Երկինք ու երկիր
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 105
տ. ― էջ 371, ծ. ― էջ 554

ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ


Իր խոր հայացքով երկինքը մի օր
Ներքև՝ մայր երկրի երեսին նայեց,
Տեսավ գեղեցիկ դաշտեր, սար ու ձոր,
Անտառներ, ծովեր... և սիրահարվեց։
5 Երկիրը՝ թմրած, տխուր, ցրտամեռ,
Հանկարծ սթափվեց գարունքվա կյանքով,
Վառվեցին սրտում հըրեղեն բոցեր,
Եվ շնչեց հազար ծաղկանց բուրմունքով...
Եվ պինդ սիրեցին էսպես իրարու
10 Իրարից բաժան, իրարից հեռու
Երկինք ու երկիր...
Բայց ե՞րբ է սերը արգելք հարցընում.
Հենց որ գալիս է գիշերը հասնում,
Երկինքն աստղազարդ, անհամբեր, ագահ,
15 Իր հազարավոր աչքերը բանում,
Հիացած նայում սիրուհու վըրա,
Մինչև լույս նայում և չի կշտանում։
Եվ աստղ–աչքերը վառ–վառ ցոլանում,
Ընկնում են երկրի կրծքերը ջրային,
20 Որ փրփըրում են, ուռչում, բարձրանում,
Ճգնում են հասնել վեր՝ սիրահարին։
Եվ սիրող երկինքն ավելի վառված,
Գիշերվա բոլոր զուքսով զարդարված,
Փռում է իրեն բոլոր փառքերը,
25 Իր բոլոր տենչերն, այրվող կրքերը,
Վառվում, բորբոքվում,
Փարում է, գգվում...
Եվ երբ չի հասնում իր անհաս սերին,
Լուռ–լուռ ճպում է ցոլուն աչքերին,
30 Ցոլուն աչքերից գիշերվա մթնում
Երկրի երեսին ցողեր են ընկնում,—
Մարգարիտ ցողեր՝ արցունք երկնային...
Իսկ էդ ժամանակ երկիր–սիրուհին
Հազար շրթունքով սարերի ծերից
35 Համբույր է տալիս թխպոտ ամպերին,
Անհուն ծովերից, անթիվ ծովերից
Հազար կրծքերով ձգտում է յարին։
Տանջվում է ուժգին, վառվում է սերը,
Հուզվում են, փրփրում նըրա ջրերը,
40 Սակայն չեն հասնում քնքուշ փափագին,
Ծանըր տնքում են, հեծում մոլեգին...

            Ամպերի տակից,
            Իր մթին գահից
Բոլորը տեսնում լուսինը անքուն
45 Եվ բանաստեղծին պատմում է թաքուն,
Թե ինչպես ծովը գիշերվա մթնում
Ուռցնում է իրեն կուրծքը տարփալի,
Երկինքը հազար աչքերով ժպտում,
Եվ գաղտնի սիրո համբույր է տալի.
50 Եվ իրար համար երգեր են ասում,
Իրար փայփայում, գգվում, արտասվում,
Ինչպես կենդանի, զգայուն մարդիկ...
Եվ բանաստեղծը տխրում է սաստիկ,
Նախանձում է նա, թե ինչո՞ւ չունի
55 Ինքն էլ էն տեսակ մի վեհ սիրուհի։

1894