ԹԻԹԵՌԸ՝ ԿՐԾՔԻԴ ՎՐԱ


Խոտ ու ծաղիկներ հեւում են թեթեւ,
Խոտ ու ծաղիկներ ընկնում հեւասպառ,
Ելնում են նորից
Արեգակն ի վեր։
Հետո գալիս է քամին քմահաճ,
Ինչ-որ բաներ է բարբաջում տաք-տաք։
Բայց խոտ ու ծաղիկ սիրտ չունեն նրա
Խոսքը լսելու
Կամ չլսելու,
Խոտ ու ծաղիկներ նայում են հեռու,
Որտեղից ահա ծագում մի աղջիկ,
Կապույտ-կանաչով քայլում է կամաց։
Նա ո՞ւր է գնում։
Ես դաշնություն եմ որոնում իմ մեջ՝
Պայծառ գարունքվա եւ նրա միջեւ։
Ու բոլորովին անտեղյակ եմ, որ
Խոտերն այս, քանի ծիլեր են եղել,
Փափուկ թովչանքով փարվել են նրա
Բոբիկ ոտքերին՝
Երբ նա մենակ չէր։
         Հեռո՜ւ եմ մնում,
Ասվող ամեն բառ կարատավորի
Այն լռությունը, որ ունի օրը՝
Պահած սիրավոր աղջկա համար։
Բայց մի թիթեռնիկ հայտնվեց ահա,
Գնաց, թռվռաց նրա հայացքում
Եվ ապա իջավ,
Քանդակվեց կրծքին։
         Ու նկատեցի,
Որ այդ աղջիկը փնտրում է մեկին,
Որին որ գուցե երկու օր առաջ,
Կամ՝ երկու տարի,
        Տխրեցրել է։
Իզու՜ր, զղջո՛ւմ է։
Ահա թե ինչպես ես դա իմացա.
Թիթեռի թեւը՝ կրծքին աղջկա,
Թեթեւ դողում էր
Ու թրթռում էր ինչպես թռչելիս...
Խոտ ու ծաղիկներ հեւում են թեթեւ
Ու նրանց վրա իջնում է ոսկե,
Մի ոսկե թիթեռ։