Երկերի լիակատար ժողովածու (հատոր 3-ին, Խաչատուր Աբովյան)/Վերք Հայաստանի (վարիանտ)/Գլուխ առաջին

Վերք Հայաստանի (վարիանտ) - Գլուխ Առաջին

Բարիկենդան էր։ Ձինն էկել՝ սար ու ձոր բռնել, դիզվել էր։ Պարզըկա գիշերը էնպես էր[1] գետինը սառցրել, որ ամեն մեկ ոտ[2] կոխելիս՝ հազար տեղից տրաք տրաքում,[3] ճռճռում, ճքճքում, ձեն էր[4] տալիս։ Արեգակը մեկ ճիդա բոյ[5] բարձրացել,[6] շողքը դաշտերի վրա էր[7] ընկել։ Էնպես կանաչ, կարմիր փայլում, պսպղում էր դաշտի էրեսը, որ հենց իմանաս՝ ալմազ,[8] զմռութ,[9] յաղութ ըլի ցանած։ Սառը բուքը, սարերի քամին[10] փչում, հոսան էին անում։ Մարդի քիթ ու պռունգ[11] կպցնում, պատռում,[12] ճաքացնում։[13] Լիսն ու մութը բաժանվեցան, ղուշ, գետ, աղբյուր, առու պապանձվել, լռվել էին։ Բորյազը մեկ կողմից շվացնում,[14] բզզում,[15] մյուս կողմից՝ ֆըստացնում, փստացնում, վզվզում, աչք ու ականջ ձնով լցնում էր։ Աղոթարանը բաց էլավ թե չէ՝ Քանաքռցիք քնից վեր կացան՝ էրթիկը բաց արին, երեսները լվացին, որ իրանց բանը տեսնին։

Մեծ մարդիքը,[16] պառավ կնանիքը[17] տեր ողորմյա քաշելով, հայր մեր ասելով[18] ժամ գնացին։ Ջահել տղերքը[19] էրեսներին խաչ հանեցին, դուս էլան որ իրանց տավարին խոտ տան,[20] տանին, ձիանը թիմարեն, տակըները սրբեն։ [21]Հարգևոր հարսները՝ քիթըները կալած՝ քողերը[22] գլխներին,[23] աչք[24] ունքը կոլոլած՝ որը տունն էր ավելում՝ որը դուռը[25] սրբում, որն[26] էլ կրակ էր[27] անում որ թունդիրը վառի ու[28] տան թաթարեքը տեսնի։ Ջահել աղջկերքն էլ՝[29] մազըները հուսած, քամակներին քցած, կարմրագագաթ պոպոզ գտակները գլխըներին դրին, անկաջները կապեցին, դաստամալն ուսըներին քցեցին, կուժը վրեն դրին, որ գնան ջուր բերեն։ [30]Տան էրեխեքն էլ թունդրի չորս կողմովը բոլորած շարված՝ դեռ անլվա՝ ոտըները քարին էին ծեծում՝ որ հաց[31] առնին ուտեն։ Աթարի ծուխը դուռն ու էրթիկը կալել էր։ Մարդ չէ՛ր կարում իր առաջը տեսնի։ Էրեխեքանց սուք ու շիվանը գլուխ էր տանում։ Որն օրորոցումն էր լալիս՝ որն դեռ յորղանի տակին[32] քնաթաթախ գոռում,[33] հարայ տալիս, որն էլ տված հացովը հերիք չէ՛ր, ուզում էր՝ որ էլի տան։ Խեղճ տանտիկինը չէ՛ր իմանում՝ թե որի՞ բերանը կալնի, ու իր բերանը հո՝ բաց ու խուփ անելով՝ մեռել էր՝ էնքան ծուխ էր կուլ տվել, է՛նքան աչքերը տրորել էր՝ որ լիսը թռել էր, է՛նքան կուզեկուզ ման էր էլել՝ որ էլ մեջքը չէ՛ր կարում քաշիլ։

Աստուծո ողորմությունը հասավ, ծուխը քաշվեց, ջրի գնացողները[34] հետ էկան, տղերքն էլ հավաքվեցին, բայց դեռ ողորմի Աստված չլսած, ո՛վ էր կարող, որ բերանը նշխարք դնի։

«Ժամ չի՛ դառավ մեր գլխին, մեկ իշի հարսանիք դառավ», սկսեց բերանը բաց անիլ տանուտեր Օհանեսի մեծ տղա[35] Աղասին, ու ինքն իրան բարկանալ, որ բոզ ձին թամքել՝ հազիր էր արել՝ որ էսօր ջիրիդ խաղ անի, ու ուզում էր՝ մեկ փոքր նհար անի, դուս գնա և իր թայդաշ տղերքանց հետ իր քեֆն արամիշ անի։ — «Ի՞նչ խաբար ա, մեկ էրկու ծունդր դի՛ր, երեսիդ մեկ[36] քանի խաչ հանի, ժամի դուռը պաչ արա՛ պռծանք, գնաց, ի՞նչ ա՝ էսպես օրն էլ ժամի տուտը բռնիլ ու մտիկ անիլ՝ որ Օրհնյալ եղերուքն ասեն։ Խաչը գիտենա՝ էս պառավները՝ քանի մեծանում են, խելքըները կորցնում են։ Հա կա՛ց ու մտիկ արա՛՝ թե ժամավորները պտի գան. մարդի աչքը ջուր ա կտրում։ Տերտերների գլուխն էլ տաքացած՝ էլ տուտը չեն կտրում, էլ չե՛ն միտք անում՝ թե էսօր ի՞նչ օր ա։ Էս կարգ դնողին ի՞նչ ասեմ։ Փորս վեց վեց ա անում ու պետք է մտիկ արած՝ թե ժամը պետք է արձակվի»։

«Խա՛նի խարաբ՝ ի՞նչ էլավ քեզ, մի քիչ որ համբերես՝ լեզուդ քեզ անես՝ լավ կըլի, փորդ հո կրակ չի՛ ընկել», ասեց մերը՝ բարկանալով։ «Հո՛ աշխարքը տարան ո՛չ։ Ժամանակիս տղերքը հենց սալթ գժվել են։ Ո՛չ մեծի պատիվը գիտեն, ո՛չ հավատի գինը։ Էս ա՝ որ Աստված մեր գլխին բարկացել ա, ու ամեն կողմից զուլումը մեզանից պակաս չի՛ ըլում։

Ամենն էլ իրանց ձին են քշում։ Վեր կացար, մեկ Աստծուն փառք տո՛ւր, երեսիդ խա՛չ հանիր,[37] հոգիդ միտքդ բե՛ր ռւ էնպես ուզածդ ա՛րա։ Տա՜, տա՜, տա՜․ Աստված ազատի։ Լավ ա, որ Աստված էսպես բանին համբերում ա»։

Բայց մոր ասածը մեկ անկաջովը մտավ, մյուսովն դուս գնաց։ Աղասու ոտի տակին կրակ էր վառվում։ Գեղումը մեծացած տղա՝ հազարից մեկ անգամ ժամի երես չէ՛ր տեսել։ Մեկ զատկին, մեկ էլ ջրօրհնեքին՝ ղորդ ա, պատարագի ձեն իմացել էր, բայց նրա համար թեկուզ պատարագը՝ թեկուզ գիլի հարսանիքը։ Ո՛չ բառն էր իմանում, ո՛չ զորությունը։ Գրի սևն ու սիպտակը տերտեր<ներ>ն էլ բռանց էին ջոկում, ո՞ւր մնաց նա։ Ղորդ ա՝ տարին չորս անգամ սրբություն էր առնում, խոստովանվում էր, իր մեխքը բոլոր տերտերի վիզն էր կապում ու էսպես օրերը նշխարք էլ չէր բերանն առնում, բայց էս պարտքիցը պրծածին պես՝ էլ է՛ն ջուրն էր, էլ էն ջաղացը, ո՛չ ղուղն էր բան մտնում, ո՛չ բերանն էր մեկ լազաթ առնում։ Շատ անգամ չէ՛ր էլ գիտում, թե ժամի ճամփեն ո՞րն ա, կամ ինչպես պետք էր էրեսին խաչ հանել։ Էս մեկ ադաթ էր․ ուրիշներն անում էին, ինքն էլ նրանց մտիկ տալով, անում էր։ Շատ անգամ բարկությունն էլ էր գալիս որ տերտերը էնպես բաներից[38] էր խաբար տալիս՝ որ նրա մտքովը ամենևին չէ՛ր անց կացել։ «Ախպեր՝ արածիս հլա մեկ դեղ արա՛, տո ուրիշ բան հարցրո՛ւ է», ասում էր շատ անգամ նեղանալով։ «Հե՛նց քանի ասում ես, էլի հարցնում են՝ թե ասա՛, ասա՛․ ախր որ չե՛մ արել, ի՞նչ ասեմ։ Խաթա բալա ա, է՜լի։ Մեկ որ յախեդ ձեռ ա ընկնում, էլ չե՛ն ուզում՝ թե պոկեն։ Հաղորդության օրը որ զալիս ա, Աստծո անունը գիտենա, ջանս դող ա ընկնում։ Ինչ աման չաման կա, լվանում եմ, ղուղս մզում, բեինս քամում, որ տեսնեմ թե ի՞նչ եմ արել։ Տուն չե՛մ կտրել, մարդ չե՛մ սպանել, ուրիշի հացը ձեռիցը չե՛մ խլել՝ Աստծուն իրան այան ա, գողություն, բոզություն չեմ արել։ Առավոտը գնում եմ հանդը, րիկունը գալիս, մեկ մարդի՝ մեկ ծուռը աչքով չե՛մ մտիկ տալիս, էլ մեխքս ո՞րն ա, որ հենց գլխըներս տանում են՝ թե հա՛ ասա՛, հա՛ ասա՛։ Մեխքի պարկն իրանք են։ Իրանցից պետք է հեսաբ պահանջել, մեզ են խրատում։ Ղորդ են ասել՝ թե շատ կարթացողի ծուծը բարակ կըլի․ գլխումը խելք չի՛ ըլիլ․ կամ կթուրքանա։ Աշխարքս կարթացողիցն ա շինվել, կարթացոիղցն էլ պետք է քանդվի։ Իմ դուշմանս նրանց ձեռը չընկնի․ սաղ սաղ կուտեն։ Ինչ ասես նրանցից ա դուս գալիս։ Ասում են՝ հենց մեր ասածն արե՛ք, մեր գործին մե՛ք նայիլ։ Ախր ի՞նչպես չի նայիմ, հո քոռ չեմ։ Ինչ ճամփով որ գնում ես, ես էլ է՛ն ճամփովն պետք է գնամ։ Հառաջ դու արա՛, եդո ինձ խրատ տո՛ւր է՜։ Ես էլ գիտեմ՝ որ Աստված փիս բանը չի՛ սիրիլ, թե բան ունիս, էն ասա՛։ Նստում են երկա՛ր-զուռնալամա խոսում, զոթուր իշի պես անկաջները թափե թափ տալով։ Մեջը փուչ, երկու հատիկ, ո՛չ աղ կա, ո՛չ համեմ։ Ամենը հո ամենը, իլլահիմ մեր տեր Մարկոսը․ որ առավոտեց մինչև րիկուն փիլոնն ուսին քցած, փոխանը վեր քաշելով, քուցին քուցին անելով, ոռը քորելով, մեկ շնասպան դականակ գավազան ձեռին, լոնդի տեր ողորմեն շխշխկացնելով, ափալ թափալ, սոված գիլի պես, մսի հոտը առած առջի պես, գյուլլա դիպած․․․ պես քուչեքը[39] չափում ա ֆսֆստալով, հազալով, թքելով, խնչելով, փորը բաց էլած կատվի պես դռները[40] ջարդելով տուն ա ընկնում, ման ա գալիս, մեկ մեռել պատահածին պես՝ ձեռն ու ոտը դող ա ընկնում, հոգյառ հրեշտակի պես ուզում ա՝ որ կես ջանն էլ ինքը հանի։ Դեռ պատանը չկարած, թեզ կողոպուտն ու թաղումելեքն ա հարցնում։ Մեկ հացկերույթ ըլելիս՝ հինգ մարդի ղդար հաց է ուտում, տկի հոտն առնելիս՝ փորը վլոց վլոց ա ընկնում։ Սկին ձեռին բռնած վախտին էլ՝ աչքերը հենց դես[41] ու դեն ա քցում՝ թե ով մեկ ձեռը դեմ կանի, բայց հենց որ խոստովանության ժամանակը գալիս ա, էնպես գիտես՝ թե Աստուծո գառն ա ու աշխարքիցս ո՛չինչ չի խաբար։ Քո տունը չծակվի, քո տունը, տո հո սոված մեռար ո՛չ ա՛յ խանի խարաբ, ինչ ա էլել քեզ, փորդ հո դժոխք չի, որ գլուխդ ուտի, ու մնաս անգլուխ։ Սար ու ձորեր տերտերի փոր, բերնին ղուրբան ով էս խոսքն ասել ա․ ի՞նչ ղորդ ա ասել է՜։ Ավետարանի կոխկումը պետք ա գրած, որ էս ջանավարները[42] իրանք կարթան ու ամաչեն։ Ապուռ, սերաթ տարան էլի՜․ էս ինչ խաբար ա։ Ես ինքս եմ իմ բերանովս խոստովանվում, հո զոռի բան չի, ամենը, որ կարթան բաս սելն ով քշի, քութան ով վարի, տավարն ով ջուրը տանի, խոտը հնձի․ կարթալ մարթալ չեն հարցնում, նրանց համար թեկուզ գիրը, թեկուզ շան պոչը, էրկուսն էլ մին ա, նրանցն ա խոտ տաս, եմ տաս, թիմարես, տակը սրբես, փեինը դուս ածես, ու գաս քուրսու տակին ոտներդ մեկնես, քեֆիդ քնես։ Ասեցի էլի եմ ասում գրի սևն ու սպիտակը չեմ գիտում, էշ կերել եմ, էշ մենձացել, ես ի՞նչ գիտեմ տերտերն ի՞նչ ա ժամն ինչ, պատարագն ինչ զատ ա՝ էսպես բաները էս հաստ, կոպիտ գլխումը հազար տարի՝ որ մեռնիմ էլ ոտներս քարեքար տամ տուն չի գնալ, էս ճանապարհին եմ մենծացել, պարտականը նա ըլի, որ ինձ կարթալ չի սովորցրել, որ բալքի ես էլ մեկ մարդամիջում խառնվեի, խոսք ու ջուղաբ ունենայի, մեկ խոսք ասողի ատամները փորն ածեի, ռեխը[43] ցխեի, որ հուրն հավիտենական գլուխը քարը տար, ինձ հետ չխոսար։ Ղորդ ա կարդալ չեմ գիտում, բայց լավ եմ իմանում՝ թե ինչ բանն ա Աստծու աչքին դիրեկան։ Ի՞նչ անես, գրողն էլ են իրանք, ջնջողն էլ, ինչ ասում են, անկաջներներս կախ արած պետք է կատարենք, չարեն ի՞նչ ա»։

Էս լսողն էնպես կըկարծի՝ թե մեր Աղասին մեկ սարսաղ, անհոգի անաստված, իր հավատն ուրացած մարդ պետք է ըլեր, որ մեր ողորմելի տերտերներին էսպես քարկոծում ու պախարակում էր, ու էլ միտք չէր անում՝ թե նրանք են Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակում, նրանք են մեր հոգու տերը, մեր մեխքը մաքրողը։ Նրանց է տված իշխանություն՝ արքայության դուռը մեզ համար բանալ, կամ փակիլ։ Նրանք որ չըլին, մեր հողին դժոխքի պուճախումը, հուրն հավիտենական սատանեքանց փայ կըլեր։ Մազե կարմնջովը անց կենալիս՝ թե նրանք մեր ձեռը չի բռնեն, անդունդը կըթափինք ու[44] մեր ամեն մեկ թիքեն հազար սատանի ճանկը կընկնի։

Ինչ և իցե էշ գեղըցի ըլելով, գլուխը հաստ, ծուծը բարակ, անտաշ, կոպիտ, ձիու տակը սրբելուցը, ու հանդը վարելուցն ավելի, ո՛չինչ բան չէ՛ր գիտում։ Մեկ մարդ որ անլվա հաց ուտի, ամսներով չոլումը ու գոմումն իր օրն անց կացնի, նրանից էլ ի՞նչ հարցնես։ Սաղ տարին հինգ օր ժամի էրես չտեսնի, էլ ո՞վ նրա ասածը չվանի կդնի։ Կըլի որ նրա անբավականության պատճառն էլ՝ բարիկենդանն էր, ու միտք էր անում՝ թե իր թայղաշ տղերքը հազրված կըլին ու ինքը եդ կմնա, բալքի թե հենց էստուր համար էր էնպես դադբեդատ անում, թե չէ նրա ձենը մինչև էն օրը՝ իր հերն էլ չէր լսել։ Էս պատճառավ կարելի ա նրան ներել որ էնպես բերնի կապը կտրել էր։

Լսողը թող չնեղանա ու ձեռք չբարձրացնի՝ որ Աղասու բերնին խփի։ Էսպես չար լեզու ուրիշ մարդիկ էլ ունին, բայց[45] Աղասու լավ խասիաթը քիչ մարդիք կունենան։ Աղասին իր հորն ու մոր առաջին էնպես էր, ինչպես մեկ անմեղ գառը։ Ղորդ ա՝ քսան տարեկան էր, բայց մեկ օր նրանց խոսքիցը չէ՛ր դուս էկել, մեկ օր նրա բերնիցը՝ մեկ թթու խոսք չէր լսված։ Մեկ աչքը աչքին առնելիս, նա նրանց միտքն իմանում էր և գլուխը մահու տալիս՝ որ նրանց կամքը կատարի։ Գեղըցիքը բոլոր նրա արևովն էին օրթում ուտում։ Ամենի աչքը նրա վրա էր։ Մեկին մեկ դարդ ունենալիս, մեկ փորձանք դիպչելիս՝ նա իր գլուխը եդ էր գրած։ Բերնի թիքեն հանում էր, ուրիշին էր տալիս։ Էնքան իր հանգին, իր ապրանքին, իր մալին չէ՛ր մուղայիթ, որքան ուրիշների։ Շատ հերն ու մեր երանի էին տալիս նրա հորնը մորը՝ որ էնպես բարի զավակ ունեին։ Ինչ տեղ մեկ մեջլիս, ինչ տեղ մեկ սուփրա էր բաց ըլում, նա էր նրանց գլուխը, ուրախությունը և քեֆ շհանց տվողը։ Նրա սուրահի բոյը, նրա թուխ թուխ ղալամ քաշած աչք ու ունքը, նրա գեղեցիկ պատկերը, նրա անուշ լեզուն, քաղցր ձենը՝ մարդի խելքն էին տանում, տեսնողն մաթ էր մնում, չէ՛ր կշտանում։ Սազը ձեռն առածին պես՝ քարին, փետին հոգի էր տալիս։ Ղորդ ա՝ արևն երեսն էրել էր, ամա որ ծիծաղելիս աչքը ու ունքը չէ՛ր բաց անում, հենց գիտես՝ թե վարդ էր[46] բաց ըլում[47]։ Նրա թվանքի գյուլլեն դարդակ չէր անց կենալ։ Մեկ ձեռը բարձրացնելիս՝ քարերն էլ դող էին ընկնում։ Հինգ մարդ նրա մեկ ձեռը չէ՛ր կարող ոլորել։ Մեկ թուր խփելով գոմշի[48] բողազն էնպես էր դուս կտրում, որ թրի ձերը գետինն էր խրվում։ Շատ անգամ քսան հարամի՝ մեկ թրի որքով էր հետ ածում։ Թուրքերը նրա անունը լսելիս՝ լեղապատառ էին ըլում։ Շատ անգամ մեկ կռիվ պատահելիս՝[49] հենց նրա անունը լսում էին թե չէ, ճանճի պես դես ու դեն էին ցրվում, ու գյում ըլում։ Ավելի անունը Ասլան բալասի էին դրել։ Ձեռներն էլ կապած՝ որ հազար թուլու[50] մեջ ընկներ, կարող էր՝ որ իր գլուխն ազատի։ Բայց էսքան զարմանալի հատկություններ ունենալով, էլի էրեխի հետ էրեխա էր, մեծի հետ՝ մեծ։ Խանի, շահի առաջին էնպես էր կաղնում, ու ջուղապ տալիս, որ հենց բռնես՝ թե թագավորի որդի ըլի։ Ծիծաղն ու խնդությունը նրա էրեսիցը պակաս չէր։ Նրա ամեն մեկ խոսքը՝[51] անգին ջահավիր էր։ Շատ մոր աչք մնացել էր կարոտ, որ նրան իր փեսա շինի։ Ջահել աղջկերքը նրա անունը լսելիս՝ ուզում էին՝ որ իրանց հոգին տան։ Շատ տեղ՝ ջրի ճամփին, կամ տան կտրներին, երբ Աղասուն անց կենալիս տեսնում էին, էնպես էին կարծում՝ թե հրեշտակ է իրանց աչքին էրևում։ Նրա ձենը լսելիս, նրա բոյը տեսնելիս, սիրտըները կրակ էր ընկնում։ Ուզում էին որ իրանց հոգին հանեն ու նրան տան։ Ուզում էին՝ որ նրան մատաղ ըլին, նրա ոտի տակին մեռնին, բայց Աղասին վաղ էր իր մուրազին հասել։

Սաղ գեղը էնքան նրա սիրովը վառվել էր, մինչև նրա վրա խաղ էին հանել։

Աղասի ջան՝ գլխիդ ղուրբան,
Դու ես մեր թաքն ու պարծանքը։
Աշխարքըս որ բոլոր ման գան,
Քո հատն ո՞ւր կըլի, դու ես մեր կյանքը։

Տանիցը[52] որ դուս ես գալիս,
Ամենի աչքն քեզ է նայում,
Քո քաղցր լեզուն բաց ըլելիս՝
Սար ու ձորեր մաթ են մնում։

Թագավորներ նախանձում են`
[53]Որ ունենան քեզ պես որդի։
Քո անունը երբ որ լսում են,
Թոզ են դառնում քո թշնամիքն։

Ղալամով աչքերդ ա քաշած,
Բոյըդ սուրահի չինարի։
Աշխարքի աչքն վրեդ ա մեռած,
Աղասի ջա՛ն, մեզ մոտ արի՛։

Բայց ինչ կուզե՝ որ աներ՝ Աղասին իրանց տանն էնպես էր, ինչպես մեկ նոքար։ Շիրախանի բալանիքն ասես՝ թե մառանի, մոր հետ էր։ Սա էլ պպին կաղնել էր՝ թե ընչանք ժամը դուս չի՛ գա, նրան՝ որ մեռնի էլ, մեկ կաթը ջուր չի՛ տալ։ Աղասու նշանածն էլ՝ լավ ոտին գլխին էր անում, ամա ձեռիցը մեկ բան չէ՛ր գալիս։ Անաստված կեսուրը ոչ մեկի դնչին էլ չէ՛ր մռում։ Ամեն բանը հազիր էր, գինի ասես, արաղ ասես, հավ, ձու, ոչխարի միս, բայց ժամը չարձակված, վա՜յ նրան, որ էս բաներին ձեռք տար։

Էս միջոցումը գոմի սաքուն էլ սկսեցին էավ սարքել, խալիչա փռել, բուխարին վառել, դուրս ու տունն ավելել՝[54] չունքի որ գեղի քեղխուդեքը էսօր էս տեղ էին կանչած, ու էսպես կարգով ամեն օր մեկ քեդխուդի տան՝ ինչպես որ սովորություն ա, իրանց բարիկենդանն պետք է անց կացնեին։ Աղասու մարդը վաղուց կտրիցը նայում էր՝ թե տեսնի՝ ե՞րբ ժամը դուս կգա։ Հենց կնանիքերանց սպիտակ չարսավը տեսավ՝ թե չէ, նոքարը տուն ընկավ, նրան ավետիք տվեց։ Էլի մերը իր ասածն արեց ու Աղասուն չթողաց՝ որ տեղիցը ժաժ գա, մինչև[55] Սառա խաթունը տուն չէկավ, չարսավը չծալեց ու ամենին հավասարական՝ ողորմի Աստված՝ չասեց։

«Աստված ձեր գլխին խռով կենա, էսօր դուք իմ հոգին հանեցիք», ասեց Աղասին իր մտքումը, ու ընչանք մարդիքն էլ կգային, փասա փուսեն հավաքեց ու դուս[56] թռավ, ծլկեցավ։ Անիրավ ձին էլ էնպես գիտես՝ թե մեծ փառք էր համարում իրան՝ որ էնպես նստող ուներ իր վրա, ու փրփրած սկսեց բարձր ու ձիգ անիլ։ Գլուխը խաղացնիլ, ոտները գետնին խփիլ, խրխնջալ, փռնչալ ու մեյդան անիլ։ Աղասու ընկերքն էլ մեկ տեղ թոփ էին էլել, ամեն բանը հազիր ունեին՝ բայց չէին համարձակվում, որ իրանց քեֆն անեն, չունքի դեռ քեդխուդեքը եկեղեցուցը դուս էկած՝ գեղի միջումն կանգնած՝ զրից էին անում։

«Էս քոփակ ծերերը կորչում էլ չեն՝ որ մեկ դինջանանք ու մեր քեֆին նայենք», ասաց մեկը ատամները կրճտացնելով։ «Իրանք ջանից ընկել են՝ չեն էլ ուզում, որ մենք էլ ա մեր օրը քաշենք»։− Բայց տանուտեր Օհանեսը էփված, փորձած, միրուք ու մազերը հազար բանում սպիտակացրած ու հազար[57] չաթվից չվանից փախած մարդ ըլելով՝ գզրին թամբահ էր անում՝ որ թուրք պատահելիս՝ տանի մեկ տեղ ղոնաղ տա, էն շանը լավ մտիկ տա, որ մարդի չի՛ կծի, ու տերտերին էլ հետըները առած՝ քիչ քիչ հավաքվեցին տուն։ Հենց նրանք հեռացան, մեր ղոչաղ տղերքանց բախտը բաց էլավ։

«Քեդխուդեքը գալիս են[58], տեղ արեք, ղրաղ կացե՛ք», ձեն տվեց գզիր Կոտանը[59], մեկ աչքը քոռ, դունչը ծուռը, էնպես որ միրքի կես փայը մնացել բարձր, կես փայն էլ չորացել, բողազին էր կպել շատ խոսալուցը ու հարայ տալուցը։ Թագավորն էլ էնպես ուռած ուռած իր պալատը չի մտնիլ, ինչպես մեր գեղի իշխանքը իրանց գոմը։ Թեև շատի հաքին էնքան շոր չի՛ կար, որ հինգ մանեթի գին ունենա։ Որը մեկ տասը տարվան կտրատված, քրքրված յափունջումն էր կոլոլվել, որը մեկ հին բրդի աբա էնպես էր ուսերին քաշել՝ որ ղորդ ա, բերանն ու միրուքը ծածկած ուներ, բայց գոտկիցը դենը՝ պատռած, քրքրված քոբաչի չուխի-ծլանկները (կտորները) հազար տեղից ճլոլակ էին էլել, ու քամու ձեռին եսիր էին դառել։ Գլխներին հո՝ էնպես՝ գիտես՝ թե ամեն մեկը մեկ սաղ ոչխար[60] դրած ուներ։ Էն որ մի քիչ չաղ, եղալի էր (հարուստ էր), ոտն ու գլուխը փոքր քոք էր։ Սրանք թազա լաբչին ունեին, ղազաք[61] փոխան՝ ղրաղները ասղաբույր, մավի քոբաչի շալ չուխա կտավե գոտիկ։ Շապկների յախեն՝ որինը մով էր դրած, որինը քաթան․ արխալղները՝ ղորդ ա՝ կարկատած էր, ամա շատ որ ըլեր՝ մեկ տասը, քսան տեղ, ավելի չէ։ Ամենիցը գլուխը նրանց բորանի քուրքն էր․ երեսը կարմիր ներկած, ինչպես մեկ Թուրքի[62] ղաբայ միրուք, առանց աստառի, էլ ջանումը բաց տեղ չէ՛ր թողում, բոլոր ծածկում էր։ Փեշերը[63] ու նեղ թևերը իշի նոխտի պես ուսերիցը կախ ընկած՝ գետինն էին հասնում ու[64] թամուզ ավելում։ Ամեն մեկ քուրք մեկ թզաչափ մազ ուներ։ Բայց շատի ներկը գնացել, էնպես էր դառել[65], ինչպես քոսոտ ձիու սաղրի։ Շատի վրա տասը տարվան կեխտ ու թոզ կար։ Շատի ուսերն ու քամակը ծակվել[66], բայց փոստը, բուրդը էնպես էր դուս թափել՝ ինչպես գարունքվան բրդահան էլած շան մորթի։ Բազընի փափախի մորթին էլ էր չալ ընկել ու ծերիցը բուրդը քամին տանում էր, բայց էլի էնպես մարդի քեֆը գալիս էր՝ տեսնելով թե տանուտերը ու քեդխուդեքանց շատը ինչպես գտակները կոտրել, թեք անկաջի կողմն էին քաշել, ու էն հինգ ոչխարանի քուրքը մեկ էս ուսին էին քաշում, մեկ է՛ն ուսին, բազի անգամ գլխները տմբացնում էին՝ որ գտակները դուզ կաղնին. բազի անգամ էլ՝ իրար բռնոթի թավազա անելով՝ կամ մեկը՝ ձեռը մյուսի գոտիկը կամ ճտովը քցած՝ իրանց էրեխությունը միտքներն էին բերել, ու շախա էին անում, իրար բոթ բոթում, շվացնում, ղռթկացնում, փռթկացնում, ճռթկացնում, մռթկացնում, ու բազի վախտ էլ՝ հրհռում, քրքռում, բրբռում, զռզռում, դռդռում, շատը հո ծիծաղու թուլացել[67], մեջքի իլիկը կտրվել էր։ Էնպես որ ժամիցը ընչանք տուն գնալը՝ հենց բռնի՛ր, տարի քաշեց։

Ղորդ ա՝ ասացի՝ որ շատի հաքին տրեխ էր, գյուլբա էլ չուներ, շատի չուխի վրա հազար կարկատան կար, շատի ձեռներին, երեսին, միրքին տասը տարվան ախպ, կեղտ, թոզ ու մուխ կար, շատը բերնումը էրկու հատիկ ատամ էլ չուներ, ամա ի՞նչ կանես, որ տունն ու շիրախանեն մալ ու դոլվաթով տրաքում էին։ Գինին կարասներով շարած, ամբարը հացով լիքը, կովն ու գոմեշը տանը կապած, քյահլան ձին թավլումը, քութանը դռանը լծած, մառանը եմիշով, տանձ ու խնձորով խլթխլթում էր, որը էրկու, որը երեք բաղ ուներ, նոքար, հոտաղ դռանը հազիր. ներսն ու պուճախը հազար բարությունով դմբդմբում էր։ Կարասներով կողակ, կճճներով պանիր ու ղավուրմա, բղղներով եղ, բոխ, զոխ, օղորմակոթ, մոթալներով պանիր, ծով, ի՜նչ տուն։ Տասը ղոնաղ[68] որ էն սհաթը նրա դռանը վեր գային, սաղ ամիս ուտեին, խմեին, կոտրեին, ջարթեին, փչացնեին, էլ նրա տան խերն ու բարաքյաթը հա՛ կ<ար>, հա՛ կար։ Շատը սուրուվով ոչխար էլ էին պահում։ Էնպես մարդ կար՝ որ տարենը էրկու հարյուր, իրեք հարյուր լիտրը տանձ, խնձոր, ծիրան էր ծախում։ Մեկ փարի բան բազարիցը տուն չէ՛ր գալ, բացի իրանց շորիցը։ Նրանց կնանոնցը որ մտիկ տայիր, խելքդ կերթար, խաս ու ղումաշի միջում կորած էին։ Սաղրի մաշիկ, ղասաբ փոխան, ալ դերիայի մինթանա, զառ լաչակ, ղալամքար արխալուղ, արծաթե կոճակներ, գյուլաբաթնով արած տոտեր, ոսկե քամար, յախութ մատանիք, ճտի շարքը։ Շատի մազերին հինգ թումանի զարդ ու զարթարանք կար։ Շատի ճակատին շարքով ոսկի։ Ամեն մեկի կնիկը՝ հենց իմանաս՝ խանզադա, բեկզադա էր։ Շատը հինգ, վեց հարսն ուներ տանը, որ մեկ տեղը ցավելիս, ուզում էին գլխովը պտիտ գան։ Գլուխը կամ քամակը դեմ անելիս հարսներն ու աղջկերքը իրար հետ բաս էին մտնում, որ իրանք քորեն, կամ քութութեն։ Տրխները կամ լաբչիները հանելիս՝ հազար ձեռն էր՝ որ բան էր ընկնում, որը ոտն էր ճմռում, որը ջուր էր բերում, որ լվանա, որը թևն էր քաշում, որը ձեռին ջուր էր ածում։ Քնած վախտին՝ մեկ ճանճ չէ՛ր կարող, որ մոտըներովն անց կենա, կամ երեսներին ծրտի, էն քան աչքաբաց էին հարսները։ Բա՛խտ, բա՛խտ էս ա, փողի հարաքյաթին էլ նալաթ, նրա կտրողին էլ, շատ անգամ ասում էին գեղըցիք ու գլխըները ժաժ տալ<իս>։ Ուտիլ չի՛ կարելի, հաքնիլ չի՛ կարելի։ Էսօր ձեբդ լցնես, էքուց մատդ պետք է լպստես։ Ո՛չ գիշերը քունդ ա տանում, ո՛չ ցերեկը ղարարդ։ Փորը ցավ բռնած շան պես՝ մարդ չի՛ իմանում՝ թե թիքեն ո՞ր կողմովն ա կուլ գնում։ Փողը որ կա, ժանգ ա, ձեռի կեխտ ա, էսօր կա, էքուց չկա։ Մեռնիս՝ պետք է շներոց, գիլերոց ըլի։ Թեկուզ փողի համն առած, թեկուզ իր միսը կերած, բոլոր մեկ ա։ Թագավորն էլա մեր դուռը գալիս, փողատերն էլ։ Տաշտումը հաց ունենամ, կարասումը գինի, ջվալումն ալիր, հերն անիծած՝ որ չիփ չիփլախ էլ ըլիմ, դարդ անեմ։ Օջախս լիքն ըլի, տանս բարաքյաթ, որդիքս սաղ սալամաթ, թո՛ղ օրը հազար մարդ մտնի, հազար մարդ դուս գա, ի՞նչ եմ հոքում, հացն Աստծու տված բարին ա, ով հասնի, թող ուտի։ Աստծուն փառք, տեղը շատ կա, տղերքս սաղ ըլին․ գտակս ծուռը կդնեմ, քեֆս արամիշ կանեմ, ով թամբալա, թո՛ղ նա դարդ անի։ Աստված իրան ստեղծածի ըռըզդը չի՛ պակասացնիլ։ Փողի սիքեն ճանաչողը ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ։ Փող − հող − մին ա։

Զարգար Պողոսը որ շատ փող ունի, հենց էն ա, ինձանից լավ է ապրում: Նրա քոռ աչքը գիտենա։ Շատ փիքր անելուցը երեսի կաշին գնացել, չոփ ա դառել, մեկ որ փչես, հազար տեղ քյալամաղ (մալաղի) կտա․ մեկ որ քիթը բռնես, հոգին դուս կգա։ Տարենը հազար շուն, գել, Թուրք, Հայ, աղքատ, ղարիբ, ղուրբաթ իմ հացն ուտում ա, իմ տանը քնում, իմ գինին խմում։ Գյոռս էլ որ քանդեն, ձեն չեմ տալ։ Իգուս մասըլի տուտը հո՝ Թեհրան ա հասել։ Ո՞ւմ հադդն ա՝ որ մեկին չէ՛ ասի։ Ինչ ուտում են, չեն ուտում, հերիք չի՛, խուրջին, հաբկա էլ եմիշով լցնում են՝ որ տանեն իրանց տունը։ Իր տնկած ծառի տակին քնիլը, իր բհամ բերած պտուղը ուտիլը հազար թուման աժի։ Նոր չե՛մ հաքնիլ, հին կըհաքնիմ․ ձեռս ո՞վ պետք է բռնի, ո՞վ ա գլխիս ծեծում՝ թե հենց զառ ու ղումաշ մաշեմ։ Քաղաջը գնալիս՝ հենց իմանաս՝ թե բոլոր սոված, կոտորած ըլին։ Հացն ու ջուրն էլ են փողով ծախում, ախր էլ ընդում ի՞նչ խեր ու բարաքյաթ կմնա։ Բազի վախտ տեսել եմ, մեկ եքա կիտուկ մանեթ, ոսկի կիտած։ Ամեն մեկ փող համարելիս, էնպես գիտես՝ թե փողատիրոնչ հոգին հետը դուս է գալիս։ Հենց իմանում են՝ թե առաջներիցը թև կառնի, կթռչի։ Ապա մեկ ձեռդ դեմ արա՛, շան որթի ըլիմ, ո՛չ մեկ բուռը հողի արժանանամ, թե սուտ ըլիմ ասում։ Ա՛ստված, ե՛րկինք, գե՛տինք, ծո՛վ, ցա՛մաք, մեկ ծեղ չեն տալ, որ աչքդ կոխես։ Թո՛ւհ․ մարդ իրան հոգին պետք է ծախի, որ փողի թամահ անի։ Հազար տարի որ քո ազիզ սիրելու դռանն էլ վրթվըթաս, հազար տարի սոված զկռտաս, մեկն էլա՝ մեկ կտոր հաց քեզ չի՛ տալ։ Էն մարդն էլ՝ որ քո տանը կերել, խմել, ամսով, տարով քո աղ ու հացի վրա ա էլել, աչքը աչքիդ առնելիս հենց գիտես՝ թե գյուլով խփեցին։ Եդեն ա քեզ դեմ անում։ Փողդ էլ ջհանդամը գնա՛, դու էր քյոբակօղլի. դուռումսա՛ղ, ասենք աչքդ քոռացել ա, չե՛ս ուզում, որ սուփրիդ ղրաղը ճանաչեմ, ի՞նչ կերել ես, քթովդ դուս գա՛, զահրըմար ըլի, էն դինումը քեզ դեմ գա, տո մեկ բարով, Աստծու բարին էլ ա գլխիցդ հո ղհաթ չի[69] էլել։ Մեկ բարով էլա տուր, հո բերնիցդ քրեհ չե՛ն ուզում, էդ էլ հո փողով չի՛։ Ասենք չուխես մահուդ չի՛, հին ա, մաշված ա, քոնը նոր ա, հո ձեռիցդ չեմ խլում։ Քեզպես հազար մարդ տարենը իմ տանն հաց ա ուտում։ Թե մեկ օր էլ ճանկս կընգնի՛ս․․․ Ես գիտեմ՝ թե ձիուդ գլուխը դվո՛րը շուռ կտամ։ Դուքանի առաջն ես գնում, ուզում են՝ որ արինդ ծծեն, ղուղդ քամեն։ Հե՜յ գիտի ժամանակ, ավալի սֆթա ո՞վ էր տեսել էսպես բաները, գառն ու գելն ի միասին արածում էին։ Հիմիկ կովը վեր են քաշում, թե տեսնին՝ տակին յարաբ հորթ կա՞, թե չէ։ Հերը որթին չի՛ ճանաչում, ախպերն ախպորը։ Լավ ա, որ քարը[70] քարի վրա կաղնում ա։ Մարդ ինքը պետք է լավություն անի, որ Աստված էլ նրա բանն հաջողի։ Էլի Աստված օրհնի մեր հողը, մեր ջուրը․ ուտենք, խմենք, քեֆ[71] անենք, իրար թասիբ քաշենք, մեկ օր կմեռնինք, որ օղորմի չտան, գյոռբեգյոռ էլ չեն անիլ։ Մարդ ինչ անի, է՛ն իր առաջը կըգա։ Լավություն կանես, լավություն կտեսնիս, վատություն կանես, վատություն։ Հարիր տարի կըլի՝ որ պարոն Ա. մեռել ա, էլի նրա օղորմին հա՛ կա, հա՛ կա։ Թուրք ու Հայ նրա գերեզմանովն են օրթում ուտում։ Ի՞նչ պետք է տանինք էս աշխարքիցը, փուչ էկել ենք, փուչ էլ կերթանք։ Սաքի որ շատ էլ մալ, դոլվաթ ունեցա, աշխարքի տեր էլ դառա, հո էլի հողը պետք է մտնիմ։ Իմն ա, մի կտոր կտավը։ Լավ ըլիմ, լա՛վ կասեն, վատ ըլիմ, վատ։ Տե՛րտեր ջան՝ դրո՞ւսթ եմ ասում՝ թե ծուռը։ Սև ու սիպտակ չեմ գիտում, ամա ես իմ կարճ խելքովը էսպես եմ աշխարհի բանը քննում։ Ով չի ուզիլ, իրան քեֆն ա։ Ի՞նչ կասես՝ տանուտեր՝ թե սուտ եմ ասում, բերնիս խփի՛ր, անկանջս քաշի՛ր, դու գիտես՝ որ քո չոռը՝ ինձ համար ջան ա, քո մեկ մազը[72] արարած աշխարքի հետ չեմ փոխիլ։ Ասա՛, գլուխդ քարն ես տալիս, թե ճշմարիտը չեմ ասում, ղորդ ա, վարդապետի մոտ չեմ մեծացել, ամա տասը վարդապետի խելք ուներ իմ օղորմածիկ լուսահոգի հերը։ Ինչ որ խոսում էր, հենց իմանաս՝ ավետարանի կոխկին գրած ըլի․ սաղ Աստվածաշունչը փորումն ուներ. մեկ խոսք խոսալիս՝ հազար վկայություն էր բերում։ Ժամագիրքը, շարականը, ասմավուրքը հո՝ ջրի պես գիտեր։ Հարիր փիլիսոփա, վարդապետ, տերտեր հավաքվեր՝ բերանները կցխեր ու ճամփու կդներ։ Մեկ ժողովքարար՝ որ մեր գեղը կգեր, պետք է՝ տափ կենար, թե չէ որ նրա ձեռն էր ընկել, Աստված ազատի, հոգին կհաներ, միսը բերանը կտար, շատ անգամ չէ՛ր իմանալ, թե էկած ճամփեն որն ա։ Էս հիմիկ որ լավ, օսալ գլխիցս դուս եմ տալիս, նրա հունարն ա, թե չէ ես ով եմ, որ ի՞նչ գիտենամ։ Ա՜յ, էս ջամիհաթն էլ լավ գիտե, ախպե՛ր սուտ եմ ասում, ասացե՛ք»։

«Աստված նրա հոգին լուսավորի, մեր հորնը մորն էլ արքայություն տա, ասեց տանուտերը, ինչ բաններս կտրվել, ուրըշին բամբասենք, ուրըշի միսը ծամենք։ Շուտով մեծ պասը կգա, հա՛ կաց ու թթու կե՛ր։ Բարիկենդան ա, մեր քեֆն անե՛նք, փողատերն էլ իր համար կենա, վարդապետն էլ, լավություն չեն անում, իրանք գիտեն, նրանց մեխքը հո մեզանից չեն հարցնիլ, մեզանից չե՛ն ուզիլ, համեցե՛ք գնանք տուն, տեսնի՛նք մեր[73] խանումը ի՞նչ ա հազիր արել, խեղճը սաղ գիշերը աչքը չի՛ կպցրել, հենց էն ա ոտի վրա դես ու դեն էր վազում»։

«Աղբաթը խեր ըլի մեր տանդրոնչ՝ թե նա չէ՛ր էլել՝ էս ղուռումսաղը մեր գլուխը հենց սալթ կը տաներ», էն կողմիցը մեկը բեղերն ոլորեց, քիթը վեր քաշեց, ու լիքը պլտխով, քաղցր իշտեհով կում արեց,[74] հազաց, թքեց, կեսն էլ ղղի հետ տարավ, ծծեց,[75] անոշ, անոշ ձեն տվեց։

«Հինգ սհաթ ա, ժամը դուս ա էկել, ագռավներն էլ հըմիկ՝ որդիանց ըլի՝ մեկ կտոր քաք կերած կըլին, փորներս ղլվլում ա, սա հենց իր խոսքի տուտը բռնել ա, ոտը վեկալած ջաղացի պես գլխիցը դուս ա տալիս։ Քիչ էր մնացել՝ որ ասեի, քարվանը գնաց, լեզուդ քեզ արա՛։ Կրակ, պատուհաս ա, զրից ունիս, տա՛ր ձեր[76] քուրսու տակին արա՛։ Ղիամաթումը սառչում ենք, նա էլի հենց իրան զուռնեն ա փչում»։

Անջախ մի անջախ իրար բոթ բոթելով՝ տուն ընկան։ Գոմի սաքուն էնպես էր տաքացել, ինչպես համամ։ Աթարի մարմանդ կրակի գոլը մեկ կողմիցը, եզի, կովի, ձիու թրքի հոտը՝ մյուս կողմիցը՝ մարդի քյալլեն ծակում էին։ Փորըներն էլ սոված, գլխըները դարդակ, թրքի բուղն ու աթարի ծուխը՝ մաղծ ու աղիք իրար խառնեցին։ Որը բերնին էր հուփ տալիս, որը աչքին, որn[77] փորին, որն էլ թութուն էր քաշում՝[78] որ բալքի թե էն զահրըմար հոտը մի քիչ կտրվի։ Որը փռշտում էր, որը հազում էր, որը զկռտում էր։ Ամեն մեկ քիթ նազրախանի ձեն էր ածում, ամեն մեկ բողազ ղոռոտոտոյի պես գոռում, զռում էր։ Հազալիս՝ շատն ուզում էր՝ որ աթարի վրա թքի, տանդրոնչ երեսին էր ընկնում, փռշտալիս՝ հենց գիտես թե անձրև էր գալիս[79] խլընքի ցելթուկը էլ ո՛չ երես էր հարցնում, ո՛չ միրուք, ո՛չ աչք, ո՛չ բերան, ուրտեղ ասես, թռչում էր։ Շատն էլ՝ աղլուխ չունենալով, քիթը կամ փեշով էր սրբում, կամ թե էնպես ղայիմ վեր էր քաշում քթի ծուծը, որ հազար լիտրը ծուխ ասես, բուղ ասես, թրքի հոտ ասես, թոզ ասես հետը քուլա քուլա բեինն էին համբառնում։

Էս միջոցումը խեղճ տանտրոնչ կնիկը,գլուխը քարը չի՛ տվեց,[80] մտավ ներս՝ որ ղոնաղների գալը շնորհավորի։ Հազի, փռշտոցի ձենը լսելով, քաղաքավարություն բանացրեց, գոմի դուռը բաց արեց՝ որ մի քիչ հոտն ու ծուխը դուս գա։ Բայց երանի թե ձեռը կոտրել էր, չէ՛ր բաց արել։ Հենց դռան ճռռոցն իմացան՝ թե չէ, շատը աչք ու քիթը բռնած՝ էնպես քոռը քոռ ուզեցան՝ որ դուս թռչին՝ որ մի քիչ հով առնին, չկարողացան՝ որ առաջներին մտիկ անեն, չունքի մեկ կողմիցն էլ ծուխն էր տունը խավարացրել, իրար գլխով ընկան, հենց իմացան՝ թե քամին դուռը բաց արեց, ու մեր ողորմելի տանտրոնչ կնկա ջանը իրան հասցրին։ Հարայ հրոցը որ իմացան, ետ դարձան․ աչքդ բարին տեսնի, չէին իմանում ծիծաղան, թե քոմակ անեն, չունքի խաթունը էնպես էր խրվել թրքի, կվի ու փեինի միջումն, որ էլ ո՛չ երես, ո՛չ լաչակ, ո՛չ մինթանա չէ՛ր մնացել, բոլոր ռուսվա էր էլել։ Էս ղալմաղալումը ողորմելին հենց իմացավ՝ թե ձեռները թամուզ ա, հենց մատները բերանը տարավ՝ որ մի քիչ օշմաղը բաց անի ու շունչ առնի, մեկ դուրում տաք տաք կովի էր՝ թե գոմշի, չգիտեմ, թազա կու բերանն ընկավ։ Էլ թուք ասես, էլ ուշունց ասես, նա էր՝ որ կվաթաթախ բերնովն ասում էր։ Տանու տերն էնպես էր իմանում, թե ֆորթերն են կապը կտրել, ու կնիկն ուզում ա, որ տուն անի, աչքը ցցեց դռան մեջը թե չէ, գլխին տռեց,[81] մերու առջի պես բղղալով,[82] ճղղալով,[83] բռբռալով, էստուր, էնտուր գլխին բամբաչելով, ուշունց տալով վրա հասավ՝ որ իր խաթունին կվի ու թրքի ծովիցն ազատի, սատանի ա՛չքը քոռանա, քուրքն ընկավ ոտի տակը, քյալամազ արեց․ շըրը՛փ, չխ՛պ, ի՞նչ նա տեսավ՝ քո դուշմանի գլխին չի՛ գա․ երեսի վրա է՛նպես ընկավ, խրվեց թրքի ու կվի մեջը, որ աչք, ունք, քիթ, բերան, միրուք՝ էնպես ներկվեցին, որ հազար ուսթա[84] քիսաքսող էլ որ ըլի՝ էնպես ադաթին, լազաթի հինա չի՛ կարող իր օրումը քսիլ։

Դարդիմանդ կնիկը մարդի թշվառ հալը տեսնելով, ու իր դարդը մոռանալով՝ տեղիցը շարժեց՝ որ հալևորին քոմակ անի, հալևորն էլ հենց է՛ն էր ուզում՝ որ գլուխը էս անուշ բարձիցը բարձրացնի և իր խաթունին՝ էս ռուսվայությունիցը ազատի, ձեռները իրար չի՛ հասավ, քամակ քամակի դիպան, ա՛ռ քեզ տրաքոց, ղուբարա էնպես կվի մեջն ընկան, խրվեցան, որ երկու լուծ գոմեշը ա՛նջախ կարող էր նրանց էնդեղանց հանիլ։

«Տո ջրա՛տար, տո գլուխդ հողեմ, մի՛րքիդ քաքեմ, ա՛խր դու ուր էկար էստեղ։ Ես քիչ ռուսվա էլա, դու էլ էկար, որ քոփակ քոփակ սաքի ինձ մեկ ճար անես։ Կրեմ էդ քաչալ գլուխդ՝ հա՛։ Մեկ էշ բզիլ չե՛ս իմանում, տեղդ չաոլամիշ ըլեիր, բաթմիշ ըլեիր, լավ[85] չէ՞ր ըլիլ։ Ժամն էլ գլխիդ խռով կենա, պատարագն էլ, հացն էլ, սուփրեն էլ, բարիկենդանն էլ, պասն էլ։ Մենք մեր բարիկենդանն արինք, որ ջհանդամը գնում են, թող գնա՛ն սրանք։ Սրանց ոտը պետք է կոտրվեր, որ մեր շեմը չէին կոխել։ Մերը մեզ հասավ։ Աշխարքի մեջ խայտառակ էլանք»։

«Տո քաֆթառ իմա՛նսզ, իմ ցավս հերիք չի՛, դու էլ մեկ կողմիցն ես միսս ծամում։ Թրքոտ ես էլել, հո քաքոտ չե՛ս էլել։ Ի՞նչ ա՝ հոտած բերանդ բաց ես արել, լեզուդ քեզ չե՛ս անում։ Ձենդ կտրի՛, թե չէ՛, էնպես քացի կտամ, որ ատամներդ փորդ կթափին։ Սաղ օրը թրիք ես թխում, ի՞նչ ա՝ էս մեկ օրն էլ համն ա՛ռ։ Թե գոթրոմի պես վեր չէիր ընկել, հմիկ դու էլ կըլեիր պռծած, ես էլ։ Կնիկարմատը որ կա՝ կվից բեթար ա, հենց ձեռն[86] ես տալիս թե չէ՝ իրան իրան գնում ա։ Շատ կնկա թամահ անողի հերնը մերը ..... Էլ բերանս ինչ ա գալիս, եդ գնում։ Տեր Աստված, խաթա բալա ա էլի, կրակն ընկանք էս ղանջղի ձեռին։ Ասում եմ ռեխդ քեզ արա, թե չէ էնպես քացով կխփեմ, որ հազար թիքա կըլիս, ու չե՛ս իմանալ թե դուռը որն ա, ճամփեն որը։ Վեր կաց փասա փուսեդ քաշի ու էդ թրքոտ երեսդ աչքիցս տար հեռացրո՛ւ, որ քո փիս սֆաթը էլ չտեսնիմ, կորի՛ ջհանդամը։

Էս խոսքումն ղոնաղներն էն ա ծիծաղից կշտացել էին, էնքան ծիծաղել էին՝ որ շատը փոխանումը շռել էր։ Ախր ով տեսնի էսպես լազաթի թամաշա, ու չի ծիծաղի։ Լավ, իրանք էլ չէին ուզում, ամա նալաթը չար սատանին, բանն էնպես էր էկել։ Ինչ և իցե փորները բռնած՝ մոտ էկան՝ որ իրանց տանուտիրոջ հասնին։ Էսքան նաղլն անց էր կացել, գզիր Կոտանը դեռ մի բանից էլ ա խաբար չէր։ Էս հարայ հրոցը որ ընկավ, հա՛յ ջուր բերեք, հա՛յ քոմակ արեք, տանուտերը ու տանտիկինը խեղդվեցին, հենց իմացավ՝ թե մուխն ա զոռ արել, վրա վազեց ղոչաղ ղոչաղ մեկ կճուճ խտտեց՝ կժի տեղ ու խալխին «հա՜յ ձեր մերը, հա՜յ ձեր հերը» ուշունց տալով, ափալ թափալ ներս պռծավ՝ ու հենց էն սհաթին վրա հասավ, որ տանուտերը երես մերես սրբել, միրուքը լվացել, ու հենց թքում էր շատ ու ուզում էր՝ որ բերանը թամուզացնի, չունքի կվի ու թրքի կտորները ատամի տակին էին մնացել, շատ փայն էլ կուլ էր գնացել, շատ էլ բողազը ճոթռում էր, հազում էր, ջէր կում անում, ամա ձեռը ոչինչ չէր ընկնում, հազալ մազալու վախտն անց էր կացել։ Սոված փոր, ու կովի կու, ի՞նչ համ կտա, իմացողը լավ կիմանա, էլ ի՞նչ ասեմ։ Կատաղած արջի պես փորը բռնել՝ ման էր գալիս։

«Վա՜յ իմ աչքս դուս գա, տա՛նուտեր ջան, վա՜յ ես դժոխքի փայ ըլիմ, վա՜յ, վա՜յ, վա՜յ էդ ինչ ա էկել քո գլխիդ», ասեց ցավելով խեղճ գզիրը ու վրա թռավ, որ նրա ցավին մեկ դարման անի, հենց քիչ էր մնացել՝ որ տանուտերը սիլեն եդ քաշի ու շան որթու ատամները փորն ածի, որ իր տերը էնպես թողել, իր քեֆին ման էր էկել։ Գզիրը էլ սիլա միլին մտիկ չտալով, դաստ արեց՝ որ իր ծուռը դզի, ու երկու ձեռով կճուճը շուռ տվեց մեր տանտրոնչ գլխին։ Աստված ազատի, ինչ նրան հանդիպեցավ։ Մեկ եքա կճուճ[87] թթու, թանձր, պճպճուն բազկաթանը էնպես նրան ողողեց, որ ջրհեղեղի օրն էնպես ալեկոծում, զուլում չէ՛ր էլած[88] ու չէր տեսնված։ Տանուտերը հո տանուտերը,[89] քոռ գզիրն էլ մեկ տասը գազ ծուլ[90] էլավ, ու գող շան պես հեթեթալով, վրթվրթալով, սրթսրթալով՝ եդ թռավ[91] գոմի պուճախը, ու մնաց քար կտրած, սառած։ Մեկ մկան բունը՝ որ հազար թումանի տվել էին, կառներ, կմտներ մեջը՝ որ իր սև օրը լա և տանտիրոջ ձեռիցը պռծնի։ Շան օրը չըլի, նրա հալն էր, բայց ինչ տանտրոչ հալն էր, Աստված ո՛չ շհանց տա, ընչանք թաքրար ջուր կբերեին, իրանն իրան հասավ։ Միրուք, բերան, աչք, քամակ, ծոց, քուրք մուրք հոտած բազկաթանի մեջը[92] չխպչխպում տլտլում էր։ Ջեբերն ասես, լաբչին ասես՝ լցվել էին, տուտը պճեղն էր հասել։ Քամակը քոր էր ընկել, աչքերը մրմնջում էր, ու որ ուզում էր՝ թե ժաժ գա, փոխանն էնպես էր լցվել բազկաթանով, որ փաչեքը իրար դիպչելիս, դափի զուռնի ձեն էին հանում, ծլվստում, չփչփում, լփլփում։

Էս շան հալին՝ էլի գոռում, զռում, հարայ էր տալիս, ձեռները դուս ու դեն քցում, որ գզրին ճանկի ու սպանի։ Քոռ հավի պես մնացել էր պատի ղրաղին կաղնած, ամա էլի հենց է՛ն էր ձեն տալիս․ «թողե՛ք, թողե՛ք դրա հորնը մոր գաղտը․․․ թողե՛ք, դրան պիտի սպանեմ, շնսատակ անեմ, դա էր մնացել որ իմ գլխիս օյին գա։ Դրան էն օրը քցեմ՝ որ մեծ թիքեն անկաջը մնա»։

Ընչաք ջուր կբերեին՝ ամենին՝ իրանցը իրանց հասավ։ Շատը նվաղել, էն կողմը վեր էին ընկել։ Լավ բերններին, բողազներին հուփ էին տալիս՝ որ չծիծաղան, ամա ե՞րբ կարեին, բանը բանի նման չէ՛ր՝ է՜։ Էս ղալմաղալումը տանդրոչ կնիկը մռթմռթալով, փնթփնթալով, ճրճրալով դուս էր գնացել՝ որ իր գլուխը լա։ Խալխը տանդրոչ բնությունը լավ գիտեին՝ բարկացած ժամանակին շունն էլ նրա ձեռը չընկներ, ուր մնա գզիր Կոտանը։ Տերտերին աչքով արին, որ քանի նա աչքը չի՛ բաց արել, մունաթ անի ու խղճին մեկ ճար անի։

«Բարիկենդան օրեր ա,[93] խնա՛՛մի Օհաննես, խելքըներս կորել ա» բերանը բաց արեց ծանրագոգոթ՝ փառավոր տերտերը որ իր կարգի պատիվը ճանաչելով՝ ուզում էր՝ որ հաշտություն քցի ու էրկուսին բարաշացնի։ «Աշխարք ա, էդպես կըլի, Քրիստոս իր սուրբ ավետարանի միջումն գրում ա, ամենիդ մուրազն էլ տա՛, թե երանի՛ խազարաբաց, և թե թշնամուդ գլխին կրակ կածես, երբ որ նրան[94] կսի .... ր .... ռը, .... զռ .... ռը ... րես ... վա՜յ քո հերն էլ անիծած, քո օխտը պորտին էլ, քո մեռոն քսողին էլ, քեզ բարի օր տվողին էլ, գյոռբեգոռի որդի, հախմիան տերը շլինքդ կոտրի, էս ի՞նչ ա իմ հալը»։ Տերտերը բուխարուցը սկսեց ուշունց տալ։

«Էս ի՞նչ անիծած մարդի ռաստ էկանք, տո՛ հարամ ըլի է՛ն հացն էլ, է՛ն ջուրն էլ, խաթա բալի մեջ ընկանք՝ էլի»։

Չունքի ինչ սհաթի որ նա մոտացավ, որ տանդրոչ սիրտն առնի, էլ չէ՛ր մտածում՝ թե արինն աչքերը կալել էր,[95] քոփակ տանուտերը էնպես մեկ սաստիկ դուռթմա տվեց էս քո տերտերի դոշին՝ որ փիլոնը մի տեղ ընկավ, գտակը մի տեղ, ու ինքն էլ[96] չոքըչոք անելով, գլուխն է՛նպես բուխարու աթարի կրակի մեջն ընկավ, որ էրես մերես բոլոր խանձվեցավ։ Բերանն մոխրով մրով լցվեր էր՝ խեղճի, միրքի կեսը կես տարի էլ բռանց դուս կգար, էնպես քոքահան խանձվեց։ Էս տեղանց էր է՛ն քաղցր օրհնությունը կարթում, որ մեկ դուռթմի[97] էլ ինքը չհամբերեց,[98] ու ուզում էր, որ մեր խեղճ թանակոլոլ, թրքաշաղախ, կվաթաթախ տանուտերին ճամփու բերի։ «Ժամումը գլխներս տանում ա, հերիք չի՛, գոմումն էլ ա ուզում իշխանություն բանացնի։ Ձեր Օրհնողի պոպոզը .... Նա՛լաթ ու չար սատանին .... Բերանս ի՞նչ ա գալիս, եդ գնում». էլի դեռ մրմռում էր քթի տակին տանուտերը։ Գզրին տարան, պահեցին։

Տանուտերը գեձդանգեջ աչքը բաց արեց, դուռն ու պուճախ ընկավ՝ որ իր սիրտը մի հովացնի, բայց գզիրը թռել էր։ Քեդխուդեքն մեկ կողմիցը, կնիկը մյուս կողմիցը թոփ էլան, տանդրոչ սիրտն առան, տերտերին էլ բարըշացրին, ծուխն էլ քիչ քիչ պակսեց, ամեն բանն սկսեց կարգ ընկնիլ ու արաղ մազեն տուն բերին։ Խունկ ծխեցին, էրթիկները բաց արին, հոտը, մոտը քաշվեցավ ու մեր քեդխուդեքն հացի նստեցին։ Մեկ գլխին տերտերն էր, մյուս գլխին տանուտերը, ու մեկելներն էլ սրով պատի տակին էնպես բազմեցին, որ սուփրի մեջը՝ էկող գնացողի հմար բաց մնա։ Նոքարը արաղն ածեց՝ սֆթա տերտերին դեմ արեց։ «Աստված աշխարիս խաղաղություն, թագավորաց հաշտություն, քրիստոնեից ազատություն տա՛։ Տունդ շեն կենա, տունդ՝ տանուտեր, Աստված օջաղդ հաստատ պահի, նամարդի մուհտաճ չանի՛։ Ինչ էլավ, էլավ, Աստված վերջը բարի անի, ապաշխարանք ըլի։ Շորհավոր բարիկենդա՛ն։ Աստված զատկին էլ արժան անի։ Հավասարական սաղ ըլի՛ք, ուրախ։ Տեր Աստված Քեզ փառք։ Մեր երեսը քո ոտի տակը։ Քո ստեղծվածն ենք, մեզ չի կորցնես», ասեց ու արաղի թասը շպռտեց։ «Անո՛շ, տերտե՛ր, անո՛շ»։ Ամենն էլ ձեն տվին, ու մեկը մեկ թիքա պանիր, մյուսը մեկ թիքա խորոված նրան դեմ արին։ Էսպես արաղի թասն սկսեց շուռ գալ, ու ամենն էլ խմելիս՝ մեկ մեկ խոսք էին ասում։ Շատի ասածն էս էր․ «Օրհնյա՜ ի տեր․ Աստված կարգիդ հաստատ պահի՛, քո աղոթքը մեր գլխիցն անպակաս ըլի՛։ Տանուտե՛ր, սա՛ղ ըլիս, տանուտեր, քո շվաքը մեր գլխին ղայիմ դադըմի ըլի, միրզամ Աստված որդիքդ պահի։ Ավետի՛ք՝ քո որդու կարմիրը կապե՛նք։ Հավասարական սաղ ըլի՛ք, ուրախ»։ Էսպես ով որ խմում էր, ամենին՝ ջոկ ջոկ մեկ բան պիտեր ասիլ։

Վերջը հացն էլ քաշեցին։ Ամենի առաջին էրկու էրկու լոշ, մեկ մեկ կտոր պանիր քցեցին։ Կողակի նալբաքիքը ամեն տեղ շարած էր։ Կերակըրներն էլ մեկը սինով բերում էր, ու մյուսը՝ թևերը, փեշերը վեր քաշած էրկուսին մեկ աման էր տալիս։ «Տո լերդս կպավ՝ է՜ բերանս հո ցամաքեցավ, էդ զահրըմարը մի ա՛ծա, տեսնի՛նք, ինչ համ ունի, կողակի թիքեն բկիս դեմ ա ընկել։ Մեզ հո սպանելու չե՛ք բերել»։ Ձեն տվին էստեղանց, էնդեղանց քեթխուդեքը, որ գինին շուտով ածեն։ Լսողը չի՛ իմանա՝ թե Հայաստանցիք շատ գինի խմող են։ Աստված ո՛չ անի, էս պակասությունը չունին՝ որ էլած չէլածը խմչքի տան, ամա տեղն ընկած վախտը գինու տիրոչ ջանին մունաթ, է՛նքան են խմում, որ էլ սև ու կարմիրը չեն կարում ջոկիլ։

Տոլուն՝ որ էրկու ստաքան կտաներ՝ էլի սֆթա տերտերին դեմ արեց հաց քցող տղեն, նա էլ է՛լի իր օրհնությունը տվեց ու թասը կոնձեց, ետո մյուսներին տվեց։ Էսպես բոլեր հացի ժամանակը մեկն էլա ինքը չէ՛ր իր գինին ածում, խմում, տոլբչին էր էս ղուլուղն անում, ու էն էլ՝ մեկ թասով՝ որ ընչանք վերջին մարդին էր հասնում, սրա թուքն էր ցամաքում, վերի նստողի բողազը։ Կենաց խմիլ մմիլ՝ Էրեվանումն ադաթ չի՛։ Ամա ինչքան որ խմի, մարդ պետք է նստողներին ամենին մեկ խոսք ասի։ Ընչանք ա՝ որ բեինդ տաքանա, թեկուզ ուշունց էլ տաս, ո՞վ կհասկանա։ Սովորական կերակուրն էլ սրանք են, բոզբաշ կամ քուֆթա, տոլմա, խորոված կամ խաշած ձուկը, փլավ՝ գառան մսով, մորթած հավ, ու ոչխարի խորոված՝ որ հենց էնտեղ բուխարումը տաք տաք խորովում ու շատ անգամ հենց շամփրով են իրար թավազա անում։ Բազի անգամ[99] էստեղանց, էնդեղանց տոլըչու բերանն էլ էին թիքա դնում ու իր տված թասը իրան խմացնում։

Էս տեսակ մեկ քանի տոլու խմեցին թե չէ, քեֆըները չաղացավ, դամաղները տաքացավ, շունը տերը կորցրեց։ Կրչոնց Վիրապն էլ հո էնտեղ էր, էլ ի՞նչն էր պակաս, սազն էլ հետն էր բերել, նրա ձենը լսողը հայիլ մայիլ էր ըլում։ Սազը քոքեց, քյալեին զլեց, հա՛ կաց ու քեֆ արա՛։ Պատերը դրմրդրմբում էին․ գետինը դրնգդրնգում էր․ օճորքը տեղըհան էր ըլում։ Նրա ձենը մարդի քյալլումն էր ցցվում։ [100]Հինգ սհաթվա ճամփից նրա սասը լսվում էր, էնպես զոռբա ձեն ուներ։ «Փի՛ր օլսան, փի՛ր, ջանում սան․ ի՞նչ կըլեր՝ որ քո մերը քեզ նման մեկ հինգն էլ էր բերել։ Աչքիդ ղուրբան ըլիմ, ասա՛, բերանդ ապրի՛»․ հազար տեղից ձեն էին տալիս մեր պարոն քեդխուդեքը՝ գլխըները տմբտմբացնելով, զկռտալով։ Շատի բերնի ջուրը գնում էր։ Շատ անգամ՝ քեֆը քոք ժամանակին՝ տերտերն էլ իր ձենի հունարն էր ուզում նշանց տա, ու կամ Վիրաբի հետ էր գոռում, կամ «Երևեցավ խնկաբերիցն» էր ասում, ամա էնպես մեկ մխոտ, ճոթռած, ճղլանի քացախած, ձենով՝ որ մարդի շեռը որ վազում էր։ Քեդխուդեքը հո մաջալ չէին տալիս, ինչ բերանները գալիս էր՝ հենց քյոնդալանա ասում, զռում էին։ Խեղճ սազանդարի ասածն էլ էին խարաբ անում։ Ամենը հո ամենը իլլահիմ մեր թրքաբերան տանուտերը, անատամ ռեխը որ բաց չէ՛ր անում, պատերը դողում էին, կատվները ցեթ էին քցում, հավերը դռանը՝ իրանց տիրոնչ ձենը ճանաչելով՝ բակումը ջերգով կանգնած՝ կռկռում էին, կչկչում էին։ Ֆորթերը, եզները, ձին, տավարը՝ ուրախությունից ուզում էին՝ թե կապըները կտրատեն։ Էշը զռում էր, գոմեշը տռլնգում, էծը մկկում, կովը բառանչում, ֆորթերը բղավում։ Որը ցռում էր, որը շռում, որը կվում, որը թրքում, որը ֆստացնում, որը փստացնում, որը բզբզացնում, որը վզզացնում։ Մեկ թիքով մեղրել էին իրանց տիրոչը, հերիք չէր, ուզում էին՝ որ մեկ էլ գան, հենց միրքի մեջ տեղը՝ մեկ թազա թազա վեր դնեն, մյուս բաները չեմ ուզում ասիլ, շատ ամոթ ա։ Ախր բերաններին՝ որ էնպես զոռ էին տալիս՝ դու տե՛ս թե ետևների հալն ի՞նչ կըլեր։ Դարման կերած տավար, գարի կերած ձի։ Մեկը հազում էր կամ փռշտում[101] թե չէ, հինգը նրա ջուղաբը տալիս էին։ Խուլասա, ի՛նչ գլուխ ցավացնեմ, էսպես նազրախանի ու մուզիկի ձեն՝ շահի դռանն էլ չէր լսված։ Բայց գինու տակռին դալար մնա, էս թոփ ու թոփխանեն, էս զարբազանը՝ մեկին էլ ա քյար չէ՛ր անում։ Շատի՝ հենց բռնես՝ քեֆը գալիս էր։ Բայց ամեն սհաթ հո մեկ չի՛ ըլիլ, ու հենց ում ուժն ասես՝ տերտերին ա հաղթում։ Էս խեղճը[102] հենց շարքյասեն ձեռն առավ թե չէ՝ օրհնեց, պռծավ, հենց պռնկին դրեց ու էն էր ուզում, որ մաքրազարդի, էշն էն կողմիցը էնպես մեկ թունդ տրաքեց՝ որ տերտերի՝ էլած չէլած խելքը գլխցը թռավ, շշկլեց, գինու կեսը կատիկը թռավ, կեսը միրքին թափվեց ու ուզում էր՝ որ թասն էլա չի կոտրի, ձախու ձեռը վրա բերեց սաստիկ՝ որ բռնի, էնպես խփեց տանտրոչ գլխին, որ փափախը կրակն ընկավ, ու տասն ատամի մինն էլ՝ փորը։ Թե ուրիշ վախտ էր էլել՝ ես գիտեմ՝ թե տանուտերը ինչպես նրա միրքի մազերը մին մին կպոկեր, ամա էս սհաթին որ գլխին էլ շռեիր, մեկ բան չէ՛ր իմանալ։ «Լավ հարաքյաթ ես անում հա՛, տերտեր ջան՝ է՜հ․ ի՞նչ անենք, բարիկենդան օրեր ա, խելքըներս կորել ա։ Դու սա՛ղ ըլիս, ա՜յ տղա ա՛ծա, Վիրաբ ջան՝ մեկ լավ զլի՛ ձենդ։ Խմե՛նք, քե՛ֆ անենք, ո՞վ ա[103] խաբար՝ թե էքուց մեր գլխին ի՞նչ կգա։ Գյոռն չաթլասն՝ տերտեր ջան՝ գյոռն, էդ չալ միրուքդ ուտեմ, որ մի սիրտըս կշտանա, ինչ կըլի». ասում էր ու տերտերի ուսերին վեր հատում։ Էսպես դինջ, իրանց քեֆն արամիշ էին անում մեր պարոն քեդխուդեքը ու հազար բաբաթ նաղլ, մասալա իրար ասում։ Վաղուց էին կշտացել, հաց չէին հո ուտում, փոքր մազա էին անում, գինի խմում, որ ետո դուս գան, իրանց տղերքանց ջիրիդին թամաշա անեն։

Արեգակն էկել՝ երկնքի մեջ տեղը բռնել էր։ Օրվան փուշը քիչ մի կոտրվել էր։ Սար ու ձոր փլփլում էին։ Էս հադաղին ով որ Քանաքեռ մտներ, հենց կիմաներ՝ թե հազար տուն կա էնտեղ։ Հենց կիմանար՝ թե էս գեղըցիքը աշխարքի տերն են, ո՛չ դարդ ունին, ո՛չ ղասաֆաթ, ամեն մեկը հազար[104] թումանի տեր ա։ Ինչքան տղամարդիք, ջահել տղերք կային[105] տներիցը դուս էին էկել՝ ռահաթ խալխը՝ որ կտրներին էին նստել՝ քեֆ անում, որը ձեռնաբռնուկ էին արել, պար էին գալիս, որը խաղ ասում։ Էստեղ զուռնեն էր փչում, էնտեղ ճժալախտի էին խաղում, մյուս տեղ էլ փահլեվանները կոխ էին պռծնում, մանր տղերքն էլ կամ ձնաթոփի էին խաղում, կամ աչքակապուկ։ Թափի, զուռնի ձենը, հարայ հրոցը աշխարք էր վեր կալել։ Աղասին էլ՝ իր թաբունը եդևին քցած՝ քեֆն արել, պռծել էր, էկավ մեկ տասը ձիավորով գեղի միջիցն անց կացավ, որ գնա կալերի դզումը, ջաղացների մոտին՝ իր հունարը նշանց տա, չունքի գեղամիջին էնպես դուզ տեղ չկա։ Յարաղ ասպապը կապած, թվանքն ուսին, թուրը գոտկիցը կախ, ջուխտ փշտովը ու ղամեն կոխկումը, մովի փոխանը[106], զառ կապեն հաքին, գյուլբանդի աղլուխը ճտին, նուղայի գտակը գլխին՝ է՛նպես կոտրել աջու անկաջի վրա էր ծռել, որ հենց գիտենաս՝ թագավորի որդի ա գալիս։ Մտիկ անողի խելքը գնում էր։ Նրան տեսան թե չէ՛, սկսեցին նրա խաղն ասիլ ու ածիլ։ «Աղասի ջա՛ն՝ գլխիդ ղուրբան, էս թասը խմենք քո արևսադաղին, մեր գլխիցը ո՛չ պակսիս․ գնա՛, մենք էլ էս ա, կգանք», ամեն կողմից ձեն տվեց խալխը ու Աղասու թասը խմեց։ Նա էլ՝ ով որ իրան էսպես պատիվ էր նշանց տալիս, գդակով էր անում, քաղցր երեսոք գլուխ տալիս, ու անց կենում։

Հեռվանց պարզ երևում էր՝ թե ի՛նչ ղիամաթ էր անում նա։ Ձիու անկաջը մտած՝ է՛նպես էր քշում՝ որ հենց գիտենաս՝ թևավոր ղուշ ըլի։ Շատ անգամ ջիրիդը[107] շպռտում, ձին չափ էր քցում, ու գնում բռնում։ Շատ անգամ գետնին էր խփում, ու ծուլ էլած ժամանակը՝ բռնում։ Շատ անգամ էլ գետնին վեր ընկած տեղիցն էլ, ձիուցը կռանում, բարձրացնում էր։ Ընկերներին ղիմիշ չանելով՝ ջիրիդը որ քցում էր, հենց գտակին էր խփում, որ զիան չի դիպչի։ Շատ անգամ թամքի միջումն կաղնած էր չափ քցում։ Աչք պետք է ըլեր, որ նրա ռաշդությունը տեսներ։ «Ջա՛նում սան, ջա՛նմ, Աղասի, քո մերը մեկ հատ ա բերել քեզանից, հազար տարի անց կենա, քեզ նման մեկն էլ՝ բհամ չի գալ», ասում էին թամաշաչիքը ու խնդում, ուրախանում, ծափ տալիս։

Հանկարծ էս քեֆի[108] միջումն՝ հենց բռնես՝ մեկ ամպ[109] պոռաց, կամ երկիրը շարժեց, կամ թոփի թոփխանի ձեն էկավ․ «տա՛րան, տա՛րան, աստվածասերք մոտ էկե՛ք, քոմակ արե՛ք, տունս կոխե՛ցին․․․ քանդե՛ցին... Աչքիս լիսը հանում են․․․ Աստված, ե՛րկինք․․․ գե՛տինք․․․ էս ի՞նչ կրակ ա․․․ Էս ի՞նչ զուլում ա․․․ Վա՜յ աչքս դուս գա․․․ Վա՜յ ումբրս խավարի․․․ էս ի՞նչ եմ տեսնում․․․ Ձեր թուրը կոտրվի․․․ Ձեր էկած ճամփեն փուշ ու տատասկ դառնա․․․ Վա՜յ իմ ըմբրիս, արևիս․․․ ո՞ր ջուրն ընկնիմ․․․ Գետինն էլ չի պատռում, որ մեզ կուլ տա․․․ Էրեխիս տարա՛ն․․․ Քոմակ արե՛ք․․․ Աստված՝ յարաղանդ քոռանա․․․ Էս ի՛նչ կրակ ա՝ որ մեզ մեջն էս քցել․․․ Հարա՜յ, դա՜տ, ամա՜ն․․․ Ե՛րկինք՝ մեկ փուլ արի, մեզ տակովդ ա՛րա․․․ ինչ կըլի․․․ Ձեր փափախը ձեր գլխին խռով կենա, ինչ տղամարթիք էք, տո մեկ ձեռն էլա հասցրեք՝ է՜․․․ Թաքոյի ջան, գլխիդ մատաղ գնամ․․․ Անումիդ մեռնիմ, երեսս ոտիդ տա՛կը՝ Թաքոյի ջան․․․ Էդ չախմուր աչքերիդ ղուրբան՝ ազիզ ջան․․․ Աչքի լսի պես մեծացրի՝ որ է՞դ տեղն ընկնի՜ս․․․ Թող ինձ սպանե՜ն․․․ Էդ թուրը թո՛ղ իմ սրտիս դիպչի․․․ Թո՛ղ հոգիս քո ոտիդ տակին տամ, էն վախտը ուր տանում են, քեզ տանին»։ Էս կսկծալի ձենի հետ լավ պարզ լսվում էր, որ մեկ տղամարդ թուրքերեն խոսում, բարկանում էր, որ ձենները կտրեն․ «Սասըն քյա՛ս, ղանղախպա, քյոփագ ուշաղի, էլա ինզի բու սհաթդա դառնն, երթարամ։ Նա՞դր ջինգյանալդ, Սարդար բույրուփ դր, գյարյաք ղզն ափաբախ՝ հատընգզ նա՞դր»։ (Ձենդ կտրիր, ղա՛նխախպա, շան որթի, հենց էս սհաթին փորդ կճղեմ։ Ջինգյանությունն ի՞նչ ա, Սարդարի հրաման ա, պետք է ձեր աղջիկը տանինք, ինչ կարողություն ունիք)։

Խալխի[110] գլխին ջուր մաղվեցավ։ Ամենն էլ իմացան՝ թե ի՜նչ խաբար ա։ Սարդարի ֆառաշներն էկել էին՝ որ աղչիկ քաշեն։ Բարիկենդանը սուգ դառավ։ Էրեխեքը լալով, դողալով տուն փախան, կնանիքը դռները կոխպեցին՝ ու շիրախանի կարասների տակին, կամ վերնատներումը տափ կացան։ Հենց բռնես գեղը բիրադի քանդվեցավ։ Տղամարդքերանց՝ որը որ վախլուկ էր, գլուխն առավ, կորավ, որը մի քիչ սիրտը պինդ ուներ, զարզանդելով, դողդոդալով՝ մոտ էկավ, չէ՛ թե օգնություն անի, այլ տեսնի թե՝ ի՞նչ մարդիք են էկողները, ինչպե՞ս են տանում խեղճ ջրատար աղչկանը։ Ռանգ մռանգները թռած, սփրթնած մեռելի պես էկան ու տան բաշին շարվեցին։ Շատի լեզուն բերնումը շաղվել էր։ Շատի լերդը ու թոքը ջուր էր կտրվել։ Շատի պռոշները ահու ու դարդու պատռել, արինը գնում էր։ Լավ ուզում էին՝ որ քոմակ անեն, լավ ուզում էին՝ իրանց էլած չէլածը տան, ու խեղճ եսրին ազատեն, բայց ո՞ւմ ձեռիցը մեկ բան կգար։ Սարդարն էր հրամայել, ո՞վ էր կարող, որ ձեռք վրա բերի։ Թե մեկ ծպտոն էին հանել, հենց էն սհաթը տուն ու տեղը կրակ կտային, ու իրան էլ թոփի բերնին կըդնեին, կըքցեին։ Աստված ո՛չ շհանց տա, անօրենի ձեռքը իմ դուշմանս չընկնի։ Մարդ՝ ո՞ր հողը տա գլխին, ի՜նչ ուզում են, էն են անում։ Դատաստան չկա, իրավունք չկա։ Ու Հայ ազգն էլ՝ էնքան էսպես ցավեր տեսել էր, մեկ օր խօսքըմին չէին ըլում, որ իրանց գլուխն ազատեն։ Աղչիկն ասես՝ քաշում էին, տղեն ասես՝ տանում էին, թուրքացնում, հավատից հանում։ Ո՛չ տունն էր իրանցը, ո՛չ մալը, ո՛չ ապրանքը, ո՛չ իրանց ջանը։ Զարմանալուն է՛ս ա՝ որ էսպես կրակի, զուլում մեջը, էլի նրանց աչքը ուրախություն էր գալիս։

Էսպես, ինչպես որ ասեցի, հարյուր մարդ ավել՝ կանգնել, պատի ծերիցը մտիկ էր տալիս։ Սուգ ու շիվան աշխարքն առել էր։ Ֆառաշները (ծառայք Սարդարին) կատաղել, փրփրել էին, շատ անգամ թվանքները դեմ արին, որ խալխին խփեն, որ քաշվին, բայց էլի հուշտ էլած ոչխարի պես՝ եդ էին փախչում, էլի գալիս, մտիկ տալիս։ Խեղճ ողորմելի մերը հո՝ էլ քար չէ՛ր մնացել, որ գլխին չի՛ տա. էլ հող չէ՛ր մնացել, որ վրեն չածի։ Ֆորթը կորած կովի պես՝ մեկ դես էր վազում, մեկ դեն։ Էնքան ծընկներին, գլխին խփել, հարայ էր տվել, լաց էր էլել, մազերը[111] պռճոկել, երեսը ճոթռել՝ կտրատել, որ էլ ո՛չ աչքումը լիս էր մնացել, ո՛չ ջանումը թաղաթ, ո՛չ բերնումը լեզու։ Ձենը հենց փորն ընկած, ոտին գլխին էր անում, ինքն իրան ջարթում, գլուխը քարեքար տալիս, յա ֆառաշների ոտներն էր ընկնում, սուրութմիշ ըլում, յա ձեռներն էր բռնում՝ որ թուրը խլի, յա թե չէ՝ սրանք էլ որ դոշին խփում, դեն էին քցում,[112] քիչ էր մնացել, որ նրա աղիքը[113] վեր ածեն, ընկնում էր ջուխտ ձեռով աղջկա ճտովն, ու էլ թեկուզ քացով էին խփում[114] գլխին, թեկուզ դմբզով (մուշտով), ղամշով (մաթրախ) կամ թվանքի ոռքով, պոկ չէ՛ր գալիս։ Ուզում էր փորը ճղի, էլի եդ իր բերած զավակին ներս տանի։ «Թաքոյի ջան՝ էս ի՞նչ ա, քու հարսանըքի պարն եմ գալի՞ս։ Փեսեն ո՞ւր ա, տերտերն ընչի՞ համար չի՛ գալիս։ Հինեդ ո՞ւր ա, բերե՛ք՝ որ աղչկանս ձեռները կարմրացնեմ։ Թափ ու զուռնեն ընչի՞ չի ածում․․․ Ղոնաղնե՛ր՝ ի՞նչ էք կտրին պարապ կաղնել, ձեռներդ ծոցներդ դրել․․․ Ինձ չէ՛ք սիրո՞ւմ... Պա՛ր էկեք․․․ Հարսանքավորը էդպես կըկաղնի, թամաշա կանի՞․․․ Խարջն իմն ա, հո ձեր քիսիցը չի՛ գնում։ Կերե՛ք, քե՛ֆ արեք։ Մեկ աղչիկ ունիմ, որ աչքիս լսի հետ չեմ փոխիլ, նրա խաթրն է՞լ չունիք, որ մեկ ուրախություն անեք։ Հա՜, քնած ե՞մ, թե զարթուն, թե գլուխս վրես չի։ Բաժինքը հազիր ա, չէ՛, չէ՛, փեսեն հո Թիֆլիզ գնաց․․․ Էսպես շուտով չէ՛ր կարալ եդ դառնա․․․ Սրանք ո՞ւր են էկել։ Թուրքը հո Հայի հացը չի ուտիլ․․․ Հա՜․․․ հա՜․․․ Հըմիկ իմացա՝ մեր ճանաչներն են՝ էկել են՝ որ էրեխիս հարսանիքը, ուրախությունը տեսնին․․․ Լա՛ց մի ըլիլ՝ երեսիդ մեռնիմ․․․ Թաքոյի ջան, ջանս, հոգիս մատաղ․․․ Քանի որ գլխիդ սաղ եմ, ո՞վ հաղդ ունի, որ քո մի մազին էլա դիպչի։ Մազերդ ոսկեթել՝ Թագոյի ջան, ունքերդ ոսկե վարաղ քաշած, որդի ջան․․․ Օրօրոցիդ մատաղ գնամ․․․ Թագոյի ջան․․․ Վարդի պես բաց էլած, մանիշակի պես փնջած, իմ արև, իմ կյանք, իմ լիս, իմ թաք ու պարծանք՝ որդի ջան․․․ Աչքերդ բաց արա, աչքերիդ ղուրբան ըլիմ․․․ Բերանդ բա՛ց արա, էդ քո աննման, վարթահամ բերնիդ մեռնիմ։ Քո պառավ մորն է՞դպես ես սիրում․․․ Է՞դպես ես իմ սիրտը շահում․․․ Թե ամաչում ես՝ ասեմ որ հեռանան, ա՜յ մարդիք՝ հեռացե՛ք, կորե՛ք, իմ աղչկա աչքին մե՛ք էրևալ։ Բան ու գործ չունի՞ք․ գնացե՛ք ձեր տունը, հո էստեղ մեյմոն չեն պար ածում, որ էդպես կիտվել էք։ Ի՞նչ անամոթ մարդիք էք տո՝ ձեզ չե՞մ ասում։ Քառացե՞լ էք։ Արի՛ գնանք տուն, իքին՝ անումիդ մեռնիմ։ Ծառերը ծաղկել են, քո ծաղիկ էրեսին ղուրբան։ Դաշտերը կանաչել են, քու կանաչ արևիդ մատաղ գնամ»։

Ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը թողամ, մարդի սիրտը կրակ ա ընկնում, երբ խեղճ մոր[115] ամեն մեկ ասածն ու արածը միտքն[116] ա բերում։ Ով որթի ա մեծացրել, նա լավ կիմանա, մոր սիրտը, լեզուն ինչ կարող ա սրտի ամեն մեկ կսկիծը, ամեն մեկ յարեն բառով պատմիլ։ Ողորմելի մերը էսպես խելքը կորցրել, չէ՛ր իմանում թե ի՞նչ էր ասում, Թուրքերն էլ՝ տասը հատ՝ թվով էն անօրեն տեղըներովն էլ, ղորդ ա, բարկանում, հարբա էին գալիս, ամա մոր էս մորմոքվիլը տեսնելով՝ սիրտները մի քիչ գութ ընկավ, իրանք էլ էին գիտում, որ մոր հմար ծանր ա, հավն իր ձագը չի՛ կորցնում, կատուն իր լագոտին մուղայիթ ա կենում, ո՞ւր մնա մարդը, իրանք էլ մնացել էին մոլորված․ ամա Սարդարի հրամանն էր, չտանեին, գլխըները կթռցնեին, յա աչքըները կհանեին։ Ճարըները կտրվեց, խոսքը մին արին, որ մորն էլ աղչկա հետ տանին Սարդարի դուռը, իրանք պարտքի տակիցը դուս գան, և եդո ի՞նչ կուզենան, անեն։ Նոքարներին հրամայեցին, որ ձիանները թամքեն։ Յարաղ ասպապ քցեցին, թուրըները կապեցին, ու կամաց կամաց մոտ էկան, որ աղչկանն ու մորն էլ վերցնեն։

Թագոյին, աշխարքի աչք Թագոյին, երկնքի տակին, գետնի էրեսին անթառամ ծաղիկ Թագոյին, իմ դրախտ, մանիշակ Թագոյին։ Ի՞նչ լեզու պետք է ըլի, որ նրա գովասանությունը պատմի։ Շարմաղ, լուսաթաթախ էրեսը, որ արեգակի պես լիս էր տալիս, ու վարդի պես փայլում, դառել էր սպիտակ քաթան։ Էն երկնանման աչքերը, որ տեսնողի հոգին վառում, կրակում էր, ընկել էր խոր,[117] փակվել ու կուլ գնացել։ Թագոյին, ջիվան Թագոյին, մորը մեկ Թագոյին՝ որ հրեշտակի նման՝ ում մեկ նայում էր, հոգին անմահական խնդությունով լցվում էր, սառել, փեդացել, անշունչ, անլեզու մնացել էր ընկած, երեսը երկինքը կթած, հենց գիտես՝ թե հոգին՝ էլ էս աշխարքումը չի, հրեշտակաց մեջն ա համբարձել։ Նրա թուխ թուխ ունքերը, նրա չալ չալ աչքերը, նրա նռնահատ թշերը, նրա բարակ բարակ՝ ղալամով քաշած պռոշները, նրա լուսեղեն ճակատը, նրա մարմարի նման նուրբ քիթը, նրա աղավնու լեզուն, նրա ոսկե ցնցուղ բուգը, բոլոր բոլոր սառել, սպռթնել էր։ Հենց շեմիցը դուս քաշելիս, նա մի քիչ սուգ ու շիվան[118] արեց, էն էլ էնպես՝ որ մարդ չիմանա, հավի պես թռպրտաց, ու ձենը փորն ընկավ։ Շլինքը ծռվել, թուլացել, գլուխն շեմի էս կողմն էր մնացել, մարմինը է՛ն կողմը։[119] Ոսկեթել մազերի կեսը մնացել էր, իր անմեղ դոշն[120] ու երեսը ծածկի, կեսը էնպես գետնի վրա փռվել քաշ ընկել էր։ Նազուք ձեռների մեկը[121] սրտի վրա էր[122] թուլացած, ընկած, մեկն էլ[123] հողի վրա էր չորացած տարածված։ Տամարը[124] ցամաքել էր, շունչը կտրվել։ Բաս ի՞նչ կլեր որ էսպես չէր էլել։ Մինչև էն հադաղը նրա անկաջը՝ մեկ թթու խոսք չէ՛ր լսել, նրա աչքը՝ մեկ դառն օր չէ՛ր տեսել, նրա երեսը՝ մեկ կոշտ զրից չէ՛ր[125] էկել։ Վարդի պես մեծացել, մանիշակի նման ծաղկել էր։ Ոտը դեռ քարի չէր առել։ Տասնը հինգ տարին հասել էր՝ դեռ անմեղ հոգին աշխարքիցը մեկ բան էլա չէր խաբար։ Նրա թայդաշ աղչկերքը դռներին, կտրներին էին ման գալիս, նա ծունկը մոր ծնկանը կպցրած, յա կար էր անում, յա քարգահ,[126] յա իրանց տանն ու դռանը մտիկ տալիս։ Ղուշը գլխովն անց կենալիս, կարմրատակած, շունչը բերնին՝ տուն էր վազում, որ իր շվաքը օքմին չտեսնի։ Մոր մեկ մատը փուշ ըլելիս, ուզում էր հոգին հանի, իրան տա։ Աղքատ տեսնելիս՝ բերնի թիքեն հանում էր, իրան էր տալիս։ Բաղն էլ՝ էն վախտն էր գնում, որ մութ ու ծեքը դեռ չէ՛ր բաժանված ըլում, բաղիցն էլ՝ է՛ն վախտն էր եդ դառնում, որ մութը գետինն առած, ոտը քաշված խաղա<ղա>ծ էր ըլում։ Նրան մտիկ անողը՝ պետք էր ծառի, կամ պատի տակին տափ կենար՝ որ նրա սուրբ երեսը տեսներ, նրա աչքի լուսովն հայիլ մայիլ մնար։ Ծաղկներն էլ՝ հենց իմանաս՝ նրա ոտի հոտն առնելիս, ուրախանում, փչչում էին։ Ղշերն էլ նրա երեսը տեսնելիս, հենց բռնի՛ր, նոր հոգի էին առնում, գլխները թևերի տակիցն բարձրացնում, ճխում, ճչում, թևերին խփում, ծափ[127] տալիս։ Ձեռը գառան գլուխը քսելիս, հենց գիտես՝ էս անմեղ հայվանն էլ էր իմանում, թե հրեշտակի ձեռք ա իրան դիպչում և ո՛չ մարդի։ Մի քիչ մոտիցը պակսելիս՝ ձենը մարդի սիրտ էր էրում, էնպես էր բղղում։ Շատ անգամ նրա փափուկ ծնկան վրա էր քնում, նրա ազնիվ ձեռիցն[128] խոտ ուտում։ Որտեղ նրա ձեռքը դիպչում էր, մեկը հազար էր դառնում։ Մանիշակների վրեն, վարդերի տակին կամ մեկ քչքչան առվի մոտ՝ շատ անգամ էն սուրբ երեսը դրած, քնած էր ըլում, որ մերը գալիս, կամ ծածկում էր ուսուլով՝ որ չմրսի, կամ գոգն էր դնում, որ էլի դինջ քնի, կամ թե չէ՝ թե որ վախտն էր ըլում, վեր էր կացնում, որ տուն քաշվին։ Շատ անգամ վարդի փունջը մեկ ձեռին, մանիշակինը մյուս, աչքը որ բաց էր անում, էնպես գիտես՝ թե սար, ու ձոր, ծառ ու թուփ խոտ ու ծաղիկ նրան էին[129] մաթ[130] մնացել, նրա շունչն են ուզում, որ ծծեն, զորանան, դալարին։ [131]Հովը մազերին դիպչելիս՝ էլ չէ՛ր ուզում որ առաջ փչի, հենց նրա գլխովն էր պտտում, սլսլում։ Վարդի վրա էրեսը կռացնելիս, ուզում էր որ բարձրանա, նրա շունչը քաշի, նրա պատկերի ռանկը գողանա, խլի, որ դհա գեղեցիկ, դհա հոտավետ երևի։ Շատ անգամ հենց իմանում էր՝ թե հրեշտակներն են իր հետ խոսում, իրան ձեն տալիս, երբ մենակ ժամանակի՝ սկսում էր ինքն իրան խաղ ասիլ։

Ա՜խ, ո՞ր մեկն ասեմ, ամեն մեկ շարժմունքը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ մտիկ տալը, նրա ամեն մեկ ծիծաղը[132] հրաշք էր։ Է՛ն լուսակոլոլ աչքերը, է՛ն խնկան ծաղիկ պռոշները՝ որ չէր բաց անում, մարդ ուզում էր[133] էլ ո՛չ ուտի, էլ ո՛չ խմի, հենց նրան մտիկ տա, նրա չինարի բոյին թամաշ անի, նրա ոտի տակին[134] հոգին տա, նրա ձեռիցն իր մահն առնի։ Էս երկնային հրեշտակն, էս անմեղ գառն էր էս հադաղին է՛ն գազանների ձեռքը։ Ի՞նչ քարացած սիրտ պետք է ըլի, որ նրան տեսնելիս, կամ նրա պատմությունը լսելիս՝ գլխին կրակ չի՛ վառվի։ Ո՞ր մեր՝ էս հադաղին թուրը չէ՛ր առնիլ, ու ջիգյարը ցցիլ։ Ո՞ր հարևան կամ անցավոր նրա է՛ն լուսեղեն երեսին նայելիս՝[135] աչքին հուփ չէր տալ, որ լացը գա, սիրտը հովանա։ Ամա մեր գեղըցի խեղճ խալխը է՛նքան էին էսպես բան տեսել, որ արտասունքներն էլ էր ցամաքել, աչքների լիսն էլ փչացել։

Հենց էն ա ֆառաշները տեսնելով՝ որ մեր ու աղչիկ դարդի ձեռիցը նղղեցան, էլ ձեն, շունչ չէին տալիս, լավ համարեցին, որ էսպես թուլացած տանին, որ էլ շատ ինջըմիշ չլին, չչարչարվին։ Էրկուսը ձիու վրա նստել, տեղ էին բաց անում, որ մեկը մորը խտտի,[136] մյուսը աղչկանը, ու մտքներումը մտածում էին, որ իրանց բանը լավ գլուխ բերին, մեկ թուր պսպղաց, ու ֆառաշի մեկի գլուխը գետնի վրա ընկավ սկսեց ղլվլացնիլ, բլբլացնիլ, պար գալ, դեռ սա ձենը չէ՛ր կտրել՝ որ էն մեկինն էլ նրա մոտ[137] գնաց։ «Աղասի ջան՝ մեր տունը քանդեցիր, Աղասի ձեռդ քեզ քաշիր, քու խեղճ հալևոր հորը խնայիր, որդով, տանով, տեղով եսիր կերթանք, մի՛ անիր, մի՛ ըլիր, ջա՛նմ, գյոզմ, քու ջիվան ջանիդ ղադր արա՛։ Աստված, էս ի՞նչ զուլում էր, որ մեր գլխին էկավ։ Ո՜վ սուրբ Գեորգ՝ ո՜վ սուրբ Կարապետ՝ դուք մեզ քոմակ հասե՜ք։ Տղե՛րք, կորե՛ք, կորե՛ք, որ ձեր իզն ու թոզը ըստեղ չերևա։ Տո հասե՛ք մի տանդրոչ մոտ, գինին գլխին զահրմար ըլի, շան փա՛յ ըլի․ աշխարքս արյան ծով ա դառել, մեր ախմախ իշխանքը նստել, քեֆ են անում։ Քեֆն էլ գլխըներիդ հարամ ըլի, խաչ ու ավետարանն էլ։ Տնա՛քանդներ՝ մեկ աշխարքի դարդիցն խաբար առեք՝ է՜․․․

Տո Մկրտի՛չ հասի՛ր, հասի՛ր, վազի՛ր, թև ա՛ռ, թռի՛, մարաքեն քանի կենում ա, չաղանում ա, էս սհաթս կգան, մեզ կըտանին, բերդը կածեն։ Աղա՛սի, Աղա՛սի, քառանաս ո՛չ Աղասի, էդ շներիցը գլուխդ ա՛ռ, կորի՛, էդ ի՞նչ արիր՝ Տնո՛վ քանդված»։

Բայց թոփ ու նազրախանա էլ որ ածեին, Աղասին չէ՛ր իմանալ, ղորթ ա որ քառացել էր, էլ ո՛չ անկաջն էր իրանը, ո՛չ կյանքը, բայց խելքն ու ձեռը լավ էին իմանում՝ թե ի՞նչ բանի վրա են։ Արինն աչքերը կալած ռաշիդ երիտասարդը հենց էսպես բանի էր ման գալիս, որ իր ձեռի ղվաթը, իր թրի հունարը շհանց տա։ Էլ թուրը որ օրվա համար են կապում։ Ջիրիդատեղիցը վարավուրդ արեց՝ որ աշխարքը բոլոր անսասացավ։ «Ա՜յ տղե՛րք՝ էս տեղ մեկ բան կա», ասեց ու թռավ։ Նրան տեսան թե չէ, ձևռով, գտակով արին՝ որ հեռանա, բայց շունչը բերնին դեմ էր առել, չէ՛ր էլ մաջալ անում՝ թե տեսնի, թվանքը լիքն ա, թե դարտակ։ Առյուծի պես ներս ընկավ[138] հսկա երիտասարդը, ճամփին անկաջովն էր ընկել՝ թե ի՞նչ խաբար ա։ Էրկուսի գլուխը սրփելեն եդև, մյուսներն ուզեցան՝ որ թուր հանեն, «Աթան գյոռնի սիրիմ՝ սզա քի՞մ յոլլուփ դր» (Ձեր հոր գյոռը էսպես անեմ, ձեզ ո՞վ ա ղրկել), ասեց, ու թուրը պլոկած՝ ներս ընկավ, մեկի ուսը վեր բերեց, մյուսին էլ ղամով ադիք մաղիքը տրորեց, էն վեցը տեսան՝ որ էլ ճար չկա, ձիանը նի էլան ու փախան։

«Արի՛, երեսիդ մեռնիմ՝ Թաքոյի ջան՝ աչքդ բաց արա՝ աչքերի՛դ ղուրբան, Աղասին մեռած՝ ոսկոռները փթած պետք է ըլեին, որ քո սիրուն մազին մեկը մատով ձեռը տար։ Վայ իմ աչքին ու արևին՝ ինչպես փեդացել, սառել ա։ Թաքոյի ջա՛ն»՝ ասում էր[139] քնքուշ երիտասարդը՝ գլխին տալիս՝ արտասունքը աչքերիցը քուլա քուլա վեր էր թափում։ Գնացին ջուր բերելու։ Նա ձեռները խաչել, ինքն էլ փետացել՝ մնացել էր կանգնած։ Մոտանար, չէ՛ր սիրտ անում, խտտել, ձեռները ճմռել, անկաջումը ձեն տալ, երեսին ձեռը խփել, բոլոր, բոլոր չէ՛ր կարելի, չունքի Թագոյին կույս էր, ուրիշ մարդի աղչիկ էր։ Մորն էր մտիկ անում, մերը չէ՛ր ձեն տալիս, դուրսն էր նայում,[140] սատկած լաշերի դժոխային կերպարանքներն էին աչքովն ընկնում, էլ ինս, ջինս, իսան չէ՛ր էրևում, ամենն էլ փախել, սարերով, ձորերով էին ընկել՝ որ իրանց գլուխը պրծացնեն։ Շների վնգվնգոցը, կընձկնձոցը, աքլորների կանչոցը, հենց իմանաս՝ իրան ասում ըլեին ցավելով․ «ինչ արիր, արիր, գլուխդ ա՛ռ, կորի գնա՛ Փամբակ, Թիֆլիզ, էս երկրումը քո արևը մեր մտավ, քո օրը խավարեցավ, քո ճրագն հանգավ, թոփի բերանն ա քու ջանը, քանի որ ոտը խաղաղ ա, քանի ջիլավդ ձեռիդ ա, քանի բերնումդ շունչ կա, գլխիդ ճարը տես։ Մնաս էլ, ձեր տունը բոլոր սուրը պետք է քաշեն, գնաս էլ, էն բաբաթ, քեզ էլ ա ճար արա։ Քո հերը քեզանից ղայրու էլ զավակ չունի, նրա օջախի ծուխը մի՛ կտրիր, ձեռներդ արընոտ արիր, Սարդարի ֆառաշներին ես սպանել՝ տո անիսավ, մեկ միտք արա է՜լ։ Դրանց արյունը քեզանից կուզեն, սրանց տերերը հմիկ կատաղել, փրփրել, իրանց միսն ուտում կըլին, ի՞նչ ես փետացել, կաղնել։ էլ ո՞ր օրին ես մտիկ տալիս, քյահլան ձին տակիդ, յարաղ ասպաբը վրեդ, մեկ կտոր հաց՝ որտեղ ըլի, որ չճարես։

Հենց իմանաս՝ դժոխքն առաջին բաց էր էլել։ Հազար գլխանի դիվան ատամները կրճտացնում, զարհուրելի ձենով խնդում, ծիծաղում, ժնգժնգացնում, չանգըները սրում, հազրում, կրակը, բոցը չաղ ըլեին անում, որ նրան էրեն, խորովեն, կտրատեն, թիքա թիքա անեն, իրանց փայ շինեն։ Հազար կպրե կարաս, հազար օձ ու կարիճ՝ բերանները բաց արած՝ նրան էին մնում՝ որ քրքրեն, կուլ տան, մարսեն։ Դեռ աչքը էս սարսափելի քնիցը չբաց արած, էնպես էր էրևում՝ թե Սարդարի ջալլաթները (դահիճ) կռները վեր քաշած, արինն աչքըները կոխած, թրերը սրած գալիս էին՝ որ իրան տանին։ Թոփչին թոփն էր սրփում, հազրում, գյուլլաչին՝ գյուլլեն էր ջոկում, մոտ բերում, հեր, մեր, ազգական, դովում, ղարդաշ, երլու, անցվորական՝ հեռու տեղից գոռում, վա՜յ, հարայ էին տալիս, գլխըներին, ծնկներին խփում, ծեծվում, ջարթվում, իրան անունը տալիս ու սուք անում։

«Աղասի ջա՛ն՝ մեկ թո՛ւր էլ ինձ խփի, թո՛ղ քո ձեռը ինձ սպանի, թո՛ղ քու ոտի տակին հոգիս տամ, թո՛ղ քո ձեռովն իմ մահս առնիմ, սիպտակ մազս քեղ փիանդազ՝ Աղա՛սի ջան՝ քանի աչքումս դեռ լիս կա, քանի բերնումս շունչ, ոտդ բերնիս դի՛ր, թուրդ սիրտս խրիր, ինձ մահ տո՛ւր․ թո՛ղ գնա՛մ կորչի՛մ, եդո ի՞նչ կուզես, արա՛»։ Մեկ հալևոր ոտի տակն էր ընկել, երեսը գետնին ծեծում, գլխի մազերը ճպռում, ու վախտ վախտ Աղասու ծնգներովը[141] փաթաթվում։ Աստվածասեր կարթացողներ՝ էլ ինչ ասիլ հարկավոր ա․ դուք էլ էք իմանում՝ որ էս խեղճ, տարաբախտ հալևորը Աղասու ողորմելի հերն էր։ Հենց խաբար տանողը լեղապատառ, լեզուն կպած՝ տուն ընկավ ու գլուխը ծեծելով ձեն տվեց․ «Տո ձեր տո՛ւնը չքանդվի, գեղը կոխեցին, տարա՛ն, Աթոյենց աղչիկը քաշեցին, Աղասին արնի միջումը ծըփծփում ա, ֆառաշները, Սարդարի ղլերը (ծառայք) կրակ են վեր ածում» և այլն, ինչպես որ մեկ թոփի տրաքոց կամ սաստիկ ամպի ձեն՝ մեկ ձորի միջի խփում ա, ու քարափները դղրդում, թնդում, մարդի ականջներ խլացնում, մի քիչ ժամանակ շշմացնում են, ու գլուխդ սկսում ա դժժալ, պտիտ գալ, աչքերդ սևանում, մութ ու խավար քեզ կոխում, խելքդ թռչում, մնում ես քարի պես կանգնած, ոտքդ ու ձեռքդ թուլանում, ջանդ սրսռում ա, ու լեզուդ կպչում, էլ չե՛ս իմանում, թե ո՞ւր ես, երկրո՞ւմը թե դժոխքումը, էն[142] հանքին Աղասու հոր ոսկերքը սարսափեցան, է՛ն հանքին ուշ ու միտքը թռավ, մնաց սառած, փետացած, աչքերը քցեց է՛ս կողմն, է՞ն կողմն։ Ծերությունը ջանն առած, մի ոտը հողի էրեսին, մի ոտը գերեզմանումը, աշխարքի էրեսին էն մեկ պտուղն ուներ, էն մեկ զավակն[143], նրան մտիկ տալիս, հենց իմանում էր՝ թե աշխարքի թագավորն էլ ա ինքը, շահն էլ։ Նրան ջիրիդ խաղալիս տեսնելիս՝ հենց իմանում էր՝ թե ոտը գետնիցը կտրվել ա, թև ա առել, թռչում[144]։ Ծերությունն էլ էր մոռանում, մահն էլ, դժոխքն էլ, արքայությունն էլ։ Էնպես էր կարծում՝ թե նոր ա ծնվել, ճխում, ճչում, ոտին, ձեռին էր անում՝ ինչպես ութ տարեկան տղա։ Նրա անունը որ տալիս էին՝ լերդի ծերը խաղում էր, ուրախությունիցը սիրտն ուզում էր պատռի։ Ամեն մեկ նրա աչքերին պաչ անելիս, ամեն մեկ խտիտն առնելիս, հենց գիտում էր՝ լիս ա վեր գալիս գլխին, պատերը վարդ են դառել, դաշտերը՝ ծաղիկ։ Նրա ճակատին մտիկ տալիս, նրա բոյն ու սուրաթը աչքովն ընկնելիս՝[145] նրա հմար արեգակն էր բաց ըլում, ուզում էր սիրտը ճղի ու նրան մեջը դնի։ Էն հասակը հասել էր, նա նրան մեկ չոռ չէ՛ր ասել, չէր ասել՝ թե աչքիդ վերևն ունք կա, յա՝ ծուխը քեզ։ Ջանն էլ որ ուզել էր, թասիր չէ՛ր անիլ։ Հոգին էլ որ հանել էր, ձեն չէ՛ր տալ, գլուխը պտի ծախեր, ու նրա մուրազը կատարեր։ Խանի, բեկի մոտ գնալիս՝ նա իր որդուն էնպես էր զարթարած դուս բերում, որ ամենի աչքն էլ մնում էր սառած։ Սարդարն էլ էր տեսել նրա տղի կտրչությունը, ղոչաղությունը, ձեռի հունարը[146], նրա զոռը, նրա քաջությունն ու դրնկությունը։ Շատ անգամ Սարդարի առաջին՝ ազիզ օրերը, ինչքան ջիրիդ խաղացող կային, պատածակն էր կոխում, հետ էր ածում։ Փահլևանները նրա անունը լսելիս զրզնդում, դող էին ընկնում։ Նա մեյդան դուս գալիս՝ աշխարքի բերանը բաց էր մնում։ Մեկն էլա սիրտ չէ՛ր անում, որ նրան մոտանա։ Բերթումը շատ անգամ հանաքիվեր՝ ոչխարի տեղ, եզ, ուղտ էին բերում՝ որ բալքի կարենան, նրան մեկ օր ամաչացնիլ, շատ անգամ թուրը փոխում էին, որ բալքի չի՛ կտրի, ու մնա ամոթով։ Բայց մեկ խփելով՝ գլուխն էս կողմն էր թռչում, լաշն էն։

«Հա՛յիֆ, հա՛յիֆ՝ քի էրմանի սան (ափսոս, ափսոս՝ որ Հայ ես)», շատ անգամ Սարդարը գլուխը պտտելով ասում էր, «թե որ թուրք էիր էլել, խանաթյուն պետք էր քեզ տված»։ Կռվի միջումը՝ էն գյուլլի ու կրակի թեժ ժամանակին՝ նետի պես արձակվում էր, ասլանի պես՝ որին էս կողմը, որին է՛ն կողմը ջախըփուրթ անում, թիքա թիքա անում, զիմա զիմա տալիս ու օսմանցու մազերիցը բռնած՝ քաշ քաշ անելով հետը սուրութմիշ անում, բերում Սարդարի առաջին կանգնացնում։ «Ասլա՛ն բալասի» (ասլանի ճուտ), Սարդարը ձեն էր տալիս ու ճակատին պաչ անում, «ի՞նչ կըլեր որ քեզանից մեկ հինգն էլ ունենայի,[147] քո մոր մեջքը կոտրվի՛, ընչի չէր քեզանից մեկ չորսն էլ բերում, ա՛ֆարիմ, բարաքյալա, էրեսդ պարզ կենա՛, քեզանից շա՛տ ունենամ»։ Ֆորս գնալիս՝ առաջ նրա գյուլլեն պետք է վեր քցեր։ Խաներ, բեկեր մնացել էին նրա սուրաթի, նրա լեն թիկունքի վրա զարմացած, հիացած։ Շատ անգամ հանաքըվեր խոսք էին քցում՝ թե որ թուրքանա, բեկություն, խանություն կտան նրան։ Մուլք էին խոստանում, ռըհաթ, մալ, դոլվա թ, աղչիկ էին ասում՝ կըտանք, բայց նա է՛ն կաթը չէ՛ր կերել՝ որ իր սուրբ հավատն ուրանա, փուչ աշխարքիս մալին, դոլվաթին թամահ անի։ «Իմ ցամաք[148] հացը լավ աշեմ ինձ համար, քանց ձեր ղաբլու փլավը։ Իմ տերտերի մեկ մուռտառ մազը՝ հազար ձեր մոլլի ու ախունդի հետ չեմ փոխիլ։ Գութան[149] վարե իմ հավատովը, ցանք անեմ, բահի տամ, լավ ա, քանց խան,[150] բեկ դառնամ, աշխարքի տեր ու ըլիմ, ու իմ օրենքն ուրանամ»։ Թուրը Սարդարն էր բաշխել, թվանքը Ջավաթ խանը, ձին Նազի խանը։ Նոր էլ Հայոց սարվազի նայիբությունը նրան էին տվել։ Ա՜խ՝ ո՞րն ասեմ՝ մեկ Աղասի էր, մեկ քյուլ Երևան, ո՛վ ասես՝ նրա անունովն էր[151] օրթում ուտում, ով ասես՝ նրա արևովն էր խնդում, նրա գլխովն էր ուզում պտիտ գա։

«Էս ո՞ւր եմ․․․ քնա՞ծ եմ, զարթո՞ւն եմ, էրազո՞ւմ եմ, օ՜, օ՜հ, օ՜հ․․․ արյան ծովն է՞ս ա, որ ասում են։ Սկսեց ողորմելի ծերունին էսպես իրան իրան խոսալ, երբ առաջի տաքությունն անց կացավ, ու թմբրություն էկավ վրեն։ Դժոխքի տարտարոսն է՞ս ա, որ պատմում են․․․ իսրի պուճախն է՞ն ա․․․ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ․․․ վա՜յ ինձ․․․ միսս սրսռում ա․․․ աչքս խավարում ա․․․ չանգալ ա՝ որ հազրում են, մանգաղ ա՝ որ սրում․․․ շիշ ա, որ կայծակին ա տալիս․․․ Աստված՝ քո փառքդ շա՛տ․․․ էլ ընչի մեզ ստեղծեցիր․․․ որ էս կրակի մեջը պետք է էրեիր․․․ Երանի՛ նրան՝ որ մոր փորիցը դուս չի՛ էկել․․․ Էս ի՞նչ եմ տեսնում, Արարիչ Աստված։ Հրե՛ն խորովում են․․․․ հրե՛ն միսը կտրատում են․․․ Ամա՜ն․․․ ամա՜․․․ ամա՜ն․․․ գլուխ առե՛ք, կորե՛ք․․․ Շատ գինի խմողի փորն են ճղում․․․ Փիս խոսողի, բամբասողի, խաբարբզանի, տուն քանդողի՝ լեզուն են բողազիցը դուս ճոթռում, էրում, տապակում․․․ Շատ փող սիրողի ջանին մանեթներ ա՝ որ կրակիցը հանում են, ջանին կպցնում․․․ կաշառք ուտողի միսը՝ քյալփաթնով պոկում են, բերանն են տալիս․․․ Վատ ճամփի ման էկողի, գողի, բոզի գլխըներին հալած արճիճ են ածում․․․[152] տաքացրած շամփրներ[153] սրտըները[154] [155]կոխում, ու էրում, փոթոթում․․․ Մեկ տեղ վնգվնգում են, մեկ տեղ թնգթնգում, մեկ տեղ վլվլում են, մեկ տեղ թլթլում․․․ Մեկի էրեսիցը՝ քրտնքի տեղ՝ կայծակ ա վեր թափում, մեկի բերնիցը կրակ, բոց ա դուս գալիս, իրան էրում․․․ Կայծակը մեկ կողմիցն ա խփում, ամպը մյուս տեղից[156] գոռում․․․ Երկինք, աստղեր, արեգակ, լուսին՝ կորել, խավարել են․․․ էնպես պատկերներ են առաջս գալիս, որ մեկի լեզուն[157] կրակած թուր ա, մյուսի ձեռը օձ,[158] մեկի աչքիցը՝ կրակ ա թափում, մեկի քթիցն ծուխ[159] վեր ըլում․․․ Աստված՝ էս ո՞ւր տարան ինձ․․․ Էս ո՞վ բերեց ինձ էստեղ․․․ Աշխարքի վերջը հո չի՞ հասել․․․ էրեկ չէ՞ր՝ որ էլով, գյունով, նստած քե՛ֆ էինք անում․․․ Քոմա՛կ արեք, օգտեցե՛ք, Աստծու խաթեր, ի սեր Քրիստոսի, հրես գալիս են՝ որ ինձ էլ տանին․․․ Աղա՛սի ջան՝ ո՞ւր ես․ էդ ղոչաղ ձեռդ մի հասցրո՛ւ է՜, անումի՛դ մեռնիմ․․․ էլ քո հորը ո՞ր օրը պետք է քոմակ անես»․․․

Որդու անումը անկաջն ընկավ թե չէ, հենց բռնես՝ կայծակը խփեց, ջանը մեկ թափ տվեց, սասանմիշ էլավ, աչքը բաց արեց, տեսավ որ բոլորը մտաց ցնորք էր, ո՛չ դժոխք կար, ո՛չ կրակ, էլի էն սուփրեն էր, էլի էն հացը, բայց ղոնաղների շատը հեռացել, տերտերը ավետարանը նրա գլխին էր դրել, աչքը երկինքը քցել, սաղմոս էր ասում, աղոթք էր անում, վրեն խաչ[160] հանում, ու մարմանդ արտասունքը սրբում, հեկեկում։

«Տե՛րտեր ջան, դու ե՞ս․ ձեռդ մի տո՛ւր համբուրեմ, ա՛ջիդ մատաղ գնամ, ուխա՜յ․․․ Սիրտս հովացավ, ջանս տեղն ընկավ, հլա մեկ քանի տարի էլ ումուդ ունի՛մ, որ քո աղոթքովն[161] ապրիմ, էս ի՞նչ էր տո՜․․․ Ուզում էին ինձ սաղ սաղ դժոխքը տանին․․․ դեռ Աղասուս էրեսը չպաչած, դեռ կնկանս ու հարսիս օրհնություն չտված, ո՞ւր կերթամ։ Տղերքն ո՞ւր են, Վիրաբն ո՞ւր ա, խի՛ստ էք ձենըներդ կտրել, հա՜յ յասսա՛րներ՝ էլի ֆռսանդ են ճարել, ինձ քնած թողել, իրանք դուս գնացել՝ որ յալլի տան (պար գան)։ Տեսնո՞ւմ ես՝ էս հարամզադեքն ի՞նչ են բերում իմ գլուխը։ Ասենք ծերացել եմ, ոտներս չի՛ պար գան, հո մեկ թևերս էլա կբարձրացնեմ, ծափ կտամ, հետըները քեֆ կանեմ։ Ծերության էրեսին նալաթ, ո՛վ ասես,[162] ծերի դնչին էլ չի մտիկ տալիս։ Գի՛նի ածա, խմե՛նք, տերտեր ջա՛ն՝ դժոխքն էլ քանդվի, աշխարքն էլ, մենք քանի աչքըներումս լիս կա, քեֆ անենք»։

Ծեր մարդը՝ ղորդ ա՝ ցավի է՛նքան չի՛ դիմանալ, չունքի կենդանական զորությունը հատած է, էլ է՛ն արինը, էլ էն սիրտը չունի, ամա ցավն էլ շուտով կմոռանա, չունքի ջիգյարն էնքան տաք չի՛, միտքն էն կարողությունը չունի, որ բանը երկար պահի։ Առաջի բոցն՝ որ անց կացավ, թմբրությունիցն զգաստացավ, էլ մտքումը բան չէ՛ր մնացել։ Հենց իմանում էր՝ թե գինու զորությունն ա նրան հաղթել, թուլացրել, կրակի աաքությունը գըլխին դիպել, քնացրել[163]։ Աչքը որ բաց չարեց, էն սարսափելի էրազն էլ՝ որ տեսել էր, հենց իմանում էր ողորմելին՝ թե նո՛ր ա էկել աշխարք, նո՛ր ա ծնել, ուզում էր՝ որ ինչ ունի չունի տա, թաքըլի մեկ քանի տարի էլ ումբր ունենա, աշխարքի սերը վայելի, էնպես, ինչպես որ մեկ մարդ՝ մեկ սարսափելի էրազ տեսնի, իրան սպանում ըլին, թշնամիք ըլին չորս կողմը փակած՝ որ գլուխը կտրեն, ի՞նչ սրտով տեղիցը վե՛րկըթռչի ու էրեսին խաչ կհանի, որ էլի իրանց տանն ա, իր յորղան դոշակի միջին պարկած,[164] է՛ս հանքին էր հենց նրա հալը։ Ուզում էր՝ որ դուս թռչի, պատեր, դռներ լիզի, հարս՝ էրեխա, դոսթ, դուշման դոշին քաշի, համբուրի, սիրի, հոգին նրանց տա, որ քանի էս աշխարքումն են՝ իրար հետ լավ ապրին, իրար սիրեն, աշխարքի բարին վայելեն՝ որ էլ էն աշխարքումը մուրազները պակաս չմնա,[165] էլ աչքըները էս կողմը չունենան։ Բաղ, հանդ, սար, ձոր, տուն, ապրանք, մալ, դոլվաթ, ծառ, ծաղիկ, որ միտքն էր ընկնում, որ տեսնում էր՝ թե էլի իր ձեռին են, էլի[166] բաց աչքով նրանց մտիկ էր տալիս, էլի նրանց հոտն ու համն էր առնում,[167] ուզում էր՝ որ քարերն էլ լիզի սրտի սիրուն, հողն էլ։ Ուզում էր՝ բոլորի առաջին չոքի, ծունդր դնի, մատաղ անի, իր օրումը էն սրտով ժամ չէ՛ր մտած, իր օրումը է՛նպես ջերմեռանդ աղոթք չէ՛ր արած, էրեսին էնպես հավատով խաչ չէ՛ր հանել, տերտերի ձեռն էնպես տաք տաք չէ՛ր համբուրել,[168] երկնքին, գետնին, աշխարքին էնպես քաղցր աչքով չէ՛ր մտիկ տված, էնպես հոգին չէ՛ր փառավորված, ինչպես էս սհաթին։ Հենց գիտում էր՝ թե աշխարքս դրախտ ա, մարդիքը հրեշտակ են, էլ մեկ վատ միտք, մեկ փիս խորհուրդ նրա սրտումը չէին մնացել։ Էլ ո՞վ կտար նրա մտքումը բարկություն, չարություն, նախանձ, ատելություն, չկամություն, բախլություն, բոլորը՝ բոլորը ջնջվել, փչացել էին։ Հիմիկ էր իմանում՝ թե ժամ[169] գնալն ի՞նչ ա, աղոթքն ընչի՞ համար,[170] պատարագի զորությունն ի՞նչ[171]։ Արարիչ իմ՝ մարդ՝ որ մտածի՝ թե քանի օր, քանի տարի կյանք ունենք, թե Աստված մեզ ստեղծել ա, որ օր քաշենք, իր բարությունը վայելենք, թե մեր աչքն ա, մեկ բուռը հողը, մեր տեղն ա, էրկու գազ կամ ոտնափոխ գերեզմանը, թե մեր առաջին էլ կա էն օրը՝ որ է՛ս հիանալի երկնքի պայծառ դեմը, է՛ս սիրուն երկրի ծաղկազարդ սարերն ու ձորերը՝ մեր աչքիցը պետք է փակվին։ Խոր, սառը, մութը գետնի տակին մսըներս որդունք, ոսկոռներս փոշի պետք է դառնան, ու ո՞վ ա խաբար, թե որ աթրաֆի տակն, ո՞ր երկրի պուճախն ընկնի, էլի ասում եմ, ու աչքերիցս արտասունքը թափում ա, ջանս փշաքաղ ըլում։ Որ մտածենք՝ թե է՛ս անկաջը՝ որ չար բանի էնպես քաղցր դեմ ենք անում, մեկ օր պետք է խլանա. էս աչքը՝ որ չի ուզում՝ թե ուրշի աչքումն էլ փոքր լիս[172] տեսնի, մեկ օր պետք է քոռանա, կիրանա, փչվի, է՛ս լեզուն, որ օձի պես օրը հազարին կծում ու յաղու ա տալիս, մեկ օր պետք է պապանձվի, չորանա, քրքրվի ու օրթունքի կերակուր դառնա, բաս էլ չարություն մեր մտքովս ա՞նց կկենա։ Բաս չե՞նք ուզենալ՝ որ ամենին պաշտենք, պատվենք, սրբի տեղ գլխներովը պտիտ գանք։ Աչքըներս սովորել ա, սիրտըներս սառել, մտքըներս քարացել։ Ժամ որ գնում ենք, հենց իմանում ենք՝ թե էն ա ամեն բանից պռծանք, պարտքըներս տվինք՝ որ մեկ քանի խաչ հանեցինք էրեսներիս, մեկ քանի ծունդր դրինք, պատարագի էրես տեսանք, պասըներս բաց արինք, սրբություն առանք։ Ինչ ասում են, մեզ համար մեռած ա, մեզ չի՛ ազդում․ չունքի մեր սրտի բառը չի, մեր լեզվի խոսքը։ Ուրըշներն ասում են, մենք էլ անկաջներս կախ արած, աչքըներս ցցած, լսենք, չլսենք, տեսնինք, չտեսնինք, երբ ա մեր սիրտը մեկ օր վառվում, որ[173] իմանանք թե՝ էս ի՞նչ հրաշք ա, որ Աստված ամենաբարին մեզ համար ստեղծել ա, մենք ի՛նչ ենք, որ մեր ասած գոհությունը, փառաբանաթյունը, ծունրը, երկրպագությունը՝ Աստծու սուրբ առաջին ի՞նչ ըլի։ Պետք է մտածենք, ո՞վ ա աղքատ, որ նրան օգնենք, ո՞վ ա հիվանդ՝ որ նրան մխիթարենք, ո՞ւմ են զրկում, գնանք նրան թափենք։ Ո՞ւմ սիրտը նեղացրինք, գնանք էլ եդ հաշտվինք։ Թե սիրտըներս մաղձով, թունով, հազար մեկ դառնությունով լիքը մտնում ենք, լիքը դուս գալիս, էլ ի՞նչ օգուտ մեզ։ Հենց պետք է մեռնինք, որ սիրտըներս թամուզանա՞․ հենց պետք է դժոխքի էրեսը տեսնինք, որ աշխարքիս համն իմանա՞նք։ Հենց պետք է՝ հո՞ղը մտնինք, որ ձեռն ածենք՝ թե յարա՜բ մեկ իսան կըքթնվի, որ էրեսը տեսնինք, լեզվներս նրանց լեզվին առնի, ականջներս նրանց ձենն իմանա։ Ա՜խ՝ մտածի՛ր՝ թե որ հնար[174] ըլեր՝ մեռած վախտդ՝ գերեզմանիդ տակիցը դուս գայիր, էլ է՛ն խելքր, է՛ն զորությունն ունենայիր, որ հիմիկ ունիս, չէի՞ր ուզիլ էն մարդի ոտը համբուրիլ՝ որ գերեզմանիդ մոտովն անց կացավ։ Չէի՞ր ուզիլ էն մարդին խտտես, արտասընքով էրեսը լվանաս, էրեսն էրեսիդ կպցնես, բերանը բերնիդ, փարվիս, էլ դոշիցը պոկ չի՛ գաս՝ որ քեզ մեկ «Աստված հոգին լուսավորի՛» ասեց, կամ գերեզմանիդ վրա մոմ վառեց։ Չէի՞ր ուզիլ, որ էն հողն է՛լ ջուր անես, խմես՝ որ քո սիրուն աչքերդ ծածկել էր, քո ազնիվ պատկերը փչացրել,[175] քո անուշ լեզուն, քո քաղցր շունչը բռնել, պապանձացրել,[176] էն քա՜րն էլ պաշտես, որ քեզ ղայիմ բռնած ուներ։ Բա՜ս հիմիկ ի՞նչ ա էլել, որ խելքդ վրեդ, սիրտդ փորումդ, միտքդ գլխիդ, էդպես բաներ չե՞ս մտածում։ Ախ սիրելի՛՝ երանի թե էս սհաթին իմ սրտումս ըլէիր, ու իմանայիր՝ թե ի՞նչ ծով ա պտիտ գալիս միջումը։ Ձեր էրեսներիցը մեկ օր պետք է զրկվիմ, ձեր քաղցր լեզուն ու ձենը մեկ օր պետք է չլըսեմ, ձեր ազնիվ երեսը մեկ օր պետք է չտեսնիմ, հոգվույս սիրելիք, բարեկամք, սիրեկա՛նք, դո՛սթ, ընկե՛րք, իմ բոլոր պատկերակից[177] մարդիք։ Դուք ինձ գերեզմանը կըդնեք, դուք իմ հոգուս ողորմի կտաք, դուք իմ[178] էրեսիս հող կքցեք, կըլի թե բազընի սիրտը մրմնջա, կըլի թե բազինն էլ մեկ կաթ արտասունքի ինձ արժանի համարի, բայց ա՜խ, լեզուս պապանձվում ա՝ որ միտք եմ անում, ձեռներս թուլանում... ա՜խ՝ մեկ դարդակ շնորհակալություն էլա իմ բերնիցը չէ՛ք կարող լսիլ։ Էլ ի՞նչ եմ անում դժոխքը։ Քանց էս էլ մեծ դժոխք ո՞րը կըլի, որ ձեզանից հեռանամ, ձեր խոսքը չիմանամ, ձեր էրեսը չտեսնիմ։

Էս տեսակ մտածմունք էին մեր խեղճ հալևորի ուշ ու միտքը բռնել, գրավել։ Ուզում էր տերտերի փեշերն էլ համբուրի, էրեսին էր քսում, աչքերին էր քսում, նրա ձեռը[179] իր ծոցն էր տանում, յա բերնին էր դնում ու հոտ քաշում։ Նաչար քահանեն մնացել էր մաթալ՝ թե աչքին էր հուփ տալիս, բերնիցն ու քթիցն էր ծուխ դուս գալիս, թե ձեռը բերնին էր դնում, աչքերն էին իրանց աղի ծովը բաց թողում։ Ասեր, ինչ անց էր կացել, վախում էր՝ թե ողորմելի ծերը գնա, էլ եդ չի՛ գա. թե չէր ասում, ի՞նչպես կըմնար բանը թաքուն, աշխարքը դմբդմբում էր։ Բալքի թե որդին մեռներ, ու հոր աչքը մնար կարոտ, որ մեկ էրեսն էլա տեսնի։ Ի՞նչ աներ, աչքը մնացել էր դռանը, ինքը ղիմիշ չէ՛ր անում, որ ջրատար հալևորի էլած հոգին՝ իր ձեռին դուս գա, սիրտը քրքրվում էր, աղքըները կտրատվում էին, մնացել էր էրկու սրի արանքում, դվորը շարժում էր, իրան էր կտրում։ Օհանե՛ս[180] ջան՝ որդի, վեր կա՛ց, մի քիչ գնանք դուս, ման գանք, էրեսներիս հով դիպչի, ի՞նչ ենք տան պուճախը բռնել, նստել։ Օրը տաքացել ա, հավեն կոտրել,[181] գնա՛նք Աստուծո երեսն էլ մի տեսնինք»,[182] գեջդանգեջ բերանը բաց արեց էրվելով՝ Աստվածահոգի քահանեն, ու տանուտերի գլխին, միրքին պաչ անելով՝[183] ուզում էր մեկ մհանով վեր կացնի, որ բալքի թե դուս գնալիս՝ ձենն անկաջն ընկնի, չիմանա՝ թե ի՞նչ խաբար ա, ուրըշների հետ խառնվի, գնա, իրան աչքովը տեսնի, չունքի որ անկաջի լսածն ուրիշ ա, աչքի տեսածն ուրիշ, ու քանի ցավը հեռու ա, ավելի ա քյար անում, բայց երբ առաջներիս ա, մնում ենք թմբրած, մինչև յարեն իրան իրան սկսում ա կամաց կամաց սզլթալ, մրմնջալ ու եդո, սաղանալ։ «Էս մեկ թասն էլ խմենք, տերտեր ջան՝ եդո ո՞ւր տանում ես, տա՛ր ինձ, այսուհետև քո եսիրն եմ, քո շունն եմ, որ գլուխս կոխես էլ՝ ձեն չեմ տալ։ Ախր Աղասուն էլ էս օր՝ սաղ օրը չեմ տեսել, առավոտը տանիցը դուս ա գնացել, չի էկել, բաս նրա ջիրիդ խաղալը չի՞ պետք է տեսնիմ, բաս նրա աչքերին չի՞ պիտի պաչ անե՜մ։ Առանց նրան՝ կես սհաթ չե՛մ կարալ ապրիլ։ Գնա՛նք, աչքիս վրա, կենդանություն. Աստված կարգիդ հաստատ պահի։ Հենց ասեց․ «Աղասի ջան, գյոզ բալասի (աչքի որդի) էս խմում եմ՝ քո արևսադաղին, արևիդ մեռնիմ[184]»... Հենց բռնես՝[185] մեկ թոփի տրաքեց, դուռն ու փանջարեն ջախըփուրթ արեց[186], դուզ ճակատի մեջտեղին դիպավ[187], ղուղն ու բեյինը տաղթմիշ արավ, է՛նպես քամակի գետնին դիպավ մաշված, չորացած հալևորը ու մնաց մորթած ոչխարի պես սուսը,[188] սասը կտրած, ընկած՝ հենց էն սհաթին որ վեր էր կացել, գտակն ուզում էր գլխին դնի, փետը ձեռն առնի, որ դուս գնա։

«Աղասին ո՞ւր ա... Աղա՛ ջան․․․ Աղասուն տարա՛ն... Գլխիս տե՛ր... Տըններս քանդեցին... Աղա՛ ջան... Օջաղդ խավարացրի՛ն... Իմ սա՛ր ջան... Դո՛ւռդ փակեցին՝ իմ գլո՛ւխ... Աղա՛... ղա... ղա... սի... Աղա՛սի, Աղա՛սի, Աղա՛սի, Աղա՛սի... Հրես էկա՜ն, հրես տանո՜ւմ են... ձեռները կապեցին... Ոտները բխով դրին... Վա՜յ... վա՜յ... վա՜յ... աչքս փորեցին... ո՞ւմ էի մեկ չոռ ասել, որ առաջս էկավ... Գնացե՛ք, հասե՛ք, էն սուրահի բոյին մտիկ արե՛ք... Տեսե՛ք, ինչպես ա ջիրիդ խաղում... Գալիս եմ, գալիս՝ Աղա՛սի ջան... սաբր արա՛, որ մեկ չարսավս քցեմ, գլուխս կապեմ... Տո տնաքանդի աղչիկ... մեկ ձեռներդ էլա բարձրացրու... ի՞նչ ես փեդացել, էդ տեղ կաղնել... վա՜յ... վա՜յ... վա՜յ... ամա՜ն, էրվե՜ցի, խորովե՜ցի... չորանաք դուք ա՜յ ձեռներ... խավարիք դուք՝ ա՜յ աչքե՛ր... Հարսի ջան՝ խաղա՛ է՜... Տո մեկ կռներդ բարձրացրու է՜հ. Վարթի՛թեր ջան, իմ մանիշակ, իմ սմբուլ, իմ ալվան լալա՛զար, իմ խնկան ծաղիկ... Աչքերիդ մեռնիմ... Էրեսի՛դ մատաղ գնամ... Ի՞նչ ես ձեռներդ խաչել... Ի՞նչ ես քեզ ջարթում... Սպանում... Զանգուն մոտիկ ա, մի քիչ կա՛ց՝ Աղասուն ճամփու դնենք... Դեռ նրա հոգին երկինքը չի՛ հասած... մենք նրանից առաջ կերթանք էնտեղ... Դարդ մի անիլ... Անկաջ արա՛, մի Աղասու խաղն ասեմ...

Աղասի ջա՜ն... գ՛լ... խի՜դ՝.. ղո՜ւր... բա՜ն
Դու... ես... մեր... թաքն... ու... պարծանքը...
Թա՜գն էլ գնաց... պարծա՜նքն է՜լ...
Թո՜ւրն էլ գնա՜ց... թվա՜նքն է՜լ...
Տո՜ւնս էլ քանդվե՜ց... պուճա՜խս է՜լ
Աչքս էլ փորվեց... ումբըրս էլ

Աղա՜սի ջան, Աղա՜սի... Տո ջրա՜տար... քա՜նի՝ քնիս. լավ ա՜, լա՜վ... գնա՛ որդուդ տարա՛ն... գնա՛ ջուրն ընկի... մենք էլ էս ա գալիս ենք»։

Էս սհաթին էր՝ որ ողորմելի հերը տասն անգամ գնաց էն դինեն, էլի եդ էկավ... Քանի որ գլուխը վեր էր քաշում, հենց իմանաս՝ էլի թաքրար խփում, նրան անդունդն էին տանում... Ջահել քսան տարեկան հարսն մեկ կողմն էր գլուխը[189] ծեծում, ջարթում, մազերը քրքրում, իր խեղճ պառավ կնիկը մյուս։ Էլ հաքըներին շոր չէր մնացել, էլ էրեսներին սաղ տեղ չկար, բոլոր ճղել, քրքրել էին, արինը՝[190] լաչակ, օշմաղ, ճակատ, դոշ՝ շիլի պես ներկել էր։ Ինչ պստի հարսն էր անում, Աստված ո՛չ շհանց տա։ Բարձր ձենով լար, ամոթ էր... էս պատճառավ սիրտը դհա ավելի էր էրվում, խորովվում... Ուզում էր, դոշը պոկի, գնա բաշնըվեր ընկնի... Առաջին խաբարն՝ որ իմացել էին, նրանք էլ հենց խելքը թռցրածի պես հացատանը որը մեկ պուճախում էր անշունչ մնացել, որը մնուսումն։ Նրանց տեսած էրազներն[191] էլ պակաս սարսափելի չէին... Մորը՝[192] ջիրիդ խաղալիս էնպես էր էրևում՝ թե Աղասու ձին բուդուրմիշ էլավ, վեր ընկավ, հենց էն ա վրա վազեց՝ որ որդուն[193] խտտի, վեր թռավ։ Հարսի աչքին երևում էր՝ թե հարսանիք էր, հարամիք վրա տվին, Աղասին մեկ բոզ ձիու վրա նստած, նրանց առաջ արեց, թրով ծեծելով՝ թոզ ու դումանումը կորավ։ Իր թայդաշ հարսներն[194] ուզում էին՝ որ իրան բռնեն, փեշը թափ տվեց, ուզում էր, որ նրա եդևիցը կորչի, երեսի վրա վեր ընկավ, աչքը բաց արեց, տեսավ, որ տունը գլխին պտտում ա։ Անցկացած բաները որ միտքը[195] չէկավ, էնպես մեկ[196] ծվաց, ծղրտաց, որ ձենը երկինքը հասավ, պատերը զրզնդացին։ Էս ձենի վրա կեսուրն էլ հենց բռնի՛ր՝ հինգ գազ ծուլ[197] էլավ, հենց բռնես, մեկ թուր ջիգյարը խրեցին, հարայ տալով, մազերը[198] պոկելով՝ հարսնի կռնիցը բռնեց դուս թռավ, ու իր կիսամեռ մարդի առաջին թավալ թավալ էր տալիս, գետինը պոկում, գլխին հող ածում, ու նոր մորթած[199] հավի պես՝ որ դեռ քանի արինը տաք ա, ոտն ու էրեսը քարերին էր ծեծումդ ինչպես որ տեսանք։ Ախ՝ ես չե՛մ ուզում բանը երկարացնեմ, թե չէ նրանց արածն ու ասածն լսողի սիրտը կերեն, կփոթոթեն։

Էս ձենի վրա էր ինչպես ասեցի՝ որ մեր անբախտ ծերունին բիրադի վեր թռավ, էլ ո՛չ գտակ, էլ ո՛չ քուրք հարցրեց՝ տանիցը բղղալով, գլուխը ծեծելով՝ միրուքը պոկելով դուս ընկավ, ու հոգին բերնին հասած՝ գլորվելով, տրորվելով, իր որդու ոտի տակին գետնին դիպավ, ու թռպրտում էր։ Ընչանք էն տեղ հասնիլը հարյուր տեղ վեր էր ընկել, հարյուր տեղ ոտն ու ճակատը քարին էր առել,[200] գլխումն ու ջանումը էլ սաղ տեղ չէ՛ր մնացել, հազար քարի էր դիպել ու յարալու փարալու էլել, ձնի նման սիպտակ միրուքը՝ արնի մեջը սառել, չանին էր կպել, ու հիմիկ էլ որդու[201] ոտները լիզում էր, որ մեկ թուր էլ իրան խփի, որ շուտով էս դառն աշխարքիցս պրծնի։


Վա՜յ է՛ն ազգին, որ աշխարքումս անտեր ա, Վա՜յ է՛ն երկրին՝ որ թշնամու գերի ա, Վա՜յ է՛ն խալխին որ ինքն[202] իր կյանքն, աշխարքը Չի՛ պահպանիլ, ու հարամու ձեռ կտա։

Ով որ սարեր կերթա,[203] իրան ֆորսն անի։ Ով որ կուզի,[204] տեղը նստած մուլք դատի,[205] Անտեր ազգին նրա գյուլլեն կդիպչի,[206] Անտեր գլուխն նրա քիսեն կլցնի։

Հավատ, օրենք, տուն, ընտանիք, սրբություն Հողի քարի հետ կքսվին, կփչանան, Թե մեկ ազգ իր ջիլավն, յախեն թշնամուն

Իրան իրան կտա,[207] կմնա անվաթան։

Կատաղած ծովն ի՞նչ կհարցընի լաց, շիվան
Նրա ֆրթնեն (ալիքը) ո՛չ սիրտ ունի, ո՛չ հոգի։
Թե ճար ունիս՝ մի տար նավիդ գլուխն[208] իրան։
[209]Աչքդ թեքեցիր, ծովի տակին կբացվի։

Դառած առջը փնչացնելով դուս պրծավ,
Սարեր,[210] ձորեր սասանում են՝ ձենիցը,
Անմեղ գառը, ո՞ւր ես[211] կանգնել դու անցավ,
Քեզ կըքրքրի, փախի՛ր նրա ձեռիցը։

Դաշտ ու գետին դմբդմբում են, դղրդում
Ամպի գոռոցն աշխարքն[212] իրար գլխով տալիս։
Անցվորական՝ ի՞նչ ես[213] ճամփիդ[214] մխկտում
Գնա՛,[215] էլա, մեկ քարի տակ որ պռծնիս։

Ախ արեգա՛կ, բարի՛ հրեշտակ՝ մե՛ր մտի,
Ի՞նչ ես կանգնել, սիրուն աչքերդ բաց արել։
Հայի համար որ դուս էլ չգաս դու իսկի)
Դարդ չի՛ անիլ։ Վաղուց է նրա աստղը թեքվել։

Թախթ, ապարանք, զենք, զարդարանք[216] փչացան․
Թագավորներ, իշխանք, քաղաքք հողը մտան։
Էլ ո՞վ նրանց էթիմներին խեղճ կըգա։
[217]Մեկ թշնամու սրտումն մըդժգամ Աստված կա՞։

  1. [ձյուն ձենը]
  2. ոտը = ոտ
  3. [էր]
  4. [հանում]
  5. էր
  6. ու, և
  7. [քցել]
  8. [ինչպես]
  9. [ու]
  10. փչելիս
  11. պռունգը = պռունգ
  12. [էր]
  13. [էին]
  14. [էր]
  15. [էր]
  16. [ու]
  17. [երեսները լվացին]
  18. [ու]
  19. [գնացին]
  20. [ու]
  21. [Պստիկ]
  22. քողը = քողերը
  23. [քցած]
  24. [ու]
  25. դուռնէր = դուռը
  26. որը = որն
  27. [վառում]
  28. և =ու
  29. կուժերը դրին ուսին
  30. [ու փոք<ր>, պ<ստիկ> մանր]
  31. [տան]
  32. [էր]
  33. [և]
  34. գնացողներն = գնացողները
  35. տղեն = տղա
  36. [էր<կու>]
  37. [մեկ]
  38. էին = էր
  39. քուչեքումը = քուչեքը
  40. [իրար]
  41. դեսն = դես
  42. կար<թան>
  43. [կո<ծկեի>]
  44. [հազ<ար>]
  45. [հավի ճուտ]
  46. վարդ ա = վարդ էր
  47. էլել = ըլում
  48. [գլ<ուխը>
  49. [թե ի<մանում էին>
  50. [ձե<ռ>]
  51. [մեկ]
  52. տանիցն = տանիցը
  53. <Քո>
  54. [որ]
  55. [կեսուրը մարդիքերը]
  56. [գնաց]
  57. [բանից]
  58. [այ]
  59. Քոտանը = Կոտանը
  60. [փոս<տ>]
  61. ղասաբ = ղազաք
  62. [մի<րուք>]
  63. Փեշն = Փեշերը
  64. [սրբում]
  65. [էր]
  66. [ու]
  67. [էր]
  68. ղոնախ = ղոնաղ
  69. ղհաթ ա էլել = ղհաթ չի էլել
  70. քարի = քարը
  71. [քաշենք]
  72. մազի = մազը
  73. [խաթունն]
  74. [խխեց]
  75. [խառնեց]
  76. [տուն]
  77. [էլ]
  78. քաշեց = քաշում
  79. [տան տիր<ոջ> ջրի]
  80. [է<կավ>]
  81. [մերի]
  82. [բղբղալով = բղղալով]
  83. [ճղճղալով = ճղղալով]
  84. [բաղմա<նչի>]
  85. [ե՞ն]
  86. [դիպչում]
  87. [բա<զկաթան>]
  88. ըլել = էլած
  89. [ինքն]
  90. [էկա<վ>]
  91. [պ<ուճախը>]
  92. [ծլծլում]
  93. օր ա = օրեր ա
  94. կսիր ... րես]
  95. [էկել տ<անուտերը>]
  96. [էնպես]
  97. դուրթմա = դուրթմի
  98. [ամա]
  99. [էլ]
  100. Մեկ
  101. [էր]
  102. [մեկ անգամ]
  103. ով է = ո՞վ ա
  104. [միլիոնի]
  105. [տանիս]
  106. [հաքին]
  107. [քցում ու]
  108. [ժա<մանակ>]
  109. ամպը = ամպ
  110. խալխը = խալխին = խալխի
  111. մազը = մազերը
  112. [չունքի անիծած թուրքի օրենքումը կնիկ արմատի սպանելը օրենք չի՛ եթե ոչ]
  113. [վաղուց կըլեին]
  114. խփին = խփում
  115. [հալը]
  116. [անում]
  117. [ու]
  118. [հավ<ար>]
  119. [Մ<ազերը>, նրա
  120. դոշը = դոշն
  121. [սիրտն ուներ]
  122. <անընթ․>
  123. [գետնի]
  124. տամարն էլ = տամարը
  125. [իմացել]
  126. [անում]
  127. [էին]
  128. [էր]
  129. են = էին
  130. [են]
  131. [Մազերը]
  132. ծիծաղելն էլ = ծիծաղը
  133. [որ]
  134. [մոտ]
  135. [էլ]
  136. [մեկը]
  137. [ըն<կավ>]
  138. [իգիթը]
  139. [կտրիչը]
  140. [մեռելների]
  141. ծնգներիցը = ծնգներովը
  142. էնպես = էն
  143. [ուներ]
  144. թռել = թռչում
  145. [հե<նց>]
  146. հունարի = հունարը
  147. ունեի = ունենայի
  148. ցամաքը = ցամաք
  149. Քութան = գութան
  150. [դառնամ]
  151. էին = էր
  152. [շամ<փրներ>]
  153. շամփրները = շամփրներն = շամփրներ
  154. սրտըներն = սրտըները
  155. [են]
  156. տեղից ա = տեղից
  157. [թ<ուր>]
  158. աձ ա = օձ
  159. [բոց]
  160. [էր]
  161. աղոթքովը = աղոթքովն
  162. [էլ]
  163. [էր]
  164. պարկած = պարկած
  165. [էլի]
  166. [սաղ]
  167. [էր]
  168. [ինչպես]
  169. ժամն = ժամ
  170. համար ա = համար
  171. ինչ ա = ի՞նչ
  172. [ըլի]
  173. [ասե<նք>]
  174. [էլ]
  175. [էր]
  176. [էր]
  177. պատկերակիցք = պատկերակից
  178. ինձ = իմ
  179. ձեռք = ձեռը
  180. Հով<հանես> = Օհանես
  181. կոտրել ա = կոտրել
  182. [ասում էր]
  183. պաչում = պաչ անելով
  184. [ու]
  185. [թե]
  186. [ու]
  187. [ու]
  188. [ու]
  189. գլխին = գլուխը
  190. արյունն = արինը
  191. էրազը = էրազներն
  192. մերը = մորը
  193. որթուն = որդուն
  194. հարսները = հարսներն
  195. միտքն = միտքը
  196. [հարայ տվեց]
  197. ծլունգ = ծուլ
  198. մազերով = մազերը
  199. [կովի]
  200. [ոտ, ու]
  201. որթու = որդու
  202. [իրան]
  203. [որ]
  204. [ուրշի]
  205. [նրա գլխին զուլում, զազար պետք է գա]
  206. նրա էրեսը ոտի տակի կոխ կը մրմնջա
  207. [ու]
  208. [անսասան ինքն]
  209. [պահիր շուտով, ու քարափին մոտացի՛․Վազի գնա։ Պինդ պահի՛ր որ քեզ չկորցնի։
  210. [ու]
  211. [գնում]
  212. աշխարքով = աշխարքն
  213. [մնա<ցել>]
  214. [էլ կանգնում]
  215. [որ մեկ քարի տակ էլա դուս
  216. զարթարանք = զարդարանք
  217. [ղզըլբաշի]