակը, կեցցե՜ «Նոր-Դարը» «…
— Էստեղ չի՜, «Նոր-Դարն» էստեղ չի՜, պարոննե՜ր,— գոռում եմ ես,— բայց ո՞վ է լսում։
Մտնում են մի խումբ կանայք և օրիորդներ, բերում են մի թավիշյա բարձ.
«Պ. խմբագիր,
Թողեք այս թանկագին բարձի վրա հանգչի ձեր թանկագին գլուխը, որ մտածում է հայ կնոջ իրավունքների մասին…»
— Ես չե՜մ, տիկիննե՜ր, ես չեմ…
Բայց աղմուկը խլացնում է իմ ձայնը։
— Կեցցե՜ «Նոր-Դարը», շնորհավորում ենք ձեր տասնամյակը։
Խռնված ժողովուրդը ճեղքելով մոտենում է հեռագրատան ծառայողը. մի խուրջին հեռագիրներ է թափում առաջս. բոլորը «Редакция Нор-Дар»։
— Не я՜… господа, не я՜…— աղաղակում եմ։
Բայց ներքև սանդուղքները ջարդելով գալիս են նոր խմբեր. արդեն ականջիս ձայներ են հասնում. «Դուք տասը տարի անխոնջ… դուք տասը երկար տարիներ քաղցած…»։
Լցվում են ներս։
Դարձյալ ընծաներ։ — Պարոննե՜ր, «Նոր֊Դարին» տարեք, «Նո՜ր-Դարին»… մենք «Նոր-Տարի» ենք, հրատ…
Բայց մի պոչազգեստավոր ոգևորված երիտասարդ չի թողնում խոսքս վերջացնեմ. հառաջ է գալիս և բոլորից բարձր աղաղակում.
— Պ. խմբագիր.
Երախտապարտ ազգը ձեզ հրավիրում է ճաշկերույթին, որ տալիս է ձեր տասնամյակի առթիվ,— և իսկույն հարայհրոցով ու կեցցեներով բարձրացնում են ինձ. զգում եմ՝ ինչպես հարյուրավոր ձեռքեր պահում են ինձ։
Հանկարծ ներս է մտնում մի ոստիկան. позвольте նա էլ է գոռում ու ձեռքը մեկնում դեպի ինձ։
Երևի սա էլ է ուզում բարձրացնել, մտածում եմ ես, բայց կոպիտ ոստիկանը փեշիցս բռնած ներքև է քաշում։
— Что ты делаешь,— աղաղակում է բարկացած ամբոխը։
— В суд его,— գոռում է ոստիկանը,– за клевету… по делу архимандрита Клитчянца…
Ասում է ու ինձ քարշ տալիս в суд, էլ ականջ չի դնում, ես հենց գոռում եմ՝ «Не я… господа, не я…»[2]։
Ստացա ձեր նամակն և տեղեկացա… Դժբախտաբար Հայոց բարեգործական ընկերությունը մերժում է ձեր խնդիրը։
Բարեգործական ընկերությունը չի ընդունում այնպիսի բարի գործ, որի մեջ «աստված» բառը չկա, դրա համար էլ արտասահման է ուղարկում բացառապես այն երիտասարդներին, որոնք «աստվածաբան» են ուզում դառնալ։
Իսկ դուք ընտրել եք գյուղատնտեսություն, քաղաքատնտեսություն, լեզվաբանություն, պատմություն և այլն, որոնց մեջ իսկի խաչ էլ չկա։ Ուրիշ բան է, եթե լիներ աստվածագյուղատնտեսություն, աստվածաքաղաքատնտեսություն, աստվածալեզվաբանություն և այլն։
Բաքու դիմեցեք, նրանց ընկերության անունը մարդասիրական է։
«Մուրճ»–ի խմբագրատանը եղանակները խառնվելու պատճառով ձեր ապահովության ֆոնդի ժողովը հետաձգվում է անորոշ ժամանակով։
Բայց ահա նա ինքը.
«Բարև ձեզ, պ<արոն> Արասխանյան, չէ որ դուք մի քանի անգամ հայտարարել եք. ի՞նչ եղավ գրողների ապահովության ֆոնդի ժողովը»։
– Ես[3] գրողների վիճակի վրա յուր ժամանակին կմտածեմ[4]։
– Այժմ ի՞նչ է որ։
– Այժմ ես մտածում եմ «Մուրճ»-ի ապահովության ֆոնդի մասին։
– Բայց չէ որ դուք ապահովված էիք, հրատարակիչ ունեք։
– Ես նրան դուրս վռնդեցի։
― Ինչո՞ւ։
– Որով<հետև>[5] խենթ էր, առանց որևէ մեկ իրավունք ունենալու «Մուրճ»-ի վրա տարե<կան> ինձ ռոճիկ էր տալիս, «Մուրճ»-ը հրատարակում էր իրան հաշվով, աշխատակիցներին վարձատրում էր․․․ Ես էլ նրան դուրս վռնդեցի․․․
|
|
Ներսիսյան դպրոցում էլ տեսուչն ու տեսչի օգնականն են կռվել։
Բայց այս կռիվը մազալու էր․
– Դո՛ւրս, դո՛ւրս,– օգնականի թևից բռնած դուրս է անում տեսուչը։
– Ո՞ւմ ես դուրս անում, ճանաչում ե՞ս ինձ, թե չէ,– աչքերը չռելով սպառնում է օգնական պ. Մանդինյանը։
– Դո՛ւրս։
– Ես քսան տարի տեսչի օգնական եմ այստեղ։
– Դո՛ւրս։
– Հինգ հոգաբարձուի սանահայր եմ ես։
– Դը․․․ դը․․․ դուր․․․ նը․․․ նը․․․ ներ․․․ ողու․․․ սանու․․․
Այստեղ տեսչի գույնը թռավ, և հայկաբանի լեզուն խառնվեց։
Իրավ, բանից երևաց, որ հեռատես պ<արոն> օգնականը սանահայր է դարձել հինգ հոգաբարձուի, այժմ էլ եռանդով աշխատում է մյուսների սանահայրը դառնալու համար։
Խոհեմ տեսուչը կնքահայրերի առաջ ներողություն խնդրելով՝ սանահոր ձեռքը պաչեց։
Ի սեր տեսչական պաշտոնի, որ այդքան սիրում եք, պ<արոն> Կոստանյան, մեկ էլ դուրս անելիս իմացեք, ում հետ գործ ունեք։
Իսկ դուք, հայ ուսուցիչներ․
Երեխաներին սովորեցրեք, բայց[6] մեծերից էլ բան սովորեցեք։
– Ինչո՞ւ եք բեմից հրաժարվել, պա<րոն> Պեննեմեճյան։
– Ըշթա, քիթե՞ք, մենք այնպես սուտ հրաժարեցանք․ մտածեցինք, թե քոմիթեն չի ընդունիլ[7] մեր հրաժարականը․․․ շատ փոշմաներ ենք․․․
– Քո հարն ողորմի, քոմիթեի աչքի լիսն էիր այ[8]․․․
Էդ որ ամեն հրաժարվողի խնդրեն– ձեր պատրիարքը խո հիմի տասն անգամ հրաժարված կլիներ։
|
Հրեշտակն[11] առաջին փայլեց. տեսավ լաց է լինում աղեն։
– Ինչո՞ւ ես լալիս, դու, Ֆոմիչ,– հարցրեց հրեշտակը։
– Ի՞նչպես չողբամ, աշխատեցի, աշխատեցի, վերջը տվեցի Ներսիսյան դպրոցին, որ շան ճրագները կարդան, մի բարեգործական, որ մշեցիք ուտեն, և այլն։
Ա՜խ, թե կարողանայի հետս բերել։
Խռովեց պահ<ապան> ոգին, շրջեց երկար և անհետացավ դեպի եդեմ, որտեղից[12] հոսեց[13] հրեշտակների օրհներգությունը, և․․․ խնկահոտը հասնում էր[14]։
– Հա՛, հա՛, հա՛,– հանկարծ տարածվեց մի զարհուրելի
Տողատակեր
խմբագրել- ↑ [պետք է]
- ↑ [Բանն այսպես գնալով ներողություն եմ խնդրում իմ թերթի բաժանորդներին, որ չկարողացա առաջնորդողս վերջացնել և անցնում եմ թերթիս մյուս բաժիններին։ Ազգային [գործերը] լուրեր]
- ↑ [մենք]
- ↑ [կմտածենք]
- ↑ [հիմար]
- ↑ [դուք էլ]
- ↑ [մենք]
- ↑ բայց ախ, երանի Ներսիսյան դպրոցի հոգաբարձուներն էլ փորձեին մի օր ձեզ պես մտածել․․․ Կամ թեկուզ տեսուչը։ Ո՜րքան կխնդրեինք։
- ↑ [ԱՂԱՅԱՆԻՆ]
- ↑ [ԼՈԹԻ]
- ↑ Այս տողի վերևում գրված է․ «Դուք մի թե նամակ չեք ստացել մեր կաթողիկոսից»
- ↑ [գալիս]
- ↑ [լսվում էին]
- ↑ [Ֆոմիչի քթին]