ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Երբ հանդիպում ես մի հայ օրիորդի, որ Ժորժ-Սանդի կամ Տուրգենևի ռոմանը խտտած, դառնում է օտարազգի ընթերցարանից, հարցնում ես նորան` օրիորդ, ինչո՞ւ չեք կարդում հայերեն: Պատասխանը լինում է` կամ մի արհամարհական ժպիտ և կամ — «ի՞նչ կարդամ»:

Ի՞նչ կարդա, կրկնում ենք մենք, Նարե՞կ, Եղիշե՞ թե Խորենացի: Դոցա լեզուն այնքան հասկանալի է օրիորդին, որքան նոցա նյութը մատչելի է նորա սրտին: Դյումայից և Հյուգոյից պոլսեցոց թարգմանություննե՞րը կարդա օրիորդը. ո՛չ, նա ծանոթ է արդեն դոցա բնագրին, կամ կարդացել է թարգմանությունը մի օտար լեզվով:

Ի նկատի ունենալով այդպիսի երևույթներ, համոզվում ենք, որ մենք, հայերս ընթերցանության գրքեր չունենք էլ ինչո՞ւ ենք մեղադրում մեր մանուկ սերունդը, թե նոքա հեռու են պահում յուրյանց հայոց լեզվից և նորա գրականությունից:

Մի ազգ երբեք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը: Իսկ ընթերցասիրությունը ամբոխի մեջ տարածելու գլխավոր միջոցներից մինը բանաստեղծական և վիպական գրվածքներն են: Ի՞նչ գիրք կարող է լինել ժողովրդի սրտին և հոգուն այնքան մոտ, որքան մի վեպ, որը կախարդական հայելվո նման պատկերացնում է յուր մեջ նորա կյանքը, երևան է հանում հասարակական տիպեր` յուրյանց գեղեցիկ և այլանդակ նկարագիրներով: Վերջապես ի՞նչ ձայն կարող է լինել այնքան ազդու, քան թե մի երգ, որ հնչեցնում է ժողովրդին նորա ցավերը, նորա սրտի տխուր կամ ուրախ զգացմունքները:

Հայերն, իբրև արևելցիք յուրյանց տաք երևակայությամբ, որպես է նոցա շրջապատող բնությունը, սաստիկ հակումն ունեն դեպի վեպեր և դեպի ֆանտազիան առհասարակ: Տեսնում ենք, թե քանի ախորժանոք նոքա լսում են աշուղների «հեքիաթները» և որքան սիրով կարդում են «Պղնձե քաղաքի» հիմար առասպելները, կամ Խիկար իմաստունի խրատները: Աբովյանի «Վերք Հայաստանին» թեև նա գրված է մի գավառի ժողովրդական բարբառով, որ մատչելի չէր ընդհանրությանը, թեև յուր կրկնությունների ճոխությամբ մինչև անգամ ձանձրացնում է, այսուամենայնիվ` ամեն հայ սիրում է այդ գիրքը և կարդում է նորան: Ուրեմն, բոլորովին անտեղի է մտածել, թե հայերը ընթերցասեր չեն: Մեղավորքը մեր գրագետներն են, որ նորանց մտավոր սնունդ չեն մատակարարում:

Այդ շարժառիթներն էին, որք խրախուսեցին «Փունջի» հեղինակի վստահությունն յուր ավելի քան տասը տարվա աշխատությունները զանազան հատորներով ի լույս ընծայել: Թեև այդ մեր կողմից մի հանդգնություն էր, փույթ չէ, միշտ պատերազմողների առաջին շարքը ընկնում են: Եթե մի օր հայոց հողի վերա կծնվեին Գյոթեներ, Շիլլերներ և Շեքսպիրներ, թող նոքա մեզ նման անձնավստահների ավերակների վերա բարձրացնեն յուրյանց գեղեցիկ և հսկայական շինվածքը:

Հանճարներն և տաղանդներն ավելի զարգացած հասարակական կյանքի արտահայտություններ են: Թեև ես գրեցի հանգավոր տողեր, բայց, սիրելի ընթերցող, դու իմ չոր ու ցամաք և անտաշ երգերիս մեջ չես գտանելու ոչինչ բանաստեղծական: Նոքա զուրկ են այն գեղարվեստական վսեմությունից, որով մուզաների սիրելին ստեղծագործում է յուր հորինվածքը: Բայց ես ներկայացնում եմ քեզ մի ալբոմ, ուր դու կտեսնես զանազան այլանդակված պատկերներ` յուրյանց բարոյական և մտավոր տգեղություններով. — դոքա մեր հասարակական կյանքի տիպերն են: Իսկ իմ երգերն` արձագանք են դառն հառաչանքի...

