բնագիր
Էշխէմէն էնպէս վառվիլ իմ

Էշխէմէն էնպէս վառվիլ իմ.
Վունց Մէջլում՝ եա՜ր իմ ասում
Էնտիղէ՜մէն,
Գօզալի տիսուն կարօտ իմ՝
Հի՛դ քաշվի, սար իմ ասում,
Էնտիղէ՜մէն, էնտիղէ՜մէն:

Ղուրբան իմ ծուցիդ նըռանըն,
Հոգիս տամ շիմշատ կըռանըն,
Թաք պառկիմ եարի դըռանըն.
Գըլխօքըս քար իմ ասում,
Էնտիղէ՜մէն, էնտիղէ՜մէն:

Հագիլ իս ատլաս խասէմէն.
Խըմե՛ցուր ձեռիդ թասէմէն,
Համաշա էշխիդ բասէմէն
Էրվում իմ, ճա՜ր իմ ասում,
Էնտիղէ՜մէն, էնտիղ՜մէն:

Բաղ կու սիրիմ, յիս բաղման չիմ,
Բաղի տիրուջըն ճանանչ իմ,
Բըլբուլ իմ, սիրով վա՜րդ կանչիմ.
Հիդ քաշվի, խար իմ ասում,
Էնտիղէ՜մէն, էնտիղէ՜մէն:

Մէջլիսնէրու խաղըն դուն իս,
Վանքիրումըն տաղըն դուն իս,
Սայաթ-Նովու բաղըն դուն իս.
Կարօտ իմ, բա՜ր իմ ասում,
Էնտիղէ՜մէն, էնտիղէ՜մէն:


Էս էրկու խաղիրն էն ձէնով՝«Բլբուլն նստած է վարդին, լաւ կանչէր նա վարդի համա»: Արութինի ասած. ապրիլի 5-ին, քրոնիկոնի 445-ին (1757):

թարգմանություն
Սիրուցդ այնպես վառվել եմ

Սիրուցդ այնպես վառվել եմ,
Մեջլումի պես յա՜ր եմ ասում
Ես ա՜յնտեղից,
Սիրունի տեսքին կարոտ եմ՝
Հե՛տ քաշվի, սա՛ ր եմ ասում
Ես ա՜յնտեղից, ա՜յնտեղից:

Մատաղ եմ ծոցիդ նռանը,
Հոգիս տամ շիմշատ կռանը,
Գեթ պառկեմ յարի դռանը,
Գլխովս քար եմ ասում[1]
Ես ա՜յնտեղից, ա՜յնտեղից:

Հագել ես ատլաս խասիցը,
Խմեցրու ձեռքիդ թասիցը,
Շարունակ սիրուդ բասիցը[2],
Վառվում եմ, ճա՜ր եմ ասում,
Ես ա՜յնտեղից, ա՜յնտեղից:

Բաղ եմ սիրում, այգեպան չեմ,
Այգու տիրոջն ճանանչ եմ,
Բլբուլ եմ՝ սիրով վարդ կանչեմ,
Հետ քաշվիր, փուշ եմ ասում
Ես ա՜յնտեղից, ա՜յնտեղից:

Հավաքույթի խաղն դու ես,
Վանքերի մեջ տաղը դու ես,
Սայաթ-Նովու բաղը դու ես,
Կարոտ եմ, բե՜րք եմ ասում
Ես ա՜յնտեղից, ա՜յնտեղից:


  1. Բնագրի՝«Գըլխօքըս քար իմ ասում»-ը նշանակում է «թեկուզ գլուխ քարի վրա լինի», և ոչ թե՝«գլխիս քար դիպչի»: Տես՝ Ն. Աղբալյան, 1966:
  2. Բասից — այստեղ՝ վեճից: