Քամի լիներ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ժայռը իր վրա)

Վարդան Հակոբյան

Առվակի ափին
***

                                Համո Սահյանին

Ժայռը իր վրա պահում է մի ծառ,
Եվ ծառը զորեղ իր արմատներով
Մի ժայռ է պահում,
Իսկ սաղարթներով` փնջում լույսերը
Արեգակների
Ու շաղ է տալիս՝ սուրբ օրհնանքի պես,
Օր ու ցերեկով մթնած ձորերին,
Մութ ու այրերին,
Որ խինդ ու ծիծաղ լինի աշխարհում:
Արհավիրքներով խտացող ամպից
Շանթեր է քաղում,
Եվ փաթաթում է դալար մատներին`
Որպես աղջկա կրակ ժապավեն:
Զորությունը եւ ուժը արմատի
Չափվում է ժայռի անհուն խորությամբ,
Միշտ աշխույժ ու տաք մազարմատներով
Խորհուրդ է առնում Որոտան գետից
Ու տերեւների կանաչ շուրթերին
Դարձնում երգի թրթիռ ու կրակ…
Ձեռքերի վրա եւ ոտքերի տակ
Մի կանաչ-կարմիր հավիտենություն,
Սրտի մեջ` կանչը կռունկ ու լորի,
Ապրում է ծառը բախտով աշխարհի:
Եվ շոգ օրերին ստվերը նրա
Ձգվում, կարոտած քարափներ անցնում,
Ծառի անունից
Զովության խոսք է ասում դաշտերին,
Աշխարհներ տանող, աշխարհներ բերող
Բոլոր փոքր ու մեծ ճանապարհներին: