ԵՐԿՐԻ ԱՍՏՂԸ


Եվ քանի միլիոն
                Մարդ ունի հիմա
Այս երկրագունդը: Բայց նորից իրենց
Մենակ են զգում
                Մարդիկ աշխարհում...


Պաբլո Ներուդային
«Չի դադարում Չիլիի հայրենասերների
պայքարը՝ երկրում ժողովրդի իրավունքները
եւ արդարությունը վերականգնելու համար»։
(Թերթերից)

ՆԱԽԵՐԳ

Լեռներն ամեն օր բարձրանում էին։
Եվ նրանց վրա երկինքն ավելի
                                 բարձր էր կանգնում,
Որ մաքուր մնա,
Որ մնա անկեղծ...
                   Իսկ արեգակը՝
Ակունկագուա լեռան կատարից
Ձեռք էր երկարում ծիլ ու ծաղկունքին
Եվ փաթաթվում էր հողի բույրերով։
Եվ մանկանում էր օվկիանի ծափում,
Ժպտում լուսաթով...
                  Բայց ավելի շատ
Սիրում էր սուզվել մանուկների պարզ
Աչքերի խաղում։
Կախվում էր ինչ-որ ժայռի պռունկից
Ու գթությունը փորձում հովերի,
Մինչեւ որ նրանք
Վազք ու սուլոցով իրեն կհասնեն,
Թառում էր նարինջ երկնի մի ծերին
Ու չարաճճի նայում, ծիծաղում։
Նրա ծիծաղը ձուլվում ծաղկունքի
Լույս երազներին,
                 Գույներին՝ հեռվում
Ծիածան կապող պաղ ջրվեժների,
Մի նոր, առնական
Զգեստ էր դառնում լեռների համար։
Խաղաղ օվկիանն էլ
Հոգու խորքերում արարած երգը,
Ալիք առ ալիք
Ափին էր բերում։ «Մենք քիչ ենք այնպես,
Երջանիկ տարի, հայրենակիցներ»...
Եվ հետո երգն այդ երկինքն էր երգում,
Երգում է լույսը առավոտների.-
Աշխարհը երգ ու ժպիտ է դառնում...
Բայց դա անցյալ է։
                 Հիմա՝ լռություն,
Խաբկանք է շուրջը մի համատարած։
Մոլորված մի շող
Ինչ-որ կիթառի լարերի փարվել՝
Ջահել երգչի մատների տեղակ,
Ողբում է ասես,
Ու մի մեղեդի
Ցավ ու մորմոք է մաղում աշխարհին.
«Ապա ես հոգնած՝ շուտով պառկեցի,
Որ վիշտն իմ երկրի
Քուն մտնի ինձ հետ...»։


ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Տխուր էր։ Եվ խաղաղության
                       Միջով գիշերվա
Երգիչ աղբյուրի կարկաչը սահում
Ու ինչ-որ ծաղկի
Արշալույսների գույնն էր ներարկում,
Ներարկում էր բույր...
Մի խաղաղ գիշեր,
                        Մի բյուրեղ աղբյուր,
Եվ այդ աղբյուրի շուրթերին՝ լուսնի
                        Մի մաքուր բաժակ՝
Լցված մաքրացող երգի կապույտով...
Ու հանկարծ
դարի վայրկյանը ծանր
                        Ընկնում քարի պես,
Փշրում է մեկեն բաժակը լուսնի,
Խաղաղությունն է փշրում գիշերվա...
Ու այս ամենը երազ է, իբրեւ...
Քնիր դու, կասկած,
Քնիր դու, Պաբլո,
Կասկածի վրա ծիլեր արձակած,
                        Բեզարած խոհեր,
Քնեցեք դուք էլ...
Տեսնո՞ւմ եք, ահա, պատուհանից դուրս
Երկինքը խաղաղ իր նիրհի մեջ է,
Աստղերը մանկանց օրոցք են փնտրում,
Նրանց երազը զուգելու համար,
Նրանց երազում
Կարմիր խնձորներ դառնալու համար։
Իսկ օվկիանոսի հարթության վրա
Ալիքները խենթ քոթոթների պես
Իրար մեջք ելնում,
Գլորում իրար,
Մռնչալն ասես նոր են սովորում...
Աչք փակիր, գիշեր,
Պաբլո, դու քնիր,
Բայց ինչպե՞ս, արդյոք,
Երբ սիրտը Լանին հրաբխի պես
Ժայթքում է ահա երկնքի դեմքին,
Երբ նենգությունը դարանակալած
Հատել է ուզում երակն արեւի...
Լեռների գրկում ընկած ծովի պես
Շուռ ու մուռ եկավ գիշերն անհանգիստ,
Հառաչեց անքուն,
Մինչեւ լույս օրվա շողերն անդրանիկ
Խայտացին խաղաղ
Ու խտուտ եկան հոգիների մեջ...
... Պարզ առավոտվա վաղորդյան շողով
Լվացեց դեմքը.
                -Բարի առավոտ...
Ու ելավ տնից.
                     -Բարին քեզ, աշխարհ...
Չիլիի կապույտ լեռներում փռված
Կապույտ մի անտառ,
Անտառ հույսերի ու երազների։
                        Կանգնած է կաղնին՝
Իր լայն տարածված ճյուղերով երկինք,
                        Իսկ արմատներով՝
Մայր հողը գրկած...
Կաղնին՝ վեհափառ,
Անտառի կանաչ հավիտենության
Երգը շուրթերին. «Ես - ժողովուրդն եմ»։
Եվ թե շանթ եղավ՝
Ձեռքն է հավաքում,
Իր հետ արեւի բարձունք տանելով
Լույսի, երազի մի ամբողջ անտառ...
... Եվ առավոտը բարի է կարծես
Մանկան սրտի պես,
Մանկան երգի պես լույսը՝ մաքրացող։
Ծավալվեց օրը՝ նման երազի
Իրականության դռները ծեծող,
Թող բացվող օրը
                Հավատով լինի
Ու ծիծաղ բերի լեռների համար,
Խաղաղ օվկիանի խաղաղությունը
Աշխարհին բաշխող
Օրհնություն լինի,
Ազատությունը թեւածի ազատ
                Լեռների վրա.-
(Լեռները իրենց հպարտ են զգում,
                Արծվի թեւի տակ)...
Եվ ազատության թռիչքի համար
Նա երկինք դարձրեց
                Երազները իր
Ու Արեւ դարձավ.-
Թող ցրեմ լույսը
Աշխարհի բոլոր կողմերի վրա,
Թող որ լեռներին ծվարած տունն իմ,
Աշխարհը փոքրիկ,
Իմ շողերի մեջ ծաղկումն իր գտնի,
Սիրահարների սրտից պոկված
Նվագը քաղցր
Ծարաված, կարոտ սրտերին հասնի։
Մի անմեկնելի ցոլանք կար նրա
                        Ժպիտների մեջ,
Կապանքների մեջ անցած մանկության
                        Ջինջ անուրջների,
                        Տենչերի միջով
Կանաչ լույս փռեց հայրենի հողին։
                        Եվ խոհը Նրան
                        Հեռուներ տարավ...
Աչքերի առաջ ծաղկունքով ծփաց
Մի պատառ հողն այն - հողը չիլիական-
Ուր երազներ են հունդերի նման
                        Ցանել հողաբույր,
                        Հեղեղեն մարդիկ՝
Ածխահատները,
Որոնք ածխից էլ սեւ աչքեր ունեն։
Մի պատառիկ հող՝
Հույսի նման տաք...
Ու ծառանում է ճյուղաշատ մի հարց.
-Այս հողը ո՞ւմն է...
Խոհը կնճիռներ ակոսեց դեմքին,
Մռայլվեց մի պահ,
Ապա իր պայծառ հայացքը հառեց
Արեւագուշակ հորիզոններին,
Շշնջաց քաղցր,
                որպես սուրբ պատգամ.
Հողը՝ արմատին,
Որ նրա խոսքը իր էությամբ է
Չափում ամեն օր,
Հողը՝
                Արեւին,
                Ջրին, հողվորին,
                Ծաղիկ ու ծառին,
Եվ նրա սրտում թող ծիլեր նետեն
Ու ծլարձակեն
                Միշտ լավը,
                Բարին...
Ու ծաղկեց այսպես հողը, հայրենին,
Կյանքը օր-օրի
                Գարուն էր հագնում,
Գիր ու տառերը
Թե Կարոտ էին մինչ այդ ու ծարավ,
Դեռ նոր-նոր էին Հագեցում դառնում՝
Ջինջ մանուկների կարոտած հոգում։
Ազատությունը սնվում էր ասես
Նրա աչքերից ու հոգուց բխած
Խինդ ու լույսերով։
Եվ բարձրանում էր լեռների միջով,
Ձգվում աշխարհի խաչուղիներին
Նոր հավատ բերող մի նոր ճանապարհ։
Ճամփորդը՝ փոքրիկ-փոքրիկ մի աշխարհ։
                «Առ սիրտս, երկիր,
                Ուղեցույց դարձրու»...
Բայց հանկարծ...լույսի խավարում եղավ
Ու վանդակ թվաց երկինքը արծվին,
ՈՒ դավը որպես մթության ծովը
                        Նետված մի ուռկան,
Ցանցի մեջ առավ մի կանաչ աշխարհ։
Ցավում է սիրտը, բայց սիրտը... ոչինչ,
Սրտի մեջ մի ողջ
Աշխարհ է ցավում...
«Ես տառապում եմ իմ ժողովրդի
                         Տանջանքով միայն,
Ես ապրում եմ, կամ,
Իմ հայրենիքի խորքերում, ինչպես՝
                      Նրա անսպառ,
Բոցավառ արյան գնդիկը կարմիր,
Ես իմ սեփական ցավերի համար
Ժամանակ չունեմ»...
Ցավում է սիրտը, բայց սիրտը... ոչինչ,
Սրտի մեջ երգ կա,
Սեր կա,
Հայրենիք...
«Թույլ տուր՝ սիրեմ քեզ, քո սահմաններով
Բանամ երազիս
Ճամփան՝ ձյուների ու ծովի միջեւ,
Թույլ տուր, որ քամեմ բուրմունքը
                                     քո դառն,-
Իմ պանդխտության շշի մեջ ես այն
                          Տանում եմ ինձ հետ»...
Ցավում է սիրտը, բայց... էլ ի՞նչ ոչինչ։
Մի ակնթարթ էր
Եվ հանկարծ Մայրը որբացավ մեկեն
                       Կարոտով որդու,
Եվ հանկարծ սիրտը...
«Իսկ իմ Չիլիի սրտի խորքերում
Ապրում եմ ինքս...
...Իմ ժողովուրդն ինձ կամուրջ է տվել,
Նա ինձ թաքցնում է իմ հայրենիքի
Խոր ընդերքի մեջ։
Եվ ես քնում եմ աղավնիների
            Ճերմակ թեւի տակ,
Եվ իմ երազում տեսնում եմ՝ ինչպես
Փշրում եմ բոլոր արգելքները քո»...
Ցավերն այրում են, իսկ ես հիշում եմ
                       տողերն իմ երգի.
Ցավերն այրում են,
                    -Բայց գիտե՞ք արդյոք,
Բանաստեղծները ցավից չեն մեռնում,
Բանաստեղծները ցավից ծնվում են...

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Եվ քանի միլիոն
                Մարդ ունի հիմա
Այս երկրագունդը։ Բայց նորից իրենց
Մենակ են զգում
                Մարդիկ աշխարհում...
Մրրիկը սուլեց,
Մրրիկը ցավի նման փաթաթվեց
                 Լեռնածերպերին,
եվ գագաթները փշաքաղվեցին։
Սարսռաց երկնի կապույտը անծիր
ՈՒ ձյունի նման
Հալվեց-փշրվեց ձորերի վրա։
Այրի մնացած լեռներ ու ձորեր,
Որ քանի-քանի անգամ են իրենց
                արձագանքներով
Երկինք հասցրել չհանգչող երգը
                հանգչած Պոետի։
Բայց հիմա, հիմա, հիմա ամենուր
Բողոք ու կանչ է
Սրերի ծայրին խաչ հանված սիրո,
Հիմա աշխարհը գարնան փոխարեն
Սրտերից քամվող
Արյուն է հագել...
Պոետի երգը, որի մեջ ասես
Օվկիանի շառաչ
Ու աղերսանք կա,
                Թախիծ կա այրող,
Ձայնը, որի մեջ ցավով փոթորկված,
Կացնահար լինող դալար անտառի
                Երազ ու տենչ կա,
Ձայնը, որ պիտի փորձեին, ավաղ,
Գնդակահարել աշխարհի առաջ,
                Անմեռնելի է,
Քանզի աշխարհում,
Ինչ-որ տեղ հիմա ճշմարտությունը
                Թագադրված է
Որպես տիրակալ...
Պոետի երգը, դա լույսն է նրա,
Մայր ժողովրդի օվկիան-սրտի մեջ՝
Մի պայծառ նավակ,
Լողում է դեպի հավիտենություն։

Նայեք, լուսինն ինչպես է, ահա,
Իմ հայրենական դաշտով անցնելիս
Արնոտվել մեկեն,
                արյունով ծաղկել։
Ոչ մի կերպ Նրան հանգիստ չեն տալիս
                Մտորումները, պատկերները ջերմ,
Պաբլոյի այրող անունն է երգը։
Հեռու հեռավոր հորիզոններում
Մշուշի մի քող քաշվում է կամաց,
Անցած գնացած օրերից մեկը
                Ետ բերում կրկին...
Այդ օրվա միջով
                Պոետն է քայլում,
Իսկ ուղեկցողը այնքան մայրենի,
Այնքան մտերիմ
Ժպիտն է պայծառ իր ժողովրդի,
Ժպիտ անսքող...
եվ հետո մի զույգ
Քալյում է ասես... երկնի վրայով,
Շուրթերին՝
Սիրո խոստովանություն,
Խաղաղությունը,
Բարձրում թեւածող ճերմակ աղավնու
                 Հավատարմությամբ,
Գալիս է նորից, թառում ժիր մանկան
Մեկնած ձեռքի մեջ...
Եվ հետո ինչ որ
Սուր է բարձրանում այդ ձեռքի վրա,
Եվ հետո անուշ հողը, հայրենին
Իր Պոետ որդու արյամբ է հեղվում,
Երկինք են հասնում սիրով ծլարկող
Սուրբ երազները...
Բայց պատկերներն այս ցրվում են հանկարծ
Նավակի կողին՝
Ջարդվող ալիքի շառաչների մեջ։
Եվ երգի առաջ,
Ջրերի եռքում կանգնում է մեկեն
Ճերմակ ու ճերմակ ծաղիկներ հագած
Երազի մի ծառ,
Մի խնձորենի,
Որի թերթերը մի վայրկյան հետո,
Որպես տաք արյան հրավառ շիթեր,
Ցայտում են ասես ջրերի վրա...
Նրան թվում է, թվում է մի պահ,
Թե այդ ամենը երազ է քաղցր։
ՈՒ հեռվում ահա, ինչ-որ զանգերի
Ղողանջ է լսվում,
                Ղողանջ աստղերի։
Խաղաղությունը, ո՞վ էր շշնջաց,
Կռվի է ելել պատերազմի դեմ
Եվ պիտի հաղթի...
Դե, թողեք, աստղեր, մայր աստղեր, թողեք,
Ձեր ժպիտներից շողեր առնեմ ես,
Ջերմություն առնեմ ձեր կրակներից,
Լույսերից ես փունջ կապեմ մի պայծառ՝
Հայրենի երկնից,
Սեւակնած երկնից,
Հայրենի բարձր լեռներից վերեւ
                    կախելու համար...
Իսկ Բանաստեղծի
Հավատը արդեն նավակ է դառել,
Սահում է դեպի ափը... երազի։


ՎԵՐՋԵՐԳ

...Ու մտածում եմ՝
Այս պահին, երբ մենք երկինք ենք թռչում,
                Գուցե, ո՞վ գիտե,
Հեռու հեռավոր մի մոլորակից
Մեզ պես ինչ-որ մարդ
ՈՒզում է երկիր թռչել մեզ անհայտ
                Մի նոր հրթիռով։
Ի՞նչ պիտի տեսնի այս մոլորակում,
                եւ նրա աչքին
Ինչպե՞ս կերեւա մեր այս աշխարհը՝
                ծխի, վառոդի...
Դո՛ւ, իմ մոլորված Երկիր մոլորակ՝
Աշխարհ սիրելի,
Վերջ տուր դեմք վառող
                 Ու խղճեր վառող
Քո հրդեհներին,
Ընթացքդ շտկիր,
Ուրիշ էլ ոչինչ, ոչինչ չեմ ուզում՝
Թող տնից ելնող ամեն ճանապարհ
Տունդարձ ունենա,
                  Նորից հասնի տուն։
Թող ճամփեքի պես
Երգը մեր սրտում լինի միշտ արթուն։
«Ես ծնունդ առա, որ երգեմ հավետ
Եվ որ ինքդ էլ միշտ երգես ինձ հետ»։

1982թ.