Լսիր լռությունը, ուր երգում են
անտառները։ Լռության չասածը ոչ ոք չի ասելու։
Թող ճանապարհը ճանապարհորդ ընտրի,
ծառը՝ հավք ու երկինք։
ՈՒշ տերեւների մեջ սպասում է տխրամեծար աշունը
եւ շշնջում է խոսքեր, որ ոչ ոքի
այլեւս հասու չեն։ Առյուծին ի՞նչ, թե
ինքը չկա, անտառն է մեղք։
Անվերջանալի վաղը իմ առաջին սերն է, քույր մի,
տան մնացած աղջիկ։ Հոկտեմբերը
մայիսյան վարդեր է մեկնում ինձ, եւ ես
օգնում եմ ամենքին, որ ինձ խաբեն։
Ոչ մի տեղ երկինքն այնքան անհուն չէ, որքան
մանկության առվի մեջ։ Տերյանի սիրուց
մեկ-մեկ մարդու լաց է գալիս։
Լինում է երբեմն՝ նախընտրում եմ մութը։
Մեկ քայլ անելու համար ինձ կես քայլի տարածքն էլ
հերիք է։ Ոչ ոք ինձանից հեռու չէ այնքան,
որքան ինքս։ Իսկ թեժ գինին, որ խմել եմ կնոջ պորտի
փոսորակից, երակներիս մեջ արդեն հրդեհ է անմարելի։
Ես ընտրել եմ այն ճանապարհը, որն ինձ է ընտրել։ Վարք
հիշողության եւ հույսի։ Ո՞վ ասաց՝ Աքիլլեսը
նետն է ընտրում, աղջիկներին թող որ մնան խաղալիքները։
Երկինք՝ աղեղի նմանակ։ Ես իմ արձակած նետն եմ։