Զրահապատ «Վարդան զորավար»

Զրահապատ «Վարդան զորավար»

ԶՐԱՀԱՊԱՏ «ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ»

     
Հեռագիրը եկել էր տասնևհինգ ժամ առաջ
Ցերեկը, ժամը տասներկուսին։
Նա վերցըրել էր թուղթը, կարդացել էր արագ,
Եվ, հազիվ նկատելի, ցնցվել էր ուսը։—
5 Հեռագրում գրված էր երկու տող.
«Ալեքպոլ: Հույժ կարևոր: Արագ:
«Զրահապատ «Վարդան Զորավարը» թող
«Անմիջապես մեկնի Երևան:— Նախարար»:
Այժմ — երեքն էր ժամի գիշերվա։
10 Զրահապատի խուցում նա քայլում էր անքուն:
Պարզ է։ Կանչում են Երևան,
Որ զինաթափ անեն — և թաքուն
Մի անկյունում...— Օ, ո՛չ.
Ո՛չ երեխա է ինքը, ո՛չ մանուկ:
15 Այսօր քաղաքն ամբողջ
Ցույց էր անում։—
Անհանգիստ է քաղաքը։— Զորքերը գրգռված,
Բանվորները՝ պատրաստ պայքարի.
Բավական է թերևս մի կշըռված հարված,
20 Որպեսզի ողջը պարի։—
Այսինքն՝ գնա գլխիվայր
Այն մեքենան մռայլ, այն մղձավանջն անդուռ,
Կամ թիարանը այն,
Որ կոչվում է «Հայաստանի Հանրապետություն»։

25 Երեկոյան եկավ Ավիսը։ Ասաց, որ պատրաստ են:
Կարող են սկսել միանգամից,—
Հետո կմիանան Երևանը, Կարսը,
Մինչև — Սարիղամիշ...
Իսկ ապա, երբ հողմը գազազի,
30 Երբ բռընկի երկիրը հրով հերոսական —
Մեզ օգնության կգա Ղազախից
Կարմիր Բանակը ռուսական։—
Այս բոլորը այսպես։— Իսկ Դրո՞ն,
Իսկ Սեպո՞ւհը, իսկ ժողովու՞րդը քաղցած,
35 Որ ապրում է միայն հույսերով
Եվ ուտում ամերիկյան հաց...
Իսկ Վրաստա՞նը, Քեմա՞լը... Կարո՞ղ են
Պատնեշ կանգնել արդյոք այս ամենի հանդեպ,
Մինչև հեռվից հասնող հոկտեմբերյան հողմը
40 Գա, օվկիանի նման այս խութերը քանդե։—
Գիշերը անցնում է սակայն և պետք է որոշել:
Պետք է պատասխանել նրանց։
Նա քայլում է, քայլում է ամբողջ գիշերը,
Քայլում է մինչև լուսաբացը։—
45 Մեջքը ցավում է հոգնությունից։ Գլուխը պայթում է։
Արդեն ներս է հորդում սառը, պղտոր մի լույս։
Հեռվից, հազիվ լսելի, հնչում է մի պայթյուն:
Նա արագ հագնում է վերարկուն և ելնում է դուրս:—
Լույսը նոր է բացվում։ Նոսրանում է խավարը:
50 Դառնում է կաթնանման, հոսուն։
Դեմը պատվի է կանգնում ժամապահը։
Նայում է նա նրան մի պահ և ոչինչ չի ասում։
Դեմը — կայարանն է մռայլ, իսկ հեռվում — քաղաքը:
Նա նայում է, նայում է երկար, կանգնած

զրահապատի մոտ։

55 Քաղաքից լսվում է մի ձայն։ Կարծես աղաղակ է։

Ահով է լցված օդը:
Նա նայում է երկար: Ականջ դնում։ Լուռ է։
Բայց լռությունը այնքա՜ն է անհանգիստ։
Լռությունը շնչում է տագնապով։ Լռությունը ժխոր է։
60 Խուլ, տագնապոտ ժխոր, որ գուցե աղմուկն է իր

քունքի։

Այդ ձիե՞ր են դոփում, թե իր սրտի զա՞րկն է։
Հեռագի՞րն է արդյոք իրեն այդպես հուզել։—
Բայց քաղաքում ահա, զարկով հատու ու բարկ,
Տասն անգամ, զարկ զարկի ետևից, երգում է մի չոր

մաուզեր
։

65 Նա շոյում է ճակատը։ Ձեռքերը գրպաններում
Ուզում է մի փոքր քայլել զրահապատի կողքին,—
Բայց ձեռքը դիպչում է մի թղթի — և նա միտքն է

բերում

Հեռագիրը նորից։— Նա լապտերի շողքին
Մոտենալով՝ հանում է գրպանից
70 Հեռագիրը, որ նորից կարդա,—
Երբ հանդիպում է հայացքը ինչ—որ ծանոթ բանի,
Եվ նայում է նա նրան երկար,— նայում է անթարթ։
Զրահապատի անունն է։— «Վարդան Զորավար»:
Գրված գրերով դեղին։
75 Նա նայում է, նայում է, նայում է նա երկար,
Ինչ—որ մի բան կարծես կպչում է ուղեղին։
«Վարդան Մամիկոնյան»․․․ Նա մի քանի անգամ
Կրկնում է անունն այդ մեքենայորեն —
Եվ աչքերի առջև նա տեսնում է հանկարծ
80 Մի թղթե սաղավարտ... և իրեն։—
Այդ ե՞րբ էր... Տարինե՞ր, թե մի ամբողջ անծայր
Հազարամյակ առաջ, երբ կենդանի էր դեռ հայրը։—
Երբ թվում էր դեռ կյանքը զարմանալի՜ պայծառ
Եվ դպրոցի բեմը — Ավարայր էր...

85 Հոգնել էր երևի, կամ խռով էր հոգին,
Սակայն թվաց հանկարծ այնպե՛ս նրան,
Թե կանգնած է ինքը ահավասիկ կրկին՝
Թղթե սաղավարտը գլխին՝ փոքրիկ բեմի վրա...
Ահավասիկ ինքը — Վարդան Զորավար —
90 Կանգնել է հզոր ու զրահապատ,—
Շուրջը ննջել է Ավարայրը,
Բայց արթմնի է ինքը՝ իր զորքերով հպարտ:—
Այո՛։ Վարդան Զորավար։ Այո։ Զրահապատ։—
Բայց ինչ֊որ փոխվել է անդարձ։
95 Այն ժամանակ ուրիշ էր։ Այն ժամանակ չկար
Այս լռությունը կարծր։
Եվ չէ՝ր արդյոք այն բեմը, այն թղթե սաղավարտը
Իր համար ավելի՛ իրական,
Քան այս գիշերը, այս դաշտը, այս զրահապատը

բարդ,


100 Այս երկար կոշիկները իր հագած...
Այն սուրը թիթեղե, այն Ավարայրը սուտ —
Իր մանկական մտքի և իր սրտի համար
Չէ՞ր արդյոք կյանք միակ և գաղափար մի սուրբ,
Ե՛վ գոյություն, և՛ խոհ, և՛ուղի միանգամայն...
105 Եվ մինչև օրըս իր կյանքը, մինչև գիշերը խավար

այս,


Երբ անելիքն իր ինքը դեռ չգիտե —
Անօգնական բեմի այն Ավարայրը,
Այն դաշտը չէ՞ միթե...
Դեռ ավելի՛ն։— Այո՛։— Նա ուղեղը լարեց
110 Եվ մտքում դառը քրթմնջաց։—
— Եվ չի՞ եղել արդյոք տարիներ ու դարեր,
Մինչև գիշերը այս —
Այն միֆական, այն մութ Ավարայրի օրից
Մինչև օրն այս, գիշերն այս խավար —

115 Օ, չի՞ եղել արդյոք մեր պատմությունն ամբողջ
Մի այդպիսի անգո Ավարայր․․․
Եվ նրանք, ժողովրդի ասպետները բոլոր,
Այդ տերերը դաժան ու ժլատ —
Բեմ չե՞ն ելել արդյոք փայտե նիզակներով,
120 Գլխներին թղթե սաղավարտ։—
Եվ այդ լեգենդն ամբողջ, որ դարերի միջով
Ձգվելով արնոտ ու եղերական —
Շառայլել է գյուղերը հրդեհների բոցով —
Չի՞ եղել արդյոք բեմական
125 Նո՛ւյն Ավարայրը խեղճ, որին ժողովուրդը,
Իբրև մուտքի վճար իր ապրուստը տալով՝
Գազազել է, ցնդել, արյան գետեր հորդել,
Լոկ տեսնելով իր դեմ թղթե սաղավարտներ՝
Հրճվանքից ու վշտից խնդալով ու լալով...
130 Եվ այժմ — հին վեպին իբրև ֆինալ —
Ահավասիկ «Հանրապետությունն Արարատյան» —
Նո՛ւյն թիթեղը ու թուղթը՝ հագած արյուն ու փայլ,
Նո՛ւյն թիթեղե այն սուրը՝ հագած մահո՛ւ պատյան...
Եվ ինքը — զորավարը — միթե մանո՞ւկն է նույն,
135 Որ բեմական փայլով շլացած,
Զգեցած սուտ փառքի մի միֆական անուն՝
Խաղում է նույն դերը դարձյալ...
Շուրջը նայեց մի պահ և դառը ծիծաղեց:
Ձեռքը բնազդաբար տարավ գլխարկին,
140 Կարծես զննել ուզեց, թե թիթեղե
Այն սաղավարտը չէ՞ դեռ իր հագին։—
Ո՛չ։— Մի օրում, հանկարծ, այն օրերից խաղաղ
Կտրելով հսկա մի ճանապարհ —
Ավարայրը դարձավ մի հայրենի քաղաք,
145 Իսկ թիթեղե զրահը — զրահապատ։—
Բայց թղթե է դեռ իր սաղավարտը,

Թիթեղե է դեռ սուրը իրա —
Եթե... չշարժե... այս... զրահապատը —
Երևանի վրա..․
150 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Որոշված էր։— Ինչպես վայրկենական քնից
Կամ երազից զարթնած — ցնցեց նա իրեն,
Բարձրացավ զրահապատը, իր օրագիրն հանեց,
Պոկեց մաքուր մի թերթ — և գրեց.
150 «Երևան: Հույժ կարևոր»:— Զարմանալի հանդարտ

էր։—

«Ռազմական նախարարին: Անհապաղ:—
«Վարդան Զորավարը» հանում է թղթե սաղավարտը
Եվ դառնում է իսկական զրահապատ»:
1933. IV. 11 — 12