ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Մեզանում գրականությամբ պարապվողներն ըստ մեծի մասին աղքատ մարդիք են: Եթե նրանցից մեկը հեղինակել, կամ թարգմանել էր որևիցե գիրք, տարիներով նորա աշխատությունը լույս չէ տեսնում, մնում է առանց տպագրվելու:

Ի՞նչ անե հեղինակը: Նորա աշխույժը սառչում է, նա հուսահատվում է և դադարում է աշխատելուց. տեսնելով, որ յուր պարապմունքը ոչ միայն հաց չէ տալիս նորան, այլև նա զրկվում է յուր գործունեության բարոյական բավականությունից:

Մի միջոց, որ շատ անգամ գործ է դրվում մեզանում գրքեր տպագրելու, այն է, որ հեղինակը կամ նորա բարեկամներից մեկը ստիպված են լինում բաժանորդագրության թերթը դռնե-դուռն ման ածել, դորան նորան խնդրել, որ մի քանի օրինակ ստորագրեն, արծաթը կանխիկ վճարելով: Եվ եթե հաջողվում է մի այդպիսի ձանձրալի ձեռնարկությունը, այնևս ոչ թե հեղինակի տաղանդը հարգելու և նորան խրախույս տալու համար է լինում, ոչ, այլ որպես ռամկորեն ասում են` «խաթրի համար»:

Թե հիշյալ միջոցներով գիրք տպագրելը որքան վիրավորում է հեղինակի անձնասիրությունը, այդ ինքնըստինքյան հասկանալի է. բայց ի՞նչ հնարներ պետք է գործ դրած նրանց այդ դժբախտություններից ազատելու համար:

***

Առհասարակ գրքերի պահանջը մեզանում այնքան զգալի է, որ այդ մասին երկար խոսելը բոլորովին ավելորդ է:

Մանկավարժական ժամանակակից խնդիրն արդեն զարթել է մեր մեջ, և մենք խիստ հաճախ լսում ենք` նոր մեթոդ, նոր եղանակ պետք է մտցնել դպրոցների մեջ. հին, փտած գրությունը պետք է ոչնչացնել և նոր համակարգությամբ կազմակերպել ուսումնարանների ձևը և այլն:

Բայց այդ վերանորոգություններին հարկավորած դասագրքերն ունե՞նք արդյոք: — Այդ մասին ո՛չ ոք չէ մտածում:

Գիտությունների և արհեստների դասավորությունը հայերենի լեզվով պետք է լինի, կրկնում են նույն ձայները, և երեխան երեխայությունից պետք է սովորի մտածել և խոսել ազգային լեզվով:

Իսկ այդ առարկաներին հարկավոր ձեռնարկներ ունե՞նք: — Դարձյալ ո՛չ ոք չէ մտածում:

Հարաժամ լսում ենք` ժողովրդի մեջ պետք է ընթերցանություն տարածել, դարուս լուսավոր գաղափարները պետք է նորա մեջ տարրացնել, արհեստների և գիտությունների հետ պետք է ծանոթացնել և հեռացնել պետք է նրանից վաղեմի նախապաշարմունքները, սովորեցնելով նորան ազատ և առողջ դատողություն:

Ահա այդպիսի հազար ու մեկ ցանկություններ լսվում են մեզանում: Բայց ո՞ր գրքերի միջոցով կարող ենք հասնել դորան: Պատասխանը կլինի` գրքեր չունենք:

***

Ինչո՞ւ չունենք:

Կոշկակարն յուր արհեստով ապրում է. հյուսն յուր արհեստով ընտանիք է պահում. իսկ գրքերի հեղինակն յուր գլուխն անգամ պահել չէ կարողանում: Նորա արդյունաբերությունը մի այնպիսի մթերք է, որ խիստ սակավ է գնահատվում: Չկա մի ձեռք, որ գնելով նորա աշխատության նյութը հաղորդեր ամբոխին:

Մեր հայ գրավաճառները մեծ մասամբ օտար ազգի գրքերի առևտուրով են պարապված: Նոքա խիստ հեռու են պահում յուրյանց այն մտքից, որ գնեին հայ հեղինակի աշխատությունը և յուրյանց ծախսով հրատարակելով տարածեին ամբոխի մեջ: Եվ եթե նրանցից մեկը հոժարվում է գնել մի աշխատություն, այն ևս այնպիսի պայմաններով, որ հեղինակի թղթի և մելանի արժեքը չէ դուրս բերում:

