Թուրքիա
ԹՈՒՐՔԻԱ
Փոքր Ասիո սովը տակավին սարսափելի կոտորածներ է անում, ձմեռվա վրա հասնելը մի երկրորդ դժբախտության պատճառ եղավ ժողովրդին, ճանապարհների հաղորդակցությունները դժվարացան և խեղճ սովատանջները զրկվեցան դրսից շուտափույթ կերպով պաշարներ ստանալուց: Ամեն կողմից բարեգործական օժանդակությունները դեռ շարունակվում են. նորին մեծ սուլթանը յուր սեփհական կայքից շնորհեց 20,000 լիրա, իսկ մայր թագուհին 5000 լիրա: Այդ նմանում է այն հայրերի ծնողական զգացմունքին, որոնք անգութ կերպով իրենց որդիներին ճնշում են, մաշում են քանի նրանք առողջ են, իսկ երբ հիվանդացան, սկսում են սիրել, երբ մեռան, մի քանի կաթիլ արտասուքով միայն մխիթարում են իրանց...
Փոխանակ ժողովրդի հարկերը թեթևացնելու, փոխանակ նրա տնտեսական դրությունը բարվոքելու, փոխանակ միջոց տալու երկրագործության ծաղկելուն, կառավարությունը յուր պարտքերի բացը ծածկելու համար մինչ այն աստիճան հարստահարում է նրանց, որ ժողովուրդը շատ չէ ցանում, որովհետև արդյունքը չէ կարողանում լրացնել այն հարկերը, որ պետք է վճարե կառավարությանը: Այստեղից հասկանալի է, թե ինչու սովը հաճախ կրկնվում է նույն երկրներում:
Նորոգ պատրիարքության ժամանակ վճռված ազգային խնդիրների կարգում անցավ և եկեղեցականների ընտրության հարցը: Կրոնական ժողովի նոր կանոնադրության համաձայն, հոգևորականներ լինելու արժանավորություն ունենալու համար, պետք է լինել` համեստ, բարոյական, կրթված սուրբ գրոց մեջ և ունենալ մի քիչ էլ ուսում, — այդ վերջինը ամենաերկրորդական տեղն է բռնում... Պատվական «Մասիսը» մինչև անգամ այդ ևս ավելորդ էր համարում, նա 1874 ամի յուր 1856 թերթի մեջ հայտնում է այն միտքը, թե ի՞նչ պետք է եկեղեցականների դրությունը բարվոքելու համար նոր կանոնադրություն, երբ մեր մայր Մաշտոցի մեջ ամեն բան գրված է... (՞) թե ամեն մի նոր վերանորոգություն եկեղեցականների վերաբերությամբ համարվելու է զեղծում հայաստանյայց եկեղեցվո դեմ և այլն:
Խավարասերնե՛ր, միշտ դեպի հինը, միշտ դեպի ետ, բայց ոչ երբեք մի քայլ առաջ...
Ազգային, փոքր ի շատե հասարակական նշանակություն ունեցող հարցերի կարգում կարելի է դասել և Կ. Պոլսի հայ գաղթականների խնդիրը, որոնք գավառներից թափվում են դեպի մայրաքաղաքը և տարիներով մնում են այնտեղ: Ազգ. ժողովը վճռեց ազդարարություն տալ ծխատեր քահանաներին և եկեղեցիների երեսփոխաններին, որ նրանք խրատեն և համոզեն պանդուխտներին չորս տարուց ավելի չմնալ Կ. Պոլսում, այլ դառնալ իրանց հայրենիքը: Մի՛շտ պալիատիվ միջոցներ և ոչ արմատական...
Փոխանակ քննելու այն պատճառները, որոնք ստիպեցնում են պանդուխտներին թողնել հայրենիքը, իրենց տունը, տեղը և ընտանիքը, և տասն-քսան տարիներով մաշվել օտարության մեջ, փոխանակ մտածելու այն միջոցների մասին, որոնք հնար տային գաղթողներին մնալ իրանց հայրենական հողի վերա և հաստատուն ապրուստ ունենալ. ժողովը յուր վճիռով տերտերներին և մղդսիներին է դիմում... Ահա ինչպես են օգուտ քաղում մեր զարգացած պոլսեցիք Սահմանադրության արտոնությունից...
Գաղթականության հարցը ամենագլխավոր տեղն է բռնում Տաճկաստանի հայերի վիճակի մեջ: Ամեն տարի հազարավոր երիտասարդներ Վանից, Մուշից, Բաղեշից, Կարինից և այլ գավառներից, դիմում են դեպի Կ. Պոլիս իրանց ընտանիքի համար ապրուստ շահելու: Այդ հոսանքը գնալով ավելի ընդարձակ քանակություն է ստանում, քանի նույն երկրներում ժողովրդի ապրուստի հնարները դժվարանում են: Ցավալին այն է, որ պանդուխտներից շատ քչերին է հաջողվում վերադառնալ յուր հայրենիքը. մեծ մասը կորչում են մայրաքաղաքի մեջ, թողելով հազարավոր անբախտ և անխնամ ընտանիքներ...
Չենք հիշում, թե որքա՞ն է վնասում գաղթականությունը մեր ազգի աճելությանը, իսկ ավելի զգալի կորուստ է այն, որ հայ ազգաբնակությունը հեռանում է յուր բնիկ կենտրոնից, որի վերա պետք է հաստատված լիներ նրա կյանքը և ապագան: Որ նա յուր հայրենական հողից ստանար յուր ծնունդը և ոչ մեծ քաղաքներում համալության աներ: Ահա գլխավոր խնդիրը, որո վերա պետք է ուշադրություն դարձներ Ազգ. ժողովը:
Վսեմափայլ Երեմյան բեյը շնորհեց մի նշանավոր գումար ազգային սնդուկի պարտքերը վճարելու համար: Բարեգործությունը միշտ գեղեցիկ բան է, այդ պատճառով էլ Պոլսի լրագրությունը ջերմ խնկարկություններ է անում: Մենք խորհուրդ կտայինք ուշադրություն դարձնել այն հարցի վերա, որ Ազգ. վարչությունը կանոնավորեր յուր անհաշիվ տնտեսությունը, որ մյուս անգամ նրա սնդուկը մի նոր Երեմյանի օգնության կարոտ չմնար:
Խրիմյանի բողոքը յուր վերա դրած ծանր զրպարտությանց մասին մնաց առանց հետևանքի: Խե՛ղճ հայրիկ, մխիթարեցեք ձեզ նրանով, որ այդպես է մի անզարգացած հասարակության մեջ գործիչների վախճանը... Շա՜տ ապրի Պոլսո լրագրությունը, նա մի մարդու գործունեությունը քննելու ընդունակություն չունի, իսկ նրան անձնապես մրոտելու վարժված է...
Կ. Պոլսի լրագրությունը բացարձակ հայտնում է, թե Խրիմյանին յուր աթոռից գլորելու համար, մի նշանավոր տեղից 25,000 ռուբլի ուղարկված է եղել, «կծողների» ատամները սրելու և նրանց բերնում լեզու դնելու համար: Որքան ուղիղ է այդ լուրը, մենք չգիտենք, միայն այսքանը կարող ենք ասել, որ մեր բարձր եկեղեցականների մեջ հիշյալ միջոցը նոր բան չէ. մի ժամանակ նրանք կաշառում էին պարսից շահերին, տաճկաց սուլթաններին և միմյանցից աթոռներ էին խլում, այժմ կաշառում էին գրական մամուլը...
Կրոնական ժողովի նախազգուշությունը, որ դարձած էր Կ. Պոլսի լրագրությանը, որ նրանք եկեղեցականներին վերաբերյալ տեղեկությանց մեջ համեստություն պահպանեն, նրանց անձնականությանը չդիպչեն և այլն — այդ հռոմեական կուժը խեղճ «Ասիայի» գլխին կոտրվեցավ. լրագիրը դադարեցավ յուր գործունեությունից: Կրոնական ժողովը փոխանակ լրագրության ձայնը լռեցնելու, ավելի լավ կաներ հոգևորականներին ուղղել: Կեղտոտ գործը կմնա միշտ կեղտոտ, թեկուզ, գործողը աշխարհական լիներ, թեկուզ հոգևորական...
Սահմանադրության զանազան հոդվածները, որոնց ժողովրդի այժմյան պահանջներին անհամապատասխան լինելու մասին բողոքում էր Խրիմյանը, — այդ գլխավոր հարցը նույնպես ուշադրության առնված չէ: Իսկ ի՞նչ բաներով զբաղված է Կ. Պոլսի Ազգ. վարչությունը, ավելի ոչինչ չենք կարող հաղորդել, որովհետև մի շոշափելի բան չենք գտնում: