Երիտասարդ Վերթերի տառապանքները/Գիրք առաջին

Երիտասարդ Վերթերի տառապանքները
Գիրք առաջին
ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

Այն ամենը, ինչ կարողացա գտնել խեղճ Վերթերի պատմությունից, ջանասիրությամբ ժողովեցի և այստեղ ձեր ուշադրությանն եմ մատուցում և գիտեմ, որ դրա համար շնորհակալ եք լինելու ինձ։ Դուք չեք զլանա հիացումով ու սիրով լցվել նրա քանքարավոր մտքի ու խառնվածքի նկատմամբ ու նրա ճակատագրի վրա արտասուք թափել։

Իսկ դու, նույն տենչանքներն ունեցող բարի հոգի, մխիթարություն գտիր նրա տառապանքներում, և թող այս գրքույկը քո բարեկամը դառնա, եթե բախտի բերումով կամ քո սեփական մեղքով չկարողանաս ավելի մտերիմ բարեկամ գտնել։

4 մայիսի 1771

Ինչ ուրախ եմ, որ հեռացա այդտեղից։ Ի՞նչ է մարդու սիրտը, իմ լավ բարեկամ։ Լքել քեզ, որին այնքան սիրում եմ, որից մշտապես անբաժան եմ եղել և ուրա՞խ լինել։ Գիտեմ, որ դու կներես ինձ։ Արդյոք իմ մյուս մտերմությունները ճակատագիրն այնպես չէ՞ր տնօրինել, որ այնպիսի մի սիրտ, ինչպիսին իմն է, տագնապի։ Խեղճ Լեոնորե։ Եվ այնուամենայնիվ ես անմեղ եմ։ Արդյոք մեղավո՞ր եմ, որ մինչ նրա քրոջ քմահաճ հրապույրները հաճելի ժամանց էին պատճառում ինձ, խեղճ աղջկա սրտում կիրքն էր ծայր առնում։ Եվ, այնուամենայնիվ, արդյոք լիովին անմե՞ղ եմ ես։ Արդյոք սնունդ չե՞մ տվել նրա զգացմունքներին։ Արդյոք բնության միանգամայն անկեղծ արտահայտությունները, որոնք հաճախ ծիծաղ են պատճառել մեզ, թեև ամենևին էլ ծիծաղելի չեն եղել, հաճույք չե՞ն պատճառել ինձ, արդյոք ես... Բայց ինչ է մարդը, որ կարող է դատապարտել իրեն։ Ես ուզում եմ, ես խոստանում եմ քեզ՝ ուղղվել, սիրելի բարեկամ, և ճակատագրի՝ մեզ հրամցրած յուրաքանչյուր աննշան տհաճություն անվերջ տանջանքի առիթ չդարձնել, ինչպես արել եմ առաջներում։ Ես ուզում եմ ներկան վայելել, իսկ անցյալը թող մնա անցյալ։ Դու անշուշտ իրավացի ես, սիրելիս, մարդկանց տառապանքները շատ ավելի նըվազ կլինեին, եթե նրանք (աստված գիտե, թե ինչու են այդպես ստեղծված) այդպիսի ջանասիրությամբ չձգտեին երևակայության ուժով ետ բերելու անցյալ տհաճությունները, այլ ապրեին անտարբեր ներկայով։

Բարի եղիր հաղորդել մորս, որ նրա հանձնարարությունը ես լավագույնս եմ կատարել և շուտով կտեղեկացնեմ իրեն այդ մասին։ Ես հանդիպեցի հորաքրոջս և նրա մեջ ամենևին չտեսա այն չար պառավին, որպիսին ներկայացնում են նրան մեզանում։ Նա հրաշալի սըրտի տեր, պոռթկուն բնավորությամբ, զվարթ մի կին է։ Ես հաղորդեցի մորս դժգոհությունը ժառանգության մեզ հասանելիք մասը մինչև օրս մեզ չհանձնելու կապակցությամբ, նա հայտնեց իր պատճառները, շարժառիթներն ու պայմանները, համաձայն որոնց պատրաստ է տալ բոլորը և նույնիսկ ավելին, քան մենք պահանջում ենք։ Կարճ ասած, ես հիմա չեմ ուզում ավելին գրել այդ մասին, ասա մայրիկիս, որ ամեն բան լավ կլինի։ Իսկ ես, սիրելիս, այս փոքրիկ գործի առիթով նորից համոզվեցի, որ թյուրիմացություններն ու կանխամտածվածությունը հավանաբար շատ ավելի խառնակություն են մտցնում աշխարհում, քան նենգությունն ու չարությունը։ Համենայն դեպս վերջիններս շատ ավելի հազվադեպ են պատահում։

Իսկ ընդհանրապես ես ինձ այստեղ հոյակապ եմ զգում, մենությունն այս դրախտավայրում մի հրաշալի բալասան է սրտիս համար, և տարվա այս նորաբողբոջ եղանակը շռայլորեն ջերմացնում է հաճախ սարսռող սիրտս։ Յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր թուփ մի ճոխ ծաղկեպսակ է, և ուզում ես մայիսյան բզեզ դառնալ բուրմունքի այս ծովում սավառնելու և ողջ սնունդդ այնտեղ գտնելու համար։

Քաղաքն ինքն այնքան էլ գրավիչ չէ, դրա փոխարեն շուրջը աննկարագրելի գեղեցիկ բնություն է: Սա է դրդել հանգուցյալ կոմս Ֆոն Մ.-ին մի պարտեզ գցել գեղատեսիլ բազմապիսությամբ շուրջը փռված և հմայիչ հովիտներ գոյացնող բլրակներից մեկի վրա։ Պարտեզը շատ հասարակ է և մտնելուն պես ըզ- գացվում է, որ ոչ թե ուսյալ այգեգործ, այլ զգայուն մի սիրտ իր սեփական վայելքի համար է նախագծել այն։

Արդեն բավական արտասուք եմ թափել հանգուցյալի վրա այն կիսաքանդ տաղավարում, որ մի ժամանակ նրա, իսկ այժմ իմ սիրելի վայրն է։ Շուտով ես կդառնամ պարտեզի տիրակալը, մի քանի օրում պարտիզպանն արդեն համակրանքով է լցվել իմ նկատմամբ, և դրանում նա հուսախաբ չի լինի։

10 մայիսի

Մի հրաշալի պայծառություն է պարուրել հոգիս ինչպես և այն քաղցր առավոտները, որոնք ես վայելում եմ ի բոլոր սրտե։ Ես միայնակ եմ և հրճվում եմ իմ կյանքով այս վայրում, որ ճիշտ այնպիսի հոգիների համար է ստեղծված, ինչպիսին իմն է։ Ես այնքան երջանիկ եմ, սիրելիս, այնպես թաղված հանդարտ գոյության զգացմանս մեջ, որ դրանից տուժում է իմ արվեստը։ Հիմա ես ոչինչ չէի կարողանա նկատել, նույնիսկ ոչ մի գիծ քաշել և միևնույն ժամանակ երբեք այսքան մեծ նկարիչ չեմ եղել, որքան այս ակնթարթներին։ Երբ շուրջս իմ սրտին սիրելի հովտից շոգի է բարձրանում, միջօրեի արևը դադար է առնում անտառի անթափանց խավարի վրա և միայն եզակի ճառագայթներ են սողոսկում նրա սրբազան ընդերքը, իսկ ես պառկած արագահոս առվակին առափնյա բարձր խոտի մեջ՝ գետնին կպած հազարաձև խոտատեսակներ եմ տեսնում, երթ սրտիս ավելի մոտ եմ զգում ցողունների մեջ վխտացող անթիվ-անհամար զեղունների ու միջատների անմեկնելի կերպարանքների փոքրիկ աշխարհը և Ամենազորի ներկայությունն եմ զգում, որն ստեղծեց մեզ իր դեմքով ու կերպարանքով, Ամենասերի շունչը, որը մեզ հավիտենական երանության մեջ սավառնելու կանխադատեց սիրելի բարեկամ, երբ մշուշապատվում են աչքերս, և երկիրը շուրջս ու երկինքն ինձնից վեր սիրեցյալի կերպարանքի պես պտտվում են իմ հոգում, ես հաճախ տառապում եմ տենչանքից ու մտածում. «Ախ, կկարողանա՞ս դու, արդյոք, արտահայտել, կկարողանա՞ս, արդյոք, կյանք ներշնչել ու թղթին հանձնել այն, ինչն այնքան լիակատար, այնքան ջերմ ապրում է քո մեջ, որպեսզի այն քո հոգու արտացոլումը լինի, ինչպես որ հոգիդ անսահման Աստծո արտացոլումն է»։ Բարեկամս... Սակայն այստեղ ես արդեն անզոր եմ, ինձ ընկճում է այս երևույթների վեհության ուժը։

12 մայիսի

Չգիտեմ, արդյոք խաբուսիկ ոգինե՞ր են սավառնում այս վայրերում, թե իմ կրակոտ, երկնային երևակայությունն է ամեն բան շուրջս դրախտային դարձնում։ Այստեղ քաղաքամերձ մի աղբյուր կա, որին ես Մելուզինի ու նրա քույրերի պես կախարդական կապերով եմ գամված: Փոքրիկ բլրակից իջնելով, մի անձավի մոտ ես դուրս գալիս և քսան աստիճան վար Իջնելով, մարմարե ժայռից բխող սառնորակ աղբյուր գտնում։ Ցածրիկ պատը, որ վերևում շրջափակում է աղբյուրը, նրա շուրջը հրապարակը զարդարող բարձր ծառերը, տեղի զովությունը— այս բոլորում անսահման հրապույր, սարսռազդու մի վայելք կա։ Օր չի անցնում, որ ես գոնե մեկ ժամ այնտեղ չնստեմ։ Քաղաքից աղջիկներ են գալիս ջուր տանելու, պարզ ու անհրաժեշտ մի գործ, որ հնում արքայադստրերն իրենք էին կատարում։ Այստեղ նստած՝ ես պարզ տեսնում եմ շուրջս նահապետական կյանքը, տեսնում եմ ինչպես մեր ապուպապերը աղբյուրների մոտ ծանոթանում էին աղջիկների հետ ու հարսնախոսում, և ինչպես աղբյուրների ու ջրհորների շուրջը բարերար ոգիներ էին սավառնում։ Օ՜հ, ով ամառային շոգ օրը թափառումներից հետո չի վայելել աղբյուրի զովությունը, նա երբեք չի կարող զգալ այս։

13 մայիսի

Դու հարցնում ես, ուղարկես իմ գրքերը, թե ոչ։ Սիրելի բարեկամ, խնդրում եմ, աստծու սիրուն, ազատիր ինձ դրանցից։ Այլևս չեմ ուզում, որ ինձ ղեկավարեն, քաջալերեն, ոգևորեն, այս սիրտն ինքնըստինքյան էլ բավական հուզվում է. ինձ օրորոցային երգ է պետք, որը ես լիուլի գտնում եմ իմ Հոմերոսի մեջ։ Որքան հաճախ եմ հանդարտեցնում խռովահույզ արյունս. իզուր չէ, որ դա երբեք այնքան փոփոխական, այնքան անհաստատ բան չես տեսել, որքան այս սիրտը: Սիրելիս, մի՞թե պետք է ես ասեմ քեզ այս, երբ դա այնքան հաճախ ստիպված ես եղել իմ տրամադրությունների՝ վշտից ցոփության ու քնքուշ թախծից կործանարար կրքերի, փոփոխության ականատեսը լինել։ Դրա համար էլ սիրտս փայփայում եմ, ինչպես հիվանդ երեխայի, նրա ոչ մի ցանկաթյունր չի մերժվում: Սակայն սա չտարածես. կգտնվեն մարդիկ, որոնք ինձ կհանդիմանեն դրա համար։

15 մայիսի

Քաղաքի հասարակ մարդիկ արդեն ճանաչում ու սիրում են ինձ, հատկապես երեխաները։ Սկզբում, երբ ես մոտենում էի նրանց ու այս կամ այն բանի մասին հարցնում մտերմաբար, ոմանք կարծում էին, թե ուզում ես ծաղրել իրենց ու բավական կոպիտ ազատվում էին ինձնից։ Սակայն ես չէի վհատվում, միայն ավելի հաստատ էի զգում այն, ինչ հաճախ էի նկատել առաջներում, որոշակի դիրք ունեցող մարդիկ իրենց միշտ մի ստոր հեռավորության վրա են պահում հասարակ ժողովրդից, քանի որ կարծում են, թե մտերմությունը նրա հետ կստորացնի իրենց. կան և թեթևամիտներ և չար կատակասերներ, որոնք ձևանում են, թե մոտ են ժողովրդին միայն նրա համար, որ իրենց ամբարտավանությունը ժողովրդի նկատմամբ էլ ավելի ցցուն դարձնեն։

Ես հրաշալի գիտեմ, որ մենք հավասար չենք և չենք կարող լինել, սակայն պնդում եմ, որ նա, ով անհրաժեշտ է համարում արժանապատվությունը չկորցնելու համար հեռու պահել իրեն այսպես կոչված ռամիկ ժողովրդից, նույնքան է արժանի պարսավանքի, որքան վախկոտը, որը թաքնվում է թշնամուց, որովհետև վախենում է պարտություն կրել նրանից։

Վերջերս աղբյուրի մոտ եկա ու մի երիտասարդ սպասուհու տեսա, որն իր սափորը ամենավարի աստիճանին դրել ու շուրջն էր նայում. արդյոք ընկերուհիներից մեկը չի՞ գալիս, որ օգնի սափորը գլխին դնել։ Ես ցած իջա ու նրան նայեցի։

— Օգնե՞մ ձեզ, օրիորդ,— ասացի ես։

Նա կաս-կարմիր կտրեց։

— Օ, ոչ, պարոն,— ասաց նա։

— Առանց ձևականությունների։

Նա ուղղեց գլխի օղակը, և ես օգնեցի նրան։ Նա շնորհակալություն հայտնեց ու վեր բարձրացավ։

17 մայիսի

Ամեն կարգի ծանոթություն հաստատել եմ, բայց ինձ հարմար հասարակություն դեռ չեմ գտել։ Չգիտեմ, մարդկանց համար ինչ գրավիչ բան կա իմ մեջ. նրանցից շատերին ես դուր եմ գալիս, նրանք կապվում են ինձ հետ, և ես ափսոսում եմ, եթե մեր ճանապարհների միայն մի կարճ հատվածն է միասին ընթանում։ Եթե հարցնես, ինչպիսին են այստեղ մարդիկ, ես պետք է պատասխանեմ. «Ինչպես ամենուրեք»։ Մարդկության ճակատագիրը ամեն տեղ մեկ է։ Նրանց մեծ մասը համարյա իր ողջ ժամանակն աշխատում է, որպեսզի ապրի, իսկ այն չնչին մասը, որ ազատ է մնում, այնպես է նրանց վախեցնում, որ ամեն միջոց գործ են դնում նրանից ազատվելու համար։ Ահա կոչումը մարդու։

Սակայն ժողովուրդն այստեղ իսկապես լավն է։ Եվ եթե ես երբեմն ամեն բան մոռացության տալով նրանց հետ վայելում եմ այն ուրախությունները, որոնք թույլատրելի են մարդկանց. առատորեն ծածկված սեղանի շուրջ սրտաբաց ու անկեղծ կատակաբանել, հարմար ժամին զբոսանք, պարեր ու նման բաներ կազմակերպել, ապա այս բոլորը միայն բարերար ազդեցություն են ունենում ինձ վրա. միայն թե միտքս չգա, որ մեջս բազում այլ ուժեր են հանգչում, որոնք դեռևս չօգտագործված փտում են և որոնք ես պետք է խնամքով թաքցնեմ։ Բայց, ավաղ, ինչպես է սիրտս ճմլվում դրանից։ Ինչ արած, չհասկացված լինելը մեզ նմանների ճակատագիրն է։

Վայ ինձ, որ պատանեկությանս ընկերուհին այլևս չկա, վայ ինձ, որ երբևէ ճանաչել եմ նրան։ Ես կկարողանայի ասել. «Դու հիմար ես, դու փնտրում ես այն, որը երբեք չի գտնվում այս աշխարհում, բայց չէ՞ որ ես ունեի նրան, զգում էի նրա սիրտը, նրա մեծ հոգին և նրա ներկայությամբ ինքս էլ ինձ ավելի մեծ էի զգում, քան կայի։ Քանի որ այն ամենն էի, որ կարող էի լինել։ 0՜, արդար աստված, արդյոք հոգուս թեկուզ մի կարողություն մնու՞մ էր չօգտագործված։ Կարո՞ղ էի արդյոք նրա առջև իմ ողջ հրաշագործ զգացումը չզարգացնել, որով սիրտս բնությունն էր պարփակում։ Իսկ մեր հարաբերություններն արդյոք մշտական փոխանակություն չէին ամենանուրբ զգացողությունների, ամենասուր մտքերի, իրենց մինչև իսկ չարաճճիության հասնող երանգներով, որոնք բոլորն էլ հանճարեղության կնիք էին կրում։ Իսկ հիմա։ Ավաղ, նա տարիքով մեծ էր ինձնից և ինձնից շուտ գերեզման իջավ։ Ես երբեք չեմ մոռանա նրան, չեմ մոռանա ոչ նրա կուռ միտքը, ոչ էլ աստվածային ներողամտությունը։

Մի քանի օր առաջ ես հանդիպեցի ոմն մի Ֆ...ի, զարմանալի սիրունատես ու մարդամոտ մի երիտասարդի։ Նա նոր է ավարտել համալսարանը և, թեև իրեն իմաստուն չի համարում, բայց կարծում է, թե ինքն ավելի գիտե, քան ուրիշները։ Ամեն դեպքում, ինչպես ես զգացի, ուսանելիս ջանասեր է եղել և հարուստ գիտելիքներ ունի։ Լսելով, որ ես շատ եմ նկարում և հունարեն գիտեմ (երկու հազվագյուտ բան այս տեղերի համար), ներկայացավ ինձ ու իր բազում գիտելիքները ցուցադրեց։ Բատտեից մինչև Վուդ, Պիլեսից մինչև Վինկելման, և հավատացրեց ինձ, որ կարդացել է Ջուլցերի թեորիայի ամբողջ առաջին մասը և Հեյնեի ձեոագիրն ունի անտիկ գրականության ոաումնասիրության մասին։ Ես այդ բոլորն ընդունեցի։

Ծանոթացել եմ նաև մի առաքինի, պարզ ու սրտաբաց մարդու՝ իշխանի կալվածքների կառավարչի՝ ամտմանի հետ։ Ասում են հոգեպարար մի հաճույք է՝ տեսնել նրան իր երեխաների հետ, որոնք ինն են, հատկապես, գովում են նրա ավագ դստերը։ Նա ինձ իր տուն հրավիրեց, և մոտ օրերս ես կայցելեմ նրան։ Ապրում է նա այստեղից մեկուկես ժամվա հեռավորության վրա գտնվող իշխանական որսորդական տնակում, ուր տեղափոխվելու իրավունք է ստացել կնոջ մահից հետո, քանի որ այստեղ՝ քաղաքում, վարչական բնակարանում ապրելը նրան ցավ էր պատճառում։

Բացի այդ, մի քանի ցնդած օրիգինալների եմ հանդիպել, որոնցում ամեն բան անտանելի է, իսկ ամենաանտանելին՝ մտերմական գեղումները։

Մնաս բարով։ Նամակս քեզ դուր կգա, այն զուտ պատմողական է։

22 մայիսի

Որ մարդու կյանքը միայն երազ է, արդեն շատերին է թվացել, ինձ էլ է համակում այդ նույն զգացումը։ Երբ տեսնում եմ այն սահմանափակումները, որոնցով շրջապատված են մարդու ստեղծագործական ու ճանաչողական ուժերը, տեսնում եմ, որ ամեն տեսակ գործունեություն միայն կարիքների բավարարությանն է հանգում, որն իր հերթին ոչ մի այլ նպատակ չունի, քան մեր խղճուկ գոյության երկարատևումր, իսկ հետազոտության որոշ հարցերում հանգստացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցնորալի մի համակերպում, երբ մարդ իր բանտի պատերը վառ կերպարանքներով ու պայծառ տեսարաններով է նկարազարդում՝ ես պապանձվում եմ, Վիլհելմ: Ես փակվում եմ իմ մեջ և այնտեղ մի ողջ աշխարհ գտնում։ Բայց նույնպես ավելի պատրանքներով ու մշուշապատ տենչանքներով, քան իրական պատկերներով ու կենարար ուժով։ Այն ժամանակ միտքս պղտորվում է, և ես, կարծես երազելով, ժպտում եմ աշխարհին։

Այն հարցում, որ երեխաները չգիտեն, թե ինչու են այս կամ այն բանն ուզում, համամիտ են բոլոր ամենաուսյալ դպրոցական ու տնային ուսուցիչները, բայց որ մեծահասակներն էլ երեխաների պես խարխափելով թափառում են այս աշխարհում և ճիշտ նրանց պես չգիտեն, թե որտեղից են գալիս և ուր են գնում և նույնքան քիչ են պատկերացնում, թե ինչ նպատակի համար են գործում, և ճիշտ նույնպես կարկանդակներով, բլիթներով ու խարազանով կառավարվում՝ սրան ոչ ոք հավատալ չի ուզում, թեև ինձ թվում է, որ դա միանգամայն ակնհայտ է։

Ես հաճույքով եմ խոստովանում քեզ (քանի որ գիտեմ, թե ինչ կուզենայիր պատասխանել ինձ այս դեպքում), որ երջանիկ եմ համարում

նրանց, ովքեր երեխաների պես անհոգ են իրենց օրն անցկացնում, տիկնիկ խաղում, հագցնում նրան ու հանվեցնում, գորովալից դեգերում պահարանի շուրջը, որտեղ մեղրաբլիթ է պահել մայրիկը և եթե ի վերջո հասնում են ցանկացածին, կուլ են տալիս միանգամից ու բղավում, «Էլի»։ Սրանք են երջանիկ արարածները։ Երջանիկ են նաև նրանք, ովքեր շքեղ անուններ են տալիս իրենց չնչին զբաղմունքներին կամ կրքերին և մարդկությանը որպես հանուն նրա փրկության ու բարօրության գործած հսկայական սխրագործություններ ներկայացնում։

Կեցցե նա, ով կարող է այդպես լինել։ Իսկ ով խոնարհաբար հասկանում է, թե ինչի է հանգում այդ բոլորը, ով տեսնում է, թե ինչ ջանասիրությամբ է յուրաքանչյուր հաջողակ քաղաքացի իր պարտեզը դրախտանման դարձնելու ցանկությամբ խուզում ծառերը, և ինչպիսի համբերությամբ է նույնիսկ դժբախտը իր բեռի տակ ճկվելով քարշ գալիս իր ճանապարհով, և բոլորն էլ ձգտում են մի րոպե ավելի տեսնել այս արևի լույսը... նա լռում է ու իր ներսում սեփական աշխարհը ստեղծում և երջանիկ է արդեն նրանով, որ մարդ է։ Նաև նրանով, որ իր հնարավորությունների սահմանափակության հետ մեկտեղ ազատության քաղցր զգացում է պահում սրտում և վստահաթյուն, որ կարող է լքել այս բանտը, երբ որ կամենա։

26 մայիսի

Վաղուց ի վեր քեզ հայտնի է մեկուսացած մի վայրում փոքրիկ մի խրճիթ գտնելու ու համեստ կյանքով այնտեղ ապաստանելու իմ սովորությունը։ Այստեղ էլ այդպիսի գրավիչ մի տեղի եմ հանդիպել։

Քաղաքից մոտ մեկ ժամվա ճանապարհի հեռավորության վրա Վալհայմ կոչվող մի գյուղակ կա։ Այն գեղատեսիլ տարածվել է բլրակն ի վար և եթե վերից՝ արահետով, դեպի գյուղն ես իջնում, աչքիդ առջև միանգամից ողջ հովիտն է երևում։ Պանդոկի տիրուհին, չնայած առաջացած տարիքին, աշխույժ ու հաճոյակատար, գինի, գարեջուր ու սուրճ է մատուցում. և, որ ամենահաճելին է, երկու լորենի իրենց լայնատարած ճյուղերով ծածկում են եկեղեցու առջևի փոքրիկ հրապարակը, որ շրջապատված է գյուղական տնակներով, բակերով ու խրձարաններով։ Այդքան մտերմիկ, այդքան մեկուսի վայր ես հազվադեպ եմ հանդիպել. ինձ համար սեղան ու աթոռ են դուրս բերում պանդոկից, ես նստում, սուրճ եմ խմում ու Հոմերոս եմ կարդում։ Առաջին անգամ, ետճաշյա մի պայծառ ժամի, երբ ես պատահմամբ լորենիների տակ հայտնվեցի, հրապարակն ամայի էր։ Բոլորը դաշտում էին. միայն մոտ չորս տարեկան մի տղա գետնին նստել ու երկու ձեռքով իր դիմաց՝ ոտքերի արանքում, հազիվ կես տարեկան մի ուրիշ երեխայի բռնել էր այնպես, որ ինքը նրա համար կարծես բազկաթոռ էր դարձել և, չնայած աշխուժությանը, որով նա սևորակ աչուկներով շուրջն էր նայում, միանգամայն անշարժ էր։ Տեսարանն ինձ զվարճացրեց, ես նստեցի նրանց դիմաց դրված մի գութանի վրա ու մեծագույն հաճույքով նկարեցի եղբայրական սիրո այս պատկերը։ Նկարեցի նաև կողքի ցանկապատը, դեպի նկուղ տանող դարպասը, սայլի մի քանի կոտրատված անիվ, բոլորն այն դասավորությամբ, ինչպես որ կար իրականում և մեկ ժամ անց գտա, որ մի կանոնավոր ու շատ հետաքրքիր նկար եմ ստեղծել առանց մտացածին որևէ բան ավելացնելու։ Դա հաստատեց իմ մտադրությունը հետագայում էլ միայն բնությանը հետևել։ Միայն նա է անսահման հարուստ, միայն նա է մեծ արվեստագետներ ստեղծում։ Շատ բան կարելի է ասել կանոնների առավելության օգտին, համարյա նույնքան, որքան ասում են հասարակական կարգը գովելիս։ Կանոններով դաստիարակված մարդը երբեք ոչ մի վատ ու անճաշակ բան չի ստեղծի, ինչպես և բարեկեցության օրենքներով ձե- վավորված մարդը երբեք ոչ անտանելի հարևան, ոչ էլ արտասովոր չարագործ կլինի. դրա փոխարեն, ինչ ուզում են թող ասեն, բոլոր կանոններն էլ խաթարում են բնության ճշմարիտ զգացողությանն ու նրա ճշմարտացի վերարտադրումը: Դու կասես, որ իմ ձևակերպումը չափազանց խիստ է, և կանոնները միայն չափավորում, կտրատում են մոլեգնորեն աճած շիվերը և այլն։ Ուզու՞մ ես համեմատություն կատարեմ, սիրելի բարեկամ։ Բանն այստեղ նույնն է, ինչ որ սիրո հարցում։ Մի պատանի ի բոլոր սրտե կապված է մի աղջկա հետ, օրվա բոլոր ժամերը նրա մոտ է անցկացնում, իր բոլոր ուժերն ու ողջ կարողությունը վատնում, որպեսզի յուրաքանչյուր ակնթարթում արտահայտի իր անսահման նվիրվածությունը նրան։ Բայց ահա, գալիս է մի քաղքենի, վարչական մի պաշտոնյա ու ասում նրան. «Ազնիվ երիտասարդ, սերը մարդկային է, բայց պետք է մարդկայնորեն սիրել։ Տեղաբաշխեք ձեր ժամերը, անհրաժեշտ մասը աշխատանքին նվիըեք, իսկ ազատ ժամերը՝ ձեր օրիորդին։ Հաշվեք ձեր կարողությունը, և այն գումարով, որ կմնա ձեր անհրաժեշտ կարիքները հոգալուց հետո, ոչ ոք չի խանգարում նրան նվերներ անել, սակայն ոչ շատ հաճախ, այլ, ասենք, ծննդյան կամ անվանակոչության օրվա առթիվ և այլն»։ Եթե երիտասարդը կհետևի այս խորհրդին, նրանից պիտանի մարդ դուրս կգա, և ես ինքս առաջինը յուրաքանչյուր տիրակալի խորհուրդ կտամ նրան կոլեգիաներից մեկում նշանակել, միայն թե սրանով նրա սերը՝ իսկ եթե արվեստագետ է, ապա նրա արվեստը վերջ կունենա։ Օ՜, բարեկամներ իմ, ինչու՞ է հանճարի շատըրվանն այսքան հազվադեպ ժայթքում, այսքան հազվադեպ հորդառատ հեղեղի պես տարածվում ու ձեր շփոթված հոգիները ցնցում։ Որովհետև, սիրելի բարեկամներ, հեղեղատի երկու ափերին էլ սառնասիրտ պարոններ են ապրում, որոնց պարտեզների տաղավարները, կակաչների մարգերն ու կաղամբի դաշտերը ջուրը կքշեր ու անհետ կտաներ, այդ իսկ պատճառով նրանք կարողանում են ամբարտակների ու ջրի ուղղությունը շեղող ջրանցքների միջոցով հետագայում սպառնացող վտանգը նախօրոք կանխել։

27 մայիսի

Ինչպես տեսնում եմ, համեմատաթյուններով ու երկարաբանություններով տարված՝ մոռացա մինչև վերջ պատմել, թե ինչ եղան երեխաները։ Ստեղծագործական մտորումների մեջ ընկղմված (որոնք շատ կցկտուր նկարագրել եմ իմ երեկվա նամակում) ես մոտ երկու ժամ գութանի վրա մնացի նստած։ Իրիկնադեմին զամբյուղը թևից կախ գցած երիտասարդ մի կին է հայտնվում, դեպի երեխաները շտապում, որոնք այդ ամբողջ ժամանակ տեղներից չէին շարժվել ու դեռ հեռվից բղավում. «Ապրես, Ֆիլիպս»։ Նա ինձ ողջություն մաղթեց, ես շնորհակալություն հայտնեցի, վեր կացա տեղիցս, մոտեցա ու հարցրի, արդյոք նա այս երեխաների մայրը չէ՞։ Նա դրական պատասխան տվեց և մինչ ավագին մի կես կարկանդակ կտար, փոքրին գրկեց ու մայրական ջերմ սիրով համբուրեց։ «Փոքրիկիս տվել էի Ֆիլիպսին պահելու,— ասաց նա,— ու ավագ որդուս հետ քաղաք էի գնացել սպիտակ հաց, շաքար ու շիլա եփելու կավե աման գնելու։— Ես այդ բոլորը տեսա զամբյուղի մեջ, որի կափարիչը կախ էր ընկել։— Հանսիս համար (այդպես էր ամենակրտսերի անունը) ընթրիքին արգանակ եմ ուզում եփել, չարաճճի ավագս երեկ շիլայի քերուկների համար Ֆիլիպսի հետ կռվելով՝ կոտրեց ամանս։— Ես հարցրի ավագ որդու մասին, և հազիվ էր մայրն ինձ պատասխանել, թե սագերի ետևից է ընկել դաշտում, երբ սա թռչկոտելով եկավ ու երկրորդի համար կաղնու ճիպոտ բերեց։ Ես շարունակեցի զրուցել կնոջ հետ և իմացա, որ նա դպրոցական ուսուցչի դուստր է, և որ ամուսինը հորեчբոր որդուց մնացած ժառանգությունը ստանալու համար Շվեյցարիա է գնացել։ «Նրանք ուզում էին խաբել նրան,— ասաց նա,— և նույնիսկ նամակներին չէին պատասխանում, ստիպված ինքը գնաց։ Միայն թե որևէ դժբախտություն պատահած չլինի, ոչ մի լուր չունեմ նրանից»։ Ես դժվարությամբ ազատվեցի կնոջից, յուրաքանչյուր տղային մի-մի կրոյցեր տվի, մեկն էլ ամենափոքրի համար՝ մորը տվի, որ քաղաք գնալու դեպքում նրա համար արգանակի հետ ուտելու խմորեղեն բերի, և մենք բաժանվեցինք։

Պետք է ասեմ քեզ, անգին իմ ընկեր, որ երբ զգացմունքներս անկարող եմ զսպել, ապա խռովքս կարող եմ մեղմել միայն այնպիսի էակի նայելով, որը երջանիկ մի սառնասրտությամբ ընթանում է իր գոյության նեղ շրջանով, օրեցօր դժվարությունից դուրս գալու ելք գտնում, տեսնում, թե ինչպես են թափվում տերևները և դրանից ոչ մի այլ բան չի կռահում, քան որ ձմեռ է գալիս։

Այդ օրվանից ես հաճախ եմ լինում դրսում։ Երեխաները լիովին վարժվեցին ինձ, երբ ես սուրճ եմ խմում, նրանք ինձնից շաքար են ստանում, իսկ ընթրիքի ժամանակ կարագ ու հացս ու մածունս են կիսում ինձ հետ։ Կիրակի օրերին նրանց կրոյցերները երբեք չեն պակասում և եթե պատարագից հետո բացակայում եմ, պանդոկի տիրուհին է կարգադրությամբս համաձայն վճարում նրանց դրամները։

Երեխաները վստահորեն զանազան բաներ են պատմում, և ինձ հատկապես զվարճացնում են նրանց կրքերի ու ցանկությունների պարզամիտ պոռթկումները, երբ գյուղից շատ ուրիշ երեխաներ են հավաքվում։

Քիչ ջանք չթափեցի համոզելու համար մորը, թե նրանք ինձ չեն անհանգստացնում։

30 մայիսի

Այն, ինչ վերջերս ասել եմ քեզ նկարչության մասին, անշուշտ վերաբերում է նաև պոետական արվեստին, այստեղ կարևորը կատարյալը ճանաչելն ու խոսքով այն արտահայտելու հանդգնությունն է. այս քչով, անշուշտ, շատ բան է ասված։ Այսօր ականատես եմ եղել մի տեսարանի, որն ուղղակի նկարագրելու դեպքում աշխարհի ամենահրաշալի հովվերգական պատկերը կստացվեր, բայց ի՞նչ գործ ունեն այստեղ պոեզիան, պատկերն ու հովվերգությունը։ Մի՞ թե մշտապես պիտակներ են պետք, երբ բնության որևէ երևույթի ենք մասնակից լինում։

Եթե այս նախաբանից հետո որևէ վեհ ու երևելի բանի ես սպասում, նորից հուսախաբվելու ես չարաչար. խոսքն ընդամենը մի գյուղացի տղայի մասին է, որն այդքան սրտառուչ կարեկցանք է ներշնչել ինձ։ Ես, ինչպես միշտ, վատ կպատմեմ, իսկ դու, կարծում եմ, ինչպես միշտ, կգտնես, որ չափազանցնում եմ. դա էլի Վալհայմում էր, նորից ու մշտապես Վալհայմում, որն այնքան հազվագյուտ բաներ է հրամցնում։

Լորենիների տակ հավաքված հասարակությունը սուրճ խմելու էր պատրաստվում։ Քանի որ այն լիովին պատշաճ չէր ինձ համար, հարմար պատրվակ գտնելով, մի կողմ հեռացա։

Հարևան տնից մի գյուղացի տղա դուրս եկավ և սկսեց կարգի բերել այն գութանը, որ ես նկարել էի օրերս։ Քանի որ տղան արտաքինով դուր եկավ ինձ, խոսեցրի նրան, հարցուփորձ արի իր ապրուստից, շուտով մենք արդեն ծանոթ էինք միմյանց և, ինչպես նման մարդկանց հետ շփվելիս սովորաբար հաջող վում է ինձ, նույնիսկ մտերմացանք։ Նա պատմեց, որ բանվոր է մի այրու մոտ, որը շատ լավ է վարվում իր հետ։ Նա այնքան շատ էր խոսում այրու մասին և այնպես էր նրան գովում, որ ես շուտով նկատեցի, նա այրուն նվիրված էր հոգով ու մարմնով։ Նա ասաց, որ այրին երիտասարդ չէ, և առաջին ամուսինն այնքան վատ է վարվել նրա հետ, որ այլևս ամուսնանալ չի ուզում, նրա պատմածից պարզ երևում էր, թե որքան գեղեցիկ, որքան հմայիչ է այրին իր համար և ինչպես է երազում նրա ընտրյալը դաոնալ, որպեսզի մոռացնել տա առաջին ամուսնու մեղքերը, բայց ես բառ աո բառ պիտի կրկնեմ բոլորը, որպեսզի պատկերացում տամ քեզ այս մարդու մաքուր զգացման, սիրո ու նվիրվածության մասին։ Այո, ես պետք է մեծագույն բանաստեղծի քանքար ունենայի, որպեսզի կարողանայի միաժամանակ կենդանի պատկերել նրա դիմախաղի արտահայտչականությունը, ձայնի հնչեղությունն ու հայացքում թաքնված կրակը: Ոչ, բառերով չես արտահայտի այն քնքշությունը, որով համակված է տղայի ողջ կերպարանքը, ինչպես էլ որ շարադրեմ, անշնորհք ու անտաշ կստացվի։ Հատկապես հուզում է ինձ նրա վախը, որ ես սխալ կարծիք կկազմեմ իրենց հարաբերությունների մասին ու կասկածի տակ կառնեմ այրու վարքը։ Միայն հոգուս խորքում կարող եմ վերարտադրել, թե ինչպիսի զմայլանքով էր նա խոսում այրու կազմվածքի, մարմնի մասին, որն առանց երիտասարդական հրապույրի հմայում է նրան ու իրեն գամում։ Նման աննահանջ կիրք ու անձկալի փափագ՝ այսպիսի անաղարտ մաքրությամբ՝ կյանքումս չեմ տեսել և, կարող եմ ասել, չեմ էլ պատկերացրել կամ երազել։ Մի կշտամբիր ինձ, եթե ասեմ, որ զգացմունքների այսպիսի անմեղության ու անկեղծության հիշողությունը մինչև հոգուս խորքը այրում է ինձ, որ այս հավատարմության ու քնքշության պատկերը հետապնդում է ինձ ամենուրեք, և որ ինքս նրանով բռնկված՝ պապակվում եմ ու տառապում։

Պետք է աշխատեմ որքան կարելի է շատ տեսնել այդ կնոջը, սակայն, եթե լավ մտածեմ, թերևս ավելի լավ է խուսափեմ դրանից։ Շատ ավելի գերադասելի է տեսնել նրան իր սիրահարի աչքերով, գուցե իմ սեփական աչքին չներկայանա այնպես, ինչպես այժմ է կանգնած իմ առջև, էլ ինչու՞ գեղեցիկ պատկերը խաթարեմ։

16 հունիսի

Դու հարցնում ես, ինչու քեզ նամակ չեմ գրում, և դեռ գիտնական ես համարվում։ Կարող ես ինքդ կռահել, որ ես ողջ և առողջ եմ և նույնիսկ... կարճ ասած, մի ծանոթություն եմ հաստատել, որը սրտիս շատ բան է ասում։ Ես... չգիտեմ, ինչպես ասեմ։

Դժվար կլինի հերթականությամբ պատմել, թե ինչպես եղավ, որ ես ծանոթացա ամենասիրարժան էակներից մեկի հետ։ Ես գոհ եմ ու երջանիկ, հետևապես լավ պատմող չեմ կարող լինել։

Նա կատարյալ հրեշտակ է։ Թու՛, բոլորն են այսպես ասում իրենց սիրեցյալների մասին, ճիշտ չէ՞։ Եվ այնուամենայնիվ ես ի վիճակի չեմ ասել քեզ, թե որքան կատարյալ է նա, և ինչումն է նրա կատարելությունը. կարճ ասած, նա գերել է իմ հոգին։

Որպիսի պարզասրտություն բանականության հետ, որպիսի բարություն հաստատակամության հետ և հոգեկան հանգստություն՝ աշխույժ ու գործունյա բնավորության հետ զուգակցված։ Այն բոլորը, որ ասացի նրա մասին, նողկալի շաղակրատանք է, վերացական, գարշելի դատարկաբանություն, որը նրա էության ոչ մի գիծն անգամ չի արտահայտում։ Մի ուրիշ անգամ, ... ո՛չ, ոչ մի անգամ, հենց հիմա եմ պատմելու, եթե հիմա չպատմեմ, այլևս երբեք չեմ պատմի։ Քանի որ, մեր մեջ ասած, այն րոպեից, երբ սկսել եմ քեզ գրել, արդեն երեք անգամ մտքովս անցել է մի կողմ դնել գրիչը, ձիս թամբել ու գնալ այնտեղ։ Դեռ առավոտյան վաղ ինձ խոսք եմ տվել ոչ մի տեղ չգնալ այսօր և ամեն րոպե մոտենում եմ պատուհանին, որ տեսնեմ, արդյոք չի՞ երեկոյանում...

Ես չկարողացա զսպել ինձ, ես պետք է անպայման գնայի նրա մոտ։ Հիմա վերադարձել եմ, երեկոյան հաց ու կարագս կուտեմ ու քեզ նամակ կգրեմ։ Հոգու ինչ հրճվանք է ինձ համար տեսնել նրան իր ութ քույրերի ու եղբայրների՝ հրաշալի, աշխույժ երեխաների, շրջանում։

Եթե այսպես շարունակեմ, դու վերջում նույնքան բան կիմանաս, որքան սկզբում գիտեիր։ Լսիր, ուրեմն։ Ես կստիպեմ ինձ ամենայն մանրամասնություններով պատմել բոլորը։

Վերջերս գրել էի քեզ, որ ծանոթացել եմ ամտման Ս.–ի հետ, և նա հրավիրել է ինձ իր մենաստանը, կամ ավելի ճիշտ՝ փոքրիկ թագավորությունը այցելելու: Ես անփույթ վերաբերվեցի այդ հրավերին և հավանաբար երբեք էլ չգնայի այնտեղ, եթե պատահականությունը չբացեր իմ առջև մի գանձ, որ թաքնված էր այդ խաղաղ անկյունում։

Մեր երիտասարդները որոշեցին քաղաքից դուրս մի պարահանդես կազմակերպել, որին ես ևս սիրով մասնակցեցի։ Ձեռքս առաջարկեցի տեղացի, բարի ու սիրունատես, սակայն ներքուստ աննշան մի աղջկա, որի հետ պայմանավորվեցինք, որ ես կառքով կգնամ իմ պարընկերուհու ու նրա ազգականուհու ետևից ու միասին խրախճանքի վայրը կգնանք, ճանապարհին մեզ հետ վերցնելով Շառլոտտե Ս.–ին։ «Հիմա դուք մի ֊գեղեցկուհու հետ կծանոթանաք»,— ասաց իմ պարընկերուհին, երբ մենք անտառի լայն բացատով դեպի որսորդական տնակն էինք գնում։ «Միայն թե զգույշ, չսիրահարվեք»,– շարունակեց նրա ազգականուհին։ «Ինչու՞,– հարցրի ես»։ «Նա արդեն նշանված է մի առաքինի մարդու հետ, որն այժմ գնացել է հոր մահից հետո գործերը կարգավորելու ու մի աչքի ընկնող պաշտոն ձեռք բերելու»,— պատասխանեց նա։ Այս տեղեկությունն ինձ ամենևին չհուզեց։

Դեռ մեկ քառորդ ժամ կար, մինչև արևը լեռնաշղթայի ետևը թաքնվեր, երբ մենք մոտեցանք դարպասին։ Սոսկալի տոթ էր, և օրիորդներն անհանգստություն հայտնեցին, թե կարող է ամպրոպ պայթել, քանի որ գորշ-ճերմակավուն փքված ամպերը ձգվել էին հորիզոնի շուրջը։ Ես օդերևութաբանի հավակնությամբ հանգստացրի նրանց, թեև ինքս էլ էի սկսել անհանգստանալ, որ մեր խրախճանքը կխաթարվի։

Ես իջա կառքից. դարպասի մոտ եկած սպասուհին խնդրեց մեզ մի վայրկյան ներել, մամզել Լոտխենն իսկույն կգա: Անցա բակով, հիմնովին կառուցված տանը մոտեցա և երբ դիմացի սանդուղքով վեր բարձրացա ու դռնից ներս մտա, աչքիս առջև այնպիսի հրապուրիչ տեսարան բացվեց, որի նմանը հազիվ թե երբևէ տեսած լինեի։ Նախասրահում կուրծքն ու թևքերը բաց կարմրավուն ժապավեններով զարդարված՝ ճերմակ, պարզ զգեստով, սլացիկ կազմվածքով, միջահասակ մի աղջկա շուրջը վխտում էին տասնմեկից մինչև երկու տարեկան վեց երեխա։ Ձեռքին նա մի սև հաց էր բռնել, որից իրեն շրջապատող փոքրիկների համար, յուրաքանչյուրի տարիքին ու ախորժակին համապատասխան կտորներ էր կտրում ու մեծագույն սիրալիրությամբ բաժանում, իսկ երեխաներից յուրաքանչյուրը նույնքան անբռնազբոս իր «շնորհակալություն»– ն էր, բղավում ու փոքրիկ ձեռքը շատ ավելի շուտ պարզում, քան իր բաժին հացն էր կտրվում, հետո ոմանք, գոհունակությամբ ընթրիքի հացն առած՝ թռչկոտելով հեռանում էին, իսկ մյուսները՝ իրենց խաղաղ բնավորությանը համապատասխան, հանդարտ դեպի դարպասը քայլում՝ օտար մարդկանց ու կաкքը տեսնելու, որով իրենց Լոտտեն էր մեկնելու։ «Ներողություն եմ խնդրում,— ասաց նա,— որ ձեզ նեղություն պատճառեցի, օրիորդներին էլ սպասեցրի։ Հագնվելով ու բացակայությանս ժամանակ տնային գործերը կարգադրելով զբաղված՝ մոռացել էի ընթրիք տալ երեխաներին, իսկ նրանք ոչ ոքի կտրած հացը չեն ուզում, բացի ինձնից»։ Ես նրան մի անիմաստ հաճոյախոսություն ասացի, իսկ ինքս ի բոլոր սրտե հիանում էի նրա կերպարանքով, ձայնով, շարժուձևով և հազիվ կարողացա ուշքի գալ անակնկալից, երբ նա սենյակ գնաց ձեռնոցներն ու հովհարը վերցնելու։ Երեխաները, հեռու քաշված, աչքի տակով ինձ էին նայում, ես մոտեցա ամենափոքրին որ մի սիրուն մանչուկ էր։ Նա փորձեց ետ քաշվել, երբ դռնից ներս մտավ Լոտտեն ու ասաց. «Լուի, ձեռքդ տուր մորեղբորը»։ Մանչուկն իսկույն շատ սիրալիր դարձավ, և ես չկարողանալով ինձ զսպել, առանց ուշադրություն դարձնելու նրա խլնքոտ քթիկին, սրտանց համբուրեցի նրան։ «Մորեղբո՞րը»,— ձեռքս առաջարկելով Լոտտեին, հարցրի ես։— Կարծում եք ես արժանի՞ եմ ձեր ազգականը լինելու»։ «Էհ,— ասաց նա՝ թեթև ժպտալով,— մեր ազգականությունը մեծ Է, և ես շատ կցավեմ, եթե նրանց մեջ դուք վատթարացածը լինեք»: Ճանապարհին նա Սոֆիին, մոտ տասնմեկ տարեկան մի աղջկա, որ քույրերից ավագագույնն էր իրենից հետո, հանձնարարեց երեխաներին լավ հետևել և հայրիկին բարևել, երբ նա ձիով կատարած զբոսանքից տուն վերադառնա։ Փոքրիկներին ասաց, որ պետք է Սոֆի քույրիկին լսեն այնպես, ինչպես իրեն կլսեին, և համարյա բոլորը որոշակիորեն խոստացան լսել։ Բայց մոտ վեց տարեկան մի հանդուգն շեկլիկ ասաց. «Դա նույնը չէ, Լոտտխեն, մենք քեզ ավելի ենք սիրում»։ Ավագ տղաներից երկուսը կպել էին կառքի պոչին, և իմ խնդրանոք քույրը թույլ տվեց նրանց գալ մեզ հետ մինչև անտառի ծայրը, եթե խոստանան ամուր կառչել և իրար հետ չգզվռտել։

Հազիվ էինք կառքում տեղավորվել, հազիվ էին օրիորդներն իրար ողջունել, հագուստների ու հատկապես գլխարկների մասին կարծիքներ փոխանակել, ու հրավիրված հասարակությանը մի կարգին մշակել, երբ Լոտտեն կարգադրեց կառապանին կանգ առնել ու եղբայրներին ստիպեց ցած իջնել, սրանք մի անգամ էլ նրա ձեռքը համբուրելու ցանկություն հայտնեցին, որը և կատարեցին, մեծը՝ տասնևհինգամյա պատանուն հատուկ ամենայն քնքշությամբ, մյուսը՝ խիստ կրակոտ ու պոռթկունությամբ։ Լոտտեն խնդրեց նորից ողջունել փոքրիկներին, և մեր ճանապարհը շարունակեցինք։

Ազգականուհին հարցրեց, արդյոք Լոտտեն կարդացե՞լ է այն գիրքը, որ օրերս ինքը ուղարկել է նրան։ «Ոչ,— պատասխանեց Լոտտեն,— այն ինձ դուր չի գալիս, կարող եք ետ վերցնել։ Եվ նախորդն էլ դրանից լավը չէր»։ Ես զարմացա, երբ հարցրի նրան, թե ինչ գըրքեր են դրանք և պատասխան ստացա նրանից։ Նրա բոլոր ասածներում ես անսահման ինքնուրույնություն էի տեսնում, յուրաքանչյուր բառի հետ մի նոր գրավչություն գտնում դեմքին, որը գնալով ավելի էր ոգեշնչվում ու հետզհետե հրճվանքից փայլում, քանի որ զգում էր, որ հասկանում եմ իրեն։

«Երբ ես ավելի երիտասարդ էի, ամենից շատ վեպեր էի սիրում,— ասաց նա։— Աստված գիտե, թե ինչ հաճույք էր ինձ համար, եթե կարողանում էի կիրակի օրերին մի անկյունում նստել ու ամբողջ հոգով որևէ միս Ջեն:

Որևէ մեկին վիրավորանքի առիթ չտալու համար նամակի այս մասն անհրաժեշտ համարեցինք կրճատել թեև իրականում ոչ մի հեղինակ նշանակություն չի տա պատահական մի աղջկա և անկայուն երիտասարդի դատողություններին (ծանոթ. հեղինակի)։

նիի երջանկությանը կամ չար ճակատագրին մասնակից լինել: Չեմ ժխտում, որ այդպիսի ընթերցանությունը այժմ էլ որոշակի հրապույր ունի ինձ համար։ Բայց ես այնքան հազվադեպ եմ կարողանում գիրք առնել ձեռքս, որ այն լիովին իմ ճաշակով պետք է լինի։ Եվ ինձ համար ամենասիրելի հեղինակը նա է, որի գրքերում գտնում եմ իմ աշխարհը, որի գրքերում ամեն բան կատարվում է այնպես, ինչպես իմ շուրջը և որի պատմությունը հետաքրքիր ու սրտալի է ինձ համար, ինչպես իմ սեփական տնային կյանքը, որն, իհարկե, դրախտ չէ, սակայն իր ամբողջության մեջ անասելի ուրախությունների աղբյուր է»։

Ես աշխատեցի թաքցնել այս խոսքերից առաջացած հուզմունքս։ Սակայն դա, իհարկե, երկար չտևեց, երբ լսեցի, թե նա իմիջիայլոց ինչպիսի ճշգրտությամբ է խոսում «Վեկֆիլդի քահանայի» մասին, նաև... Ես չդիմացա ու ասացի նրան ողջ մտածածս և, որոշ ժամանակ անց, երբ Լոտտեն խոսքը մյուսներին ուղղեց, նկատեցի, որ ամբողջ ժամանակ սրանք[1] նստած էին բաց աչքերով, բայց անմասնակից, կարծես ամենևին էլ այդտեղ նստած չէին։ Ազգականուհին քանիցս ինձ էր նայում քիթը հեգնական վեր քաշած, սակայն ինձ համար դա բացարձակապես ոչ մի նշանակություն չուներ:

Խոսք գնաց պարել սիրելու մասին. «Եթե այդ կիրքը թերություն է համարվում,– ասաց Լոտտեն,— ապա հաճույքով եմ խոստովանում, որ պարից վեր ոչ մի բան չեմ դասում։ Եթե որևէ միտք անհանգստացնում է ինձ, բավական է, որ լարից ընկած դաշնամուրիս վրա կոնտրդանս տնկտնկացնեմ, որ իսկույն կրկին խաղաղվեմ»։

Ինչպե՜ս էի խոսակցության ընթացքում նրա սև աչքերով հիանում, ինչպե՜ս էի ամբողջ հոգով դեպի նրա կենսալի շուրթերն ու թարմ, վառ այտերը ձգվում, ինչպես նրա խոսքի պայծառ մտքի մեջ խորացած, հաճախ չէի լսում բառերը, որոնցով նա արտահայտում էր իր միտքը, այս բոլորը դու լավ կպատկերացնես, քանի որ ճանաչում ես ինձ։ Կարճ ասած՝ երբ խրախճանքների տաղավարին մոտեցանք, ես ցնորվածի պես իջա կառքից ու իրիկնացող շրջապատում այնպես մոլորվեցի երազներում, որ լուսավորված դահլիճից մեզ հանդիման թնդացող երաժշտությունը հազիվ էի լսում։

Երկու պարոն, Օդրանն ու ոմն մի N N (ո՞ւմ միտքը կմնան բոլոր անունները), որոնք ազգականուհու ու Լոտտեի պարընկերներն էին, դիմավորեցին մեր կառքը, առան իրենց պարընկերուհիներին ու վերև տարան, ես էլ իմ ընկերուհուն տարա։

Մենուետներում մենք շարունակ խաչաձևվում էինք, մեկը մյուսի ետևից ես հրավիրում էի պարընկերուհիների, և սրանցից ամենաանտանելիները կարծես դիտմամբ գլխի չէին ընկնում մի ուրիշի ձեռք մեկնել ու դրանով ինձ հետ պարելուն վերջ դնել: Լոտտեն ու նրա պարընկերը սկսեցին անգլիական պար պարել, և դու ինքդ կարող ես հասկանալ, թե ինչ հաճույք էր ինձ համար, երբ շարքի մեջ նա պարաձևեր էր կատարում նաև մեզ հետ։ Պետք է տեսնես, թե ինչպես է պարում նա։ Գիտես ինչ, նա ամբողջ հոգով ու սրտով հանձնվում է պարին, նրա ամբողջ մարմինը մի ներդաշնակություն է, այնքան անհոգ, այնքան անմիջական, կարծես հենց դրանում է նրա համար ամեն բան, կարծես դրանից բացի այլևս ոչինչ չի մտածում, ոչինչ չի զգում և այդ պահերին, իհարկե, այլևս ոչինչ գոյություն չունի նրա համար։

Ես նրանից խնդրեցի երկրորդ կոնտրդանսը, նա խոստացավ ինձ երրորդը և աշխարհի ամենասիրալիր անկեղծությամբ հավաստիացրեց, որ ամենից շատ գերմանական պարն է սիրում պարել։ «Այստեղ ընդունված է,— շարունակեց նա,— որ յուրաքանչյուր իրար հետ պարող զույգ գերմանական պարն էլ միասին պարի, բայց իմ պարընկերը վատ է վալս պարում և շնորհակալ կլինի, եթե ես ազատեմ իրեն այդ գործից։ Ձեր պարընկերուհին էլ ոչ կարողանում, ոչ էլ սիրում է վալս պարել, իսկ ես դեռ անգլիական պարի ժամանակ տեսա, որ դուք լավ եք պարում, եթե դուք իմ պարընկերն եք ուզում լինել գերմանականում, ապա գնացեք ու թույլտվության խնդրեք իմ պարընկերոջից, իսկ ես ձեր պարընկերուհու մոտ կգնամ»։ Մենք համաձայնության եկանք ու վճռեցինք, որ նրա պարընկերը այդ միջոցին զրույցով կզբաղեցնի իմ պարընկերուհուն։

Պարն սկսվեց, և որոշ ժամանակ մենք հրճվանքով զանազան պարաձևեր էինք կատարում։ Ի՜նչ գեղանի ու ի՜նչ թեթև էր նա սահում, բայց երբ արդեն վալսին հասանք, և բոլորն սկսեցին իրար շուրջ պտտվել, սկզբում, իհարկե, պարասպարեզում խառնակություն տիրեց, որովհետև քչերն են իսկապես կարողանում վալս պարել։ Մենք խելացի գտնվեցինք ու սպասեցինք մինչև նրանք կհանդարտվեն և, երբ ամենաանշնորհքներն ազատեցին հրապարակը, մենք մի այլ զույգի՝ Օդրանի ու նրա պարընկերուհու, հետ ոտք դրինք այնտեղ ու արիաբար դիմացանք մրցությանը։ Դեռ երբեք այդքան թեթև չեմ շարժվել։ Կարծես այլևս մարդ չէի ես։ Չքնաղագույն մի էակ գրկած, նրա հետ հողմի պես պտտվես այնպես, որ շուրջդ ոչինչ չտեսնես և... սակայն, եթե անկեղծ ասեմ, ես երդվեցի, Վիլհելմ, որ իմ սիրած աղջիկը, որի վրա ես իրավունքներ ունեմ, երբեք ինձնից բացի ոչ մի ուրիշ տղամարդու հետ չի պարի, նույնիսկ եթե այդ պատճառով կյանքս խորտակվի։ Դու, անշուշտ, հասկանում ես ինձ։

Շունչներս տեղը բերելու համար մենք մի քանի անգամ էլ թեթև սահեցինք դահլիճով։ Հետո Լոտտեն նստեց, և իմ հայթայթած վերջին նարինջները հրաշալի ներգործեցին մեզ վրա, միայն թե յուրաքանչյուր կտորը, որ նա քաղաքավարությունից դրդված բաժին էր հանում իր անհամեստ հարևանուհուն, փշի պես ցցվում էր իմ սրտում։

Երրորդ անգլիական պարում մենք երկրորդ զույգն էինք։ Երբ մենք պարելով անցանք շարքի միջով, և ես աստված գիտե, թե ինչ երանությամբ նրա ձեռքը բռնել ու աչքերին էի նայում, որոնք շիփ-շիտակ մաքուր ու անկեղծ հաճույք էին արտահայտում, հավասարվեցինք մի տիկնոջ, որի արդեն ոչ երիտասարդ դեմքի հրաշալի արտահայտությունը նկատելի էր դարձնում նրան։ Նա ժպտադեմ Լոտտեին նայեց, մատը սպառնալից թափ տվեց և մեր ետևից երկու անգամ բազմանշանակ «Ալբերտ» անունը տվեց։

«Ալբերտն ո՞վ է,— հարցրի ես Լոտտեին,— Եթե հանդգնություն չէ հարցնելը»։ Նա ուզում էր ինձ պատասխանել, երբ ութերորդ մեծ պարաձևը կատարելու համար ստիպված եղանք բաժանվել, և երբ հանդիպեցինք նորից, ինձ թվաց, թե մտատանջություն էր հայտնվել նրա դեմքին։ «Ձեզնից թաքցնելու բան չունեմ,— պրոմենադի համար ձեռքն ինձ պարզելով, ասաց նա,— Ալբերտն առաքինի մի երիտասարդ է, որի հետ ես համարյա նշանված եմ»։ Սա ինձ համար նորություն չէր (քանի որ աղջիկներն արդեն ասել էին ճանապարհին), սակայն՝ նորություն թվաց, քանի որ այժմ այն կապվում էր նրա հետ, որն ինձ համար այնքան թանկ էր դարձել մի քանի ակնթարթում։ Մի խոսքով, ես հուզվեցի, կորցրի ինձ և շփոթեցի զույգերն այնպես, որ ամեն բան տակնուվրա եղավ և միայն Լոտտեի աչալրջությամբ ու ջանքերով կարգը նորից վերականգնվեց։

Պարը դեռ չէր ավարտվել, երբ կայծակները,պանք վաղուց փայլփլում էին հորիզոնում և որոնց ես համառորեն որպես փայլակներ էի ներկայացնում, սկսեցին ուժեղանալ, իսկ որոտը խլացրեց երաժշտությունը։ Երեք տիկիններ դուրս նետվեցին պարողների շարքից, սրանց հետևեցին իրենց պարընկերներն. խառնակությունը համընդհանուր դարձավ, և երաժշտությունը լռեց։ Երբ դժբախտությունը կամ որևէ սարսափ ցնցում են մեզ հաճույքի պահին. բնականաբար ավելի խոր տպավորություն են թողնում մեզ վրա, մասամբ հակադրության պատճառով, որն ուժեղացնում է մեր ընկալումը, մասամբ էլ և է՛լ ավելի այն պատճառով, որ սրված է մեր զգայունակությունը և անմիջապես ենք կրում ազդեցությունը։ Միայն այս պատճառով կարող եմ բացատրել այն տարօրինակ վիճակները, որոնցում տեսա շատ տիկինների։ Նրանցից ամենախելոքը մեջքը պատուհանին արած՝ մի անկյունում նստել ու փակել էր ականջները։ Մի ուրիշը չոքել էր սրա առաջ ու գլուխը թաքցրել նրա փեշերում։ Երրորդը մտել էր այս երկուսի արանքը և, արցունքի հեղեղ թափելով, գրկել էր իր քույրիկներին։ Ոմանք տուն էին շտապում, մյուսները, որ ավելի քիչ գիտեին, թե ինչ են անում, ինքնատիրապետում չունեին մեր չարաճճի պատանիների հանդգնությունը սանձելու, որոնք զբաղված էին սքանչելի տառապյալների՝ անշուշտ երկնքին ուղղված տագնապալի աղոթքները նրանց շուրթերից որսալով։ Տղամարդկանցից մի քանիսը ցած էին իջել իրենց ծխամորճը հանգիստ ծխելու, իսկ մնացյալ հասարակությունը օգտվեց տանտիրուհու՝ փեղկերով ու վարագույրներով օժտված մի այլ սենյակ մեզ տրամադրելու խելոք մտքից։ Հազիվ էինք տեղափոխվել այդ սենյակը, երբ Լոտտեն աթոռները շրջանաձև շարեց և, երբ նրա խնդրանքով հասարակությունը այդ աթոռներին նստեց, մի խաղ առաջարկեց։

Ես տեսա, որ շատերը, նրբագրգիռ մի գրավախաղի սպասելով, լիզում էին շրթունքներն ու ողջ մարմնով ձգվում։ «Հաշվեխաղ ենք խաւլալու,— ասաց Լոտտեն։— Ուշադրությու՛ն։ Ես կքայլեմ շրջանով աջից ձախ, դուք էլ կհաշվեք նույն կարգով, յուրաքանչյուրը կարտասանի այն թիվը, որն իրեն կհասնի, խաղը պետք է կայծակի արագությամբ ընթանա, ով կանգ առնի կամ շփոթվի՝ ապտակ կստանա և այսպես մինչև հազար»։ Շատ ուրախ բան ըստացվեց։ Լոտտեն ձեռքը պարզած քայլեց շրջանով «Մեկ»,— սկսեց առաջինը,— «երկու»,— ասաց հարևանը,— «երեք»,— հետևյալը և այլն։ Հետո սկսեց ավելի արագ քայլել, հետո՝ ավելի ու ավելի արագ, մեկը սխալվեց— շրը՛խկ,— հնչեց ապտակը, և ծիծաղից սխալվեց հետևյալը, շրը՛խկ։ Ու գնալով նա ավելի ու ավելի արագ քայլեց։ Ես անձամբ երկու ապտակ ստացա և մտքումս հաճույքով նկատեցի, որ դրանք ավելի ծանր էին, քան նրանք, որ Լոտտեն ուրիշներին էր հասցնում։ Խաղը հազարին չհասած՝ ավարտվեց աղմուկով ու ծիծաղով։ Մտերիմներն իրար հետ մի կողմ քաշվեցին, ամպրոպն անցավ, և ես Լոտտեի ետևից դահլիճ գնացի։ Ճանապարհին նա ասաց. «Ապտակների պատճառով սրանք եղանակն էլ, ամեն բան էլ մոռացան»։ Ես ոչինչ չկարողացա պատասխանել։ «Ես էլ պակաս վախկոտը չեմ,— շարունակեց նա,— բայց մինչև ուրիշներին քաջություն տալու համար ինձ սիրտ տվի, ինքս էլ արիացա»։ Մենք պատուհանին մոտեցանք։ Հեռվում մի տեղ դեռ որոտում էր, փառահեղ անձրև էր տեղում գետնին, և թարմացնող բուրմունքով հագեցած տաք օդը առատորեն դեպի մեզ էր բարձրանում: Նա հենվել էր արմունկներին և սևեռուն հայացքը շրջակայքին գամել, հետո նայեց երկնքին, հետո՝ ինձ. ես տեսա նրա արտասվալից աչքերը, նա ձեռքը դրեց իմ ձեռքին ու ասաց. «Կլոպշտոկ»։ Ես իսկույն հիշեցի հրա միտքն եկած հոյակապ ներբողը և սուզվեցի զգացմունքների այդ բացականչությամբ սանձազերծված հեղեղատը։ Ես այլևս չդիմացա, խոնարհվեցի ու երանության արտասուքներով համբուրեցի նրա ձեռքը։ Ու նորից նայեցի նրա աչքերին. Օ, ազնվագույն, երանի թե քո երկրպագությունը տեսնեիր այս հայացքում, իսկ ես այլևս երբեք չլսեի անունդ քեզ այնքան հաճախ սրբապղծողների շուրթերից։

19 հունիսի

Չեմ հիշում, որտեղ կանգ առա վերջին անգամ. միայն գիտեմ, որ գիշերվա ժամը երկուսն էր, երբ անկողին մտա և եթե գրելու փոխարեն կարողանայի շատախոսել, հավանաբար քեզ մինչև լույս անքուն կպահեի։

Ես դեռ չեմ պատմել, թե ինչ տեղի ունեցավ պարահանդեսից տուն վերադառնալիս, բայց այսօր էլ դրա համար ժամանակ չունեմ։

Մի հոյակապ արևածագ էր։ Շուրջը անձրևի կաթիլներով ցողված անտառ ու զովացած դաշտ։ Մեր ուղեկցուհիները ննջում էին։ Լոտտեն հարցրեց, արդյոք չե՞մ ուզում հետևել նրանց օրինակին, եթե այո, կարող եմ չքաշվել իրենից. «Քանի դեռ արթուն եմ տեսնում այս աչքերը,— ասացի ես ու համարձակորեն նրան նայեցի,— այդ վտանգն ինձ չի սպառնում»։ Եվ երկուսս էլ

արթուն մնացինք մինչև նրա դարպասի, որը սպասուհին կամացուկ բաց արեց նրա առջև ու նրա հարցին հանգստացուցիչ պատասխան տվեց, թե հայրն ու փոքրիկները լավ են, և բոլորն էլ դեռ քնած են։ Այստեղ ես հրաժեշտ տվի, նույն օրը նրան տեսնելու թույլտվություն խնդրելով նրանից, նա թույլ տվեց, և ես տուն վերադարձա, և այդ ժամանակվանից արևը, լուսինն ու աստղերը կարող են հանգիստ իրենց գործը կատարել, ես այլևս չգիտեմ գիշեր է հիմա, թե ցերեկ, ես ամբողջ աշխարհը չեմ տեսնում շուրջս։

21 հունիսի

Ես այնպիսի երջանիկ օրեր եմ ապրում, որպիսիք աստված միայն իր սրբերի համար է պահում, և այսուհետև ինչ ուզում է ինձ պատահի, իրավունք չունեմ ասելու, թե ուրախություն, կյանքի մաքրագույն ուրախություն չեմ ճաշակել։ Դու գիտես իմ Վալհայմը։ Ես այստեղ հիմնովին եմ հաստատվել, այստեղից կես ժամվա ճանապարհ է մինչև Լոտտեն, որի մոտ ես դառնում եմ այն, ինչ որ կամ և զգում այն բացարձակ երջանկությունը, որ տրված է մարդուն։

Վալհայմը զբոսանքներիս նպատակակետ ընտրելիս կարո՞ղ էի արդյոք պատկերացնել, որ դա այնքան մոտ է երկնքին։ Որքան հաճախ հեռավոր թափառումներիս ժամանակ մեկ՝ բլրակից, մեկ՝ գետափի հարթավայրից տեսել եմ որսորդական տնակը, որն այժմ իմ բոլոր իղձերի կենտրոնն է։

Սիրելի Վիլհելմ, ես հաճախ եմ խորհել, թե որքան մեծ է մարդկանց՝ շարունակ թափառելու, տարածություններ հաղթահարելու, նոր հայտնագործություններ անելու փափագը, բայց դրա կողքին նաև կամավոր սահմանափակվելու, առանց աջ ու ձախ նայելու, սովոր ակոսով անվերջ ընթանալու ներքին ձգտումը։

Ուղղակի զարմանալի է. ինչպես այստեղ եկա և բլրակից գեղատեսիլ հովտին նայեցի, ինչպես ողջ շրջապատն ինձ հրապուրեց։ Ահա այն անտառակը՝ կարողանայիր նրա ստվերում թաղվել։ Ահա լեռան գագաթը՝ կարողանայիր այնտեղից ողջ շրջակայքը դիտել։ Շղթայաձև իրար կապված բլրակներն ու մտերմիկ հովիտները. կարողանայի նրանցում թաքնվել։ Ես շտապում էի այնտեղ ու ետ վերադառնում և չէի գտնում այն, ինչ հույս ունեի գտնել։ Օ, հեռուն նույնն է, ինչ որ ապագան։ Մի անսահման մշուշ է տարածված մեր հոգու առաջ, մեր զգացողությունն անհետանում է նրանում, ինչպես և մեր հայացքը, և մենք, ավաղ, տենչում ենք մեր ողջ էությամբ նվիրվել, մեն-մենակ մի հրաշալի ու մեծ զգացման ողջ բերկրանքով համակվել։ Եվ ի՞նչ, երբ մենք շտապում ենք այնտեղ և Այնտեղը դառնում է Այստեղ, ամեն բան մնում է նույնը, և մենք նույն մեր թշվառության ու սահմանափակության մեջ ենք խարխափում, և մեր հոգին կորսված ափսոսանք է փափագում։

Այսպես, ամենաանդադրում թափառականն, ի վերջո, նորից իր հայրենիքն է տենչում ու իր խրճիթում, իր կնոջ կրծքին ու զավակների շրջանում, սրանց պարենը հայթայթելու մեջ իր երանությունը գտնում, որն աշխարհով մեկ փնտրել էր ապարդյուն:

Երբ առավոտյան, արևածագին, իմ Վալհայմն եմ գնում և պանդոկապանի պարտեզում ինքս ինձ համար շաքարաոլոռ եմ քաղում, հետո նստում եմ, մաքրում ու միաժամանակ Հոմերոս կարդում, երբ փոքրիկ խոհանոցում ինձ համար մի կավաման եմ ընտրում, մեջը կարագ դնում, կափարիչով փակում, ոլոռը կրակին դնում ու մեկ-մեկ խառնելու համար մոտը նստում, շատ պարզ պատկերացնում եմ, թե ինչպես են Պենելոպեի ամբարտավան փեսացուները եզներ ու խոզեր մորթել, մաշկահան արել ու խորովել։ Զկա ոչինչ, որ այնպիսի խաղաղ ու անկեղծ զգացմունքով ինձ համակի, ինչպես նահապետական կյանքի հատկանիշները, որոնք, փառք աստծո, կարողանում եմ անբռնազբոս կերպով միահյուսել իմ կենցաղին։

Որքան ուրախ եմ, որ սրտանց կարողանում եմ զգալ պարզ ու միամիտ հրճվանքն այն մարդու, որ իր սեղանին կաղամբի գլուխ է դնում և մի ակնթարթում նորից վերապրում նրա հետ կապված բոլոր լավ օրերը, այն պայծառ առավոտը, երբ տնկել է այն, հրաշալի երեկոները, երբ ջրել է այն և նրա շարունակական աճը տեսնելով ուրախացել։

29 հունիսի

Նախանցյալ օրը քաղաքից այստեղ՝ ամտմանի մոտ, մի բժիշկ էր եկել, որ տեսել էր ինձ հատակին Լոտտեի փոքրիկների հետ խաղալիս. տեսել էր ինչպես նրանցից մի քանիսը մագլցել էին վրաս, մյուսները քաշքշում էին ինձ, ես էլ խտուտ էի տալիս նրանց ու նրանց հետ անասելի աղմուկ բարձրացնում: Բժիշկը, որ դոգմատիկ մի խաղատիկնիկ էր և խոսելիս իր բազկապատերի ծալքերն էր ուղղում ու ժանեկազարդ փողկապը շարունակ քաշքշում, խելամիտ մարդու արժանապատվությունից ցած համարեց դա։ Այդ նրա քթից երևաց։ Սակայն ես ամենևին չշփոթվեցի, նրան հնարավորություն չընձեռեցի խելոքագույն հարցեր քննարկելու և շարունակեցի երեխաների խաղաթղթե տնակները վերականգնել, որ նրանք արդեն հասցրել էին քանդել։ Դրանից հետո նա ամբողջ քաղաքով մեկ ման էր գալիս ու զայրանում. ամտմանի երեխաներն աոանց այն էլ բավական անդաստիարակ էին, իսկ Վերթերը վերջնականապես է փչացնում նրանց։

Այո, սիրելի Վիլհելմ, երեխաները աշխարհում ամենամոտն են իմ սրտին։ Նրանց նայելիս՝ ամենափոքր բաներում տեսնում եմ սաղմերը բոլոր առաքինությունների, բոլոր այն ուժերի, որոնք մի օր այնքան պետք են լինելու նրանց, կամակորության մեջ՝ ապագա հաստատակամություն ու տոկունություն, չարաճճիության մեջ՝ հումորի զգացում ու կյանքի վտանգների վրայով թեթև սահելու ճարպկություն տեսնելով, և այդ բոլորն այնքան անարատ և այնքան ամբողջական, ես շարունակ կրկնում եմ մարդկության Ուսուցչի ոսկի խոսքերը. «Եթե սրանց նման չդառնաք»։ Եվ միևնույն ժամանակ, սիրելիս, նրանց հետ, որ մեզ նմաններն են և որոնց մենք որպես օրինակ պետք է դիտենք, վարվում ենք որպես ստորադասների։ Նրանք սեփական կամք չպետք է ունենան: Իսկ մենք արդյոք չունե՞նք։ Եվ ո՞րն

է այդ արտոնության պատճառը։ Այն, որ ավելի մեծ ենք ու ավելի խելացի։ Տեր աստված, դու քո երկնքից միայն ծեր երեխաների ու փոքր երեխաների ես տեսնում և ուրիշ ոչինչ, իսկ թե որոնցից է ավելի մեծ ուրախություն քեզ սպասում՝ վաղուց արդեն ազդարարել է քո որդին։ Նրանք հավատում են քո որդուն, բայց չեն լսում նրան (սա էլ է հին պատմություն), և երեխաներին իրենց օրինակով են դաստիարակում և.... Մնաս բարով, Վիլհելմ։ Այլևս չեմ ուզում այս մասին դատարկաբանել։

1 հուլիսի

Թե ինչ կարող է լինել Լոտտեն հիվանդի համար, զգում եմ իմ սեփական խեղճ սրտի վրա, որի վիճակը շատ ավելի վատ է, քան հիվանդության մահճում տառապող շատերինը։ Մի քանի օր նա քաղաքում՝ մի պատկառելի կնոջ մոտ է անցկացնելու, որը բժիշկների կարծիքով մահամերձ է ու վերջին րոպեներին իր կողքին է ուզում տեսնել Լոտտեին։ Նախորդ շաբաթ Լոտտեն ու ես այցելեցինք Շ-ի պաստորին, մի գյուղակ, որն այստեղից մի ժամվա ճանապարհի վրա՝ սարերում է գտնվում։ Մենք տեղ հասանք ժամը չորսին մոտ։ Լոտտեն հետը բերել էր իրենից փոքր քրոջը։ Երբ մենք եկեղեցու երկու հսկայական ընկուզենիների, ստվերներով ծածկված բակը մտանք, բարի ծերունին նստած էր դռան առաջ, նստարանին, Լոտտեին տեսնելուն պես աշխուժացավ, մոռացավ իր մահակը, ու փորձեց վեր կենալ նրան ընդառաջ։ Լոտտեն մոտ վազեց նրան, նստեցրեց ու ինքն էլ կողքին նստեց, հորից շատ բարևներ հաղորդեց ու գգվեց նրա զզվելի, կեղտոտ կրտսերին, որը նրա ծերունական օրերի մխիթարությունն էր։ Դու պետք է տեսնեիր, թե ինչպես էր նա զբաղեցնում ծերանում, ինչպես էր ձայնը բարձրացնում, որպեսզի լսելի լինի նրա կիսախուլ ականջներին, ինչպես էր նրան երիտասարդ ու առողջ մարդկանց մասին պատմում, որոնք հանկարծակի վախճանվել են, Կառլսբադի հրաշալիքների մասին խոսում ու գալիք ամռանն այնտեղ գնալու նրա վճիռը գովում, ինչպես էր հավատացնում, որ հիմա նա շատ ավելի լավ ու առույգ տեսք ունի, քան նախորդ անգամ տեսած ժամանակ։ Մինչ այդ ես հարգանացս հավաստիքը մատուցեցի տիկին պաստորին։ Ծերունին բոլորովին զվարթացավ և, քանի որ ես չզլացա ընկուզենիները գովաբանել, որոնք այդքան հրաշալի ստվեր էին մեզ պարգևում, սկսեց, թեև որոշ դժվարությամբ, դրանց պատմությունը անել։ «Թե ով է տնկել ամենածեր ծառը, մենք չգիտենք,— ասաց նա,— մեկն այսում է այս, մյուսը՝ այն քահանան։ Իսկ երիտասարդ ծառը, որ ավելի ետ է կանգնած, նույնքան տարեկան է, որքան իմ տիկինը՝ հոկտեմբերին հիսունը կլրանա։ Նրա հայրը առավոտյան տնկել է ծառը, իսկ նույն օրը իրիկնադեմին ծնվել է կինս: Նա իմ նախորդն էր այս պաշտոնում և պատմելու բան չէ, թե ինչպես էր սիրում այդ ծառը. ես էլ պակաս չեմ սիրում։ Կինս նստած էր դրա տակ մի գերանի վրա ու ձեռագործ էր անում, երբ ես՝ մի աղքատ ուսանող, քսանյոթ տարի առաջ այս բակը մտա»։ Լոտտեն հարցուփորձ արեց նրա աղջկանից, պարզվեց, որ նա պարոն Շմիդտի հետ դաշտ է գնացել, բանվորների մոտ, և ծերունին շարունակեց իր պատմությունը, թե ինչպես սիրեց իրեն նախորդը, իսկ նրանից հետո՝ դուստրը, ինչպես ինքը նախ նրա փոխերեցը, հետո փոխանորդը դարձավ։ Պատմությունը վերջանալու վրա էր, երբ պարտեզի միջով դեպի մեզ եկան քահանայի աղջիկն ու այսպես կոչված պարոն Շմիդտը։ Աղջիկը սրտանց ու ջերմորեն ողջունեց Լոտտեին և, պետք է խոստովանեմ, որ նա ինձ դուր եկավ, նա մի աշխույժ, բարձրահասակ, թխահեր օրիորդ էր, որի հետ վատ չէր լինի մի կարճ ժամանակ անցկացնել գյուղում։ Նրա երկրպագուն (քանի որ պարոն Շմիդտը իսկույն հանդես եկավ որպես այդպիսին) բարեկիրթ, բայց քչախոս մարդ էր, որն ամենևին չէր ուզում խառնվել մեր խոսակցությանը, թեև Լոտտեն շարունակ աշխատում էր նրան ներգրավել։ Ինձ համար հատկապես տհաճ էր այն, որ նրա դեմքի արտահայտությամբ դատելով, այդ քչախոսությունն ավելի շատ կամակորությունից ու վատ բնավորությունից էր, քան բանականության սահմանափակությունից։ Հետագայում դա, ցավոք սրտի, էլ ավելի պարզ արտահայտվեց, երբ զբոսանքի ժամանակ Ֆրեդերիկեն քայլեց Լոտտեի, հետևաբար նաև իմ, կողքով, պարոնի դեմքը, որ առանց այն էլ շագանակագույն էր, այնքան նկատելիորեն մգացավ, որ Լոտտեն թևքիցս ձգեց ու հասկացրեց, որ ես չափազանց սիրալիր եմ Ֆրեդերիկեի հետ։ Իսկ ինձ ոչ մի բան այնպես չի վրդովում, ինչպես՝ երբ մարդիկ անտեղի տանջում են իրար, հատկապես երբ ծաղկուն հասակի երիտասարդներ, որոնք բոլորի համար ամենաանկեղծ ուրախությունը կարող են լինել, իրենց պայծառ օրերը փչացնում են դատարկ բաներով և իրենց կորցրածի անփոխարինելիությունը չափազանց ուշ հասկանում։ Այդ միտքը հանգիստ չէր տալիս ինձ, և երբ իրիկնադեմին մենք քահանայի բակը մտանք, սեղանի մոտ նստած կաթ խմեցինք ու աշխարհի ուրախությունների ու վշտերի մասին խոսակցություն բացեցինք, ես առիթր բաց չթոդեցի ու վատ տրամադրության դեմ մի կրակոտ ճառ ասացի. «Մենք՝ մարդիկս, հաճախ ենք դժգոհում, որ լավ օրերը հազվադեպ են, իսկ վատերը՝ շատ հաճախ,— սկսեցի ես,— բայց ինձ թվում է, որ մենք իրավացի չենք: Եթե մենք բաց սրտով վայելենք այն լավը, որ աստված ամեն օր հրամցնում է մեզ, մենք քավական աժ կունենանք հետագայում դիմանալու դժբախտությանը, եթե այն մեզ պատահի»։ «Սակայն մենք իշխանություն չունենք մեր ներաշխարհի վրա,— առարկեց երեցկինը,— որքան բան է կախված մեր մարմնական վիճակից. եթե մարդ իրեն լավ չի զգում, նա ամեն տեղ իրեն լավ չի զգում»։ Ես համաձայնեցի նրա հետ։ «Ուրեմն մենք պետք է դա որպես հիվանդություն դիտենք,— շարունակեցի ես,— ու հարցնենք, արդյոք դրա դեմ ոչ մի միջոց չկա՞»: «Ճիշտ է ասված,— ասաց Լոտտեն,— ես գոնե կար ես գոնե կարծում եմ, որ շատ բան հենց մեզնից է կախված։ Ես իմ փորձից այդ գիտեմ: Եթե որևէ բան ինձ բարկացնում է կամ սրտնեղություն սյատճառում, վեր եմ թռչում տեղիցս, վազվզում պարտեզում ու մի երկու կոնտրդանս երգում, և վատ տրամադրությունս չքվում է իսկույն»։ «Ես հենց այդ էլ ուզում էի ասել,– միջամտեցի ես,— վատ տրամադրությունդ նույնն է, ինչ որ ծուլությունը, այսինքն՝ ծուլության տարատեսակներից մեկն է։ Մեր խառնվածքը շատ բանով է կախված դրանից, բայց եթե մեզ հաղթահարելու ուժ ենք գտնում մեր մեջ, աշխատանքը եռում է մեր ձեռքին, և մենք կատարյալ հաճույք ենք ստանում գործունեությունից։ Ֆրեդերիկեն լսում էր շատ ուշադիր, իսկ երիտասարդն առարկեց ինձ ասելով, թե մենք չենք կարող մեզ իշխել, առավել ևս մեր զգացումները ղեկավարել, «Խոսքն այստեղ տհաճ զգացումների մասին է,— ասացի ես,— որոնցից ամեն մարդ հաճույքով կազատվի, բացի այդ, ոչ ոք չգիտե իր ուժերի սահմանները, քանի դեռ չի փորձել դրանք։ Իհար կե, ով հիվանդ է, հարցուփորձ կանի բոլոր բժիշկներին, չի հրաժարվի ամենամեծ զոհաբերություններից ու ամենադառը դեղերից, որպեսզի ըղձալի առողջությունը պահպանի»։ Ես նկատեցի, որ պատկառելի ծերունին լարում է լսողությունը, որպեսզի մեր բանավեճին մասնակցի, բարձրացրի ձայնս ու խոսքս նրան ուղդեցի. «Մարդիկ քարոզներ են կարդում բազմաթիվ արատների դեմ,— ասացի ես,— բայց դեռ երբեք չեմ լսել, որ վատ տրամադրությունը նշավակեն ամբիոնից»։ «Դրանով պետք է քաղաքի քահանաները զբաղվեն,— ասաց նա,— գյուղացիները վատ տրամադրություն չեն ունենում»։ Թեև, նրա ասելով, չէր խանգարի ժամանակ առ ժամանակ մի-մի դասախոսություն կարդաս գոնե իր տիկնոջ ու պարոն ամտմանի համար։ Բոլոր ներկաները ծիծաղեցին, ինքն էլ սրտանց ծիծաղեց մինչև հազալ սկսեց, որի պատճառով մեր բանավեճը միառժամանակ ընդհատվեց. հետո նորից խոսեց երիտասարդը. «Վատ տրամադրությունը դուք արատ անվանեցիք, իմ կարծիքով, դա չափազանցություն է»: «Ամենևին,– պատասխանեցի ես,– քանի որ այն բանը, որով մարդ փչացնում է և իր, և իր մտերիմների կյանքը, այդ անվանմանն է արժանի։ Բավական չէ, որ մենք չենք կարողանում իրար երջանկացնել դեռ պետք է խլե՞նք իրարից այն բավականությունը, որ մարդը երբեմն միայն կարող է թույլ տալ իրեն։ Տվեք ինձ այն մարդու անունը, որը վատ տրամադրություն ունի, սակայն այնքան ազնիվ է միաժամանակ, որ թաքցնում է այն և, առանց շրջապատի ուրախությունը խաթարելու, միայնակ տառապում իր տրամադրաթյունից։ Կամ, արդյո՞ք այդ վատ տրամադրաթյունը հաճախ ներքին մի դժգոհություն չէ մեր սեփական անարժանությունից, մի անբավարարություն հենց մեզնից, որ մշտապես կապված է անիմաստ մեծամտությամբ գրգռված նախանձի հետ։ Տեսնել երջանիկ մարդկանց, որոնց մենք չենք երջանկացրել՝ դա անտանելի է»։ Լոտտեն ժպտաց ինձ, տեսնելով, թե ինչ հուզմունքով եմ խոսում, իսկ Ֆրեդերիկեի աչքերում հայտնված արտասուքը հրահրեց ինձ շարունակել. «Վայ նրանց,– ասացի ես,— ովքեր ուրիշի սրտի վրա ունեցած իրենց իշխանությամբ ծառայեցնում են այդ սրտում ինքնուրույն ծլարձակած պարզ ուրախությունները հափշտակելուն։ Ոչ մի հաճոյակատարություն, ոչ մի նվեր չի կարող փոխարինել ներքին բավականության մի ակնթարթը, որ թունավորել է մեր բռնակալի նախանձոտ անբարյացակամությունը»։

Սիրտս լիքն էր այդ պահին, անցյալի հիշողությունները ճնշում էին հոգիս, և աչքերս արտասուքով էին լցվել.

«Ով ամեն օր ասում է իրեն,– բացականչեցի ես,— դու ոչ մի այլ բան չես կարող անել բարեկամներիդ համար, քան չզրկել ուրախությունից և բազմապատկել նրանց երջանկությունը, նրանց հետ մեկտեղ վայելելով այն։ Երբ սոսկալի կիրքը կրծում ու վիշտը կեղեքում է նրանց հոգին, կարո՞ղ ես արդյոք գոնե մի փոքր ամոքում շնորհել մտերիմներիդ։

Եվ եթե վերջին՝ սոսկալի հիվանդությունը անկողին է նետել մի էակի, որի աոողջությունը դու ես քայքայել ամենածաղկուն օրերին, և որն այժմ խղճալի ուժասպառ պառկած է քո առջև, անզգա հայացքը երկնքին ուղղած, մահվան քրտինքը գունատ ճակատին, իսկ դու մահճի մոտ կանգնած որպես նզովյալ մինչև հոգուդ խորքը զգում ես, որ ողջ զորությամբդ ոչինչ չես կարող անել, սարսափը կաշկանդում է սիրտդ, և զգում ես, որ ամեն ինչ կտայիր, միայն թե ուժի մի կաթիլ, արիության մի կայծ կարողանայիր ներարկել հանգչող էակին»։

Այս խոսքն ասելիս նման մի տեսարանի հիշողություն, որի մասնակիցն էի եղել ես, իր ամբողջ ծանրությամբ ճնշեց ինձ։ Թաշկինակս սեղմեցի աչքերիս ու հեռացա հասարակությունից, և միայն Լոտտեի ձայնը, որ կանչում էր, ասելով, թե գնալու ժամանակն է, սթափեցրեց ինձ։ Եվ ինչպես էր ճանապարհին կշտամբում ինձ ամեն բան սրտիս չափազանց մոտ ընդունելու համար և ասում, թե դա ինձ կկործանի։ Եվ որ ես պետք է ինձ խնայեմ։ Հրեշտակս։ Միայն հանուն քո սիրո ես պետք է ապրեմ։

6 հուլիսի

Նա շարունակ իր մեռնող ընկերուհու մոտ է լինում և շարունակ նույնն է. հրաշալի, հոգատար մի էակ, որը, ուր էլ լինի, ցավեր է ամոքում ու երջանկացնում։ Երեկ երեկոյան Մարիանայի ու Պստլիկ Մալխենի հետ նա դուրս էր եկել զբոսնելու, ես այդ գիտեի, հանդիպեցի նրանց, ու գնացինք միասին։ Ժամուկես զբոսնելուց հետո քաղաք վերադարձանք ու կանգ առանք աղբյուրի մոտ, որն առաջ էլ սիրելի էր ինձ ու հազար անգամ ավելի սիրելի է դարձել այժմ։ Լոտտեն նստեց ցածրիկ պատի վրա, իսկ մենք կանգնեցինք նրա դիմաց։ Շուրջս նայեցի և վերհիշեցի, ախ, այն ժամանակները, երբ այնքան միայնակ էր սիրտս։ «Սիրելի աղբյուր,— ասացի ես,— այն օրերից այլևս երբեք չեմ վայելել քո զովությունը և, փութկոտ անցնելով կողքիցդ, հայացք անգամ չեմ նետել վրադ»։ Ցած նայեցի ու տեսա, որ Մալխենը ջրով լի բաժակը ձեռքին զգուշորեն վեր է բարձրանում։ Նայեցի Լոտտեին ու խորապես ըզգացի այն, որ տածում եմ նրա նկատմամբ։ Մինչ այդ մոտեցավ Մալխենը։ Մարիանան ուզեց վերցնել նրա ձեռքի բաժակը։ «Ոչ,— բացականչեց երեխան սիրալիր արտահայտությամբ,— ոչ, Լոտտխեն, դու պետք է առաջինը խմես»։ Նրա բացականչության բարությամբ ու անկեղծությամբ ես այնպես զգացվեցի, որ, այլ կերպ չկարողանալով արտահայտել զգացմունքներս, գրկեցի երեխային, կտրեցի գետնից ու ջերմորեն համբուրեցի, բայց նա իսկույն սկսեց լալ ու բղավել։ «Լավ չարեցիք»,— ասաց Լոտտեն։ Ես շփոթվեցի։ «Եկ, Մալխեն, շատ, շուտ,— շարունակեց նա, բռնեց երեխայի ձեռքը և աստիճաններով ցած տարավ։— Լվացվիր աղբյուրի թարմ ջրով, ոչինչ չի լինի»։ Իսկ ես կանգնել ու նայում էի, թե ինչպես էր փոքրիկն իր թաց թաթիկներով շփում երեսը, ինչպես էր հավատով լցվել, թե հրաշագործ աղբյուրը կսրբի-կտանի ապականությունը ու կփրկի գարշելի մորուսապատվելու խայտառակությունից, լսում ինչպես Լոտտեն ասում էր. «Բավական է», իսկ երեխան եռանդուն շարունակում էր լվացվել, կարծելով, թե ավելի լավ է չափից ավել, քան պակաս։ Պետք է քեզ ասեմ, Վիլհելմ, որ մկրտության արարողությունն անգամ ավելի մեծ ակնածանքով չեմ դիտել երբեք, իսկ երբ Լոտտեն վերև բարձրացավ, ուզում էի ծունկի գալ նրա առջև, ինչպես մի մարգարեի, որն օծությամբ մի ամբողջ ժողովրդի մեղքերն էր լվացել:

Երեկոյան ևս չդիմացա ու հրճվալից սրտով պատմեցի դեպքը մի մարդու, որին զգայուն մարդ եմ համարում, քանի որ խելամիտ է. սակայն ի՞նչ հակահարված ստացա։ Նա ասաց, որ Լոտտեն շատ վատ է վարվել, երեխաներին չի կարելի խաբել, նման բաները բազում մոլորությունների ու սնոտիապաշտությունների առիթ են տալիս, որոնցից երեխաներին պետք է ամենավաղ հասակից հեռու պահել։ Բայց ես տեղնուտեղը հիշեցի, որ ութ օր առաջ այս մարդու տանը կնունք էր եղել, այդ իսկ պատճառով ուշադրություն չդարձրի նրա ասածին և հոգուս խորքում հավատարիմ մնացի այն ճշմարտությանը, թե պետք է երեխաների հետ վարվել այնպես, ինչպես աստված մեզ հետ է վարվում, թողնելով, որ դեգերենք պատրանք- ներում, գերագույն երջանկություն է մեզ պարգևում։

5 հուլիսի

Ի՜նչ երեխա է մարդը։ Ինչպե՜ս է թեկուզ մի հայացք փափագում։ Ի՜նչ երեխա է մարդը...

Մենք Վալհայմ էինք գնացել։ Տիկնայք կառքով էին գնում, և մեր զբոսանքի ժամանակ Լոտտեի սևորակ աչքերում ես նշմարեցի... Ես հիմար եմ, ներողամիտ եղիր, բայց դու պետք է տեսնեիր այդ աչքերը... Կարճ եմ գրելու. որովհետև աչքերս արդեն փակվում են։ Այսպիսով, տիկնայք կառք նստեցին, որի մոտ կանգնել էինք երիտասարդ Վ...–ն, Զելշտադտը, Օդրանն ու ես։ Բաց դռան միջով նրանք զրուցում էին երիտասարդների հետ, որոնք անշուշտ թեթևամիտ էին ու անհոգ։ Ես Լոտտեի հայացքն էի որսում, բայց, ավաղ, այն թռչում էր մեկից մյուսին։ Սակայն ինձ վրա, ինձ, ինձ, որ հլու-հնազանդ կանգնած էի բոլորովին միայնակ, կանգ չէր առնում։ Սիրտս հազարապատիկ «մնաս բարով» էր ասում նրան։ Իսկ նա ինձ չէր տեսնում։ Կառքը շարժվեց, և աչքերս արտասուքով լցվեցին։ Ես նայեցի կառքի ետևից ու Լոտտեի գլխարկը պատուհանից դուրս եկած տեսա, նա ետ էր նայում, ախ, մի՞թե ինձ տեսնելու համար էր նայում։

Սիրելի բարեկամ, խարխափում եմ այս անորոշության մեջ, և միակ մխիթարությունս է. թերևս նա ինձ նայեց։ Թերևս։

Բարի գիշեր։ Օ, ի՜նչ երեխա եմ ես։

10 հուլիսի

Մի տեսնես, թե ինչ անհեթեթ կերպարանք եմ ունենում, երբ հասարակության մեջ խոսում են նրա մասին։ Մեկ էլ երբ ինձ հարցնում են, արդյո՞ք դուր է գալիս նա ինձ։ Դուր է գալիս...

Մահու չափ ատում եմ այդ արտահայտությունը։ Ինչ մարդ պիտի լինես, որ Լոտտեն քեզ դուր գա և ոչ թե համակի ողջ միտքդ ու բոլոր զգացմունքներդ։ Դուր է գալիս։ Վերջերս մեկն ինձ հարցնում էր, դուր է գալի՞ս ինձ, արդյոք, Օսսիանը։

11 հուլիսի

Ֆրաու Մ.–ն շատ վատ է. ես աղոթում եմ նրա կյանքի համար, որովհետև տառապում եմ Լոտտեի հետ միասին։ Մի բարեկամուհու մոտ հազվադեպ հանդիպում եմ Լոտտեին, և այսօր նա մի զարմանալի դեպք պատմեց։ Ծերուկ Մ.–ն մի գծուծ ու ժլատ մարդ է, որն ամբողջ կյանքում չարչարել ու զրկանքների մեջ է պահել կնոջը, սակայն տիկինը միշտ էլ կարողացել է ելք գտնել դժվարություններից: Մի քանի օր առաջ, երբ բժիշկը նրա վիճակը անհուսալի էր գտել, կանչել էր ամուսնուն (Լոտտեն սենյակում էր եղել) և ասել նրան. «Ես քեզ մի բան պետք է խոստովանեմ, որը, հակառակ դեպքում, իմ մահից հետո շատ թյուրիմացությունների ու անախորժությունների տեղիք կարող է տալ։ Մինչև օրս ես մեր տնտեսությունը վարել եմ կանոնավոր և որքան հնարավոր է՝ խնայողաբար. միայն դու պետք է ինձ ներես, որովհետև ես երեսուն տարի շարունակ խաբել եմ քեզ։ Մեր ամուսնության հենց սկզբից դու մի չնչին գումար հատկացրիր խոհանոցի ու տնային այլ ծախքերի համար։ Երբ մեր տնտեսությունը ծավալվեց, իսկ առևտրի եկամուտը մեծացավ, քո մտքով անգամ չանցավ դրա համեմատ ավելացնել շաբաթական ծախքի ինձ հատկացվող գումարը, կարճ ասած, ինքդ գիտես, որ ժամանակի ընթացքում որքան էլ մեծացավ մեր տնտեսությունը, դու պահանջեցիր, որ ես շաբաթական նույն յոթ գուլդենով յոլա գնամ։ Ես անխոս ընդունեցի այդ, իսկ գերածախսը ամեն շաբաթ վերցնում էի մեր մուտքի գումարից, քանի որ ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, թե տանտիկինը կողոպտում է դրամարկղը։ Ես ոչինչ չեմ վատնել և կարող էի առանց խոստովանելու աներկյուղ հավիտենականության գիրկն անցնել, եթե չլիներ նա, որ ինձնից հետո պետք է վարի մեր տնտեսությունն ու անելանելի վիճակի մեջ ընկնի, իսկ դու շարունակաբար պետք է պնդես, թե քո առաջին կինը դրանով յոլա էր գնում»։

Լոտտեն ու ես խոսեցինք մարդկային մտքի անհավատալի կուրության մասին, երբ այն ամենևին չի կասկածում, թե սրա տակ մի բան կա թաքնված, եթե յոթ գուլդենը բավարա րում է այնտեղ, ուր թերևս երկու անգամ ավելի ծախսված է ետևում։ Սակայն ես անձամբ եմ ճանաչում այնպիսի մարդկանց, որոնք ամենևին չէին զարմանա, եթե հավիտենական անհատնում յուղով լի մարգարեական կճուճն իրենց տանը հայտնվեր։

13 հուլիսի

Ոչ, ես ինձ չեմ խաբում։ Նրա սևորակ աչքերում ես անկեղծ կարեկցանք եմ տեսնում իմ և իմ ճակատագրի նկատմամբ։ Այո, ես զգում եմ և դրանում կարող եմ վստահել իմ սրտին, որ նա... (կարո՞ղ եմ արդյոք, իրավունք ունե՞մ երկնային երանությունն այս բառերով արտահայտել), որ նա սիրում է ինձ։

Սիրում է ինձ... Եվ որքա՜ն արժեքավոր եմ դառնում ինքս իմ աչքում, ինչպե՜ս եմ ինքս... (քեզ ազատ կարող եմ այս ասել, դա նման բաներ հասկանում ես), ինչպես եմ ինքս ինձ երկրպագում այն օրից, ինչ նա սիրում է ինձ։

Արդյո՞ք հանդգնություն է սա, թե իրական հանգամանքների զգացողություն։ Բայց ես չեմ ճանաչում ոչ ոքի, որի մրցակցությունից Լոտտեի սրտում ամենաչնչին չափով վախենայի։ Եվ այնուամենայնիվ, երբ նա խոսում է իր փեսացուի մասին և խոսում է այնպիսի ջերմությամբ ու սիրով, ես ինձ զգում եմ այն մարդու պես, որին զրկել են բոլոր պատիվներից ու աստիճաններից, և որից խլել են նրա սուրը։

16 հուլիսի

Ախ, ինչ դող է անցնում երակներովս, երբ մատս հանկարծ դիպչում է նրա մատին կամ սեղանի տակ ոտքերս հանդիպում են նրա ոտքերին։ Ես ետ եմ քաշվում ինչպես կրակից, բայց մի գաղտնի ուժ ինձ նորից առաջ է մղում, ու սիրտս մարում է գլխապտույտից։ Օ, նրա միամիտ, անմիջական հոգին չի էլ զգում, թե ինչ տանջալից են ինձ համար այդ փոքրիկ ա- զատությունները։ Երբ զրույցի ժամանակ նա ձեռքը իմին է դնում կամ վեճով հետաքրքքրված՝ ինձ ավելի մոտ նստում, և նրա աստվածային շունչը իմ շրթունքներին է հասնում... թվում է, թե խորտակվում եմ տարերքից տապալված։ Բայց, Վիլհելմ, եթե երբեմն հանդգնում եմ այս երկնային վստահությունը... Դու ինձ հասկանում ես։ Ոչ, իմ սիրտն այդքան արատավոր չէ։ Թույլ է, շատ թույլ... Բայց մի՞թե սա արատ չէ...

Նա ինձ համար սրբություն է։ Ամեն տարփանք լռում է նրա ներկայությամբ։ Նրա մոտ ես մոռանում եմ ինձ. կարծես հոգիս իր բոլոր մասնիկներով շրջված է հակառակ։ Նա մի եղանակ գիտի, որ հրեշտակի պես է նվագում դաշնամուրի վրա. այնքան պարզ ու այնքան ոգեշունչ։ Դա նրա ամենասիրելի երգն է, որը հենց առաջին նոտայից իսկույն ապաքինում է ինձ ամեն տեսակ տանջանքից, հուզմունքից ու ձանձրույթից։

Այլևս անհավանական չի թվում ինձ երաժշտության կախարդական ուժի մասին հնում ասված ոչ մի խոսք։ Ինչպես է գերում ինձ պարզ մեղեդին։ Եվ ինչպես ժամանակին գիտի նվագել այն, հաճախ հենց այն րոպեին, երբ ատրճանակն ուզում եմ պարպել ճակատիս։ Հոգուս խռովքն ու խավարը տեղի են տալիս ու հորից ազատ եմ շնչում։

18 հուլիսի

Աշխարհն ի՞նչ է մեզ համար առանց սիրո, Վիլհելմ։ Նույնը, ինչ որ մոգական լապտերն աոանց լույսի։ Բայց բավական է, որ լամպ դնես նրա մեջ, որ իսկույն գույնզգույն պատկերները տպվեն սպիտակ պատիդ։ Եվ թեև դա ոչ այլ ինչ է, քան անցողիկ մի պատկեր, միևնույն է, մշտապես երջանկացնում է մեզ, երբ մենք փոքրիկ երեխաների պես դիտում ենք ու հրաշալի տեսիլքներով հիանում: Այսօր Լոտտեին այցելել չկարողացա, անխուսափելի մի հավաքույթ խանգարեց ինձ։ Ի՞նչ կարելի էր անել։ Ծառայիս ուղարկեցի նրա մոտ, որպեսզի կողքիս ունենամ մեկին, որն այսօր եղել է նրա մոտ։ Ի՜նչ անհամբերությամբ էի նրան սպասում, ի՜նչ ուրախությամբ դիմավորեցի։ Եթե չամաչեի, սիրով կգրկեի նրա գլուխն ու կհամբուրեի։

Ասում են, թե բոնոնյան քարը եթե արևի տակ դնես, ներծծում է նրա ճառագայթներն ու մի որոշ ժամանակ լույս է տալիս խավարում։ Դրա նման մի բան եղավ ինձ համար իմ ծառան։ Այն զգացումը, որ Լոտտեի հայացքը կանգ էր առել նրա դեմքին, այտմորուսներին, սերթուկի կոճակներին, թիկնոցի օձիքին, այնպես էր սրբագործում այդ բոլորը, այնպես արժեքավորում։ Այդ պահին ես նրան նույնիսկ հազար տալերով չէի զիջի ոչ մեկին։ Ես այնքա՜ն երջանիկ էի նրա ներկայությամբ։ Աստված ոչ անի, որ դու ծիծաղես սրա վրա։ Մի՞թե տեսիլք է այն, որ մեզ երջանկացնում է, Վիլհելմ։

19 հուլիսի

«Ես նրան տեսնելու եմ»,— բացականչում եմ առավոտյան, արթնանալով և ուրախությամբ պայծառ արևը ողջունելով:— «Ես նրան տեսնելու եմ»։ Եվ ամբողջ օրվա համար ուրիշ ոչ մի ցանկություն չունեմ։ Այս հեռանկարն ամեն, ամեն բան է կլանում։

20 հուլիսի

Ես առայժմ համամիտ չեմ ձեզ հետ, որ պետք է դեսպանորդի հետ գնամ։ Առանց այն էլ ստորադասություն սոսկալի չեմ սիրում, իսկ այս դեպքում բոլորը գիտեն, որ սա նաև նողկալի մարդ է։ Դու ասում ես, թե մայրիկս շատ կուզեր ինձ գործունյա տեսնել, բայց դա ինձ ծիծաղեցրեց։ Մի՞թե հիմա գործունյա չեմ, և մի՞թե հիմնականում միևնույն չէ՝ սիսեռ ես ջոկում, թե ոսպ։ Աշխարհում ամենայն ինչ ընդունայն է, և հիմար է նա, ով ի սեր ուրիշների, և ոչ սեփական կոչմամբ և պահանջով քափ ու քրտինք մտած աշխատում է հանուն փողի, պատվի կամ մի ուրիշ նման բանի։

24 հուլիսի

Քանի որ դու շատ ես մտահոգված, թե արդյոք չեմ թողել նկարչությունը, ես ավելի շուտ կգերադասեի լռել, քան խոստովանել, թե որքան քիչ բան եմ արել վերջին ժամանակներս։

Երբեք ավելի երջանիկ չեմ եղել, երբեք բնության զգացողությունս մինչև ամենափոքրիկ քարի կտորն ու խոտի մի թերթիկը, ավելի համապարփակ ու սիրառատ չի եղել և, այնուամենայնիվ, չգիտեմ ինչպես արտահայտվեմ, պատկերելու իմ շնորհքն այնքան թույլ է, իսկ ամեն բան հոգուս աչքի առջև այնքան մշուշապատ ու այնքան անհաստատ, որ անկարող եմ որևէ բան ուրվագծել. բայց ինձ թվում է, որ եթե ձեռքիս տակ կավ կամ մոմ ունենայի, կկարողանայի մի բան կերտել։ Եթե այսպես շարունակվի, կավ կճարեմ ու կկերտեմ... ուզում են՝ թող կարկանդակներ ստացվեն։

Երեք անգամ սկսել եմ նկարել Լոտտեի դիմանկարը ու երեք անգամն էլ փչացրել եմ. դա ինձ էլ ավելի է վրդովում, քանի որ առաջներում վրձնիս դիպուկության մեջ չափազանց հաջողակ էի։ Դրանից հետո ես նրա ստվերանկարը կերտեցի ու պետք է դրանով բավարարվեմ։

25 հուլիսի

Լավ, սիրելի Լոտտե, ես ամեն ինչ կհոգամ ու տեղ կհասցնեմ. ավելի շատ հանձնարարություններ տվեք ինձ և, որքան կարելի է, հաճախ։ Միայն մի բան եմ խնդրում ձեզնից, այն երկտողերի վրա, որ ինձ եք գրում, այլևս ավազ մի ցանեք։ Այսօր ձեր երկտողը ես իսկայն շուրթերիս դիպցրի, և ավազը ատամներիս տակ ղրճղրճաց։

26 հուլիսի

Երբեմն որոշում եմ այդքան հաճախ նրան չհանդիպել։ Այո, բայց ո՞վ կարող է չխախտել այդ որոշումը: Ամեն օր չեմ դիմանում փորձությանը ու սրբությամբ խոստանում եմ. վաղը չեմ գնա։ Բայց հենց որ գալիս է վաղվա օրը, ես նորից մի անառարկելի պատրվակ եմ գտնում և աչքս չթարթած՝ արդեն նրա մոտ եմ։ Կամ նա ինքն է ասում երեկոյան. «Վաղը դուք, իհարկե, կգաք»։ Էլ ո՞վ կարող է տանը մնալ։ Կամ ինձ որևէ բան է հանձնարարում, և ես պատշաճ եմ համարում անձամբ պատասխան բերել, կամ հրաշալի օր է, ես Վալհայմ եմ գնում և քանի որ արդեն այնտեղ եմ, մինչև նրան հասնելը միայն մի կես ժամվա ճանապարհ է մնում։ Ես չափազանց մոտ եմ նրա շրջակայքին... Ըհը, և ես արդեն այնտեղ եմ։ Տատիկս մի հեքիաթ գիտեր մագնիսական լեռան մասին, երբ նավերը չափազանց մոտ էին լողում այդ լեռից, միանգամից կորցնում էին իրենց մետաղական մասերը, մեխերը դուրս էին պրծնում իրենց տեղերից ու դեպի լեռը թռչ ում, և թշվառ ծովագնացները կործանվում էին իրար վրա թափված տախտակների տակ։

30 հուլիսի

Եկել է Ալբերտը, և ես պետք է հեռանամ, եթե նա նույնիսկ ամենալավ, ամենաազնիվ մարդը լինեք, և ես պատրաստ լինեի ամեն տեսակետից ինձ նրանից ցած դասելու, միևնույն է, անտանելի կլիներ երես առ երես տեսնել նրան՝ որպես այդքան կատարելությունների տեր ու տիրական։ Տեր ու տիրական։ Մի խոսքով, Վիլհելմ, փեսացուն այստեղ է։ Մի ազնիվ, համակրելի մարդ, որի հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ։ Բարեբախտաբար, ես ներկա չէի նրանց հանդիպմանը։ Դա կկտրատեր իմ սիրտը: Նա նույնիսկ այնքան նրբանկատ է, որ դեռ ոչ մի անգամ Լոտտեին չի համբուրել իմ ներկայությամբ։ Հատուցանիր նրան, Աստված։ Հանուն այն ակնածանքի, որ նա տածում է այս աղջկա նկատմամբ, ես պետք է սիրեմ նրան։ Նա բարյացակամ է տրամադրված իմ նկատմամբ, և ես ենթադրում եմ, որ դա ավելի շուտ Լոտտեի գործն է, քան նրա սեփական զգացումը, քանի որ կանայք այդ շնորհքն ունեն և միանգամայն իրավացի են. եթե կարողանան երկու երկրպագուների լավ հարաբերությունների մեջ պահել իրար հետ, միշտ էլ օգուտ է իրենց, միայն թե հազվադեպ է այդ հաջողվում։

Այնուհանդերձ Ալբերտը միանգամայն արժանի է իմ հարգանքին։ Նրա զսպվածությունը խիստ տարբերվում է իմ անհանգիստ բնավորությունից, որ հնարավոր չէ թաքցնել: Նա շատ զգայուն մարդ է և լավ գիտե, թե ինչ ունի հանձին Լոտտեի։ Ըստ երևույթին, նա հակված չէ մռայլ տրամադրության, որն, ինչպես գիտես, այն արատն է, որ ես շատ ավելի եմ ատում մարդկանց մեջ, քան բոլոր մնացածները։

Ալբերտն ինձ օժտված մարդ է համարում և իմ նվիրվածությունը Լոտտեին, իմ ջերմ հիացմունքը նրա բոլոր արարքներով, էլ ավելի են մեծացնում նրա ցնծությունը և դրա պատճառով ավելի ուժգին է սիրում Լոտտեին։ Արդյոք խանդի փոքրիկ տեսարաններով նա չի՞ չարչարում Լոտտեին, գաղտնիք է մնում ինձ համար. համենայն դեպս, եթե ես լինեի նրա տեղը, չէի կարողանա լիովին զերծ մնալ այդ դիվային զգացմունքից։

Սակայն ինչ էլ որ լինի, այն հրճվանքը, որ ես զգում էի Լոտտեի ներկայությամբ, այլևս չկա։ Արդյոք հիմարություն պետք է սա անվանեմ, թե՞ մոլորություն, սակայն անուններ տալու կարիք չկա, իրականությունը դրանից չի փոխվի, այն, ինչ գիտեմ այժմ, գիտեի մինչև Ալբերտի գալը, գիտեի, որ ոչ մի ակնկալություն նրա նկատմամբ չեմ կարող ունենալ և չեմ էլ ունեցել, այսինքն՝ եթե միայն հնարավոր է չձգտել նման կատարելությանը տիրապետել։ Իսկ հիմա ապուշը զարմացել է, որ մի ուրիշը եկել է ու իր օրիորդին ձեռքից խլել։

Ես սեղմում եմ ատամներս ու ծիծաղում սեփական թշվառությանս վրա, բայց կրկնակի, եռակի կծիծաղեի այն մարդկանց վրա, որոնք կասեին, թե պետք է համակերպվեմ և, եթե այլ կերպ չի կարող լինել... Ախ, ազատիր ինձ այդ խրտվիլակներից... Ես թափառում եմ անտառներում, իսկ երբ գալիս եմ Լոտտեի մոտ ու պարտեզում, սաղարթախիտ ծառի ստվերում նրա կողքին նստած Ալբերտին գտնում, ինձ միանգամայն ավելորդ եմ զգում և տխմար չարաճճիություններ ու անմիտ կատակներ եմ անում։ «Աստծու սիրուն,— ասաց ինձ Լոտտեն այսօր,— խնդրում եմ ձեզ, երեկվա տեսարաններն այլևս չսարքեք։ Դուք սարսափելի եք, երբ այդպես ուրախ եք»։ Մեր մեջ ասած՝ ես առիթ եմ որոնում, հենց որ Ալբերտն զբաղված է, մի ակնթարթ, և ես արդեն այնտեղ եմ և միշտ երջանիկ, երբ Լոտտեին մենակ եմ գտնում։

8 օգոստոսի

Քավ լիցի, սիրելի Վիլհելմ, խոսքն ամենևին էլ քո մասին չէր, երբ ես անտանելի էի համարում այն մարդկանց, որոնք մեզնից պահանջում են հնազանդել անխուսափելի ճակատագրին։ Մտքովս անգամ չի անցել, թե դու նման կարծիքի կարող ես լինել։ Բայց հիմնականում դու իրավացի ես։ Միայն մի բան կարող եմ ասել, սիրելիս։ Աշխարհում շատ հազվադեպ է հարցը կամ այսպես, կամ այնպես լուծվում զգացմունքներն ու արարքները նույնքան բազմազան են, որքան քթերի տեսակները՝ սկսած արծվաքթից մինչև կճատը։

Հետևապես դու ինձնից չպետք է վիրավորվես, եթե քո բոլոր փաստարկները ընդունելով, ինձ համար սողանցք եմ որոնում կամ այսպես, կամ այնպեսի միջև։

Կամ, ասում ես, դու հույս ունես Լոտտեին տիրանալու, կամ ոչ մի հույս չունես։ Լավ, ուրեմն, առաջին դեպքում աշխատիր հաջողությամբ պսակել տենչանքդ, հակառակ դեպքում հաղթահարիր քեզ և աշխատիր ազատվել դժբախտ զգացմունքիցդ, որ կարող է սպասել բոլոր ուժերդ։ Հեշտ է ասելը, սիրելիս, բայց միայն ասելը...

Կարո՞ղ ես. արդյոք, պահանջել դժբախտից, որին հյուծող հիվանդությունը դանդաղ ու անկասելի դեպի մահ է տանում, կարո՞ղ ես պահանջել, որ դաշույնի մի հարվածով վերջ դնի իր տառապանքին։ Մի՞թե այն ցավը, որ հյուծում է նրա ուժերը, չի խլում նրանից նաև արիությունը, որով պետք է ազատվեր տառապանքից։

Թեև դու էլ կարող ես նման համեմատությամբ պատասխանել ինձ. այն ո՞վ է, որ ավելի մեծ հաճույքով ձեռքը չի տա կտրելու, քան ահ ու դողով կյանքը վտանգի կենթարկի։ Չգիտեմ։ Բայց եկ համեմատություններով իրար չչարչարենք։ Բավական է... Այո, Վիլհելմ, երբեմն ունենում եմ տեղիցս վեր թռչելու և ամեն ինչ վրայիցս թոթափելու արիության պահեր և ուրախությամբ կհեռանամ, եթե միայն իմանամ, թե ուր։

Երեկոյան

Այսօր ձեռքս ընկավ օրագիրս, որ վերջին ժամանակներս մի կողմ էի թողել, և զարմացած մնացի, ինչպես եմ ամեն բան գիտակցելով, քայլ առ քայլ այս վիճակին հասել։ Ինչպես եմ միշտ պարզ տեսել դրությունս, և երեխայի պես վարվել և այժմ էլ դեռ պարզ տեսնում եմ ամենը, սակայն չկա վերափոխման ոչ մի հավանականություն։

10 օգոստոսի

Ես կարող էի հրաշալի, երջանիկ կյանք վարել, եթե հիմար չլինեի։ Նման հոյակապ իրադրություններ հազվադեպ են միահյուսվում մարդուն զվարճացնելու համար, իսկ ես այժմ հենց այդպիսի իրադրության մեջ եմ գտնվում։ Ա՜խ, որքան ճիշտ է ասված, թե երջանկությունը հենց մարդու մեջ է։ Մի հրաշալի ընտանիքի անդամ եմ համարվում, ծերունին ինձ սիրում է հարազատ որդու պես, երեխաները՝ հոր պես, իսկ Լոտտեն... Եվ այս բոլորի հետ պատվական Ալբերտը, որը ոչ մի անզուսպ արարքով չի խանգարում իմ երջանկությանը, սրտաբուխ բարեկամությամբ է ինձ շրջապատում և որի համար Լոտտեից հետո ես եմ ամենասիրելի մարդն աշխարհում։ Մի կատարյալ բերկրանք է, Վիլհելմ, լսելը, թե ինչպես ենք մենք զբոսանքի ժամանակ Լոտտեի մասին զրուցում։ Ավելի ծիծաղեի բան չես գտնի աշխարհում, քան այս վիճակը, որից սակայն հաճախ են աչքերս արտասուքով լցվում։

Երբ Ալբերտը պատմում է ինձ Լոտտեի պատվական մայրիկի մասին, ինչպես է նա մահամերձ վիճակում իր տունն ու երեխաներին Լոտտեին հանձնել, իսկ Լոտտեին՝ իրեն, ինչպես է վերածնվել Լոտտեն այդ օրից, ինչպես տնտեսության հոգսերով և այլ լուրջ գործերով զբաղված՝ կատարյալ մայր է դարձել, ինչպես նրա օրվա ոչ մի պահը առանց գործունյա սիրո, առանց աշխատանքի չի անցել և միաժամանակ նրա կենսախնդությունն ու կայտառությունը երբեք չեն լքել նրան,— ես քայլում եմ նրա կողքից, ճանապարհամերձ ծա- ղիկներ քաղում, խնամքով փնջեր կազմում և... մեր կողքից հոսող առվակը նետում, հետո դիտում եմ, թե ինչպես են հանդարտ լողում հոսանքում։ Չեմ հիշում, գրե՞լ եմ քեզ, արդյոք, որ Ալբերտը մնալու է այստեղ և կարգին աշխատավարձով մի պաշտոն է ստանալու արքունիքից, որտեղ նրա նկատմամբ շատ բարեհաճ են։ Գործի մեջ այդքան եռանդուն ու կարգասեր մարդ ես հազվադեպ եմ հանդիպել։

12 օգոստոսի

Ալբերտն, անշուշտ, աշխարհի ամենալավ մարդն է։ Երեկ իմ ու նրա միջև մի զարմանալի տեսարան տեղի ունեցավ։ Ես եկա նրան մնաս բարով ասելու, քանի որ մտքումս դրել էի ձիով դեպի լեռներն արշավել, և հենց այնտեղից էլ այժմ գրում եմ քեզ. սենյակում ետ ու առաջ անելիս աչքովս նրա ատրճանակներն ընկան։ «Ատրճանակներդ ինձ տրամադրիր այս ճանապարհորդության ընթացքում»,— ասացի ես։ «Խնդրեմ,— պատասխանեց նա,— միայն թե նեղություն քաշիր ինքդ լցրու, ինձ մոտ դրանք միայն ձևի համար են կախված»։ Ատրճանակներից մեկը ես իջեցրի պատից, իսկ նա շարունակեց. «Այն օրից, երբ զգուշությունս չար խաղ խաղաց ինձ հետ, ես դրանց ամենևին ձեռք էլ չեմ տալիս»։ Ես հետաքրքրվեցի այդ պատմությամբ։ «Մոտ երեք ամիս,— սկսեց պատմել նա,— ընկերոջս մոտ՝ գյուղում էի ապրում, մոտս մի զույգ չլցրած փոքրիկ ատրճանակ էի պահում ու հանգիստ քնում։ Բայց մի անձրևոտ օր, երբ կեսօրից հետո պարապ նստած էի, չգիտեմ ինչպես մտքովս անցավ, մեզ վրա կարող են հարձակվել, ատրճանակները կարող են պետք գալ, կարող են... մի խոսքով, գիտես, թե ինչպես է լինում։ Ատրճանակներս տվի ծառային ու հրամայեցի մաքրել ու լցնել, իսկ սա զվարճանալիս է լինում աղջիկների հետ, ուզում է սրանց վախեցնել և, աստված գիտե, թե ինչպես, ատրճանակը հանկարծ կրակում է, շամփուրը, որ դեռ փողի մեջ է լինում, դուրս է թռչում, աղջիկներից մեկի աջ ձեռքին դիպչում ու բութ մատը փշրում։ Ստիպված եղա բազում բողոքներ ու հեծեծանքներ լսել և դրան ավելացրած՝ բուժման ծախքը վճարել. այդ օրվանից ոչ մի զենք լցրած չեմ պահում։ Զգուշությունը դատարկ բան է, սիրելի բարեկամ, վտանգը չես կանխագուշակի։ Թեև...»։ Դու, անշուշտ, գիտես, որ ես սիրում եմ մարդկանց մինչև նրանց թեև-ը, քանի որ, մի՞թե ինքնըստինքյան հասկանալի չէ, որ յուրաքանչյուր ընդհանուր խոսք բացառություն կունենա։ Բայց այդպես բարեխիղճ է մարդը, եթե մի հապճեպ, ընդհանուր, կիսաստույգ բան է ասում, չի դադարում սահմանափակել, վերափոխեի, ավելացնել ու պակասեցնել մինչև որ վերջում իր ասածից ոչինչ չի մնում։ Եվ այս դեպքում էլ Ալբերտը չափազանց խորացավ իր ասածում. վերջիվերջո ես դադարեցի նրան լըսելուց, կատակասիրությունս բռնեց, և մի կտրուկ շարժումով ատրճանակի փողը աջ աչքիցս վեր՝ ճակատիս սեղմեցի։ «Թու,— ատրճանակը ճակատիցս հեռացնելով, ասաց Ալբերտը,— ինչ անմիտ բան»։ «Չէ՞ որ լցրած չի,— ասացի ես։ «Միևնույն է, անմիտ է»,— անհամբեր կտրեց նա։— «Պատկերացնել անգամ չեմ կարող, ինչպես կարող է մարդն այնքան հիմար լինել, որ իր վրա կրակի, միայն միտքն այդ մասին ինձ զզվանք է պատճառում»։

«Տարօրինակ են մարդիկ,— բացականչեցի ես,— ինչի մասին էլ որ խոսեն, իսկույն պիտի ասեն, սա հիմար է, սա՝ խելոք, սա բարի է, սա՝ չար։ Իսկ ի՜նչ է այս բոլորը նշանակում։ Արդյոք դրա համար ուսումնասիրե՞լ եք տվյալ արարքի ներքին հանգամանքները։ Կարո՞ղ եք որոշակիորեն հետևել պատճառների զարգացմանը, ինչու՞ է այդ պատահել և ինչու՞ պիտի պատահեր։ Եթե արած լինեիք այդ, ձեր դատողություններն այդքան անշրջահայաց չէին լինի»։

«Դա պետք է ընդունես,— ասաց Ալբերտը,— որ որոշ արարքներ միշտ էլ արատավոր են, ինչ դրդապատճառներից էլ որ կատարված լինեն»։

Թոթվելով ուսերս, ընդունեցի նրա ասածը։ «Սակայն, բարեկամ,— շարունակեցի ես,– այստեղ էլ որոշ բացառություններ կան։ Ճիշտ է, որ գողությունը միշտ էլ արատ է. բայց այն մարդը, որ կողոպուտի է դիմում իրեն և յուրայիններին անխուսափելի սովամահությունից փրկելու համար, կարեկցանքի՞ է արժանի, թե պատժի։ Ո՞վ կբարձրացնի առաջին քարը այն ամուսնու դեմ, որը արդար բարկությամբ պատժում է իր անհավատարիմ կնոջն ու նրա անարժան գայթակղեցնողին։ Կամ այն աղջկա դեմ, որը բերկրալի մի պահի կործանում է իրեն, սիրո անզուսպ կրքերից շլացած։ Նույնիսկ օրենքի մարդիկ, այդ սառնարյուն պեդանտները, նման դեպքերում հուզվում են ու պատիժ տալուց խուսափում»։

«Դա բոլորովին այլ բան է,— հարեց Ալբերտը,— քանի որ կրքերով տարված մարդը կորցնում է դատելու ընդունակությունը և դիտվում որպես հարբած կամ ցնորված»։

«Ախ, դուք» խելամիտ մարդիկ,– ժպտալով բացականչեցի ես,– կիրք, հարբեցողություն, ցնորվածություն։ Իսկ դուք, առաքինի մարդիկ, անհաղորդ՝ մի կողմ եք քաշվում, նախատում եք հարբեցողներին, խորշում ցնորվածներից, քահանայի պես անցնում նրանց կողքով և փարիսեցու պես փառք տալիս աստծուն, որ ձեզ նրանց պես չի ստեղծել։ Ես շատ անգամ եմ հարբած եղել, կրքերիս մեջ ցնորվածությունից հեռու չեմ եղել և երկու դեպքում էլ ամենևին չեմ զղջում, քանի որ իմ ըմբռնողության չափով հասկացել եմ, թե ինչու բոլոր աչքի ընկնող մարդկանց, որոնք որևէ մեծ, առերես անհնարին բան են ստեղծել, ի սկզբանե հարբած կամ ցնորված են հայտարարել։

Սակայն առօրյա կյանքում էլ անտանելի է լսել, թե ինչպես համարյա յուրաքանչյուրի ետևից, ով ամենաչնչին չափով փորձում է որևէ համարձակ, ազնիվ, աննախադեպ գործ կատարել, բղավում են. «Բայց սա հարբած է։ Սա ցնորված է»։ Ամաչեցեք, ողջամիտ մարդիկ։ Ամաչեցեք, իմաստուն մարդիկ»։

«Դու նորից քո քմահաճույքներն ես շարունակում,– ասաց Ալբերտը,— ամեն բան չափազանցում ես, իսկ այս դեպքում ամենաքիչը՝ իրավացի չես, քանի որ ինքնասպանությունը, որի մասին խոսք էր գնում, համեմատում ես մեծագործությունների հետ. մինչդեռ դա ոչ այյ ինչ է, եթե ոչ թուլություն։ Իհարկե, շատ ավելի հեշտ է մեռնել, քան արիաբար տանջալից մի կյանք վարել»։

Ես ուզում էի ընդհատել խոսակցությունը, քանի որ ոչ մի փաստարկ այնպես չի հանում ինձ համբերությունից, ինչպես ընդհանուր անմիտ խոսակցությունները, երբ ես ի բոլոր սրտե եմ խոսում։ Սակայն ես զսպեցի ինձ, քանի որ հաճախ էի լսել դրանք ու հաճախ էլ զայրացել և աշխուժորեն առարկեցի նրան. «Դու թուլությու՞ն ես անվանում դա։ Խնդրում եմ արտաքին տվյալներով չգայթակղվես։ Կարո՞ղ ես, արդյոք, թույլ անվանել մի ժողովրդի, որ հեծում է բռնակալի անտանելի լծի տակ, ի վերջո ընդվզում և պոկում է իր շղթաները։ Մի մարդու, որ իր տանը մոլեգնող հրդեհից սարսափած՝ լարում է բոլոր ուժերն ու հեշտությամբ կրում ծանր իրերը, որ հանգիստ ժամանակ հազիվ կկարողանար տեղից շարժվել, մի ուրիշի, որ վիրավորանքից զայրացած՝ վեց հոգու հետ կռվի մեջ կմտնի ու բոլորին էլ կհաղթի, կարո՞ղ ես, արդյոք, թույլ անվանել։ Եվ եթե լարումը ուժ է, սիրելիս, ինչու՞ պիտի գերլարվածությունը նրա հակառակը լինի»։ Ալբերտն ինձ նայեց ու ասաց, «Խնդրում եմ չնեղանաս, բայց բերածդ օրինակները ամենևին չեն համապատասխանում մեր խոսակցությանը»։ «Կարող է պատահել,— ասացի ես,– ինձ հաճախ են հանդիմանել, որ իմ համեմատություններ կատարելու եղանակը երբեմն անհեթեթության է հասնում։ Փորձենք, թերևս, մի այլ կերպ կարողանանք պատկերացնել, թե ինչ հոգեվիճակ կունենա մարդը, որը վճռել է կյանքի սովորաբար հաճելի բեռը նետել իր ուսերից։ Որովհետև խղճի մտոք միայն այնքանով կարող ենք խոսել մի բանի մասին, որքանով գգացել ենք այն անձամբ մեզ վրա»։

Մարդկային բնությունն իը սահմաններն ունի,— շարունակեցի ես,— նա միայն մինչև որոշ աստիճան կարող է դիմանալ ուրախության, տառապանքի, ցավի, իսկ երբ այն չափից անցնում է, մարդը կործանվում է։ Ուրեմն այստեղ բանն այն չէ, թե ուժեղ է սա, թե թույլ, այլ կարո՞ղ է արդյոք դիմանալ իր տառապանքի չափին, միևնույն է. հոգեկան թե մարմնական։ Եվ կարծում եմ, որ նույնքան տարօրինակ է ասել, թե վախկոտ է այն մարդը, որ զրկում է իրեն կյանքից, որքան և անիմաստ է վախկոտ անվանել մյուսին, որ մեռնում է չարորակ տենդից»։

«Դա անհեթեթ է։ Չափազանց անհեթեթ»,– բացականչեց Ալբերտը։ «Ոչ այնքան, որքան դու ես կարծում,– պատասխանեցի ես։– Դու, իհարկե, համաձայն ես, որ մենք մահացու ենք անվանում այն հիվանդությունը, որի ժամանակ մարդկային բնությունն այնքան է հյուծվում, որ մասամբ ուժերն են սպառվում, մասամբ էլ որևէ գործունեությունից զրկված՝ զրկվում է նաև ոտքի կանգնելու՝ երջանիկ մի հեղաշրջումով կյանքի սովորական ընթացքը վերականգնելու ընդունակությունից։

Իսկ հիմա, սիրելիս, եկ հոգեկանի ոլորտում կիրառենք սա։ Նայիր մարդուն նրա սահմանափակ ներաշխարհով, ինչպես են տպավորությունները նրա վրա ներգործում, որոշակի մտքերը նրա գյխում հաստատուն տեղ բռնում, մինչև որ, ի վերջո, շարունակաբար աճող մի կիրք զրկում է նրան ինքնատիրապետումից ու կործանման հասցնում։

Սառնարյուն ու խելամիտ մարդն իզուր կաշխատի դժբախտի վիճակը պարզել, իզուր կփորձի նրան հորդորել։ Ճիշտ այնպես, ինչպես հիվանդի մահճի մոտ կանգնած առողջը ամենաչնչին չափով անգամ չի կարող նրան իր ուժերից ներարկել։

Ալբերտի համար սրանք չափազանց վերացական խոսակցություններ էին։ Ես հիշեցրի նրան այն ջրահեղձ աղջկա մասին, որին վերջերս էին գտել գետում ու նորից պատմեցի նրա պատմությունը։ «Մի մատաղ, հրաշալի էակ, որ ընտանեկան պարտականությունների ու առօրյա բան ու գործի նեղ շրջանակներում էր մեծացել և ավելի մեծ զվարճալիքների հույս չուներ, քան կիրակի օրերին իր դժվարությամբ ձեռք բերած տոնական զգեստը հագնելն ու ընկերուհիների հետ քաղաքում զբոսնելը, անշուշտ նաև մեծ տոներին մի քիչ պարելը և, իմիջիայլոց, սրտառուչ կարեկցության ամենայն աշխուժությամբ մի երկու ժամ որևէ վիճաբանության կամ բամբասանքի կապակցությամբ՝ հարևանուհու հետ շաղակրատելը, և որի կրակոտ հոգում ի վերջո ներքին ձգտումներ են արթնանում, որոնք տղամարդկանց շողոքորթ խոսքերից էլ ավելի են աճում, նախկին զվարճալիքները հետզհետե անհամ են դառնում նրա համար, և, վերջապես, նա հանդիպում է մի մարդու, դեպի որը նրան անդիմադրելիորեն ձգում է անծանոթ մի զգացում, որի հետ է կապում իր բոլոր հույսերը, մոռանում է ամբողջ աշխարհը, ոչինչ չի տեսնում, ոչինչ չի լսում, ոչինչ չի զգում բացի նրանից և միայն նրան, միայն նրան է տենչում: Փոփոխական սնապարծության դատարկ հրճվանքներին անծանոթ՝ նա ուղիղ դեպի իր նպատակն է սլանում, ձգտում իր ընտրյալին պատկանել, հավիտենական միությամբ ողջ այն երջանկությունը ձեռք բերել, որ պակասում է իրեն, բոլոր հրճվանքները միասին ըմբոշխնել, որոնք տենչում է իր հոգին։ Բազում խոստումները հաստատում են նրա բոլոր հույսերը, հանդուգն փաղաքշանքները բորբոքում են կիրքն ու համակում նրա հոգին, մթագնած գիտակցությամբ, բոլոր հրճվանքների կանխազգացումով՝ կարծես սավառնում է ոտքերը գետնից կտրած, նա ծայր աստիճան լարված է։ Վերջապես նա բացում է գիրկը իր բոլոր ցանկություններին ընդառաջ... և սիրահարը լքում է նրան։ Քար կտրած, անզգա կանգնած է նա վիհի եզերքին. շուրջը անթափանց խավար է, ոչ մի հույս, ոչ մի մխիթարություն, ոչ մի լույսի շողք. քանի որ նա լքել է իրեն, իսկ գոյության հնարավորությունը միայն նրա մեջ է տեսնում։ Այլևս նա չի նկատում ոչ իր շուրջը տարածված լայնարձակ աշխարհը, ոչ էլ բազում այն մարդանց, որ կարող են փոխարինել իր կորուստը, նա իրեն միայնակ՝ ողջ աշխարհի կողմից լքված է զգում և հոգեկան սոսկալի տառապանքից ընկճված ու կուրացած՝ նետվում է ցած, որպեսզի բոլոր կողմերից իրեն շրջափակող մահվան մեջ խեղդի իր տառապանքները։ Նկատիր, Ալբերտ, որ սա բազում մարդկանց պատմությունն է, և ասա, արդյո՞ք սա հիվանդության մի տեսակ չէ։ Բնությունը ելք չի գտնում խառնաշփոթ ու հակասական ուժերի լաբիրինթոսից, և մարդը մեռնում է:

Վայ նրան, ով կարող է տեսնել սա ու ասել. «Հիմար, բավական էր, որ մի քիչ սպասեր և թողներ, որ ժամանակը իր գործը կատարի, հուսահատությունը կանցներ և մի ուրիշը կգտնվեր, որ նրան կմխիթարեր»։ Սա միևնույն է, թե ասեն. «Հիմար, մեռնում է տենդից։ Բավական էր, որ մի քիչ սպասեր մինչև ուժերը վերականգնվեին, օրգանիզմի հյութերդ մաքրվեին, արյան խռովքը հանդարտվեր՝ ամեն բան դեպի լավը կգնար և մինչև օրս էլ կենդանի կլիներ»։

Ալբերտը, որն իմ համեմատությունը համոզիչ չհամարեց, առարկեց մի քանի բանի դեմ, ըստ որում իմիջիայլոց ասաց, թե ես մի կարճամիտ աղջկա եմ օրինակ բերում, սակայն ինչպես կարելի է արդարացնել խելամիտ մի մարդու, որն այդքան սահմանափակ չէ և ընդունակ է հանգամանքները կշռադատել՝ նրա համար անըմբռնելի է։ «Սիրելի բարեկամ,— բացականչեցի ես,– մարդը միշտ էլ մարդ է մնում, և բանականության հատիկը, որ թերևս նա ունի, շատ չնչին դեր է խաղում կամ ամենևին չի խաղում, երբ կիրքն է մոլեգնում, և մարդկային բնության սահմանները նեղ են գալիս նրան։ Աոավել ևս... Բայց սրա մասին մի ուրիշ անգամ»,— ասացի ես ու վերցրի գլխարկս։ Բայց որքան լիքն էր սիրտս։ Եվ մենք առանց իրար հասկանալու բաժանվեցինք իրարից։ Ինչ դժվար է այս աշխարհում մեկը մյուսին հասկանում։

15 օգոստոսի

Մի բան հաստատ է. ոչինչը մարդուն այնքան կարևոր չի դարձնում, որքան սերը։ Սա ես տեսնում եմ Լոտտեի օրինակով. նա չէր ուզենա ինձ կորցնել, իսկ երեխաներին ոչ մի այլ միտք չի զբաղեցնում, քան իմ ամենօրյա այցելությունը։ Այսօր ես գնացել էի այնտեղ Լոտտեի դաշնամուրը լարելու, սակայն այդ անել չկարողացա, քանի որ երեխաները համառորեն ինձնից հեքիաթ էին պահանջում, և Լոտտեն ինքն ասաց, որ ես նրանց ցանկությունը կատարեմ։ Ես նրանց իրիկնահացը բաժանեցի, որը նրանք ինձնից համարյա նույնքան հաճույքով են վերցնում, որքան Լոտտեից, ու պատմեցի նրանց սիրելի հեքիաթը արքայադստեր մասին, որին ծառայում են ձեռքերը։ Հավատացնում եմ քեզ, որ այդ անելով ես շատ բան ինքս եմ սովորում և զարմանում եմ, թե ինչ խոր տպավորություն են թողնում հեքիաթները նրանց վրա։ Քանի որ երբեմն ստիպված եմ լինում որևէ մանրամասն ինքս հորինել և եթե երկրորդ անգամ պատմելիս մոռանում եմ այդ, նրանք իսկույն ասում են, որ նախորդ անգամ այլ կերպ է եղել, ապա այժմ ես աշխատում եմ, երգաձայն վանկարկելով, անփոփոխ արտասանել այն սկզբից մինչև վերջ։ Սրանից ես հասկացա, որ հեղինակը իր ստեղծագործության երկրորդ, փոփոխված, նույնիսկ գեղարվեստական տեսակետից շատ ավելի լավացրած հրատարակությամբ անխուսափելիորեն վնասում է իր գրքին։ Առաջին տպավորությունը հաճույքով է ընկալվում, քանի որ մարդ միշտ էլ համաձայն է, որ իրեն ամենաանհավանական բաները պատմեն, այդ տպավորությունը գերում է իսկույն և հաստատորեն, ու վայ նրան, ով կփորձի դուրս մղել կամ արմատախիլ անել այն։

18 օգոստոսի

Մի՞թե պետք է այնպես լիներ, որ այն, ինչ երջանկություն է բերում մարդուն, նաև նրա թշվառության աղբյուրը դառնար։

Իմ հզոր ու ջերմ զգացմունքը կենդանի բնության նկատմամբ, որ այնպիսի հրճվանքով էր լցնում իմ հոգին և շրջապատիս աշխարհը դրախտ դարձնում ինձ համար, այժմ մի անտանելի դահիճ է դարձել, մի տանջող չար ոգի, որը հետապնդում է ինձ իմ բոլոր ճամփաներում։ Երբ առաջներում լեռան կատարից գետից մինչև այն բլուրները ձգվող արգավանդ մարգագետնին էի նայում ու շուրջս ամեն բան բողբոջած ու ծլարձակած տեսնում, երբ այն՝ ստորոտից մինչև գագաթ՝ բարձր ու խիտ ծառերով ծածկված սարերին, գեղատեսիլ անտառների հովանու տակ տարբեր թեքությունների հովիտներին էի նայում ու տեսնում, ինչպես է խաղաղ գետը սոսափող եղեգնուտի միջով հոսում ու թեթև ամպերն արտացոլում, որոնց իրիկնային քնքուշ հովիկը քշում է երկնքում, երբ շուրջս թռչունների երգն էի լսում, որ կենդանություն էր բերում անտառին, իսկ միլիոնավոր մոծակների երամներ աշխույժ պարում էին արևի վերջին կարմիր ճառագայթներում ու նրա ամենավերջին կերկերուն շողքը դուրս էր բերում դզզացող բզեզին իր խոտի միջից, իսկ շուրջս տիրող տզզոցն ու խլվլոցը ուշադրությունս գետնին էին գամում, և մամուռը, որն իմ տակի լերկ ժայռից էր սնունդը քամում և թփուտը, որ չոր ավազածածկ բլրակն ի վար էր աճում, իմ առջև բնության թաքնված, եռուն ու սրբազան կյանքն էին բացում... ինչպես էի ես այս ամենը պարփակում իմ սիրառատ սրտում, ինչպես էի այս հորդառատ լիության մեջ ինձ աստվածացած զգում, իսկ անծայրածիր աշխարհի հրաշալի կերպարներն ամեն ինչ շնչավորելով, ապրում էին իմ հոգում։ Հսկայական լեռներ էին շրջա- պատում ինձ, անդունդներ բացվում իմ առջև, հեղեղատներ գահավիժում դեպի վար, գետեր հոսում ինձնից ցած, և անտառն ու լեռները ձայնակցում էին իրար, և ես տեսնում էի երկրի ընդերքում գործող բոլոր այս անմեկնելի ուժերը, փոխազդեցիկ ու ստեղծարար, իսկ երկրի երեսին ու երկնքի ներքո տեսակ-տեսակ արարածների ցեղեր են վխտում։ Ամեն, ամեն բան բնակեցված է հազարադեմ էակներով, և մարդիկ, իրար գլխի հավաքված՝ փակվում են իրենց տնակներում ու իրենց մտքում երևակայում, թե ողջ աշխարհին են իշխում։ Ողորմելի հիմար, որ ամեն բան չնչին ես համարում, որովհետև ինքդ ես այդքան չնչին։ Անմատչելի գագաթներից, անապատների վրայով, ուր ոչ ոք դեռ ոտք չի դրել, մինչև անհայտ օվկիանոսի ծայրը հավիտենական արարչի ոգին է տարածվում և ուրախանում փոշու ամեն հատիկի համար, որ ականջ է դնում իրեն ու ապրում։ Ախ, որքան հաճախ եմ այն ժամանակ տենչացել ինձնից վեր թռչող կռունկի թևով անծայրածիր ծովի եզերքը թռչել, հավիտենականի փրփրուն գավաթից կենաց առատ վայելքը ըմպել ու մի պահ միայն հոգուս սահմանափակ ուժերի չափով գոյության երանության մի կաթիլն ըմբոշխնել, այն հավիտենականի, որն ամեն բան արարում է իրենով ու իր մեջ։

Եղբայր իմ, միայն այս ժամերի հիշողությունն արդեն ուրախացնում է ինձ։ Նույնիսկ այն անասելի զգացմունքները վերականգնելու և արտահայտելու ջանքերը վեհացնում են իմ հոգին ու ստիպում, որ կրկնակի զգամ այժմյան դրությանս վատթարությունը։

Թվում է, թե իմ առջև բարձրացել է վարագույրը, և հավիտենական կյանքի ասպարեզը մշտապես բաց գերեզմանի վիհի է վերածվել։ Կարո՞ղ ես ասել. «Սա կա», երբ ամեն ինչ անցնում է, երբ ամեն ինչ մտքի պես սրընթաց անցնում է դրա կողքով և համարյա երբեք չսպառած իր գոյության բոլոր ուժերը, հոսանքով տարված, ավաղ, կործանվում է, զարնվելով ժայռերին։ Չկա ոչ մի ակնթարթ, որ չկլանի քեզ ու քո մտերիմներին, ոչ մի ակնթարթ, որ դու ստիպված չլինես ավերիչ լինել. ամենաանմեղ զբոսանքը կարող է հազարավոր խեղճ որթերի կյանքն արժենալ, մի քայլը ավերում է մրջյունների ջանասիրությամբ կառուցած շինություններն ու, ոտնակոխ անելով մի ամբողջ աշխարհ, վեր է ածում ամոթալի մի գերեզմանի։ Ոչ, ինձ հուզում են ոչ թե աշխարհի հազվադեպ, մեծագույն աղետները, ոչ հեղեղները, որոնք քշում տանում են ձեր գյուղերը, ոչ էլ երկրաշարժերը, որոնք կլանում են ձեր քաղաքները, սիրտս կեղեքում է այն քայքայիչ ուժը, որը թաքնված է ողջ բնության մեջ. այն չի ստեղծել ոչինչ, ոը չոչնչացնի իր հարևանին կամ հենց ինքն իրեն։ Եվ այսպես երկյուղած ես տատանվում եմ շարունակ։ Շուրջս երկինքն է, երկիրն ու նրանց գործող ուժերը, իսկ ես ոչինչ չեմ տեսնում, բացի հավիտենապես ամեն ինչ խժռող ու ամեն ինչ կլանող հրեշից։

21 օգոստոսի

Ջուր եմ պարզում ձեռքերս դեպի նա, երբ առավոտյան արթնանում եմ ծանր երազներից, զուր եմ գիշերը փնտրում նրան իմ մահճում, երբ խաբված եմ լինում մի երջանիկ, անմեղ երազով, իբր նստած եմ նրա կողքին մարգագետնում, բռնել եմ ձեռքը ու հազարավոր համբույրներ եմ դրոշմում վրան։ Ախ, սակայն երբ կիսաքուն, խարխափելով, ձգվում եմ դեպի նա ու այդ պահին արթնանում եմ, արցունքի հեղեղներ են թափվում իմ կոտրված սրտից, և ես մռայլ ապագայի կանխազգացումով լալիս եմ անմխիթար։

22 օգոստոսի

Սա ուղղակի դժբախտություն է, Վիլհելմ, իմ

գործարար ուժերը մի անհանգիստ ու մեղկ վիճակ են ապրում, ես չեմ կարողանում պարապ մնալ և միևնույն ժամանակ ոչինչ չեմ կարողանում անել։ Այլևս ոչ երևակայություն ունեմ, ոչ բնության սեր, իսկ գրքերը զզվանք են առաջացնում մեջս։ Եթե մենք պակասում ենք մեր մեջ, մեզ ամեն բան է պակասում։ Երդվում եմ, երբեմն ուզում եմ օրավարձու բանվոր լինել, որպեսզի առավոտյան արթնանալիս միայն գալիք օրվա հույսեր, ձգտումներ ու մղումներ ունենամ։ Հաճախ, տեսնելով Ալբերտին մինչև ականջակոթեր պաշտոնական թղթերի մեջ թաղված, ես նախանձում եմ նրան ու ենթադրում, թե շատ ավելի լավ կզգայի ինձ, եթե նրա տեղը լինեի։ Արդեն բանիցս մտքովս անցել է գրել քեզ ու մինիստրին՝ դեսպանատանը ինձ համար մի պաշտոն հոգալու մասին, որը, ինչպես դու հավատացնում ես, չի մերժի ինձ։ Ես ինքս էլ հավատացած եմ դրանում։ Մինիստրը շատ վաղուց արդեն բարեհաճ է իմ նկատմամբ և վաղուց է պնդում, որ ես որևէ գործի նվիրվեմ։ Որոշ ժամանակ ես տարվում եմ այդ մտքով։ Սակայն, երբ փոքր-ինչ անց նորից եմ մտածում դրա մասին ու ձիու առակը մտաբերում, որ ազատությունից ձանձրացած՝ հոժարակամ թամբի ու բեռի տակ է մտնում ու, շատ քշելով, ուժասպառ արվում՝ ես արդեն չգիտեմ, թե ինչ պիտի անեմ։ Եվ, սիրեյիս, արդյո՞ք վիճակիս մեջ փոփոխություն մտցնելու տենչը հոգեկան տանջալից տագնապիս արդյունքը չէ, որ, միևնույն է, պիտի հետապնդի ինձ ամենուրեք։

28 օգոստոսի

Եթե իմ հիվանդությունը բուժելի է, ապա, անշուշտ, այս մարդիկ են ինձ ապաքինելու։ Այսօր իմ ծննդյան օրն է, և առավոտյան վաղ ես մի փոքրիկ ծանրոց ստացա Ալբերտից։ Բացելիս, առաջին հերթին աչքովս ընկավ բաց կարմրավուն ժապավենը, որով մեր ծանոթության առաջին օրը զարդարված էր Լոտտեի զգեստը, և որը սկսած այն ժամանակվանից քանիցս խնդրել եմ նրանից։ Դրա հետ միասին ստացա նաև երկու փոքրիկ գրքույկ՝ Հոմերոսի ստեղծագործությունները Վետշտայնի հրատարակությամբ, որոնք վաղուց էի երազում ունենալ, որպեսզի զբոսանքի գնալիս էռնեստիի մեծածավալ հատորները քարշ չտամ ինձ հետ։ Տես, ահա այսպես նրանք կանխագուշակում են իմ ցանկությունները, այսպես մտերմական բազում ծառայություններ ինձ մատուցում, ո- րոնք հազար անգամ ավելի գնահատելի են, քան այն շլացուցիչ ընծաները, որոնցով ընծայատուի մեծամտությունը ստորացնում է մեզ։

Ես անվերջ համբուրում եմ ժապավենը և յուրա- քանչյուր շնչով անհագորեն ծծում երանության հուշը, որով այն հազվադեպ երջանիկ ու անդարձ օրերը լցրել են իմ հոգին։ Այդպես է, Վիլհելմ, և ես չեմ տրտնջում, կյանքի ծաղիկները տեսիլք են միայն։ Քանի-քանիսն են հողմաթափ լինում առանց որևէ հետք թողնելու իրենցից հետո, որքան քչերն են պտղավորվում, և որքան քչերը այդ պտուղներից՝ հասունանում։ Եվ, այնուամենայնիվ, դրանք բավական շատ են լինում. և ինչ, եղբայր իմ, կարո՞ղ ենք արդյոք անտեսել, արհամարհել այդ հասուն պտուղները ու առանց ճաշակելու թողնել, որ փտեն։

Մնաս բարով։ Ամառն ուղղակի հոյակապ է. ես հաճախ Լոտտեի այգում պտղատու ծառերն եմ բարձրանում ու երկար ձողով կատարի տանձերը քաղում։ Նա կանգնում է ծառի տակ և իջեցրածս պտուղները վերցնում։

30 օգոստոսի

Դժբախտ։ Մի՞թե հիմար չես դու։ Մի՞թե ինքդ քեզ չես խաբում։ Եվ ինչի՞ համար է այս մոլեգին, անսահման կիրքը։ Ես այլևս ոչ ոքի աղոթք չեմ հղում, բացի նրանից, իմ երևակայությունը ոչ մի այլ պատկեր չի ստեղծում, բացի նրա կերպարից և ամեն բան աշխարհում

դիտում եմ միայն նրա հետ կապակցված։ Դա մի քանի երջանիկ ժամ է բերում ինձ, մինչև որ նորից ստիպված եմ լինում հեռանալ նրանից։ Ախ, Վիլհելմ, ո՞ւր է մղում ինձ սիրտս։ Երբ երկու-երեք ժամ նրա մոտ նստած եմ լինում, նրա կերպարանքի, վարվելաձևի, խոսքի երկնային արտահայտությունն եմ ըմբոշխնում, զգացմունքներս գնալով ավելի ու ավելի են բորբոքվում, աչքերիս առաջ մլար է պատում, հազիվ եմ լսում, մարդասպանի ձեռքի պես մի բան սեղմում է կոկորդս, իսկ սիրտս կատաղի բաբախյունով կարծես ազատություն է ուզում տալ զգացմունքներիս և միայն հուզմունքս է ավելացնում։ Հաճախ մոռանում եմ, Վիլհելմ, որ այս աշխարհում եմ ապրում։ Իսկ... եթե երբեմն թախիծը չի գերակշռում, և Լոտտեն իր ձեռքին խոնարհված՝ վիշտս ողբալու աղքատիկ մխիթարությունը գլանում է ինձ պարգևել, ես պետք է դուրս նետվեմ, պետք է հեռանամ և հեռու դաշտերում թափառեմ, զառիվեր լեռները մագլցեմ և ուրախությունս գտնեմ անանց անտառներում արահետ բանալով, մացառուտների միջով, որ պատառոտում են ինձ, փշերի միջով, որ ծակծկում են ինձ։ Դրանից հետո մի քիչ թեթևանում է սիրտս։ Բայց միայն մի քիչ։ Եվ եթե երբեմն ծարավից ու հոգնածությունից ճանապարհին եմ մնում, երբեմն գիշերվա կեսին, երբ միայն լիալուսինն է իմ գլխավերևում, մի խուլ անտառում ծուռ աճած ծառի բնին եմ կռթնում՝ վիրավոր ներբաններս քիչ ապաքինելու և քուն եմ մտնում ուժասպառ նիրհով այգաբացի կիսախավարում։

Օ, Վիլհելմ, ճգնավորի մենավոր խուցը, քուրձե հագուստն ու փշավոր գոտին բալասաններ են, որոնք միայն տենչալ կարող էր իմ հոգին։ Մնաս բարով։ Այս դժբախտությանը ես այլ վերջ չեմ տեսնում, քան գերեզմանը։

8 սեպտեմբերի

Ես պետք է հեռանամ։ Շնորհակալ եմ, Վիլհելմ, որ անկայուն վճիռս հաստատուն դարձրիր։ Արդեն տասնչորս օր է, ինչ խուսափում եմ այն մտքից, որ պետք է թողնեմ նրան։ Ես պետք է հեռանամ։ Նա նորից իր բարեկամուհիներից մեկի մոտ է՝ քաղաքում։ Իսկ Ալբերտը... Իսկ... Ես պետք է հեռանամ։

10 սեպտեմբերի

Այն ի՜նչ գիշեր էր, Վիլհելմ։ Հիմա ես ամեն բանի կարող եմ դիմանալ: Այլևս երբեք չեմ տեսնի նրան։ Օ, ազնիվ բարեկամ, ափսոս, որ չեմ կարող փարվել քո վզին ու լալով ու սքանչացումով արտահայտել այն զգացմունքները, որ փոթորկում են իմ հոգին։ Այնինչ, նստել եմ այստեղ, հազիվ շնչում եմ, աշխատում եմ հանգստացնել ինձ ու սպասում առավոտյան. ձիերը արշալույսին են ինձ հատկացվելու։

Իսկ նա, ավաղ, քնած է հանգիստ ու մտքովն էլ չի անցկացնում, որ այլևս երբեք չի տեսնելու ինձ։ Ես բավական ուժեղ գտնվեցի պոկվելու համար նրանից և երկժամյա խոսակցության ընթացքում մտադրությունս չմատնեցի։ Այն էլ ի՜նչ խոսակցության, տեր իմ աստված։

Ալբերտը խոստացել էր ինձ ընթրիքից անմիջապես հետո Լոտտեի հետ պարտեզում լինել։ Ես կանգնած էի դարավանդի վրա՝ շագանակի բարձրաբերձ ծառերի տակ ու արևին էի նայում, որը վերջին անգամ իմ աչքի առջև գեղածիծաղ հովտի ու խաղաղ գետի վրայով դեպի մայրամուտ էր սահում։ Քանի-֊քանի անգամ եմ կանգնել այստեղ նրա հետ ու այս նույն հոյակապ տեսարանով հիացել, իսկ այժմ... Ետ ու առաջ էի քայլում իմ սիրելի ծառուղիով. խորհրդավոր առինքնող մի ուժ հաճախ էր ձգում ինձ այստեղ դեռ մինչև Լոտտեին հանդիպելս, և ինչպես ուրախացանք, երբ մեր ծանոթության հենց սկզբին պարզ դարձավ, որ երկուսս էլ հավասարապես սիրում ենք այս վայրը, որն իսկապես մարդու ձեռքով ստեղծված բոլոր հոյակերտերի մեջ ամենառոմանտիկներից մեկն էր թվում ինձ։

Նախ պատկերացրու, որ շագանակի ծառերի միջև հեռուները գնացող մի շավիղ կա... Ախ, հիշեցի, կարծեմ այդ մասին քեզ շատ եմ գրել. ինչպես հաճարենիների բարձր պատերը գնալով խտանում են, և ծառուղին իրեն հարող ծաղկոցից էլ ավելի մթնելով, ավարտվում է բոլոր կողմերից շրջափակված անկյունով, ուր մենության սարսափն է սավառնում: Կարծես դեռ զգում եմ, ինչ սարսուռ համակեց ինձ, երբ ամառային մի կեսօր մտա այստեղ. թաքուն մի կանխազգացում ունեցա, թե այս վայրը երանությանս ու վշտերիս ասպարեզը պիտի դառ նա։

Մոտ կես ժամ բաժանման ու կրկին հանդիպման տանջալից ու քաղցր մտորումներին հանձնըված սպասում էի, երբ լսեցի, որ նրանք դարավանդով վեր են բարձրանում: Ես նրանց ընդառաջ վազեցի, ներքին մի սարսուռով Լոտտեի ձեռքը բռնեցի ու համբուրեցի։ Հազիվ էինք բարձունքին հասել, երբ թավուտ բլրի ետևից լուսինը վեր ելավ. զանազան աննշան բաների մասին խոսելով, մենք աննկատ՝ մթին տաղավարին մոտեցանք։ Լոտտեն ներս մտավ ու նստեց նստարանին, Ալբերտը նստեց նրա կողքին, ես` նույնպես, սակայն ներքին տագնապս թույլ չտվեց, որ երկար նստեմ, վեր թռա տեղիցս, կանգնեցի նրանց առաջ, ետ ու առաջ քայլեցի, նորից նստեցի, շատ անհանգիստ դրության մեջ էի։ Լոտտեն մեր ուշադրությունը հրավիրեց հաճարենիների ծառուղու ծայրին՝ լուսնի լույսով ողողված դարավանդի վրա. մի հոյակապ տեսարան, առավել ևս ապշեցուցիչ, քանի որ մեր շուրջը թանձր խավար էր։ Մենք լուռ էինք, հետո Լոտտեն ասաց. «Երբեք, երբեք չի պատահում, որ լուսնի լույսով զբոսնելիս միտքս չգան հանգուցյալ հարազատներս, մահվան զգացողությունս և այն, ինչ լինելու է նրանից հետո։ Մենք լինելու ենք,— շարունակեց նա ոգեշնչված,— բայց Վերթեր, արդյո՞ք նորից կգտնենք իրար, կճանաչե՞նք։ Ի՞նչ կասեք։ Ի՞նչ եք զգում դուք»։

«Լոտտե,— ասացի ես, ձեռքս նրան պարզելով, մինչդեռ աչքերս արտասուքով լցվեցին։— Մենք կտեսնվենք։ Կտեսնվենք և այստեղ, և այնտեղ»։ Ես չկարողացա շարունակել... Վիլհելմ, և պե՞տք էր, արդյոք, որ նա այս հարցը տար այն պահին, երբ հրաժեշտի միտքը կեղեքում էր իմ սիրտը։

«Եվ արդյո՞ք մեր սիրելի հանգուցյալները գիտեն մեր մասին,— շարունակեց նա,— զգու՞մ են, արդյոք, ինչ երջանկություն է մեզ համակում, երբ ջերմ սիրով իրենց ենք հիշում։ Օհ, մորս կերպարը շարունակ աչքիս առջևն է, երբ խաղաղ երեկոներին նրա զավակների՝ իմ զավակների հետ, նստած եմ լինում, և նրանք հավաքվում են իմ շուրջը, ինչպես նրա շուրջն էին հավաքվում։ Եվ երբ կարոտագին արտասուքով լի աչքերս երկնքին եմ ուղղում ու երազում, որ գոնե մի պահ կարողանար վար նայել ու տեսնել, թե ինչպես եմ մահվան ժամին իր երեխաների համար մայր լինելու խոստումս կատարում։ Եվ ինչ հուզմունքով եմ ես բացականչում. «Ներիր ինձ, սիրելիս, եթե չեմ կարողանում լինել նրանց համար այն, ինչ դու էիր։ Ախ, չէ որ ես անում եմ, ինչ որ կարող եմ. հագցնում եմ, կերակրում և, որ բոլորից կարևորն է, խնամում եմ ու սիրում։ Եվ եթե դու կարողանայիր տեսնել մեր համերաշխությունը, սիրելի սրբուհիս, ամենաջերմ շնորհակալությամբ կփառաբանեիր աստծուն, քանի որ վերջին ամենադառն արտասուքներով զավակներիդ բարօրության համար էիր աղոթում»։

Այսպես ասաց նա, օ, Վիլհելմ, բայց ո՞վ կարող է կրկնել նրա ասածը։ Ինչպե՞ս կարող են սառն, անկենդան բառերը հոգու աստվածային փթթումը նկարագրել։ Ալբերտը, մեղմությամբ կտրելով նրա խոսքը, ասաց. «Դա չափազանց հուզում է ձեզ, սիրելի Լոտտե, գիտեմ, որ դուք միշտ էլ հակված եք նման մտորումների, սակայն խնդրում եմ...»: «Օ, Ալբերտ,— ասաց Լոտտեն,— գիտեմ, որ դու չես մոռանում այն երեկոները, երբ հայրս բացակա էր լինում, իսկ մենք փոքրիկներին քնելու ուղարկելուց հետո նստում էինք փոքրիկ կլոր սեղանի մոտ։ Հաճախ հետդ դու մի լավ գիրք էիր բերում, սակայն հազվադեպ էիր կարողանում մի քիչ կարդալ... Քանզի մի՞թե այն հոյակապ հոգու՝ այն հրաշալի, քնքուշ, կենսախինդ և մշտապես գործունյա կնոջ հետ շփումը վեր չէր ամեն բանից։ Աստծուն են հայտնի իմ արտասուքները, որոնցով ողողված հաճախ ծնրադրել եմ նրան իմ անկողնում ու աղերսել, երանի թե մորս նման ինձ դարձնի»։

«Լոտտե,— ծունկի գալով նրա առաջ, բռնելով ձեռքն ու բյուր արտասուքներով ողողելով այն, բացականչեցի ես,— Լոտտե, աստծո օրհնությունն ու մորդ ոգին վրադ են մշտապես։ «Եթե միայն ճանաչեիք նրան,— ձեռքս սեղմելով ասաց նա,— նա արժանի էր, որ դուք իրեն ճանաչեիք»։ Ինձ թվաց, թե գիտակցությունս կորցնում եմ։ Այսքան բարձր, գովասանական խոսք երբեք չէր ասվել իմ մասին։ Իսկ նա շարունակեց. «Եվ այդպիսի կինը պիտի մեռներ ծաղիկ հասակում, երբ նրա կրտսեր որդին դեռ վեց ամսական չկար։ Նրա հիվանդությունը երկար չտևեց, հանգիստ էր նա ու անձնազոհ, միայն տառապում էր երեխաների համար, հատկապես փոքրիկի։ Երբ վախճանը մոտեցավ, նա ինձ ասաց. «Զավակներիս մոտս բեր», և երբ ես բերեցի նրանց՝ թե փոքրերին, որոնք ոչինչ չէին հասկանում, թե մեծերին, որոնք վշտից կորցրել էին իրենց, և երբ նրանք մահճակալը շրջապատած կանգնեցին, նա բարձրացրեց ձեռքերն ու աղոթեց նրանց համար, հետո հերթով համբուրեց բոլորին, դուրս ուղարկեց նրանց ու ինձ ասաց. «Մայր եղիր սրանց համար»։ Ես խոստացա։ «Շատ բան ես խոստանում, աղջիկս,– ասաց նա,– մոր սիրտ ու մոր աչք։ Ես հաճախ եմ, քո երախտապարտ արցունքները տեսնելով, հասկացել, որ դու զգում ես, թե ինչ է դա։ Ուրեմն, մոր աչք ու սիրտ ունեցիր քույրերիդ ու եղբայրներիդ և կնոջ հավատարմություն ու հնազանդություն՝ հորդ համար։ Դու պետք է մխիթարես նրան»։ Հետո հորս տեսնել ուզեց, բայց նա դուրս էր եկել իր անտանելի վիշտը մեզնից թաքցնելու համար, մարդը բոլորովին կորցրել էր իրեն։

Իսկ դու, Ալբերտ, սենյակում էիր։ Նա լսեց ոտնաձայնդ, հարցրեց ո՞վ է, ու քեզ իր մոտ կանչեց։ Եվ ինչպես էր նայում քեզ ու ինձ մխիթարված ու հանգիստ հայացքով, մտածելով, որ մենք իրար հետ երջանիկ ենք ու երջանիկ ենք լինելու»։ Ալբերտը փարվեց Լոտտեի վզին, համբուրեց նրան ու բացականչեց. «Մենք երջանիկ ենք ու երջանիկ ենք լինելու»։ Սովորաբար հանդարտ Ալբերտը կորցրել էր ինքնատիրապետումը, իսկ ես ընդհանրապես մոռացել էի ամեն բան։

«Եվ այսպիսի կինը պիտի մեռներ, Վերթեր,— ասաց Լոտտեն,— տեր աստված, երբ մեկ-մեկ մտածում եմ, թե ինչպես ենք թույլ տալիս, որ մեր կյանքի ամենաթանկ, ամենասիրելի մարդկանց խլեն մեզանից, և ոչ ոք, բացի երեխաներից, այդքան դառնագին չի զգում այդ, միայն նրանք էին, որ դեռ երկար ժամանակ տրտնջում էին, թե սև մարդիկ եկան ու տարան մայրիկին»։

Նա ոտքի ելավ, իսկ ես՝ հուզված ու ցնցված, բռնել էի նրա ձեռքն ու մնացել էի նստած։ «Գնանք,— ասաց նա,— արդեն ժամանակն է»։ Նա ուզեց ձեռքը ետ քաշել, ես ավելի ամուր բռնեցի։ «Մենք կտեսնվենք,— բացականչեցի ես,— մենք իրար կգտնենք, բոլոր կերպարանքներով էլ իրար կճանաչենք։ Ես գնում եմ,— շարունակեցի ես,— գնում եմ հոժարակամ, բայց եթե ստիպված լինեմ ասել «ընդմիշտ», խոստմանս հավատարիմ չեմ կարողանալու մնալ։ Մնաս բարով, Լոտտե։ Մնաս բարով, Ալբերտ։ Մենք կտեսնվենք»։ «Կարծում եմ, վաղը»,— կատակով վրա բերեց Լոտտեն։ Ինչ զգացի ես. լսելով այդ «վաղը»։ Ախ, նա չգիտեր, երբ իր ձեռքը դուրս էր քաշում ձեռքիս միջից... Նրանք գնացին լուսնի լույսով ողողված ծառուղիով, իսկ ես, նրանց ետևից նայելով, մնացի կանգնած, հետո ընկա գետնին, լաց եղա, նորից վեր ցատկեցի, վազեցի դեպի դարավանդի եզերքը ու այնտեղ, պարտեզի դռան մոտ, բարձրաբերձ լորենիների ստվերում նրա շողշողուն սպիտակ զգեստը տեսա, ձեռքերս պարզեցի, և անհետացավ այն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Այստեղ էլ բաց են թողնված հայրենական մի քանի հեղինակների անուններ: Ով Լոտտեի գովասանքներից մասն ունի, անշուշտ բնազդով կհասկանա այս կտորը կարդալիս, իսկ մյուսները կարող են և չիմանալ (ծանոթ. հեղինակի)։