ԹՈՆՐԱՀԱՑ


Ես հիմա ո՞ւմ խնդրեմ, որ մի ճամփորդական
գիշեր ընձեռի ինձ այն իջեւանատանը,
որ դեռ չեմ կառուցել։

Բեհեզդեբուղի մատը խառն է բացակայությանդ մեջ,
որը բազմապատկում է ամայության անապատը։

Համբուրում եմ բացվող առավոտը եւ արծաթված շուրթերով
ասում՝
բարի լույս,
անգամ նրան, ով այդ պահին դաշույն է բարձրացրել,
որ խրի կողս,
բոլորին ասում եմ՝ բարիաջողում։

Թոնրից մինչեւ տուն՝ նոր թխված հացի ճանապարհն է,
ճանապարհն է երգի,
եւ խոնչան ուսերին, ծամը կրծքին, ոտաբոբիկ
այն ո՞վ է վազում։
Որքան թեժ են քարերը,
թե՞ պարզապես բոբիկ ենք։

Ես քայլում եմ եւ այն ժամանակ,
երբ կանգնած եմ ու չեմ քայլում։