Երեւանը -
երկնքի մեջ զանգակում են
անհիշաչար քարերն հայոց,
հնչեցնում
սուրբ մեղեդին ավետիսի։
Իսկ մեղեդին
ձեղուն է տան, տան գերան է,
կամ՝ գուցե շյուղ,
որ կտցում է արագիլը՝
իր շողարձակ բույնի համար։
Իսկ մեղեդին
ճանապարհ է վերադարձի,
որի վերջում սպասում է
հանդիպումը մայր հողի հետ
եւ մայր հողի
համբույրը ջերմ։
Իսկ մեղեդին
Սարդարապատ - զանգից պոկված
բերկրություն է,
քարե արծվաց թեւաբախում
եւ ուժը այն,
որով նրանք կտուցներին
կարող են եւ բերել լեռներ։
Իսկ մեղեդին
արեւաչյա մանուկների
ժպիտներն են, որոնց միջից
աղավնի է թռչում ճերմակ,
այն բերկրանքն է,
որով սիրտն է երեւանվում։
Երեւանը -
երկնքի մեջ զանգակվում են
անհիշաչար քարերն հայոց,
հնչեցնում սուրբ մեղեդին
վերակերտվող հավերժության...