Թողի երկիրն իմ հայրենի…
* * *
Թողի երկիրն իմ հայրենի,
Անահ անցա Արաբ ու Հինդ,
Տեսա մարդիկ չորսգլխանի,
Տեսա հազար աղետ ու խինդ։
Հասա մինչև Չինումաչին,
Հասա մինչև ծովը ճերմակ,
Տեսա երկրի ծայրը վերջին
Եվ դրախտի դուռը կրակ։
Հազար անգամ ծագեց Արև
Եվ մայր մտավ հազար անգամ,
Տեսա ծառեր հըրատերև,
Տեսա ակունքն արեգական
Եվ փերիներ քնքուշ ու սև,
Աչքերը բոց, իրենք խավար,
Եվ փերիներ տեսա թեթև
Փրփուրի պես ճերմակ ու վառ։
Բոլորը ծուխ, բոլորն ավազ,
Բոլորն ավար ջուր ու քամուն,
Չկա քեզնից գերիչ երազ,
Քո անունից անուշ անուն…