Երկիր Նաիրի Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ես ինչ անուն տամ)

Վարդան Հակոբյան

Խոհ ամանորյա
***

Ես ի՞նչ անուն տամ այս ծառին, ասա՛,
որի տաք սերմը եկել հողի հետ,
արմատ է ձգել ծաղկամանիս մեջ.
արմատով կավը ճեղքում է հիմա՝
վրեժ է առնում
աշխարհի բոլոր ծաղկամաններից։
Անանուն ծառի արմատից խոսեմ...

Դե, ի՞նչ անուն տալ այն ծառին, ասա՛,
որ քար-քռեճից հանել-դրել են
փափուկ հողի մեջ,
                բայց թառամում է՝
նահանջելով իր անցած ճամփեքով,
վերադարձրե՛ք իր քարը նրան։
Անանուն ծառի կարոտից խոսեմ...

Դե, ի՞նչ անուն տալ այն ծառին, ասա՛,
որի շյուղերում, թե քամի դիպավ,
զարթնում է մեկեն Խաչենագետը՝
թանձր խշշոցով։
Եվ ինձ նետում եմ ես այդ... ծառի մեջ՝
դեպի ակունքն իմ լողալու համար։
Անանուն ծառի անունից խոսեմ...