Մէջլումի պէս կորաւ եարըս

բնագիր
Մէջլումի պէս կորաւ եարըս

Մէջլումի պէս կորաւ եարըս,
Լէ՛յլի ջան, ման իմ գալի
եա՛նա-եանա.
Էրվեցաւ խունի ջիգարըս,
Արնի պէս աչքս է լալի.
եա՛նա-եանա, եա՛նա-եանա:

Բըլբուլի նըման լացիլ իմ,
Աչքիրըս արնով թացիլ իմ,
Էշխէմէդ հիւանդացիլ իմ.
Պառկած իմ դըժար հալի.
եա՛նա-եանա, եա՛նա-եանա:

Էշխէմէդ դառիլ իմ յիզիդ,
Հալվեցայ, մաշվեցայ քիզիդ,
Ռա՛հմ արա, մէ խօ՛սէ միզիդ.
Բէմո՛ւրվաթ, ձէն իմ տալի.
եա՛նա-եանա, եա՛նա-եանա:

Էրվում իմ, կանչում իմ ա՜ման.
Ծուցըդ՝ բաղ, ունքիրըդ՝ քաման,
Աշխարհիս մէջըն քիզ նըման
Չիմ տեսած, ման իմ գալի
եա՛նա-եանա, եա՛նա-եանա:

Մանո՛ւշակ բաց արած հովին,
Կարմիր վա՛րդ, ծա՛ղիկ հուտովին
Շատ մի՛ լաց՚նի Սայաթ-Նովին,
Ա՛չքի լուս, կըսկըծալի.
եա՛նա-եանա, եա՛նա-եանա:

թարգմանություն
Մեջլումի պես կորավ յարս

Մեջլումի պես կորավ յարս,
Լե՛յլի ջան, որոնում եմ
տոչորվելով:
Վառվեց արնակոլոլ սիրտս,
Արյան պես աչքս է լալիս.
տոչորվե՜լով, տոչորվե՜լով:

Բլբուլի նման լացել եմ,
Աչքերս արնով թացել եմ,
Սիրուցդ հիվանդացել եմ.
Պառկած եմ դժվար հալի.
տոչորվե՜լով, տոչորվե՜լով:

Սիրուցդ դարձել եմ եզիդ,
Հալվեցի, մաշվեցի քեզ հետ,
Գո՜ւթ արա, զրո՛ւցիր մեզ հետ,
Անա՛ստված, ձայն եմ տալիս՝
տոչորվե՜լով, տոչորվե՜լով:

Վառվում եմ, կանչում եմ ա՜ման.
Ծոցըդ՝ այգի, ունքդ՝ կամար,
Աշխարհումս ես քեզ նման
Չե՛մ տեսել, ման եմ գալիս՝
տոչորվե՜լով, տոչորվե՜լով:

Մանո՛ւշակ, բաց արած հովին,
Կարմիր վա՛րդ, ծա՛ղիկ հոտովին,
Մի՛ լացացնի Սայաթ-Նովին,
Ա՛չքի լույս, կսկծալի.
տոչորվե՜լով, տոչորվե՜լով: