Թորոս Թորամանյանի նամակներ/Ն․ Մառից, նոյեմբեր
1. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
Ս. Պետերբուրգ>
Սիրելի ճարտարապետ,
Շտապում եմ հայտնել իմ ամենախորին շնորհակալություն Ձեր բարեխիղճ, սիրուն աշխատության համար[1]։ Ձեր գործի մասին վաղուց խոսք եմ բաց արել այստեղ հայ շրջաններում և նախ և առաջ խոստացան նպաստ մը առաջարկել Ձեզ, Ձեր նպատակիդ հասնելու համար' ամսական հիսուն ռուբլի, որ Ձեզ հնարավորություն կտա Անիում Ձեր աշխատությունդ շարունակել առանց զրկանքի։ Այստեղի հ<այոց> եկեղեցի արդեն վճռել <է> երկու ամսվա հախ՝ հարյուր ռ<ուբլի> Ձեզ ճամփեցնել։ Հետո ինչ կտա աստված կտեսնենք[2]։
Հիմի շատ զբաղված եմ հին և նոր աշխատություններովս․ նամակդ կարդացի, բայց նա պարզ կարդալու համար գրվածք չէ ուսումնասիրության արժանի է. ժամանակով կթարգմանեմ ռուսերեն և Ձեր անվամբ կտպեմ իբրև բացատրություն Ձեր «նորոգման»[3]։
Սեղանին[4] համար նեղություն մի քաշեք, թեպետ ամբողջության տեսակետից և ինքնուրույնության ձևին նայելով ցանկալի էր և նրան տեսնել շունչ առած Ձեր մատիտի տակ։
Հայ սուրբ Միքայելին և ուստաբաշ պ. Գևորգին բարևներս։ Հայ սուրբին հետ առանձին պետք է թղթակցեմ։ Եթե ուզածս իրագործվի, եկող տարի մեծ պեղումներ եմ ուզում կատարել և ընտանիքով գալ Անին։ Սենյակի հարցն է ինձ դժվարացնում գործս։ Չգիտեմ, արդյոք հարմար կլինի՞ մուզեում[5] բնակվիլ, իսկ եթե ոչ, անցյալ տարվա պես ամենաընդարձակ սենյակ գրավել անիրավացի եմ համարում, եթե հաճախորդների համար նոր սենյակներ չեն լինի պատրաստ։ Գուցե առիթ կունենաք հ<այր> Միքայելի հետ խորհրդակցել սորա մասին և ինձ առաջուց իմաց տալ նամակով: Առայժմ ցտեսություն կամ ցնոր նամակ։
- ↑ Խոսքը Ն. Մառի պատվերով՝ Անիի պեղումների լուսաբանման համար Թորամանյանի կատարած չափագրությունների և վերակազմության նախագծերի մասին է, որը պրոֆեսորը օգտագործում էր Անիի վերաբերյալ կարդացած զեկուցումներում ն տպագրվող աշխատություններում։
- ↑ Արևելյան Հայաստան գալուց և պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրությանը նվիրվելուց հետո, մինչև սովետական կարգերի հաստատումը, Թորամանյանը դադարում է պարապել գործնական ճարտարապետությամբ, որի հետևանքով զրկվում է ապրուստի միջոցներից։ Իր նյութական կարիքները բավարարելու համար, նա ստիպված է լինում ընդունել դրամական օժանդակություն, ինչպես առանձին անհատներից, նույնպես և պետական հաստատություններից ու ընկերություններից։
- ↑ Խոսքը Անիի Առաքելոց եկեղեցու վերակազմության նախագծի մասին է:
- ↑ Սեղան բառով Մառը ակնարկում է եկեղեցու բեմը, կամ արևելյան աբսիդը:
- ↑ Պեղածո նյութերի պահպանման և ցուցադրման համար մինչև հատուկ շենք կառուցելը, պրոֆ. Մառը թանգարանի էր վերածել Անիի Մանուչեի մզկիթը: Նոր շենքը հիմնադրվել է 1908 թվականին: Ակնարկը վերաբերում է այդ մզկիթի սրահին։