Ընթերցելով նրա չգրած տողերը

ԸՆԹԵՐՑԵԼՈՎ ՆՐԱ ՉԳՐԱԾ ՏՈՂԵՐԸ

(Հայրենի գյուղի՝ Քերթի միջնակարգ դպրոցը բանաստեղծ-մարտիկ՝ Կոմիտաս Հակոբյանի անվամբ կոչելու առիթով)

Կոմիտասը մեր լինելության անձնազոհն է, մեր բանաստեղծության կերոնված խորհուրդը։ Անդուլ, հաճախ՝ անդուռ դարերի ճանապարհ անցած մեր Այբուբենը նորել է նա իրենով, քանզի Մաշտոցի երկնած տառերն իր անվան մեջ կրկին վերաստեղծել է՝ արժանիորեն գեղեցիկ ու գոյասքանչ՝ ժողովրդի համար ամենածանր պահին ելքի դուռ դարձնելով դրանք։

Նա քիչ գրեց, բայց այնպես գրեց, որ մեզանից ամեն մեկն այսօր կարող է կարդալ նաեւ նրա չգրածները, ասել է թե՝ գրել-չգրելու սահմանները հաշտեցրել-միացրել է կյանքով։ Իրենից մեծ մարդկանցից մեծ լինելն անսովոր խիզախներին է տրված, որովհետեւ միշտ առաջին լինելը ենթադրում է միայն Առաջին գիծ ու հերոսականություն։ Այնպես որ՝ նրա մահը մահ չէր, այլեւ սիրո ու հավերժումի նշան՝ վրձնված Ռսկահան սարի արնակարմիր կակաչներով։ Ես խոնարհումով համբուրում եմ այսօրվանից այլեւս սրբացած քարաթերթիկի վրա դաջված «Կոմիտաս Հակոբյանի անվան Քերթի միջնակարգ դպրոց» բառերը, որոնք խորհրդանշում են Քերթի ու հայ ժողովրդի բոլոր, բոլոր սուրբ նահատակներին։ Թող դպրոցական զանգն իր ղողանջներով աշխարհին մշտապես ավանդի հայրենի քաղցր հողի, խաղաղության ու հավերժության պատգամները։