ՄՈՐՄՈՔՆԵՐԻ ՀՈԳԻ


Մութն այնքան սեւ է, թվաց թե՝ երբ
դուրս գանք դեպի լույս,
մեր երեսներին մթամուր է երեւալու։

Քարի շնչառությունը
օդը տաք է պահում։

Հեռուն, որին այդպես էլ չհասա, պարզվում է, ոտքիս տակ է, իսկ
ամենափոքրիկ թռչնակի՝ կոլիբրինի երկինքն ավելի մեծ է լինում հաճախ,
քան կարող է լինել երկինքը բազեի։

Ընկուզենու խշշոցների մեջ նահանջում են ամպերն ու գիշերը,
եւ բաց արմատները այլեւս չեն վիճում
մտերիմ քարերի հետ։

Ես արտագրում եմ խոտերն ու ստվերները,
ես արտագրում եմ քարերն ու բոլոր ձայները,
ես արտագրում եմ հավքերը եւ երկինքը, մեծ ու փոքր
ճանապարհները, ջրերը, աչքերը, հորիզոնները։



Խոսքը այնպես է հնչում, ասես Շան Որդին կանգնած է մեր Եխծուն տափի
թխկենու տակ,
Քիրսի մի լանջին, ուր աղբյուրները գալիս, գտնում են իրար,
ուր պսպղում է, հեռու-հեռու հորիզոնում, մայր գետն՝ Արաքս։

Եվ վրձինը,որի ծայրին լույս կա մոմի, չեմ ուզում
ցրի մութը,
քանզի այնտեղ ապրում են երազները։

Մարել են ծնկածեծ տվող քամու փնթփնթոցները
փտած կոճղի մոտ։ Իր իսկ բացած
հունի հետ՝ անհամերաշխ առու, որին պատել է
աներգությունը։ Մորմոքների հոգի։
Դեպի գագաթը լեռան միայն մի ուղի կա, դա թեւն է հավքի։

Թեպետ ձայն չկա,
չկա եւ լռություն։

Մինչեւ իմ ծնվելը եղել են այս լեռները եւ գեղեցիկ է,
մանավանդ, նրանց շարահյուսությունը,
բայց ես կուզեի իմ ձեռքով ստեղծված լեռներում ապրել, անգամ՝ մահից հետո։

Խավարը խփում է դեմքիս եւ
իմ թիկունքում
ձգվում է ստվերս՝ ամբողջովին լուսե։