ՎԱՅՐԻ ՍԵՐ

Սիրո մեջ ծաղկի մոմիկն է վառվում,
Եվ ժայռն է դառնում սրբազան խաչքար:

ՁԱՅՆ ՆԱԽԵՐԳԻ

Քարերից ելած ծաղկին ասում եմ
Քարեղեն հրաշք
                Ու իմ մանկություն...
Եվ այդ քարերը, թե հայրենի են,
Գրկում եմ եղբոր, հարազատի պես
Ու համբուրում եմ։
Ո՞վ գիտե, եթե հողից քիչ մաքրեմ,
Գուցե եւ ամեն մի քարի վրա
                Քանդակված տեսնեմ
Համբույրը պապիս,
Քանդակված համբույր՝ արեւի տեսքով,
Տեսքով թփերում
Ամոթխած պահվող մանուշակների։
Ես համբուրում եմ
Ու շուրթիս առած արեւոտ համը
Վայրի լեռնության,
Ականջս հպում սարերի կրծքին,
Ուզում եմ որսալ
Խաղը արարվող ծիլ ու կանաչի,
Որ խաղ է վաղը ծնվելիք մանկան...
Հետո փորձում եմ ծաղիկ քանդակել
Քերծի մի կողին։
Ու քանդակում եմ՝
Ծաղկի թերթերին անուններ տալով,
Անուններ սիրո,
Երազի,
Հուշի...
Սակայն, սիրելիս,
Խոնավ ամպերը գալիս, իմ քրտնած
                 ճակատը շոյում
ՈՒ շշնջում են,
Որ ոչ թե ծաղկին, քեզ եմ քանդակել
Քերծին այս վայրի։
Եվ ծաղկի միջից դու ես նայում ինձ
Բոլորովին մերկ, երգ ու ժպիտով,
Բոլորովին մերկ ամոթխածությամբ,
Միայն սարերից առած մի թեթեւ,
Թափանցիկ մի քող ուսերիդ վրա...
Ես մտերմաբար
Մի թեւս գցում այդ քերծի ուսով
(Իբրեւ քեզ եմ իմ թեւի տակ առնում)
Ու շշնջում եմ.
-Դեհ, մեզ նկարիր այսպես, ժամանակ,
Ինձ էլ մի վայրի քանդակ դարձրու։

ՈՒ ԱՍՈՒՄ ԵՄ

Չգիտեմ հովը ինչո՞վ էր տարված,
Ո՞ւր էր թափառում,
Ո՞ւր էր թաքցրել ներկայությունը,
Որ պաղատանքս շուրթերին առավ։
Իսկ ե՞րբ է հովը գաղտնիքներ պահել,
Հովի գաղտնիքը մի վայրկյան հետո
Անտառի բոլոր ծառերն են մեկ-մեկ
Փսփսում իրար,
Հովի գաղտնիքը չի պահվում երկար։
Եվ ես մնացի ինքս իմ առաջ
Կանգնած գլխիկոր,
Ինչպես ժայռերին դեմ առած կածան։
Մնում էր միայն փոխեի միտքս,
Քո ոտքը գայի,
          Ասեի՝ Ներիր,
Թե քո անունը ուրիշ իմացավ,
Թե շշուկներդ
Կանաչ անտառում շուրթից-շուրթ անցան...
Ասեի՝ Ներիր,
Թե սիրուս վրա նոր սեր է բուսել
Ու հող դարձրել ինձ իր ոտքի տակ,
Սերդ անմեղ է՝
«Ճամփի մեջտեղում բուսած ծաղկի պես»
Եվ անմեղորեն պիտի... տրորվի,
Բայց ես չեմ թողնի,
Չեմ թողնի, օ, ոչ,
Միայն թե, սեր իմ, դու մի վշտացիր,
Որ ոչ թե մաքուր,
Կուսական, վայրի կածանի վրա,
Այլեւ տրորված մի ճանապարհի՝
Իմ սրտի մեջ է քո սերը ծաղկել.
Ոչինչ, սիրելիս։
Սակայն, ինչու՞ դու լսել չես ուզում,
Մտորումներդ քեզ ո՞ւր են տանում։
Բոլոր խոհերն այն եւ գանգատները,
Որ պիտի միայն շշնջայի քեզ,
                պահում եմ իմ մեջ,
Ո՞վ գիտե, ինչով կծլեն մի օր։
Պահում եմ իմ մեջ,
Իսկ թե ասում եմ՝ այն մի բուռ հողին,
Որ շոյանքից եմ առել հետքերիդ,
Այն մի բուռ հողին,
Ուր պիտի, գուցե, ծլի բախտը մեր,
Ուր հավերժ գարնան բույրն է խնկարկում,
Ուր քանի դար է,
Ցանվում են արդեն իմ երազները։
(Սիրտս այդ հողով լցված է վաղուց
                 որպես ծաղկաման)։
Պաղատանքներս լսում է հողը,
Հողը տեսնում է տառապանքներս,
Խոհերս խառնում,
Մաղում է իր մեջ,
Օրերս առնում,
Մաղում է իր մեջ,
Իմ մեջ մաղվում է,
Եվ ինձ է մաղում,
Նորից մաղի տակ թողնելով... սերը։
Բայց դու փախչում ես,
Դարձյալ փախչում ես։
Եվ ո՞ւր է, արդյոք, մոլորվում կանչս,
Որ չի հասնում քեզ։
Գուցե կարոտ է դառնում, ո՞վ գիտե,
ՈՒ ցողի նման
Իջնում սիրավոր ծաղկունքի վրա,
Գուցե դեռ լալիս
Ու որոնում է քո գոյությունը։
Մեղավոր կանչս,
Որ ինքն իրենով չափել էր ուզում
Խորությունը քո անխոս լռության։
Անձայն էիր դու,
Երազո՞ւմ էիր...
Ես չգիտեի, չէի հասկանում
Ինչ լեզվով էին խոսում, սիրելիս,
իմ երազները,
Իմ երազները՝ լռության մեջ քո...
Չէի հասկանում։ Դու փախչում էիր,
Եվ չէիր ուզում լսել խոսքը իմ՝
Ցավապարտյալիս,
Որ թողություն էր խնդրում քեզանից
                  ոչ թե մեղքերի,
Այլ անմեղ ծնված իր սիրո համար։
Այս անգամ, սակայն, փախչել չես կարող,
Քեզ քանդակել եմ այս քերծի վրա,
Որ խոնարհորեն դու իմ մոտ մնաս,
Որ քո մեջ գտնեմ կանաչությունս՝
Սերս չաղարտված,
Որ ես նրանով ստուգեմ ինքս ինձ,
Որ ես նրա մեջ... վերագտնվեմ։


ԴՈՒ ԱՍՈՒՄ ԵՍ

Անմեղությունը երկնի կամարում
                 Աստղ չէ քնած,
Քարերի ճեղքում ծվարած ծիլի
Ծաղկավորվելու խոստում չէ կանաչ
Եվ սիրո երգ չէ, որ իր մեջ ունի
Արեւից հյուսած ժպիտ ու հառաչ...
Անմեղությունը
Քո մանչուկների աչքերից նայող
Պարզություն է, որ հալածում է ինձ,
Հալածում է ինձ
Ամեն մի քայլի։
Եվ դրա համար իմ աչքերի մեջ
Ու իմ խոհերի,
Երազների մեջ բուրվառող սերդ
Փորձում եմ թաքուն պահել աշխարհից,
Կամ թե... չպահել,
Քանզի ուզում եմ անմեղությանը
               միշտ ուղիղ նայել։
Ուզում եմ, սակայն
Քո մանչուկների պայծառությունը
Հառնում է հանկարծ,
Հանկարծ խոսում է իմ թեժ սիրո մեջ,
Ինչո՞վ չէ, իրավ, սերն էլ երեխա։
Այսպես է, ահա,
Որ ես քեզանից հեռու եմ փախչում՝
Աղբյուրից ձգվող կարկաչի նման,
Այսպես է, որ ես հավատիս շողը
Երկինք առաքել
Եվ սպասում եմ մի նոր արարման,
Արարման հույսի,
Լույսի արարման...
Ես սպասում եմ, որ բախտը իմ դեմ
                Դռները բացի,
որ իմ տանջանքը թվա միջանցիկ...
Թէ չէ, սիրելիս,
Սերս կդառնա անհասկ մի ցողուն։
Սերս, որ վայրի
Ժայռերից առած կապույտ մաքրություն,
Շող ու ժպիտ է
Քո կարոտների թերթերին ցողում...
Այսպես է, խենթս,
Եվ թող աչքերիդ չթվա հանկարծ,
Թե ես չեմ տեսնում իմ սիրո վաղը,
Քանզի քո սրտի,
Քո հոգու համար չեմ ուզում լինի
                 մի նոր մոլորում,
Առանց այդ էլ ես ճանաչում եմ ինձ
Էության մեջ քո,
Որտեղ այրուցքի հետքեր կան անթիվ...
Բայց ուր կրակի դաջվածք է լինում,
Այնտեղ, լավ գիտեմ,
Կանաչ չի բուսնում, չի բացվում ծաղիկ,
Մինչ էությունդ ծաղկով է զուգված։
Եվ ես չեմ փորձի
Խանգարել նինջը քո ծաղիկների,
Եվ ես չեմ փորձի
Տուն ու տեղ դառած, տուն ու տեղ դրած
                 քո երազների
Անմեղ հրճվանքին արցունքս շաղել...

ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄ
Պատահում է, չէ՞, որ պատահաբար
Մի կտոր հող է
 մեծ ծառի փչակին նետում,
Պատահում է, չէ՞, որ պատահաբար,
Այդ բուռ հողի մեջ
Ծվարած մի սերմ նոր ծիլ է դառնում
Եվ ծնվողների պարզ իրավունքով
                Արմատներ նետում.
Ծառի փչակը
Դառնում է ասես լույսի ծաղկաման...
Պատահում է, չէ՞...
Սերս էլ նման ծաղիկ է, սեր իմ,
Կարոտ է վայրի,
Միայն՝ ոչ ծառի,
Միայն ծառի պես ճյուղեր արձակած
                 Օրերիդ վրա,
Եվ այն էլ առանց... «պատահաբարի»։
Կարո՞ղ ես կարդալ ճամփան այդ ծաղկի։

ԴՈՒ ԱՍՈՒՄ ԵՍ

Եվ դու իզուր ես քանդակել գուցե
Ինձ այս երկնքոտ ժայռի մի կողին,
Աչքերս բախտի արցունքով լցվել,
Կարոտ են շաղում գարունքվող հողին։
Արցունք առ արցունք մաղվում եմ այսպես,
Շաղախվում հողի արարումներին,
Որ հողից ելնող գարունների մեջ
Կրկնվի փայլը իմ երազների։
Սակայն բախտը իմ չեմ տա ծաղկունքին,
Թող նրանց սերը լինի անարգել,
Չեմ ուզում նորից, չեմ ուզում, անգին,
Անտերունչ սիրով սրտերը ձաղկել։
Շատ եմ ուշացել ես ճանապարհից,
Դու հայր ես արդեն, իսկ ես՝ մի մոլոր,
Քեզ լինեն երգը, հեւքը օրերիս
Եվ պատրանքներս, լույսերս բոլոր։

Ինձնից թաքուն էլ դու կապրես իմ մեջ։
Եվ ես քո կարոտ հուշերի վրա
Ամեն օր մի մոմ կվառեմ, իմ սեր,
Բայց քո մեջ թող ես միշտ անհուշ մնամ։
Կամ մնամ, սակայն, ոչ որպես քանդակ-
Սրտում՝ սիրո պես, ինձ պես՝ ժայռերին։
Քանզի, սիրելիս, դժվար է անչափ,
Չեմ ուզում ապրել քանդակավարի։

ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄ

Իմ կարոտի հետ ես երկար, երկար
Ճամփա եմ անցել,
Մինչեւ այս կարոտ լեռներն եմ հասել,
Լեռներ, որ սիրո աստղերն են պահում
                 իրենց լանջերին։
Եվ երբ ծաղիկ եմ պոկում ես հանկարծ,
Նշանակում է
Աստղ եմ տանում իմ ձեռքերի մեջ,
Իմ աչքերի մեջ՝
Տանում եմ երազ...
Բայց քի՞չ է լինում, որ իմ երազն է
                ինձ առնում իր մեջ
Ու քայլում առաջ,
Քարոտ, լեռնային նեղ կածաններով։
Օ, թե քանդակն էլ քայլել իմանար,
Տաք կարոտներս
Դեպի իմ սիրո հրաշք աշխարհը
Կուղեկցեին քեզ մի կրկին անգամ,
Եվ այնտեղ ազատ կլինեիր միշտ՝
Դաշտային ծաղկի ծիծաղի նման...
Բայց դա չի լինի,
Դու այնպես ես այս ժայռին «շղթայված»,

Ինչպես հույսերս,
Երազներս՝ քեզ...
Եվ դրա համար ինձանից քաշվել,
Քաշվել օրերից՝ առանց քեզ անցնող,
Վերադարձել եմ ափերն այս վայրի,
Կամ՝ ավելի եմ մոտեցել սիրուս...
Մոտեցել եմ, որ քո առաջ պարզեմ
Երազված հոգիս,
Որպես քո սիրո... կրակարանը։
Ախր, դու գիտե՞ս,
                Թե ծառ եմ ծնվել՝
Դժվար է ապրել անտառից հեռու,
Թե երգ եմ ծնվել՝
Ես պիտի կամուրջ դառնամ մի ամուր
Իմ դարը լուսնին կապող ճամփեքին,
Թե քար եմ ծնվել,
Ինձնով պիտի քո արձանը կերտվի,
Թե լեռ եմ ծնվել,
Իմ սրտում պիտի պահեմ սերը միշտ
                 կապույտ անհունի,
Թե ծնվել եմ... մարդ,
Պիտի աշխարհը նրբալույս մի վարդ,
                 շուշան դարձնեմ,
Քո անուրջների լույսը տարածեմ
Օրերի վրա
Եվ քարին անգամ (առավել եւս՝
                 քեզ պես քանդակին)
Լինեմ սիրահար...
Բայց գիտեմ ինքս էլ, որ ուշ է արդեն,
Որ ուշացել է
Կյանքում ինչ-որ բան,
Իսկ ավելի ճիշտ՝ ես եմ վռազել,
Առաջ եմ անցել ու... մնացել ետ,
Մնացել կանգուն ճամփի մեջտեղում,
Այն ծաղկի նման,
Որ անմեղորեն պիտի... տրորվի՝
Ոտքերի տակ խենթ վարգող օրերի։



Ձգել ես միշտ ինձ, ինձ միշտ ձգել ես,
Ինչպես որ ծառն է հովերին ձգում,
Եվ կարոտների ձյունով ծաղկել ես,
Արեւի տենչ ես պահել քո հոգում։

Ճամփա եմ ընկել, որ քո տունը գամ,
Փռվեմ ոտքիդ տակ՝ ինչպես սերը իմ,
Բայց ամեն անգամ, բայց ամեն անգամ
Մնացել եմ ես կես ճանապարհին։

Ճամփիս մի ծայրին իմ տունն է կանգնած,
Մի ծայրին հեռու քո տունը, իմ սեր։
Իմ տնից ճիչն է կանչում ինձ մանկանց,
Քո տնից՝ սերդ, որ երգ է, լույս է։

Ու թե հոգուդ մեջ նեղացել ես դու,
Ոչ ինձնից, կյանքից թե նեղացել ես,
Ոչինչ, մի ծաղիկ պահիր քո սրտում
Եվ նրա լույսով հույս տուր ինքդ քեզ։

Ես էլ կփորձեմ, իմ լավ, իմ մաքուր,
Խաբկանքով սնել իմ սերը վայրի,
Երկնքից առած խոհերով լազուր
Օրորել ու նինջ բերել աչքերին։

Կփորձեմ, սակայն, գիտեմ, չի լինի,
Տառապանքիս պես արթուն կմնա,
Իմ արյան վազքում ապրում ես քանի՝
Հազարականթեղ սրբության նման։


Ես իմ օրերից ավիշ կքամեմ
Սրտում ընձյուղվող երազի համար,
Եվ քո թեւերը ինձ էլ կտանեն,
Ինձ էլ կտանեն աշխարհից-աշխարհ։

Տող առ տող քո մեջ կհալվեմ, իմ սեր,
Ցող առ ցող մաղվեմ աշխարհի վրա,
Ճանապարհների հոգուն կհյուսվեմ,
Կդառնամ ձգտում՝ ճամփորդի համար։

Կապույտ կդառնամ լեռներիս համար,
Լեռներիս սիրտը կծծվեմ անհագ,
Եվ մի լեռներակ վտակի նման
Գույներ կտամ քեզ, ծաղկունքիդ՝ կրակ։

Միշտ վառ կպահեմ օջախն իմ հոգում,
Օջախը սիրո, լույսի, մաքրության,
Ուր բարձրությունն է քո տեսքով ծաղկում,
Օրերիս շրշում երգը հարության։

Եվ որպես ընծա իմ սերը կտամ
Հավատով հունցված, շաղախված հողին,
Որ հողի սրտով ես ինձ հավատամ,
Հարազատ մնամ քո սրտի դողին...


ՁԱՅՆ ՎԵՐՋԵՐԳԻ

Չգիտեմ ինչու լեռներն եմ եկել,
Չգիտեմ ինչու
Քերծի վրա եմ ես քեզ քանդակել
ՈՒ քող դարձրել ուսերիդ վրա
                 շղարշն ամպերի...
Քո սուրբ պարզության,
Մաքրության մեջ քո
Այդքան շատ ես դու անմեղ ու... վայրի,
                  մաքրորեն վայրի...


Պապս քարերին լույս է քանդակել
                 անմեղության պես,
Ես քանդակում եմ այդ լույսի խորքում
(Կներես ինձ, պապ)
                 «մեղավոր» մի սեր,
Մի անուշ, անուշ, ծաղկե մի աղջիկ,
Որ պիտի մի օր,
Լույս դառնա իմ մեջ
ՈՒ փոխարինի ամեն... արեւի։
Եվ ամեն անգամ,
Երբ մենակ լինեմ կարոտի հետ իմ,
                 ես այստեղ կգամ,
Դողացող ձեռքով,
Դողացող սրտով ես հետ կտանեմ
                 շղարշն ամպերի,
Որ դու քանդակից ինձ նայես, ժպտաս...
Պապս արեւ էր ժայռին քանդակում,
Ես քանդակել եմ արեւոտ մի սեր.
Սիրո մեջ ծաղկի մոմիկն է վառվում,
Եվ ժայռն է դառնում սրբազան խաչքար։

1973թ.