Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն: Վաղո՜ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ: Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբաղված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայիչ հաճույքով,-ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա:

Ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ -ծանրանում է սրտիս, անողոք -ուտում է սիրտս:

Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:

Հազա՜ր-հազա՜ր տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ: Լինում է, որ ես թերթ եմ կարդում կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու: Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի. մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու: Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդ:-Այսքան կամ այսքան:-Ու մի պահ, հարցական, նայում է ինձ: Եվ, երևակայո՞ւմ եք,-հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից -աչքերի մշուշից -սահում է, ինձ է նայում -նա: Նայում է երկա՜ր-երկար: Ասում է՝ չե՞ս ճանաչում:-Մոռացե՞լ ես,-հարցնում է նա: Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս -վերադառնում եմ տուն:

Երբեմն էլ ես տեսնում եմ նրան... հորս՝ Աբգար աղայի դեղնած, դեղնափայլ... մազերում: Հորս՝ Աբգար աղայի դեղնափայլ մազերից ելնում է նա, հազարամյա -նայում է ինձ: Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա: Ապրում է, աներևույթ մեր ամեն ինչում:

Բայց ո՞վ է կամ ի՞նչ է նա -ահա ամենաէականը: Գուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ե՛ս էլ չգիտեմ: Գիտեմ, որ նա -կա, եղել է և հին է, որպես իմ արյունն է -հին: Կա,- զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,- բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,-կորչում է, դառնում է աներևույթ, ցնդում է, որպես ծուխ կամ ցնորք:

Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներևույթ, կանչում է -ո՞ւր... Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից -կանչում է նա: Ո՞վ է լսում: Ով էլ որ լսում է -շա՞տ բան է հասկանում: Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը -շա՞տ բան եմ հասկացել: Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում: Ինչո՞ւ է կանչում-մտերիմ, կանչում -անվերջ: Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ-սրտով, սիրել նրան:

Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ...

-Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես -Նաիրին: Գուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի ընթերցող: Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես-նաիրցիներս: Ի՞նչ ենք մենք և ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը:

Ամեն, ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,-մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղիս չարախինդ մի հարց.-«Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիրը Նաիրի: Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում: Շոշափել այդ երևույթը -նաիրյանը -սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային... Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին -չկա... Գուցե -հուշ է միայն,-ֆիկցիա, միֆ:-Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն...»:

. . . . . . . . . . . . . . .

Սիրելի ընթերցո՛ղ, թողնում եմ, որ դու... այո, դու - գտնես Նաիրին: Սույն այս իմ պոեմանման վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նաիրցիներ. սիրի՛ր, որին կուզես, գտի՛ր, ում որ սրտում կամ հոգում կամենաս, երկիրը Նաիրի:

Իսկ եթե, բան է, չգտար-ների՛ր, սիրելիս, ես չեմ մեղավորը... Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն -կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ -ոչինչ: Ոչ մի «երկիր Նաիրի» -այլ միայն -մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որ հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասը -և ուրիշ ոչինչ...

Ուրիշ ոչինչ:

. . . . . . . . . . . . . . .

Մնացածը -վեպում:

Ե. Չ. Մոսկվա. 1921. հոկտեմբեր