Գուցե ոմանք կդատապարտեն մեր բացասական ուղղությունը, չնկատելով որևիցե ուրախալի երևույթ մեր ներկայացրած պատկերների մեջ: Բայց թող մեր անձնախաբեությունը չմոլորեցնե մեզ, մենք ուրախալի ոչինչ չունենք: Հազիվ նշմարվող լուսավոր կետերը հայոց մութ հորիզոնի վերա, գուցե հրապուրում են շատերի աչքերը, բայց նոքա խաբուսիկ լույսեր են, որք անհետանում են ընդհանուր խավարի մեջ...

«Փունջը» լույս կընծայվի տասը հատորով: Բացի առաջինից` մնացորդ ինը հատորներն կտպվին հետևյալ պարունակությամբ`

II Հատոր վիպասանություններ

ա. Անմեղ վաճառք

բ. Ուխտյալ միանձնուհի

գ. Տնային փեսա

դ. Հարեմ (առաջին մասն)

ե. Սառա (բանաստեղծություն)

III Հատոր վիպասանություններ

ա. Հարեմ (երկրորդ մասն և վերջ)

բ. Թաթոսներ

գ. Խաչագողի հիշատակարան

դ. Սպանդանոց

ե. Խորենացու ողբը (բանաստեղծություն)

IV Հատոր վիպասանություն

ա. Զահրումար (առաջին և երկրորդ մասն միասին)

V Հատոր ճանապարհորդական հիշատակարան

ա. Րաֆֆիի ուղևորությունը Պարսկաստանում6

բ. Ճանապարհորդություն Տաճկաստան (Վասպուրականի և Տարոնի նահանգներում)

VI Հատոր վիպասանություն

Սալբի (առաջին մասն)

VII Հատոր վիպասանություն

Սալբի (երկրորդ մասն)

VIII Հատոր վիպասանություն

Սալբի (երրորդ մասն և վերջ)

IX Հատոր վեպիկներ

ա. Գեղեցիկ Վարդիկ

բ. Սով

գ. Նազանի

դ. Անբախտ Հռիփսիմե

ե. Մի օրավար հող

Հիշյալ վեպիկները տպված են «Մշակ» լրագրի 1872-1873 տարվա համարներում «Մելիքզադե» ստորագրությամբ: Այդ իսկ հատորի մեջ կպարունակվին և Մելիքզադեի մյուս հոդվածներն, որք տպված են նույն լրագրի մեջ: Այլև զանազան ամսագրերում տված մեր աշխատությունները, որպես է` «Ախթամարա վանքը», «Հյուսիսափայլի» մեջ և այլն:

X Հատոր

ա. Ներսես Ե-րդի կենսագրությունը

բ. Խրիմյանի կենսագրությունը7:

«Փունջի» ամեն մի հատորը միևնույն դիրքը կունենա, ինչպես առաջինը: Եթե որևիցե պատճառով վերոհիշյալ աշխատություններից մինը չտպվի, այն ժամանակ հատորների պարունակությունը փոփոխություն կստանա:

Վերոհիշյալ նյութերն, որք պետք է կազմեն` բացի առաջինից` մնացյալ ինը հատորների պարունակությունը, բոլորը պատրաստ են, վերջացրած չէ միայն Ներսես Ե-րդի կենսագրությունը: Որովհետև մենք պատրաստում ենք հանգուցյալի ավելի ընդարձակ կենսագրությունը, սկսյալ նորա երեխայությունից մինչև նորա մահը, այդ պատճառավ այդ աշխատությունը մեր ցանկացածին պես լրացնելու համար` մենք կարոտ ենք ավելի մանրամասն և ճիշտ տեղեկությունների: Որո համար խնդրում ենք հանգուցյալի ծանոթներից հաղորդել մեզ նյութեր նորա կյանքի, գործունեության և հարաբերությանց մասին օտարների հետ: Տեղեկություններն որքան և աննշան լինեին դարձյալ մեզ համար թանկագին են, մենք կարող կլինեինք նոցանից օգուտ քաղել: Եթե որևիցե կոնդակ, նամակ հանգուցյալից, չկամեին նոցա իսկականը մեզ հաղորդել, բավական են միայն նոցա արտագրած պատճենները. մենք կվճարենք փոստայի և գրագրի ծախսը: Ներսեսի կենսագրության հետ զուգընթաց կնկարագրվին` նույն ժամանակի Էջմիածնա, մեր հոգևոր կառավարության և հայերի դրությունը, այլև Ռուսաց Պարսից հետ ունեցած պատերազմը և հայերի գաղթականությունը Պարսկաստանից և Տաճկաստանից դեպի Ռուսաստան: Մենք հուսով ենք, որ մեզ կօգնեն և այդ մեծ մարդի հավերժական հիշատակը անմոռաց կմնա պատմագրության մեջ: