Թե շրջում եմ

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Թե շրջում եմ


Թե շրջում եմ աղմկալից փողոցում.
Թե մտնում եմ ես մարդաշատ սուրբ տաճար,—
Թե նստած եմ ջահիլների շրջանում,—
Միշտ նույն մտքերն ինձ հուզում են անդադար։

Ես ասում եմ — տարիք կանցնեն ու կըգան,
Եվ ամենքըս, որ կանք այստեղ խըմբովին.
Պետք է նընջենք երկրի խորքում հավիտյան,
Եվ, գուցե, մեկն արդեն մոտ է յուր մահին։

Թե նայում եմ մենակ կանգնած լուռ կաղնուն
Ես խորհում եմ — այդ նահապետն անտառի
Որ վըկա է իմ պապերիս մեռնելուն,
Ե՛վ ինձ թաղած՝ էլի կապրի շատ տարի։

Թե սիրասուն մանուկին եմ փայփայում,
Մըտքումս արդեն ես ասում եմ մնա՜ս բարև.
Քե՛զ եմ տալիս ես իմ տեղն այս աշխարհում,
Ինձ — մահ, իսկ քեզ — դեռ կըժպտի նոր արև։

Եվ այսպես միշտ — ամեն մի օրն ու տարին
Սովորել եմ մըտածմունքիս հետ կապել.
Եվ նոցա մեջ ըսպասելով օրհասին,
Աշխատել եմ գալիք մահըս գուշակել։

Եվ, ո՞վ գիտե, ի՞նչ տեղ է մահ պատրաստում
Ինձ օրհասը -— ծովում, մարտում թե ճամփին.
Գուցե հանգչեմ հենց մոտակա այս հովտում —
Նա ընդունե իմ ցըրտացած անշունչ դին։

Թեպետ մե՜կ է, ո՛ւր էլ հանգչեմ հավիտյան,
Ո՛ւր էլ փըտի սառն, անզգա իմ դիակ.
Բայց, ա՜խ, քաղցր էր, թե գըտնեի գերեզման
Սիրած երկրում — հայրենիքիս հողի տակ։

Եվ թո՛ղ կյանքը, մատաղ կյանքը սիրավետ
Շիրմիս ափին զվարճանա ու խաղա.
Եվ անտարբեր բընությունը յուր հավետ
Գեղեցկությամբ շուրջըս փայլե ու շողա։