Մոռացության թանձր ստվերների մեջ հասունանում են
չգիտակցված գիշերվա մեղքերը,
իսկ աղջիկն իր երազների դղյակն ախոռներն է տեղափոխում։
Իշամեղուն խրախճանում է,
եւ ապագան չի տեսնվում, քանզի չկա հայացք։
Սա երանություն է՝ ինքնամոռացության աստիճանի,
սա երջանկություն է՝
սատանայի ձեռքով մատուցվող թույնի քաղցր գավաթ,
որի վրա նկարազարդված են ամենաշքեղ երազանքները։
Իսկ դագաղը - վրան սովորական խաչ է դրված, -
տարուբեր օդում լողում է, ամեն պահի մեջ՝ բացակա,
չունի հանգրվան,
քանզի դագաղում պառկած է բանաստեղծությունը -
գեղեցիկ՝ ճիշտ եւ ճիշտ Աստծո ստեղծած քո
կերպարանքով։
Եվ տեսնել էր պետք, թե դագաղի շուրջ ոնց են իրենց
պատառոտում,
իրենք իրենց երեսները ճանկռոտում՝
անհերթ լացուկոծում հալումաշվող
սատանաները։
(Երբ մեռնում է բանաստեղծությունը, մեղա,
Աստված, մեղա,
ուրեմն՝
աշխարհում մեռնում է ամեն բան, քանզի ի
սկզանե էր բանն)։
Բարձրացրու հայացքդ, Սաթենիկ, նայիր դարձվորող
աչքերին Աստծո,
եւ նորից կծնվի բանաստեղծությունը՝
հրեշտակի թեւերի վրա։