Երկիր Նաիրի (Վարդան Հակոբյան)

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ


Ես քո լեռների շնչառությունը
զգում եմ, ինչպես
հողում անթեղված կրակի լույսը,
որ քո հոգուց է ավիշը առնում,
ինչպես չմեռնող առասպելներդ,
որ քո ճամփեքի քարերն են հյուսում։

Եվ ապա՝ հաճախ ականջս դնում
ձախ ձեռքիս վրա,
խորասուզվելով ինքս իմ ներսում,
լսում եմ վազքը իմ երակներում
վարարող արյան,
զգում եմ նրա շարժումները տաք
ու երգն եմ լսում...
Եվ նա ձենն է քո, ծառա՜ եմ ձենիդ...
Քարածերպերիդ ծաղկունքը հավերժ
բարձր են լինում թռիչքիդ նման,
անհասանելի,
բայց երազներիս՝ մերձ ու մերձավոր։
Եվ նրա ձայնը
                երկնից է գալիս,
արձագանքում խոր կարոտներիս մեջ...

Արձագանքն ինձ երկարված շող է,
արձագանքն ի վեր գնում-թեւում եմ
եւ իմ թեւերը փոշոտում եմ ես
քո ծաղիկների առէջափոշով,
իմ սիրտս - որպես ծիլը երազիդ -
բուրվառում է միշտ քո ճանապարհին...
Եվ նա ձենն է քո, ծառա՜ եմ ձենիդ...

Որքան էլ՝ հեռվից, ես պարզ տեսնում եմ
քո շեն անտառի
խորքերում ձգված ծառը կարոտի,
                        նրա արմատը
սնվում է վաղուց հող դարձած պապիս
խորհրդով բարի։
Դա միակ ծառն է, ծառը գեղուղեշ,
որ ընձյուղներ է արձակել կապույտ՝
շինելիք բույնիս համար շատ հարմար
եւ իմ ճամփան է պահում ամեն օր -
կանգնած սիրավոր ծառերի շարքում։
- Ո՞վ է սարյակը, - ասում էր պապս, -
ա՛յ, ծիծեռնակը, դա ուրիշ հավք է՝
իր բույնն իր երգով, հոգով է շինում...
Եվ նա ձենն է քո, ծառա՜ եմ ձենիդ...

Միշտ շեն է մնում կարոտս քեզնով,
Իսկ երբ ուզում եմ կարոտ նկարել,
իմ զույգ աչքերով
համբուրում եմ այն ճանապարհները,
որ գալիս քեզ մոտ, վերադառնում են...
Ամառվա մի օր՝ քո գիրկը գալիս,
երբ ինքնաթիռը երկինքդ մտավ,
ինքն իրեն զարթնեց քնած բալիկս
ու ինձ շշնջաց.
- Ինչքան կապու՜յտ է երկինքը, հայրի՛կ,
այսպիսի կապույտ ես դեռ չեմ տեսել...
- Դա քո երկինքն է, որտեղ գույները
հավերժ արթնության ոգով են հունցված։
Որդիս իմ որդին դարձավ կրկնակի։
Եվ նա ձենն է քո, ծառա՜ եմ ձենիդ...