Ընդհանրագրությունը որպես գրական արատ
ԸՆԴՀԱՆՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳՐԱԿԱՆ ԱՐԱՏ
Խնդիրը, որի հետ ամեն քայլի առնչվում ենք, բավականին հին եւ նույնքան էլ նոր է. գրական ասպարեզը հեղեղվում է գրքերով, որոնք բացարձակապես ոչ մի կապ չունեն արվեստի հետ։ Դրանցում նշանակալի տեղ ունեն «բանաստեղծությունները», ասել է թե՝ «բանաստեղծի հռչակ ունենալու ցանկությամբ հիվանդացած է մեր երիտասարդների մի նշանավոր մասը... Սակայն նոքա չեն խաբիլ ընթերցող հասարակությանը եւ հայոց Մուսայի համար ընդհանուր արհամարհանք են վաստակել, բանաստեղծի նշանակությունը ծիծաղելի են դարձրել. այն տեղն են հասցրել, որ «Բանաստեղծություններ» վերնագիրը կրող գիրքը շատ անգամ առանց կարդացվելու է պախարակվում»։ Թումանյանի դիտարկումը խիստ այժմեական է։ Դրան կարող ենք ավելացնել՝ ոչ միայն երիտասարդության, այլ նաեւ տարիքն առած, թոշակառու մարդկանց զգալի մասն իր պարապությունը պարպում է գրականության մեջ, եւ ով, շատ թե քիչ, նյութական հնարավորությունների տեր է, հրապարակ է հանում իր «գլուխգործոցները»՝ շքեղ հրատարակումներով։ Ուր մնաց մեծ լոռեցու արվեստի ներկայացվող «աչքի պես պարզ» պահանջը, որ հանգանակային նույն... «աչքի պես բարդն» է։
Մեր դարում ռոբոտներն էլ ստեղծագործում են, նրանց արտադրանքից, հասկանալի է, դուրս է մնում ոգին, որպես «ուժեղ գերկարգ», սակայն, դա էլ ունի մեկնաբանության իր կետը. անբացատրելի-անընդունելին այն «գործերն» են (չափածո եւ շատ հաճախ՝ հրապարակախոսական), որոնց հեղինակների մոտ ռոբոտները բավականին ազնիվ էակներ են, որովհետեւ գոնե չեն կապկում։ Ճիշտ է, բեմի վրա սրան-նրան նմանակելը դերասանական արվեստ է, բայց գրականության մեջ դա անթույլատրելի է, որովհետեւ «ամեն մի հնարավորություն միայն մի անգամ է իրագործվում։ Երկրորդ անգամ օգտագործվելիս պատկերման մոդելը լավագույն դեպքում դառնում է տարատեսակ։ ...Իրականության պատկերման մեջ անգամ հայտնագործված մեթոդը «ժամանակի հետ» կորցնում է ազդեցությունը» (Հանդկե)։
Մեծին ճանաչել եւ սիրել՝ չի նշանակում ապրել միայն նրա գաղափարներով, ամենեւին էլ՝ ոչ, դա կնշանակեր առաջին հերթին վիրավորել նույն այդ մեծությանը. ավելին, պետք է նրա մտածումների միջոցով գնալ դեպի նոր գաղափար։ Մեծության հիմնական հատկանիշն այն է, որ քեզ իրենից մի քայլ առաջ է մղում։ Դժբախտաբար, այս պրոցեսը մեզանում շարժընթաց չի ապրում, քանի որ անցած տարիների դասագրքային սխեմատիզմը դեռեւս չի հաղթահարվել ամբողջապես եւ, ցավոք, մեծությունների հանդեպ վերաբերմունքի մեջ առկա է նրանց անառարկելիության վտանգավոր գիտակցումը. ինչպե՞ս կարելի է առարկել Շեքսպիրին, Թումանյանին, Պուշկինին, Սեւակին... Սա, անշուշտ, արվեստի զարգացման արգելակումն է ամենամեծ եւ հակասում է դիալեկտիկական օրինաչափություններին։ Եվ «ավանդապահության» կեղծ քողի ներքո աչքերը մնում են հետամնացությունը քողարկող չադրայի տակ՝ կորցնելով տեսունակությունը, որը եւ, ինչպես մեր ժամանակի մեծ մտածողներից մեկն է ասել, համազոր է անազատության։ Այսինքն՝ կորցնելով տեսունակությունը, կորցնում ենք ազատությունը։ Ավելին՝ միտքը կաղապարված է մնում, եւ ասպարեզ մտած, բայց ստեղծագործելու շնորհքից զուրկ գրչակները գրում են ոչ թե այսօրվա կամ վաղվա, այլեւ մեծապես երեկվա, ավելին՝ երեկ չէ մյուս օրվա համար։ Ու նման պայմաններում ծնվում են «գեղարվեստական» հորջորջվող գործեր, որոնց մակարդակը չի գերազանցում կանխորոշված սահմանը. «Դու սիրուն ես, ես սիրում եմ քեզ, Ախ էլ մի տանջիր իմ սիրտը կեզ»։
«Տերյանը պահանջում է» հոդվածում Սեւակը խնդիրը դնում է այսպես. «Քննադատությունը, որի վաղեմի կոչումն է՝ պաշտպանել ճշմարիտ գրականության շահերը եւ սնանկացնել այն «մեծածախս առեւտրականին», որ գրական խոտան է կոչվում,- քննադատությունը, իհարկե, խոսում է այս մասին, բայց կարծես «օտարի մեռել է թաղում»։ Ու կրկնակի ուժգնության է հասնում Սեւակի հորդորը. «Կասկածի տակ առեք ոչ միայն գունագեղն ու քաղցրահունչը, խուճուճն ու գանգրավորը, այլեւ ամեն բառ»։ Իսկ ավստրիացի Հերման Բրոխը երեւույթը մեկնաբանում է այսպես. «Բառի նկատմամբ յուրատեսակ արհամարհանք, ավելի ճիշտ նողկանք է պատել մարդկությանը։ ...Մարդը ծայրահեղ հուսահատ է, եթե կասկածում է բառին, ապա հոգեպես ընկճված է, կորցրել է հավատը մարդկայնության նկատմամբ, իր ոգու, որ ներգործում է բառի միջոցով, քանզի բառը հոգուց դուրս ոչինչ է, եւ հոգին չունի խոսքից բացի այլ զետեղարան։ Ով սպանում է բառը, ով անարգում է բառը, անարգում է ոգին, քանզի նրանք անբաժան են»։
Եվ այսպես. ճշմարիտ արվեստագետին մշտապես տանջում է կասկածը՝ ամենուրականն այդ անհանգիստ. «Ո՞ր բառը կարող է հաշտեցնել մահվան հետ, որը կարող է սփոփել սրտի ուժեղագույն տագնապը»։ Հիշենք Սայաթ-Նովային. «Ղուրթս է էնդուր ճամփա չէ գնում՝ շատացիլ է խալխի սուտըն»։ Սայաթ-Նովան, Բլոկը, Սեւակը ճշմարիտ են յուրովի, եւ նրանց «ջուրը մի առվով է հոսում» բառի նկատմամբ ունեցած ակնածանքի, պաշտամունքի հասնող վերաբերմունքի առումով։ Ինչպես տեսնում ենք, բոլոր ժամանակներին էլ հատուկ է գրական մի ախտ, որը կարելի է կոչել ուղղակի այսպես՝ ընդհանագրություն, արատավոր մի երեւույթ, որին հակացուցված է գրականության ամենամեծ առաքելությունը՝ ասել ճշմարտությունը։ Հետեւապես, նախ փորձենք գտնել, թե ինչ հիմքերի վրա է բարձրանում գրական այդ արատը՝ ընդհանրագրությունը, այսինքն, երբ բառը ոչ թե ընդհանրացնող, այլեւ ընդհանրական շաբլոն է, չունի կոնկրետություն ու ոչ մի հասցե, չկա տրամադրական ու տրամաբանական պատկեր, բառի խաղաղ նիրհի հասնող բառարանաբարո լռությունը թոթափած չէ դեռեւս, անկրակ է ու անճրագ, անկերպար ու անաշխարհ, զուրկ բնավորությունից ու ինքնատիպությունից... Ընդհանրագրություն, այսինքն՝ խոսքը անհատականացված չէ, չկա ինքնուրույն մտածելակերպ, լեզու եւ ոճ, յուրովի աշխարհընկալում եւ այլն, եւ այլն։ Եվ անընդհատ ճանապարհը մեզ տանում է դեպի բառը, հոգու եւ մարմնի սուբստանցիան։ Իսկ թե ի՞նչ է, ի վերջո, բառը, այդ հարցի պատասխանը դեռեւս չի գտել մարդկությունը։ Փորձեր արվում են։ Եվ քիչ չեն ճշմարիտ դիտարկումները։ Թումանյանի մեկնությունը՝ բառը մի աշխարհ է, շատ է չարչարկվում եւ, դժբախտաբար, մեծամասամբ լուսաբանվում է ոչ ճիշտ։ Ի՞նչ խոսք, որ ամենայն հայոց բանաստեղծը նկատի է ունեցել կենդանագործված բառը (Թումանյանի արտահայտությունն է), որը ազգային մեծ արժեք է դառնում ու վերածվում համամարդկայինի։ Իհարկե, Թումանյանը հավատարիմ մնալով Գյոթեի եւ համաշխարհային այլ մեծությունների դիտարկումներին, գտնում է, որ նորը նույն հինն է՝ ներկայացված «հանճարի ֆոկուսի միջոցով»։ Չես կարող չհամաձայնել։ Սակայն եւ ժամանակի պարադոքսալ պահանջադրումը կա, որը հիմնված է մարդու մտքի որակական աճի ու փոփոխության հետ՝ կապված տիեզերական դարի հայտնություններին եւ ավելի հեռու է տանում, ասպարեզ բերում նոր մտքեր, որոնք «առաջուց» չկային, քանի որ դրանց ծնող երեւույթներն էլ (ասենք՝ հրթիռները) չկային Շեքսպիրից առաջ։ Ուրեմն՝ ընթացքը ճանաչենք՝ բառը դնելով կենդանագործման մեջ, քանզի եթե բառը նոր աշխարհ չէ, ուրեմն՝ աշխարհ էլ չէ ընդհանրապես, այլ իմիտացիոն բնույթ է կրում։ Որպեսզի կոնկրետ լինի ասելիքս, փորձեմ առանձին-առանձին դառնալ այն հիմնական հատկանիշներին, առանց որոնց բառը կայանալ չի կարող, ավելին, որոնց անտեսումն էլ հենց ծնում է ընդհանրագրության համաճարակ։
Ամենագլխավորը, կարծում եմ, սա է՝ չկորցնել իրապաշտական վերաբերմունքը կենդանի բառի նկատմամբ, քանի որ բառը սահմանների զանցառուն եւ միաժամանակ սահմանապահն է։ Բառը մարդն է։ Բառը մարդու ձգտումն է անսահմանության, այն ապրումի արտացոլանքն է, որը եւ շարժում է դառնում (շարժման մեջ հոգի՞ն է շատ, թե մարմինը)։ Իսկ մարմինը չպիտի հոգուց բաժան դիտել, քանի որ շարժումն, իր հերթին, ինքնագիտակցման-ինքնաճանաչման գնացող ոգու եւ մտքի անբավականության վերարտադրությունն է՝ կատարելության ձգտումի մեջ։ Մեծ ասելիքը, հոգու անպարփակ, բուռն ապրումները չտեղավորվելով բառի մեջ, հորդում են վարար՝ դեպի անհայտը մղելով մարդուն, իրավիճակ, որ մղում է բազմազան եւ իրարամերժ, հակասական դրսեւորումների՝ մեկ պանդխտատենչություն, մեկ մարտահրավիրանք, մեկ առասպելաբանության ու հեքիաթի ձգտում, մեկ... Այսինքն, անբավարարվածությունն անընդհատ մեզ հետ է, որովհետեւ բառը (որքան էլ լինի կենդանագործված), մեզ չի բավականացնում։ Ու մենք դառնում ենք ճամփի, ոգու, մտքի աստանդականներ, ամենուրականներ, մնում ենք հավերժ անհանգրվան ուղեւորներ՝ մեզ չտեղավորելով որեւէ հասնումի մեջ։ Մտքի ու զգացումի արտահայտման անբավականությունը Տերյանին հասցրել է մի երկիր, որը երբեք գոյություն չի ունեցել աշխարհագրական քարտեզի վրա, բայց ահա բանաստեղծի հոգեբանական քարտեզագրության մեջ իր հիմնական տեղը ունի՝ Չինումաչին, որտեղ Տերյանից առաջ միայն երգի արքա Սայաթ-Նովան իրավունք ուներ հանգրվանելու («մե բիռըս Չինումաչինին կու առնե թամամ փարաղաթ»), երկիր, որը որքան էլ բաղձալի, երեւակայական ու շքեղ, այնուամենայնիվ, ի վերջո խառնվում է ծուխ ու ավազին, կորչում, ցնդում «երկիր հայրենիի» առաջ.
Հասա մինչեւ Չինումաչին,
Հասա մինչեւ ծովը ճերմակ,
Տեսա երկրի ծայրը վերջին
Եվ դրախտի դուռը՝ կրակ։
Ուզում եմ ասել՝ բառն ունի հոգեբանական պատկեր, որի աշխարհագրությունն անընդգրկելի է, ինչպես անընդգրկելի են բառի հիշողությունը, պատմությունը, կենսական էներգիան, ճարտարապետությունը, անատոմիան ու ֆիզիոլոգիան, նկարչությունն ու երաժշտությունը, ժամանակային ծավալումները, ներքին դինամիկան... Վերջապես բառից դուրս չէ պահի էթնիկական կապը անցած բոլոր ժամանակների հետ։ Բացի դա, մի հատիկ «տիարք» բառով, ասենք, որն այնքան ճշմարտացի պատկերով է ներկայացվում Դեմիրճյանի «Վարդանանքում», կարող ենք հասնել վաղնջական ժամանակները. դա հենց բառի ազգային պատմական արժեքն է։ Բառն ունի ներքին աշխարհը պայմանավորող նիշեր՝ ընդհուպ մինչեւ նրա սեմանտիկորեն ընկալվելու անսահմանության ընդգրկումները, այն չպետք է զրկել իր բազմաշերտությունից, պիտի թույլ տալ, որ բառը ոչ միայն ասի, այլ նաեւ «մտքում պահի» բաներ, որ ասել հնարավոր չէ։ Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվում՝ ասել ոչ միայն այն, ինչ ասվում է, այլ նաեւ այն, ինչ չի ասվում։ Իսկ մենք գոնե գիտենք, որ չի ասվում այն, ինչ պիտի ասվի։ Բայց կոնկրետ ի՞նչ իմանանք, թե ինչ պիտի ասվի, որ չի ասվում, քանի որ դա կարող է ասել միայն նա, ով պիտի ասի։ Ե՞րբ կգա այդ մեծ Ասողը։
Հաստատապես մի համոզմունք ունեմ ես այս խնդրում՝ սպասվածը չի ասի նա, ով երեկվա համար է գրում, որովհետեւ երեկն արդեն «կերված» է, իսկ կերվածն ուտել, դա առնվազն... գրականության ընթացքը հետ շրջել է, կամ, ինչպես Սեւակը կասեր, զգայախաբություն, որովհետեւ ստեղծագործել, նշանակում է՝ առաջ ընթանալ։ Սա մեծացումի պրոցես է մարդու համար։ Հ. Մանն ասում է. «Ամենամեծ մարդը, հենց ամենամեծը, մեծ է միայն այն պահերին, երբ ստեղծագործում է»։ Ընդհանրագրության առաջին եւ հիմնական պայմանն է, որպես օրենք, նախապես պատրաստի բառերով գրելը։ Զուտ գրելը, ոչ թե ստեղծագործելը։ Գրել կարող են բոլորը, իսկ ստեղծագործել՝ միայն քչերը։ Հիշենք՝ «բազում են կոչեալք եւ սակավ՝ ընտրեալք»։
Խիստ կարեւոր է բառի կոդավորումը։ Գրականագիտության մեջ քննադատների կողմից հաճախ դիտարկման է դրվում Իսահակյանի, Տերյանի, Չարենցի, Զարյանի (եւ ոչ միայն) կողմից կիրառված «անուշ» բառը, որը յուրաքնչյուրի պատկերային համակարգում ներկայանում է միանգամայն այլ երանգներով ու իմաստավորմամբ, ասել է թե՝ բառը տողի մեջ մտնելուց առաջ իր վրա կրում է անհատականության խորը կնիքը, վերցնում հեղինակի բնավորության եւ հոգու առանձնահատկությունները։ Ասել է թե՝ գործում է նախաստեղծության մի աստվածային պայման, որն արտահայտվում է գեղարվեստական պատկերի ներքին հակադրամիասնության մեջ։ Խոսքի եւ մտածելակերպի ինքնուրույնությունը տանում է դեպի մտքի հակադրության արվեստին, որի լավագույն օրինակներից մեկը գտնում ենք Սեւակի մոտ. «Ես ատում եմ քո անունը։ Եթե աղջիկ ես ունենամ, նա կկոչվի քո անունով։ Ես ատում եմ քո անունը»։ Կատարվում է պահի ու վիճակի անհատականացում, երեւույթի տիպականացում,՝ գեղարվեստական խոսքի մեջ։ Ի վերուստ օժտված հեղինակի գրչի տակ ամեն բառ ստեղծվում ու վերաստեղծվում է ամբողջապես` դառնալով միայն ու միայն նրա բառը՝ դառնալով հեղինակի ինքնապատկերն ու գաղափարագիրը, պայմանավորում մտածողության համակարգի ինքնատիպությունը։ Սա այն պարագան է, երբ «բանաստեղծությունն առիթ է հնարավորին չափ առանց բառերի եւ լեզվի յոլա գնալու» (Հ. Բալլ), երբ բանաստեղծը դուրս է գալիս «բառի գերիշխանությունից» (Ֆ. Դյուրենմաթ) ու տիրում նրան։ Այո՜, միայն ու միայն այսպես՝ գերիշխանությունից դուրս գալ, քանի որ անօգուտ է անգամ բառի «սահմանների լուծարումը»։ Չմոռանանք, ինչ էլ որ լինի-չլինի, «աշխարհը ռադիոպիեսում անդամատված է՝ մինչեւ լսողություն, կինոյում՝ մինչեւ պատկեր», մանավանդ՝ գրողն այսօր «լեզվից այն կողմ ոչ թե միստիկայի հետ է ընդհարվում, այլեւ գիտության իրականությանը»։ Առանց վիճակի ճշմարտացի եւ խորը կերպարավորման, բառը դատարկ պարկուճ է։ Բառը, եթե ինքնատիպ մտածողության ու ոճի ծնունդ չէ, հաստատ տանում է դեպի ընդհանրագրություն՝ անգույն, անհամ, անասելիք ու ջրիկ։ Դժբախտաբար, հաճախ ստացվում է այնպես, որ (մանավանդ՝ երգերի տեքստերում) հասարակության մեջ ընդհանրական տողի գործառնությունը ավելի բարձր տոկոս է կազմում, սակայն դա ժամանակավոր ու խաբուսիկ է եւ ետ է տանում ժամանակացույցը, ինչպես օրինակ «Հայ եմ ես, հայ ես դու, ախ, քո ցավը տանեմ ես» երգի մեջ, որտեղ լեզուն չի բարձրանում սովորական խոսակցական-գործավարական մակարդակից։
Վերջին ժամանակներս, թեեւ ոչ հետեւողական, բայց, այնուամենայնիվ, առաջ է քաշվում «անգաղափար գրականության» պահանջը, որը ես ընկալում եմ այսպես՝ գրողն ոչ թե գաղափարն իր պարտադրում է, այլեւ հող է ստեղծում, որ ե՛ւ իր հերոսները, ե՛ւ ընթերցողները հնարավորություն ունենան իրենց իսկ գաղափարներով առաջնորդվելու։ Սա կրկին եւ նորից իրապաշտության՝ որպես չհնացող գեղարվեստական մեթոդի, հաստատումն է, ի վերջո, դրան են հանգեցնում եւ գրականության մեծերի (Պուշկինի, Տոլստոյի) խոստովանություններն իրենց իսկ ստեղծած հերոսների մասին։ Վահան Թոթովենցի «գանգատը» բավականին խոսուն է. «Համառում են իմ հերոսները, ասում եմ ո՛չ այն, ինչ կանխորոշված է Պլանում...»։ Սա, անշուշտ, ենթադրում է ոգու եւ մտքի լիակատար ազատություն, անկախություն ոչ միայն գրողի, այլեւ նրա հերոսների ու գրականություն բերած աշխարհի համար...
Ես ուզում եմ հատուկ կանգ առնել մի խնդրի վրա, որը կարեւոր է մի քանի առումներով։ Դա նյութի ընտրությունն է։ Ամենեւին էլ համամիտ չեմ այն կարծիքին, թե «եթե նյութը ճիշտ է ընտրված, ստեղծագործությունը եւս ճիշտ է»։ Օրինակ բերեմ կոնկրետ մեր արցախյան գոյամարտին առնչվող իրականությունից։ Երբ ուզում եմ գրիչ առնել ու գրել մեր սուրբ նահատակների մասին, սրտիս հետ դողում է եւ ձեռքս, որքան էլ փորձառու լինի գրիչս, այնուամենայնիվ, գործ ունեմ սրբության հետ, ասել է թե՝ խորանում են պատկառանքը, ակնածանքը։ Գործին մոտենում ես ամենամեծ պատասխանատվությամբ։ Բայց ինչ անուն տալ այն հեղինակներին, որոնք գիրք ունենալու մոլուցքով տարված, «գրքեր» են թխում վերոհիշյալ թեմաներով, մոռանալով, որ ստեղծագործելը աստվածատուր շնորհ է, ոչ թե սովորովի, «գրագիտության զոռոք» մեջտեղ բերովի։ Չի կարելի ժխտել, որ զոհվածների մասին գրելու մեջ կա, անշուշտ նաեւ պատմությունը արձանագրելու դրական միտում։ Բոլոր դեպքերում պիտի վերաբերմունքի հիմքում բարձր պատասխանատվությունը խոսի՝ թե՛ ընտրած նյութի, թե՛ ընտրած բառի համար։ Չպետք է մոռանալ աստվածաշնչյան «խոսելու հեղինակություն ո՞վ ունի» հայտնի դարձվածքը։ Իհարկե, այսուհանդերձ, ցավալի է, որ ժամանակը դեռեւս չի բանաձեւել սուրբ նահատակներին նվիրված գեղարվեստական իր անկրկնելի տողը, այն կծնվի, անկասկած։ Հայ զինվորը Արցախյան գոյամարտում կռվել է արժանապատվորեն ու հաղթանակ է տարել, այն էլ՝ ոչ միայն բարոյական, ինչպես սուրբ Ավարայրում, այլեւ հաղթանակ՝ բոլոր առումներով։ Սա մեր մեծագույն նվաճումն է, որ պիտի հուշի նաեւ գրիչներին՝ փստացնելու փոխարեն կարգին կրակել (թող ներվի, մի քիչ կոպիտ ստացվեց միտքս)։ Սաքուլ ու սղալած խոսքերն ո՞ւմ են հարկավոր։
Կարելի է, իհարկե, շարունակել։ Բայց, միեւնույն է, ինչքան էլ թվենք ընդհանրագրության տանող կամ դրանից ապահովագրող միջոցներն ու ձեւերը, մեկ է, գլխավոր գործոնը մնում է ի վերուստ տրված ձիրքը։ Իսկ վերջինիս ճանաչման ու հասարակության մեջ կարեւորման ուղղությամբ անելիք ունի մանավանդ քննադատությունը, որը՝ Էլիոթի բառերով, նույնքան անհրաժեշտ է, որքան շնչառությունը։ Ուղղակի անընդունելի է այն հանդուրժողականությունը, որ ցուցաբերում է այսօր քննադատությունը գրական համատարած խոտանի նկատմամբ։ Էլ չենք խոսում այն մասին, որ շատ հաճախ էլ քննադատությունն է հանդես գալիս այս կամ այն ճարպկագրի գործը երկինք հանող գնահատականներով՝ աչքերը՝ փակ, բերանը՝ բաց (Մահարու խոսքն է)։ Մեր մեծերը՝ Գյոթեից մինչեւ Չարենց եւ Ուիթմեն, մինչեւ Ռիլկե ու Սեւակ մեզ հուշում են՝ ավելի սթափ հայացքով դիտել-ընկալել-գնահատել իրականությունը, արվեստը եւ, մանավանդ, «խորհուրդ չընդունող ապագայի երգը»։ Ու դասեր առնենք, քանի որ ինչքան էլ անտեսվի գրականության գործառնական (ֆունկցիոնալ) նշանակությունն ու դերը մարդու եւ, ընդհանրապես, հասարկության ձեւավորման գործում, միեւնույն է, այն առանցքային իր տեղն ունի եւ անփոխարինելի է կյանքի ու դարի առաջընթացի վրա ունեցած գործուն ազդեցությամբ։