Երկրագնդի դաժան պտույտները

Ամենաամառ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Երկրագնդի դաժան պտույտները)

Վարդան Հակոբյան

Մոռացության թանձր
ԵՐԿՐԱԳՆԴԻ ԴԱԺԱՆ ՊՏՈՒՅՏՆԵՐԸ


Աչքերս ցավի ընդերքներում խարխափում են,
իսկ ջարդված երազների վրա հանգչում են
թեւերը
մեռած թռչունների։
Ես ինձ սպանել եմ վաղուց եւ սա սուտ է,
որ դեռ քայլում եմ
ու մեկ-մեկ էլ երեւում եմ աչքիդ։
Բոլոր գետերը, դրանք հուշերի վերադարձն են երկնքից։
Տխուր մարդիկ են միայն երկնքին նայում,
ուր միշտ չէ, որ
կռունկների երամ է լինում։ Ես աշնանն եմ նայում երկնքին։
Ես մի անգամ եմ միայն՝ կռունկների երամը թռչելիս,
մտմտացել ցանկություններս
ու կատարվել են իմ երազներից մեկ-երկու թեւ։
Հիմա քարեր եմ փնտրում, որ իմ նմանակը լինեն գոնե։
                                              Արձանվեմ։
Փնտրում եմ հիշողություններով։
                        Կարմիր պաստառներով մեքենաները
ազդանշաններ են տալիս
փողոցում, երկար իրարախառն, անընկալելիության
                            աստիճան՝ ջղաձգային
(պատերազմը դարանում է, քչերին է հաջողվել
                            հարսանիքի հասնել,
ամեն պարվորի ներսում խորը, շատ խորը
                  պահված սեւ արցունքներ կան)
Եվ հարսանքատանը զուռնան իրեն
ուտում է։ Փչիր, զուռնաչի
ու թող դեմքիդ վրա պրկված երակներից ուռչի
թղթադրամը 5 հազարանոց՝
Անահիտ աստվածուհու պատկերը վրան,
որ լեզվի վրա թացացրել ու ափով ճակատիդ են դաջել
հարսանքավորները՝ խեղ-խելագար պարում։
Դանակը ոչ ոք չի հանելու իմ կրծքից,
ուր, անշուշտ, հետքեր կան աղջկական անկեղծ,
                           չեմ երդվում, շոյանքների։
Խաշամը քշել է քամին ու դեմ է տվել
պուրակի անկյունում
առավոտյան վաղ խմած ու հայացքը դեպի պատը՝
                                          քնած մարդուն...