***

Մի մոռացեք, մարդիկ, մարդկանց մի մոռացեք,
հիշեցեք խոսքերը, ժպիտները նրանց,
«Բարի լույսը» շողոտ, աստղոտ «Բարի երեկոն»,
բարի եղեք մի քիչ ու պայծառ, ու լուսե միշտ եղեք,
մի մոռացեք, մարդիկ, մարդկանց մի մոռացեք։

Երբ ճամփա եք ընկնում, ձեր ճամփին նշաններ՝
մի ծաղիկ կամ մի ծառ ու երգ թողեցեք,
որ նրանցով ապրենք, որ մնանք նրանցով,
որ չկորչի եւ այն, ինչ կյանքում պետք չէ որ կորչի.
մի մոռացեք, մարդիկ, մարդկանց մի մոռացեք։

Մենք բոլորս վազում, վազում ինքնամոռաց,
մենք մտածում ենք միշտ հենց գտնելու մասին,
ու վազելիս կոցրնում, կորցնում ենք, ախ, այնքան,
որքան որ չենք գտնում, չենք գտնի եւ ոչ մի անգամ.
մի մոռացեք, մարդիկ, մարդկանց մի մոռացեք։

Եվ գնալիս նայեք, ձեր շուրջը լավ նայեք,
մի հատիկ բարեւ տանք նրանց, որ գալիս են,
տանք մեր սերը, հոգին անշահ, շռայլ ու պերճ,
որ մեզնով բացված ճամփան մի քիչ էլ նմանվի մեզ.
մի մոռացեք, մարդիկ, մարդկանց մի մոռացեք։