Գլուխդ դրեցիր կրծքիս վրա (սիրտս
այդքան արթուն երբեք չի եղել) եւ
մենք երազը տեսանք միասին։
Յուրաքանչյուր կին ինձ մոտենալուց առաջ
կույս է, եւ ես չեմ վախենում նույնիսկ
հարյուր անգամ ասվածն ասելուց։
Արտեմ Հարությունյանն ասում է, թե
իմ «Քարի շնչառությունը» կարդալուց հետո, երբ
հանդիպում է քարերի, հանում է
ամերիկյան անթարգմանելի գլխարկը (Is it you?) եւ
Արտեմ դայու իմաստուն ու անթաքույց ժպիտով
նրանց հանդիսավոր բարեւում։
Սիրելի, սիրելի տղաներ (թող սա լինի խոստովանություն՝
սեղանապետի իմ մշուշոտ հիշողություններից), ձեր հասցեին
արած իմ գովեստներից հետո, ամեն անգամ,
նստում ու լաց եմ լինում անօգնական։