Սիրտս՝ ներսից Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Երկնային ծաղիկ)

Վարդան Հակոբյան

Քեզ վերցնելու եմ
ԵՐԿՆԱՅԻՆ ԾԱՂԻԿ


Լեռը վար բերիր
Երկնքից,
Որ կատարին բուսած
Երկնային ծաղիկը
Պոկես։
Կապույտը փնջել ես ափիդ մեջ։
Գետը
Ետ նետիր դու վարսերիդ նման
Եվ
Կանգնիր աստծո ճամփի մեջտեղում։
Եթե ոչ հիմա, եթե ոչ այսօր,
Եթե ոչ վաղը,
Մի դար,
1000 դար հետո կգա Աստված
(Չշտապես,-
սպասիր),
Կբացի մատներդ, ափիդ մեջ կդնի
Մի հուր
ՈՒ ինքը կգնա,
Ինչքան էլ այրի ձեռքդ՝ չգցես։
Դա սիրո ծաղիկն է բիբլիական,
Իսկականը,
Մնացած ծաղիկները դրա կրկնակներն են։
Քո մազերից մեկը տուր ինձ, գնամ կախվեմ։