բնագիր
Էշխըն վառ կըրակ է՝ էրվելով գուքայ
Էշխըն վառ կըրակ է՝ էրվելով գուքայ.
Շատ մարդ կ’օսէ՝ յիս եարի հիդ ման գուքամ...
Էս դարդէմէն ով չէ քաշի՝ վո՛ւչ քաշէ.
Ով եար սիրէ, էլ չասէ թէ՝ ջան գուքամ:
Շատ մարդ կայ՝ էն գըլխէն սըրտում ունէ ղամ.
Բազի մարդ չէ քաշի՝ էշխէմէն է խամ.
Ինչ ասիս կ’օնիլ տայ՝ սէրն է անըզգամ.
Հալվեցայ, մաշվեցայ. էլ ի՜նչ ջան գուքամ:
Էշխըն վուր կայ՝ հազար բաբաթ հանգ ունէ.
Ուշք ու միտքըն կու քընեցնէ՝ բանգ ունէ.
Բըռնածըն չի թուղնի՝ ղայիմ չանգ ունէ.
էնդու համա խա՛ն հիդ կ’էհամ, խա՛ն գուքամ:
Թէ դուն էշխի հիդ մանգալըն հարցընիս՝
Չի դիմանայ Ռօստօմ-Զալըն՝ հարցընիս.
Թէ բէմուրվաթ եարի հալըն հարցընիս,
Ասում է, թէ՝ սուլթան գուքամ, խան գուքամ:
Սայաթ-Նովէն ասաց՝ շատ ի ջանք դըրի,
Մէ բափա չըտեսայ հում կաթնակիրի.
Ովոր ինձ չի սիրի՝ յիս է՛լ չիմ սիրի.
Սէրըն սէր կու բէրէ՝ սիրեկան գուքամ:
Ղափիա, էսպէս աշուղ օղլանի օգութլամա, Արութինի ասած. լաւն է:
|
թարգմանություն
Սերն վառ կրակ է՝ այրելով կգա
Սերն վառ կրակ է՝ այրելով կգա,
Շատ մարդ կասի՝ թե ես յարին ման կգամ...
Էս վշտիցը ով չի քաշել՝ չքա՛շի
Ով յար սիրե, էլ չասի թե՝ ջան կգամ:
Շատ մարդ ի սկզբանե սրտում ունի ցավ,
Ամեն մարդ չի քաշի՝ սիրուցն է խամ,
Ինչ ասես նա կանի՝ սերն է անզգամ,
Հալվեցի մաշվեցի. էլ ի՜նչ ջան կգամ:
Սերն որ կա՝ հազար տեսակ հանգ ունի,
Ուշք ու միտքը կքնեցնի՝ բանգ[1] ունի,
Բռնածին չի թողնի՝ ամուր ճանկ ունի,
Դրա համար մե՛կ հետ կերթամ, մե՛կ կգամ:
Թե դու սիրո սուր մանգաղն հարցնես՝
Չի դիմանա Ռոստոմ-Զալն՝ հարցնես,
Եթե անգութ յարի հալը հարցնես,
Ասում է թե՝ սուլթան կգամ, խան կգամ:
Սայաթ-Նովեն ասաց՝ շա՛տ ջանք դրեցի,
Խոստումի տեր մարդու չպատահեցի,
Ով որ ինձ չսիրի՝ ես է՛լ չեմ սիրի
Սերն սեր կբերե՝ սիրե՛կան կգամ:
|