Թումանյանի նամակներ/8
Այտա, մի ձեն հանի տենանք որդի էս է՞։
Տնաշեն էս ղդամ վախտ ա մի բաց նամակ էլ ա չես գրում, թե որտեղ ես. ես էլ մնացել ի մլորած։ Ասեցին գնացել ա յարմունկեն, դեհ, հմի արի իմացիր, ինչ յարմունկա ա, յա որտեղ ա։ Ճամփա եմ պահում, հայ էսօր նամակ կգա, էգուց կգա, րիգունս կգա. ամա ոնց որ երևում ա՝ դուն օրթում ես կերել. մախլաս։ Ասեցի Եզեկ քեռին լավ կիմանա, հլա մի նրան էլ հարցնեմ, հարցրի, թե՝ բա չես ասիլ մեզ վրա նամակ ա գալիս. այտա, իրան էլ հասնըմ ա, թե՝ ոնց չի, էլ առաջվան հասցեովը. այ ըղորմի քու հորը։ Հմի էս ա եկել եմ տուն ու վռազ-վռազ գրում եմ։ Ահըմ մանին[1] ինչ ա, որ էս ա, գիտեմ ոչ քանի տարի ա, ձեռդ բերնիդ ես դրել, անսաս արել։ Նամակս հասնի թե չէ, էլ աչքդ ճպես ոչ։ Գիտեմ ոչ, էս վերջի նամակս ստացել ես, թե չէ1։ Աղասին ըստեղ էր, մեկել օրը գնաց գեղը2. խոսք ու մին արինք, որ քեզ վրա մի նամակ գրենք, էն էլ էն ոչ ու փուչը կորավ, թե՝ գրելիս ինձանից էլ շատ բարով գրի։ Էս անդեր քաղաքը մի շոգ ա, որ էլ դավի չունեմ. ճաշադեմին լիզուներուս կես գազ քաշ ենք անում։ Բարձրագույն և բարձր դասակարգերը ամառանոցներն են քաշվել, բացի գրականական փահլևաններից, որոնք քանի «խալվաթ ա» աշխատում են իրար տուն կտրեն… «Նոր դարումը» կկարգեիր «Աղբյուր» «Տարազովիչի» խմբագիր Տիկլան Նազարյանցի՝ «Արձագանքի» խմբագրի դեմ հարձակվելու կամ, ավելի ճիշտ, պաշտպանվելու մասին3։ Պ. Թադոմեսը (այսպես է Տիկլանի կեղծ անունը) իմիջիայլոց հարցնում է «Արձագանքի» խմբագրին, թե ինչո՞ւ է յուր հոր փողերը կերել կամ յուր ընտանիքում ինչո՞ւ քաղաքավարի չէ խոսում… Որքան ողորմելի են այս մարդիկը. որքան ցավալի է մեր դրությունը… Չգիտեմ՝ որքան ճիշտ է, այստեղ շշուկ կա, թե «Նոր դարը» կառավարությունը դադարեցնում է4։
Անցյալ երեկոյան «Մուրճի» խմբագրատանն էինք (ես ու Սիմեոն Հովվյանը). ջերմ վիճաբանություններ տեղի ունեցան բանաստեղծության և բանաստեղծների մասին. գլխավորապես խմբագիրը և ճեմարանի ուսուցիչ Լիսիցյանն էին վիճում. վերջինս հերքում էր փաստերով «Մուրճի» բանաստեղծների բարձրությունը և ինքնուրույնությունը, որ սակայն Արասխանյանը պաշտպանում էր ամենայն ուժով։ Լիսիցյանը պահանջում էր, որ տպվեն առայժմ բոլոր երիտասարդ բանաստեղծների ուղարկածները, որպեսզի նրանք սիրտ առնեն և իրանց գույնով ու ուժով մտնեն ասպարեզ և այն ժամանակ կարելի լինի իմանալ, թե որն է նրանցից իսկապես բանաստեղծ, և ոչ թե հետ ուղարկել, վախացնել և արհամարհանքով խորտակել նրա ունեցած-չունեցած ձիրքը։ Վերջապես նկատվում է, որ բանաստեղծությանը մեծ նշանակություն են տալիս այժմ մեր գրականական մարդիկը (այսինքն իրան նշանակությունը)։ Իմ տետրակն արդեն ուղարկված է Մոսկվա տպագրելու5. Աղասին գովեստներ էր շռայլում իմ բանաստեղծությունների մասին։ Հետո քեզ կուղարկեմ իմ նոր գրածներից (տետրակից հետո), ի թիվս այլոց և մի պոեմա «Անուշ» վերնագրով, Լոռու կյանքից6։ Գրելու այնքան բաներ կան, որ խառնվել են իրար. մանավանդ շտապում եմ, չգիտեմ ինչ գրեմ։ Դարձյալ ինձանից։ Չգիտեմ ինչ է պատահել. համարյա քո գնալուց հետո բոլորը սիրահարական ոտանավորներ եմ գրում։ Ես կարծում եմ, թե այն խորհրդավոր համբույրի հետ դուն ինձ ավանդեցիր քո սիրավառ զգացմունքը։ Աշխատիր այդտեղի քո կյանքի օրագրությունը գրել։ Ժամանակին քեզ կծառայե։ Գրիր, նոր ինչ գրքեր ես ուզում ուղարկեմ։
Բարևիր Ստեփանին և գրիր ձեր օրերի մասին, ո՞նց եք անցկացնում։
Այստեղ շատ տխուր է, Անուշավան ջան, ոչ մի մխիթարության նշան չէ երևում մեր երկնակամարի վրա. մարդիկ իրար ուտում են, կողոպտում են, սպանում են բարոյապես և, ո՜վ ամոթ, իրանց գարշելի բերանն առած՝ ամբողջ օրը ծամում են ազնվությունը և լուսավորությունը։
Ինձ, իրավն ասեմ, խեղդում է այս մթնոլորտը, չկա ընկերական շրջան, չկա գրականության մասին խորհող մարդոց շրջան, որ ղեկավարեին երիտասարդներին, չկա մի անկյուն, որ տիրած չլինի ավազակությունը, անառակ և ցոփ կյանքը, բռնությունը…
Այստեղ անհնար է սիրել. ո՞ւմ սիրես. իսկ առանց սեր կյանք չկա. դուն սիրո ծնունդ և սիրո երգիչ, սիրո երկրպագու ես, դուն հասկանում ես որն է սերը. ես այստեղ սիրել չեմ կարող.—
|
- Նամա՜կ, շուտ։
-ուհիս բարևում է քեզ, և տանըցիք, ըհը՛ (ասըմ են գրի)։
Հ. Գ. Բարեկամ, այս նամակը պահիր, որ ետ ինձ տաս։
Տողատակեր
խմբագրել- ↑ Պատճառը։