Յուրաքանչյուր օր ունենում է իր երկինքը
եւ ոչ մեկը ոչ մեկին նման չի լինում։
Տեսանելին թաքնարան է, ուր
անլուր պահվում է
անտեսանելին։
Թեեւ մարած, բայց
հրաբուխ է։ Գերեզմանոցը
հանրահավաք է
անժամադիր։
ճանապարհը՝ որքան էլ երկար,
այնուամենայնիվ, վերջ ունի,
հետեւապես՝ վանդակի մեջ է։
Իմ սխալները իմ հարստությունն են։
Եվ քարերը կենսագրությանս բառերն են՝
մեր քանդված տան պատի մեջ եւ
անդունդներում,
որոնցով տանում եմ ճանապարհներս։
Նիբիրուի մոլորակից, այն կործանվելուց առաջ, մի երեխա
ուղեւորվել է մեզ մոտ՝ ուղիղ 300 000 տարի առաջ,
բայց մինչեւ հիմա դեռ չի հայտնվել երկրում, մեկ-մեկ սակայն
ականջս սղոցում է նրա ճիչը՝
Մարսի եւ Յուպիտերի արանքով սրընթաց անցնող բեկորի պես։
Թզենու ճյուղը, որից
պոկել ես տերեւն առաջին, Եվա, սիրելիս,
նույնպես տղամարդու կողոսկրից է արարված։
Իսկ սերը եթե չի մերժվում` սեր չէ:
Դրախտի ուղին ոչ թե այն է,
որով բոլորը գնում են դրախտ,
այլեւ այն, որով դեռ ոչ մեկը դրախտ չի գնացել: