ԵՐԿԻՆՔՆԵՐ


Ծառը կանգնել է հավքի թռիչքում՝
հորիզոններ է ձեւում երազից,
կամաց, անշտապ, առանց հիշեցման,
երկինքը հավքի թեւերն է մտնում։

Հանկարծ տանում եմ մատս շուրթերիս,
շոշափում ցավը չասած բառերի
ու հուրն առաջին ու տաք համբույրի,
որից վառվում է շուրթս մինչ հիմա։

Եվ ես խոսում եմ այժմ նրա հետ,
որ գուցե արդեն ինձ մոռացել է
ու չի էլ կարծում, որ իմ մեջ ինքն է։
Երկինքը հավքի թեւին ծաղկում է։

Հավքը ինձ տաներ, ինձ տաներ իր հետ,
կբողբոջեի ճյուղին երկնքի.
թափուր չմնար թե բույնը ծառին,
էլ ինչո՞ւ պիտի նմանվեր վերքի։

Ծառը կանգնել է հավքի թռիչքում,
հորիզոններ է ձեւում երազից,
կամաց, անշտապ, առանց հիշեցման,
երկինքը հավքի թեւերն է մտնում։