Ընկեր Փանջունի/Ընկ. Բ. Փանջունի ի Ծապլվար/Ա

Ընկեր Փանջունի

Սիրելի ընկերներ,

Ձեր հրահանգներն ստանալուն պես, փութացի Արաբկիրեն ճամփա ելլել և չորս օր ճամբորդելե ու Շեփիկ, Վաղշեն, Կրանի և Մաշկերտ գյուղերը մեյ մեկ գիշեր մնալե ետքը հասավ Ծապլվար գյուղը, որ ըստ իս մեր պրոփականտին համար հարմարագույն վայրն է:

Ծապլվար` քսան տունե բաղկացած` զուտ հայկական գյուղ մըն է, գեղեցիկ բարեբեր հովտի մը մեջ, ուրկե կանցնի Ջրբերիկ գետակը: Գյուղացիները ընդհանրապես բարեկեցիկ, ժիր ու աշխատող են, հին ռեժիմեն դժբախտաբար շատ չեն տառապած և այս պատճառով նոր ռեժիմը իրենց վրա մեծ ներգործություն չէ ըրած: Ատեն-ատեն հալածանքներ կրած են միայն մոտակա Քոմրաշ գյուղի քրդերուն կողմե, որոնք ավազակաբարո մարդիկ են: Պետք չկա ըսելու որ Ծապլվար գյուղը խոր տգիտության մեջ թաղված է, մանավանդ ընկերվարական հարցերու մասին: Տասնըհինգ օր է որ այստեղ հասած եմ, և հասած օրիս հետևյալ օրն իսկ սկսած եմ պրոփականտի, և տակավին կարող չեմ եղած այդ գյուղացիներու մտքին մեջ մտնել քափիթալիզմի գործած ոճիրները, բանվորական սենտիքաներու հրամայողական անհրաժեշտությունը, պրոլետարիայի պահանջքները ևն Բայց ես չեմ հուսահատած, ընդհակառակը իրենց այդ անհասկացողությունը ավելի եռանդ կու տա ինծի պրոփականտը առաջ տանելու: Ինչ որ իմ պաշտոնս կը դժվարացնե, այն է թե Ծապլվարի մեջ գոյություն չունին դասակարգային որոշ բաժանումներ, կամ մանավանդ լավագույն է ըսել թե` այդ բաժանումներու գիտակցությունը չունին: Իմ գործս պիտի ըլլա նախ կազմակերպել դասակարգային բաժանումները, անոնց ցույց տալ իրենց հատուկ պահանջումները, և զանոնք ձեռք բերելու միջոցները:

Պետք է կռվի պատրաստել այս տգետ գյուղացիները, և այդ հեշտ գործ չէ:

Երկու շաբաթե ի վեր անընդհատ շփման մեջ եմ գյուղի բոլոր բնակիչներուն հետ և կը ջանամ որոշել, և ընտրել բոլոր այն անձերն որոնցմով կարող պիտի ըլլամ ստեղծել դասակարգային որոշ շարքերը:

Գյուղն ունի մի ծերուկ քահանա` Տեր Սահակ. այդ կը ներկայացնե միջնադարյան կղերականությունը, խավարամտությունը, օպսքուրանթիզմը: Անհրաժեշտ է տաք պայքար մղել իրեն դեմ:

Ծապլվարի պուրժուազիան կը ներկայացնեն Րես Սերգոն և իր մեկ քանի արբանյակները: Այդ կեղտոտ պուրժուան ունի երեք արտ, երկու կով, մեկ էշ և երկու այծ, արդյունք` խեղճ անինչք գյուղացիների վրա ի գործ դրված դարավոր կեղեքումներու: Զարմանալի է որ այդ մարդը գյուղին մեջ բարի համբավ կը վայելե և կը հարգվի ամենեն, նույնիսկ անոնց կողմե որոնք պետք էր որ իր բնական թշնամիները ըլլային: Տեսեք թե որ աստիճան տգիտության մեջ թաղված են այդ խեղճերը: Հա՞րկ է ըսել որ Տ.Սահակ շաբաթը մեկ քանի անգամ կճաշե Րես Սերգոյի տունը:

- Հավիտենական զինակցությունը քափիթալիզմի և կղերականության` ընդդեմ ընչազուրկ դասակարգին: - Բայց համբերություն, ամեն բան իր տեղը կու գա:

Ծապլվարի մեջ բանվոր դասակարգը կը բաղկանա պայտար Մկոյե, որ միանգամայն երկաթագործ է: Երկու օր առաջ Րես Սերգոյի էշուն պայտ ինկած էր, և կեղտոտ պուրժուան ստիպվեցավ դիմել Մկոյին: Շատ ջանացի որ Մկոն համոզեմ ընդհանուր գործադուլ հրատարոկելու և Րես Սերգոյի էշն առանց պայտի ձգելու: Արդ` շատ ցնցող տպավորություն պիտի գործեր առ հասարակ առանձնաշնորհյալ դասակարգերուն վրա: Բայց դժբախտաբար Մկո ընդդիմացավ, որովհետև տակավին բավականաչափ պրոփականտ չէր արած: Հոգ չէ, եթե այս անգամ չի հաջողվեցավ` ուրիշ անգամ կը հաջողվի:

Ընդհանուր գործադուլն անհրաժեշտ է Ծապլվարի մեջ, մեր պրոփականտ գործնական արդյունքը ցույց տալու համար:

Վաղը կը մեկնիմ Քոմրաշ քուրտ գյուղը, ուր պիտի մնամ մեկ քանի օր, համերաշխություն քարոզելու հայերու և քրդերու միջև: Քրդերը մեր բնական նեցուկներն են. հարկ է հաշտ երթալ անոնց հետ և ի հարկին գործածել զանոնք մեր քարոզած սկզբունքներու հաղթանակին համար: Բայց ատոնք ապագայի հարցեր են:

Մի քիչ փող ղրկեք ինձ: