Կարոտել է գարունը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Թեւթեւ, մանրամաղ)

Վարդան Հակոբյան

Առանց քեզ
***

Թեթեւ, մանրամաղ
Լուսնի լույս լիներ։
Եվ կանուշանար գիշերը ամռան՝
որպես համբույրը
իրար չհասած շուրթերի միջեւ։
Խավար է սակայն,
Գիշեր է՝ տգեղ, նույնիսկ ավելի,
քան սրիկայի արդարացումը։
Եվ ես գնում եմ՝ ապավինելով
իմ ճանապարհին.
ձեռք ու ոտքերով տնտղում հողը,
տեսնում եմ... հողո՜վ։

Թեթեւ, մանրամաղ
Լուսնի լույս լիներ։
Եվ այս ամենը գոնե հեքիաթ չէ,
որ ինչ-որ տնակ հայտնվի ճամփին,
որ ինչ որ աղջիկ
ճրագը բռնած կանգնի իմ դիմաց,
ասի՝ ինչ լավ ես արել, եկել ես,
եւ անուշանա գիշերն ավելի,
քան դա կարող է այս երգում ասվել։
Բայց դառն է մութը։ Այն արձագանքն է
քո գորշ լռության,
գիշեր,
որ չունի ճամփա ու դռնակ։

Թեթեւ, մանրամաղ
Լուսնի լույս լիներ։