Իսկ առանձին մեկենասներն մեր մեջ հազվագյուտ բաներ են: Մեր հարուստները պատրաստ են հազարներով մսխել յուրյանց փառասիրության համար, իսկ մի հեղինակի միջոց տալ յուր աշխատությունը ի լույս ածելու, այդ նրանց համար մահ է:

***

Մասնավոր անձանց նվիրատվությամբ գիրք տպագրելը հաստատուն լինել չէ կարող, որովհետև զոհաբերությունը որքան գեղեցիկ բան է, այնքան և անտևողական է:

Ուրեմն, գրքերի տարածելը ժողովրդի մեջ ոչ թե մասնավոր մարդու գործ է, այլ մի կազմակերպված ընկերության գործ:

Թողնենք օտարազգիների մեջ զանազան ձևերով եղած տպագրական ընկերությունները, թողնենք Կ. Պոլսի մեջ նույն նպատակով կազմված մի քանի ընկերություններ, հիշենք միայն Վենետիկի և Վիեննայի հայ աբեղաների միաբանությունները: Նոքա ոչ միայն ազատեցին մեր հին մատենագրությունը Հայաստանում վանքերի խորշերում փտելուց, այլև ընծայեցին մեզ թվով շատ ինքնուրույն և թարգմանական հեղինակություններ: Նոքա մի կողմից տարածեցին մեր հասարակության մեջ ընթերցասիրություն, ծանոթացրին եվրոպական գիտությունների հետ, մյուս կողմից, հարստացրին յուրյանց վանքը:

Ս. Էջմիածնի տպարանը կարող էր նույն դերը խաղալ, ինչ որ արեցին վենետիկցիք, եթե նրա գործունեությունը չլիներ սահմանափակված և եթե վանքի միաբանությունը կազմված լիներ գիտնական աբեղաներից և նոքա յուրյանց նվիրած լինեին գրականության:

Բայց դժբախտաբար Ս. Էջմիածնա մամուլը Ճաշոցներով և սուրբ գրքերի հին մեկնություններով է զբաղված…

***

Վերոհիշյալ հանգամանքներն աչքի առաջ ունելով, մեզ համար խիստ զգալի է լինում մի օրինավոր տպագրական ընկերության կարևորությունը:

Բայց թիֆլիսեցի հայը ոչ մի գործի միջամուխ չէ լինում, մինչև, նորա մեջ մի շոշափելի օգուտ չտեսնե: Հինգ աբասով առնել, տասն աբասով ծախել, այդ բաները նորան այնքան սովորական են, որ նա մի ուրիշ առևտրական հիմնարկության վերա չէ մտածում: Առհասարակ թիֆլիսեցի հայի գործունեությունը վաճառականական ասպարեզում դալարի գործունեություն է, — մի ձեռքից առնել, մյուս ձեռքին տալ. նա ինքը մի նյութ արդյունաբերելու ընդունակ չէ:

Ուրեմն խիստ դժվար է հասկացնել, թե վաճառականական սկիզբների վերա հիմնված մի տպագրական ընկերություն կարող էր տալ նրանց, եթե ոչ այն կողոպուտներն, որ անում են յուրյանց առևտուրից, այլ մի արդար և խղճմտանքով արդյունք: Իսկ դորանով մեր դրամատերները բավականանալ կարող չեն: Դարձյալ ստիպված ենք դիմել ուրիշ միջոցների:

***

«Մշակի» 45-րդ համարում տպված էր մի լուր, թե մեծապատիվ Օնանովի հորդորանքով հավաքում է մի գումար Ներսիսյան դպրոցի հոբելյանի տարեդարձը կատարելու համար: «Մշակը» յուր կողմից արել էր մի առաջարկություն, թե ավելի լավ կլիներ հոբելյանի հանդեսն որքան կարելի է համեստ կերպով կատարել և ավելորդ գումարն ընծայել դպրոցին, նորա տոկոսով մի աշակերտ արտասահմանում ուսանելու համար:

Այժմ լսում ենք, որ քանի օր առաջ մեծապատիվ Օնանովի հոգատարությամբ կազմվել է մի ժողով բժշկապետ Շահպարունյանցի տանը, ուր հավաքված են եղել Ներսեսյան դպրոցի հին աշակերտներից ոմանք, ստորագրել են մի նշանավոր գումար, որո տոկոսով մի աշակերտ պետք է ուսում առնե արտասահմանում հանուն հանգուցյալ Ալամդարյանի, որը նոցա վարժապետն է եղել: Արդարև, երախտագիտության մի գովելի արտահայտություն է այդ դեպի այն մարդու հիշատակը, որ նոցա մտավոր և բարոյական դաստիարակիչն է եղել:

Բայց հանդիսականներից մինը պարոն Ն. Տ. Շ., հայտնելով գրատպության այժմյան մեծ կարևորությունը, և նկարագրելով հեղինակների աննախանձելի դրությունը, նույն ժողովի մեջ արել է ուրիշ առաջարկություն, թե հավաքված գումարը փոխանակ գործ դնելու մի աշակերտ ուսում առնելու համար, ավելի օգտավետ կլիներ նույն գումարով կազմել մի դրամագլուխ, որո տոկոսով տպագրվեին զանազան գրքեր, և այդպիսով միջոց տրվեր հեղինակներին թե՛ ապրելու, և թե՛ եռանդով աշխատելու:

Որպես լսում ենք, պարոն Ն. Տ. Շ.-ի առաջարկությունն ընդունվել է ժողովի ընդհանուր համակրությամբ և նոքա վճռել են` բացի հանգուցյալ Ալամդարյանի անունով հավաքված նվիրատվությունները, կազմել մի տպագրական ընկերություն, ստորագրությամբ հավաքելով մի առանձին դրամագլուխ գրատպության գործին նպաստելու համար:

Հուսով ենք, որ մեծապատիվ Օնանովն ի թիվս յուր այլ բարեգործությանց կատարումն կտա և տպագրական ընկերության հաստատությանը, որը մեր կենսական ամենամեծ պահանջներից մեկն է, և այդպիսով կդյուրացնե գրքերի տարածվիլը մեր հասարակության մեջ:

Հիշյալ գումարի գործադրության կամ նորա ընկերության պայմանների մասին խոսելն ավելորդ է այժմ, միայն այսքանը պետք է ասել, որ դրամագլուխը պետք է հասնի այն քանակության, որ գոնյա տարեկան 1000 ռուբլի տոկոս բերե: Այն ժամանակ կարող էին տպագրվել ամեն մի տարի երեք գրքեր, մոտավորապես 300 երեսից բաղկացած, և յուրաքանչյուր գրքից 1200 օրինակ:

***

Բոլորովին անիրագործելի բան չէ մի այդպիսի տպագրական ընկերություն, զոհաբերության սկիզբների վերա հիմնված, այնպիսի անձանց կողմից, որ այժմ մտածում են այդ մասին: Մանավանդ, որքան մեզ հայտնի է, թեև նոքա անվերադառնալի կերպով ընծայելու են մի գումար, բայց նորա տոկոսի փոխարեն յուրաքանչյուրն միշտ և ժառանգաբար ստանալու է մի օրինակ ընկերության բոլոր հրատարակություններից:

Ներսիսյան դպրոցն ընծայել է մեր հասարակությանը, բացի յուրյանց հայրենի լեզվին հմուտ և ազգային ոգվով կրթված բազմաթիվ աշակերտներ, այլ նույն անձանց մեջ շատերը վայելում են բախտի առանձին բարիքները, — նոքա մեր քաղաքի հարստականների շարքումն են դասվում: Որպես լսում ենք, մեծապատիվ Օնանովի համախոհները, որք մտածում են տպագրական ընկերության մասին, նույն դասակարգի մարդիք են: Ուրեմն նրանց համար մի մեծ ծանրություն չէր լինի հոբելյանի առթիվ կազմել մի մշտական դրամագլուխ օգտավետ հրատարակությունների համար: Այդպիսով, մի կողմից հեղինակներին միջոց կտրվեր աշխատելու, մյուս կողմից թե՛ մեր դպրոցները և թե՛ հասարակությունը զրկված չէր մնա այն գրքերից, որոց մեծ կարոտություն ունի:

Եթե պարոն Ն. Տ. Շ...ի առաջարկությունը բոլորովին կիրագործվի, այն ժամանակ մենք պատրաստ ենք հրատարակել մի ամբողջ ծրագիր հիշյալ տպագրական հիմնարկության թե՛ կանոնների և թե՛ նորա վարչության ձևերի մասին: