Ընդունելով ապագայի հրավերքը

(Զրույց ընթերցողների եւ, մանավանդ, չընթերցողների հետ)

Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով...
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ուզում եմ խոսել մի տխուր ու շատ խոցելի հարցի շուրջ: Ոգու սովը ամենուրեք զգացնել է տալիս: Գիրքը օտարվել է ընթերցողից: Ստեղծվել է ասես մի մթնոլորտ, ուր հայերեն չիմանալն ու կանոնավոր կրթություն չունենալը, էլ չեմ ասում՝ բարձրագույն, դարձել են առավելություններ: Հարուստ ապրելու գրավական ու պայման: Մտավորականների համար, որոնք ազգային-ազատագրական շարժման գլուխ էին, հաճախակի են արհեստականորեն «խաղից դուրս» վիճակներ ստեղծում, անտեսում նույնիսկ այնտեղ, ուր նրանք խիստ անհրաժեշտ են: Մոռանում են մի պարզ բան՝ անտեսել մտավորականին, նշանակում է՝ Արցախը գլորել տգիտության ճահիճը: Ինչու՞ է մեզ մոտ այսպես ստացվում, սա ինչ մոտեցում է: Կարծես սա այն մեծագույն տարբերիչ գիծն է, որով քաղաքակիրթ աշխարհում առանձնանում է Արցախը: Այսպե՞ս է, թե այսպես չէ: Աշխարհին այնքան մեծահամբավ գիտնականներ, մշակույթի գործիչներ, զորավարներ տված Արցախը: Ինչո՞վ բացատրել սա: Ասվածին, հանուն ճշմարտության, ավելացնենք՝ այդ վատ միտումը կարծես կանգնեցվել է՝ շնորհիվ հանրապետության նախագահի կողմից իրավացիորեն սրբագրված նոր կուրսի ու քաղաքականության: Դա շատ լավ է, եթե չասենք՝ փրկություն: Հաղթանակը պիտի ամրագրվի հոգեւորով: Ռազմական դիկտատուրան վերացավ: Բայց... Իմ խոսքն այսօր հիմնականում հոգեւոր-մշակութային աշխարհի մասին է: Գիրքը ոչ միայն անտեր է մնացել, ոչ միայն փակվել են գրախանութները՝ իրենց տեղը զիջելով «փալաս-փլուսի», այլեւ ձեւավորվել է մի քմահաճ (եթե չասեմ՝ արհամարհական) վերաբերմունք գիրք ստեղծողների, գիտության ու մշակույթի գործիչների հանդեպ, որը թանձրացյալ տգիտության նշան է, որը, ցավոք, շարունակվում է, չնայած նկատելի ձնհալի շունչ կա... Նրանք, ովքեր կփորձեն ասել՝ այդպես չէ, անպայման «պոլիտիկա» են անում՝ առանց այն էլ ոչ քիչ անճշտությունների (մեղմ ասենք) սուտուկցանը շատացնելով: Սակայն դա մշակույթին, ինչու չէ, նաեւ մեր ժողովրդին անհավատարիմ մնալու ձեւ է ընդամենը: Ես ոչ ոքի չեմ դիմում, ինչպես Սարոյանը կասեր, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Արցախի գրեթե բոլոր բնակավայրերը զրկված են գրի ու դպրության, մշակութային շփումներից ու առնչություններից: Ներքին օղակների (եւ ոչ միայն ներքին) կադրային հարցերում դեռ նախորդ տարիներից «ժառանգված» բացթողումները շարունակվում են: Գրքի հետ գործ են ունենում շատ հաճախ գրքից հեռու, գիրք չսիրող մարդիկ: Փորձենք մոտենալ մարդկանց, մանավանդ՝ իշխանավոր (խոսքը բացառությունների մասին չէ), այս կամ այն պետական, մասնավոր եւ ոչ մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունում պաշտոնավարող (որոնք օրինակի դեր ունեն նաեւ), հարցնենք, թե ինչ գրքեր (կամ գոնե գիրք) է ընթերցում, բարեխիղճ պատասխանի դեպքում մեր ականջին կհնչեն «ոչ մի» բառերը: Ամոթ է, ուղղակի՝ աններելի: Իրոք, այսպես ապրելն անկարելի է: Չեմ հավատում, թե մարդ հոգի ունենա եւ գիրք, բանաստեղծություն չկարդա: Չեմ հավատում, թե մարդ գիրք, բանաստեղծություն չկարդա եւ հոգի ունենա: Բառ ու բան, այսինքն աստվածային շունչ: Հասարակության դեմքը որոշում են այն հատկանիշները, որոնք անհատների միջոցով փոխանցվում են նրան. հարց է առաջանում՝ բարոյական ինչ գծերով է այսօր առաջնորդվում քսանմեկերորդ դարի շեմին կանգնած արցախցին, մարդ, որ աշխարհին ներկայանալու ավանդույթներ, անկոտրում կամք, անսահման մեծ հոգի ունի: Վերջապես արցախցին մնում է արցախցի: Սակայն ժամանակը, մանավանդ՝ անցնող, բերում է նոր տագնապներ, չէ՞ որ մարդու անհատականությունը հոգեւոր աշխարհով է պայմանավորվում, իսկ մենք հոգեւորը «ընդունելով» հանդերձ՝ անտեսում ենք, հեռանում ենք մեր ներաշխարհի խնդիրներից այնքան, որ հոգեւորի պահանջն անգամ մեռնում է հասարակության մեջ, այսինքն՝ վերջնականապես չձեւավորված նոր հասարակության ինքնաքայքայման հիմքն է դրվում: Լավ մասնագետը դեռեւս անհատականություն չէ, իսկ մեզ, ժողովրդի առաջատար ուժերի մեջ, օդ ու ջրի պես հարկավոր են զարգացած անհատականություններ: Եկեք առանց բարձրաձայնելու, մատների վրա հաշվենք այն հիմնական գործերը, որոնք բնորոշ հատկանիշներ են դառնում մեր հասարակության համար: Եվ խոստովանենք՝ բացասականը շատ ու շատ է, ցավոք: Երբ մարդու մեջ ապրումն իր տեղը զիջում է առօրեական-առարկայական-կենցաղային գոհություններին ու դժգոհություններին, կատարվում է սարսափելին, մարդը շարունակում է քայլել մեռած՝ ինքն այդ մասին չիմանալով, դառնում է մանկուրտ, կարող է անել այն, ինչ նույնիսկ չէր կարող երեւակայել ուրիշ դեպքերում, ընդհուպ՝ մինչեւ մայրուրացություն, զավակուրացություն, արտագաղթ, սպանություն... որոնց ամենօրյա ականատեսներն ենք բոլորս: Ահա թե ինչու ինձ շատ տխրեցնում է, երբ գիրքը երկրորդական պլան է մղված մեզանում: Մենք մեզ ոչնչացնում ենք: Արդյո՞ք մենք այս ժողովուրդն ենք, արդյո՞ք սա ստրկությունից նոր ազատված գերու մեջ սրսկված հին թմրություն չէ: Խորհրդային տարիներին Շուշիի տված փառավոր հայ գործիչների մասին խոսելն անգամ արգելել էին եւ վարժել՝ այդ մասին լռել: Ու մինչեւ հիմա էլ, ասես, չենք ուզում խոսել-ասել, որ այնտեղ ապրել-աշխատել են Աճառյանի, Պռոշյանի, Աղայանի նման շատ ու շատ երեւելիներ: Այնտեղ ծնվել են Մուրացանը, Վ. Վաղարշյանը, Ստ. Աղաջանյանը, Հ. Գյուրջյանը, Ա. Հովհաննիսյանը, Ն. Ստեփանյանը, Ավ. Բահաթրյանը, Գ. Բեսը... Որ մեկը թվել: Այստեղ է Աղայանը գրել հայ հեքիաթագրության գլուխգործոցներից մեկը՝ «Անահիտը»: Այստեղ է գրվել հայ ժողովրդի երդմնագիրը Պյոտր Մեծին: Եղել է ժամանակ, որ բուն Հայաստանում գործող միակ պետական թատրոնը գտնվել է Շուշիում: Ժամանակին Շուշիում եղել են Կոմիտասը, Րաֆֆին, Կարա-Մուզան, մեր օրերում՝ Պ. Սեւակը, Հ. Սահյանը, Ս. Խանզադյանը... Հյուրախաղերով հանդես են եկել աշխարհահռչակ Փափազյանը, Ադամյանը, Աբելյանը, Չմշկյանը, Սիրանուշը, Արուս Ոսկանյանը, Իսահակ Ալիխանյանը, Օլգա Գուլազյանը... Մի խոսքով, Շուշին եղել է հայ արվեստի եւ մշակույթի այն կենտրոններից մեկը, որտեղ լինելը, հանդես գալը ինչ-որ տեղ դիտվել է նաեւ պատվի գործ: Չէի ասի, թե հայոց մեծերին Արցախ բերող ճանապարհը բանուկ է այսօր:

Հրատարակչական իր գործունեությամբ եւս Արցախը հանդիսացել է առաջնային կենտրոններից մեկը հայ իրականության մեջ, դրանով էլ պայմանավորվում էր արվեստների վերելքը: «Հայ գրքի տպագրությունը,- գրում է անվանի պատմաբան Վլ. Սեւյանը,- ակտիվանալով հայրենիքից հեռու, օտար ափերում (1512թ.), ճյուղավորվեց ու հասավ էջմիածին 1771 թվականին միայն: Շուշին, հայ տպագրության այս օջախը, հերթականությամբ երկրորդն էր Էջմիածնից հետո, բուն հայկական հողում»: Հայ գրերի գյուտի արշալույսին պատահական չէր սուրբ Մաշտոցի կողմից Ամարասում երկրորդ դպրոցի հիմնադրումը, պատահական չէր Գրիգոր Լուսավորչի կողմից Արցախում քրիստոնեության արմատավորումը... Սակայն միայն անցյալը չէ, որ հիշատակության արժանի է, փառավոր էջեր ունի եւ Արցախի ներկան, առավել գուցե, քան երբեւէ: Բայց ռազմական մեր հաղթանակները ինչպես ենք արժեւորում հոգեւորով: Սա է խնդիրը:

Գրական, թատերական, մշակութային հարուստ ավանդույթները խլացվեցին խորհրդային տարիներին, ավելի շատ ոչնչացվեցին, լավագույն դեպքում էլ ձեւական բնույթ էին կրում: Եվ ցավալին այն է, որ լեթարգիական քնից վերջնականապես, լրիվորեն չենք սթափվում, չենք վերակենդանացնում մեզ կենդան պահող ավանդույթները, կարծես թե մենք այն ժողովուրդը չենք, որ նահատակված որդու տեղ գիրքն էր որդեգրում դարերում: Այո, դժվար է, պատերազմ ենք տարել շատ ծանր, բայց ժամանակն է, որ կազմակերպված ձեւով արշավ սկսենք լավագույն տրադիցիաների վերականգնման համար: Նոր հասարակություն է ձեւավորվում: Եվ այստեղ շատ բան կախված է նաեւ մտավորականներից՝ գրողներից, նկարիչներից, ուսուցիչներից, լրագրողներից ու հեռուստալրագրողներից... Վերջիններս, հատկապես, կարծում եմ, պիտի հանկարծակիի բերեն իրենց ուղղակի հարցերով, «շարժեն» բոլորին, առաջին հերթին՝ իշխանական լծակներ «բանեցնողներին»: Եթե հիմա չսթափվենք ու չսթափեցնենք, տանուլ կտանք ամեն ինչ: Կոմիտասի, Լերմոնտովի, Իսահակյանի, համաշխարհային շատ մեծերի քայլերը իր վրա պահող արցախյան հողի վրա այսօր կա՞ն այդ մասին պատմող թեկուզ փոքրիկ հուշաքարեր, հիշեցումներ... Չէ՞ որ նրանք չէ, որ դրա կարիքն ունեն, այլեւ՝ մենք, մեր սերունդները: Արցախում այսօր կան տաղանդավոր նկարիչներ, քանդակագործներ, անցկացվում են կառավարական մակարդակով սիմպոզիումներ. պարզապես պիտի պայմաններ ստեղծվեն, միջոցներ տրամադրեն, որ մեր մեծերի դիմաքանդակները, նկարները, արձանները, հուշակոթողները զարդարեն մեր աշխարհը, մանավանդ՝ այս ասպարեզում փորձ ունենք դրական: Հոգեւոր հայրենիքում տանուլ տվածը, կորսվածը անդառնալի է ու ավելի աղետավոր: Դրանով արդեն մեր վերջն է գալու, ինչպես բանաստեղծն է ասում, «այլեւս ոչինչ չենք ունենալու կորցնելու»: Ասենք՝ եկող տարի հայ ժողովուրդը քրիստոնեության ընդունման 1700-ամյակ է տոնում, մեր արվեստի, մշակույթի գործիչները, գրողները ինչ աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ, ինչ հրատարակումներ ու հրապարակումներ են սպասվում, որոնցով պիտի առավել հարստանա մեր ազգի հոգեւոր աշխարհը: Սրանք, անշուշտ, չի կարելի ասել բարձիթող վիճակի խնդիրներ են, բայց եւ այնպես՝ լուրջ մտորումների տեղիք են տալիս: Քրիստոնեության տարածումն Արցախում սկսվել է Ամարաս վանքից, ուր եւ ամփոփված է Գրիգոր Լուսավորիչի թոռը. արդյո՞ք հնարավոր չէ, որ Ամարասի վանքը վերակերտվի, կարգի բերվի մեծ տոնի շեմին... Եվ ոչ միայն Ամարասը: Պահանջվում է համաձայնեցված ու ջանադիր աշխատանք, գործիմացություն, նվիրվածություն, էնտուզիազմ, ինչպես ասում են: Խոստովանենք, որ պրոբլեմային մեր խնդիրների լուծման գործում մեծ եւ անփոխարինելի դեր ունի «Հյուսիս-Հարավ» մայրուղին, որի կառուցումը Արցախի ղեկավարության անվրեպ գործունեության ու համայն հայության ջանքերով օրակարգի մեջ է: Բայց ոչ մի դեպքում պիտի չբավարարվենք արվածով ու պիտի հասարակությանը անընդհատ տանենք ծովին հատուկ ինքնամաքրման՝ սկսելով ամեն մեկս մեզանից:

Արցախյան բնակավայրերը, հեռավոր եւ մոտիկ գյուղերը, շրջկենտրոնները կտրված են (կամ համարյա կտրված են) թերթերից, գրքերից, առանձին գյուղերում չկա էլեկտրական հոսանք, չեն գործում ռադիո կամ հեռուստացույց: Այսպես ու՞ր ենք գնում: Մայր Հայաստանում հրատարակվող լավագույն, արժեքավոր գրքերի փոխարեն մեզ մատուցվում են ճարպիկ գրչակների սուտուփուտ ու անարվեստ բարբաջանքները: Ինչու՞ պետականորեն չի վերահսկվում գրքի տարածման, պրոպագանդման գործը, մի՞թե դա արհամարհանքի արժանի կամ երկրորդական ձեռնարկում է: Արդյոք, շա՞տ չենք այս ասպարեզից հեռու վանում նաեւ դրսի բարերարներին: Ինչի՞ են ծառայում գրադարանները՝ եթե նոր գիրք չենք վերցնում, եթե թերթեր ու հանդեսներ չեն ստանում: Գյուղական շատ հիմնարկներ այսօր շարունակում են մնալ որպես խորհրդային քարոզչության կետեր: Չունենք Արցախում գրքի մի կենտրոն, ուր պիտի պահվեն գեղարվեստական արժեք ներկայացնող գրքերը: Երեւանում գործող գրքի կենտրոնի հետ էլ ոչ մի կապ չունենք: Այս ի՞նչ «նավս» է նստել մեր երկրամասի վրա՝ խորհրդային տարիներից մնացած, որ չի հաղթահարվում: Այս ամենը չի կարող իր բացասական հետքը չթողնել նաեւ դպրոցական գործի վրա, բնականաբար: Հասարակությունը, որը կորցնում է իր մեջ ուսուցչի հանդեպ ունեցած խոնարհումը, դատապարտված է վերածվելու խառնամբոխի, մանավանդ, որ այնքան արագ աճելու բացասական միտում են դրսեւորում տգետ ամբոխավարները...

Ժամանակն է վերանայելու գրքի, արվեստի, գրականության նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի խնդիրները, ժամանակն է փակելու աճող անգրագիտության ճանապարհը, հրաժարվելու ժամանակին «դպրոցից փախածների» ու բանակով «անցած», այսօր սակայն ղեկավար կարգված (այդպիսիները դեռ կան) կադրերի միջոցով մեր գյուղերն ու շեները ավերելու քաղաքականությունից, վերջ տալու մեր լավագույն ու փորձված ուսուցիչներին «տգետների ծովին» զոհ տալու սովորույթին: Լավ զինվորականը պիտի գործի իր եւ միայն իր ասպարեզում, քաղաքական գործիչն՝ իր, շինարարը՝ իր, մտավորականը՝ իր... Սա է հուշում մեր ժողովրդի դժվար ձեռք բերած հաղթանակի խորհուրդը: Այսինքն, յուրաքանչյուր ձեռնարկման ու գործի հիմքում պետք է առաջնային տեղ տրվի մասնագիտական իմացություններին ու կարողություններին, արհեստավարժությանը: Սուրբ պահենք, վեհ պահենք մեր հոգեւոր հացը: Այս ուղղությամբ Արցախում անհամեմատ մեծ, վիթխարի քայլեր են արվում վերջերս, ես նկատի ունեմ կառավարության եւ հատկապես (սա պիտի ընդգծել) վարչապետի կողմից արվեստի, գրականության, մշակութային խնդիրների հիմնավոր լուծմանն ուղղված (հազար ու մի տնտեսական, քաղաքական խնդրի եւ հոգսի մեջ) հսկայական ջանքերը: Եթե տանը սոված մարդ կա, տանտերը չի կարող քնել: Սա հրաշալի, արդեն իր արդյունքները տվող անհանգստություն է, ասպետական, մանավանդ՝ երբ սովը նաեւ հոգեւոր է: Ուրեմն՝ անհանգստանանք պիտի բոլորս, ազգովին, որ «սայլն առաջ գնա»: Չսպասենք կախարդական ձողիկի (այդպես լինում է միայն հեքիաթում) հրաշքներին, մենք մեր ձեռքով կերտենք մեր ներկան ու ապագան՝ ականջներիս օղ անելով դառը պատմության դասը, ընդունելով ու հարգելով ապագայի հրավերքը... Չմոռանանք՝ հոգու կորստով աշխարհը վերանում է իսկապես:

Գրագետ, կիրթ, կուլտուրական լինելը, բարձրագույն մասնագիտություն ունենալը հասարակության մեջ պիտի դիտվեն իրենց բարձրության վրա, պիտի բարեբանվեն մարդկային, մասնագիտական լավագույն կարողությունները, իմացությունները . դիլետանտությունը չպիտի դառնա իշխող կարգ, այլապես գնալով այնքան կխրվենք խավարի մեջ՝ մեր ձեռքով ստեղծված, որ փրկություն չի լինի: Էյֆորիայի տանող իրարագովեստական բավարարվածությունն ու «յոլագնալու» բավականությունը գեշ ու աղետալի երեւույթներ են: Սթափվենք: Չկղզիանանք: Մենք մեզ չխաբենք: Հավատանք Րաֆֆուն՝ մի լավ գիրքը կարող է մի ամբողջ ազգ փրկել: Հաղթահարենք պահը, այլապես՝ վաղը ուշ կլինի: