ԺՊԻՏ


Կապույտ երկնքից
Կախվեց արեւի ղողանջը դեղին
Եվ ազդարարեց ողջ աշխարհով մեկ
Գալուստը գարնան...

Իսկ ես, որ կանգնել փոքրիկ բլուրին
Ու նայում էի ծիծաղող հեռուն,
Իմ ամբողջ ձայնով կանչեցի հպարտ.
- Գարուն է գալիս...
Եվ փոքրիկ ժայռը, որ ինձ պես վաղուց
                Նետել էր արդեն
Ձմռան վերարկուն,
Իր արձագանքով խոսքս հաստատեց.
- Գարուն է գալիս...
                Արեւից պոկված
Կարմիր մի ժպիտ թավալվեց կանաչ
Խոտերի վրա
Եվ անցավ բացվող ծաղկանց շուրթերով...