Ի՞նչ է արոտների շինարարությունը

Ի՞ՆՉ է ԱՐՈՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈԻԹՅՈԻՆԸ

Մեր երկրի հողերի մի մասն էլ կազմում են ամառային արոտները, որոնցից օգտվում են ո՛չ միայն տեղական անասնապահները, այլև Վրաստանից և Ադրբեջանից եկող քոչվորները։

Ինչպես գյուղական նադել հողերի վրա կատարվում է հողաշինարարություն, այսինքն՝ նոր կտրատումներ են անում, աշխատում են հողացրվածությունը վերացնել, հեռու հողերն ավելի լավ օգտագործել, վերջապես՝ կանոնավորում են ճանապարհներն ու առուները և հատակագծում գյուղատեղին, այնպես էլ արոտների վրա տարվում են վերաբաժանման և կարգավորման աշխատանքներ։

Արոտ կա, որտեղ մի հեկտարի վրա միջին հաշվով արածում է 10 գլուխ անասուն, իսկ արոտ էլ կա, որտեղ մի հեկտարին ընկնում է 2 գլուխ։ Եվ թեկուզ արոտները նույն կատեգորիայի են, վարձագինն էլ նույնն է, որովհետև վարձը տրվում է ըստ տարածության և ոչ թե անասունների գլխի հաշվի, պարզ է, որ մի հեկտարի վրա 10 կովն արածելուց՝ բոլորն էլ կիսաքաղց կլինեն, արոտն օգտակար չի լինի և շուտ էլ կփչանա, հողը կպնդի, անպետք խոտ ու փուշ կբսնի, անասունները կտրորեն և իսպառ կփչացնեն։

Պատահում է, որ այս գյուղին կից մի ուրիշ գյուղ արոտ ունի, այնինչ առաջին գյուղը մի ուրիշ գավառ պիտի գնա արոտի համար։ Շատ վեճեր են լինում ջրի համար, լավ ճանապարհներ չկան, մի համայնքի վերցրած արոտի վրայով ուրիշ համայնք քշում է իր անասունները, որովհետև ուրիշ ճանապարհ չկա։

Իսկ քիչ չեն այնպիսի դեպքեր, երբ մի հարուստ տնտեսություն արոտների ընդարձակ տարածություն, հնուց սկսած, ամեն տարի վարձով է վերցնում, այնինչ հենց այդ արոտին կից գյուղն իր անասունները պահելու տեղ չունի։

Ահա այդ բոլոր թերություններին վերջ տալու համար է, որ կատարվում է արոտաշինարարություն։ Այդ աշխատանքները սկսվել են անցյալ տարի և Հողժողկոմատի ծրագրով երեք տարում պիտի վերջանան։

Ինչպե՞ս է կատարվում արոտաշինարարությունը։

Նախքան արոտների վերաբաժանելը, տեղում ուսումնասիրում են փաստացի օգտագործությունը, այսինքն՝ որոշում են, թե ո՞վ է օգտվել այս արոտից, և ո՞րն է եղել նրա սահմանը։ Միևնույն ժամանակ նշանակում են արոտի կատեգորիան և ստուգում են, թև մինչ այդ եղած կատեգորիան որքան է ճիշտ։ Պատահում են դեպքեր, երբ մի որևէ արոտ մինչև այժմ հիշվել է 3-րդ կատեգորիա, և այդպես էլ վարձագինը տվել են, այնինչ տեղական քննությունը ցույց է տալիս, որ այդ արոտն առաջին կատեգորիայի է և, նույնիսկ, խոտհարք է։ Այդպիսի դեպքում, մանավանդ եթե խոտհարք է, առաջին հերթին տալիս են արոտին կից գյուղին, նրա անասնապահությունը զարգացնելու համար։

Այդ աշխատանքը կատարելուց հետո հաշվում են, թե արոտամասում քանի՞ գլուխ անասուն է արածում (ձի, կով, ոչխար և այլն)։ Անասունների ընդհանուր թիվը բաժանելով արոտների տարածության վրա՝ որոշում են, թե մի հեկտարին քանի՞ գլուխ անասուն է ընկնում։

Այդ հիման վրա էլ արոտների սահմանները փոփոխության են ենթարկվում, նոր սահմաններ են գծվում և աշխատում են քիչ արոտ ունեցող գյուղին շատ տալ, նրա անասունների հաշվի չափով։

Բայց արոտների շինարարությունը միայն վերաբաժանությամբ չի վերջանում։ Նոր ճանապարհներ են անցկացնում, որպեսզի հեռու ընկած արոտներն օգտագործել կարողանան։ Այս տարի Միսխանայի արոտները տանող խճուղին արդեն պատրաստ է։ Նոր ճանապարհների ծրագիր է կազմվում։ Ջրային հարցը ևս կանոնավորվում է. արոտներն այնպես են բաժանվում, որ ջուրը մոտիկ լինի, և բոլորն էլ կարողանան օգտվել այդ ջրից։

Բայց արոտ ստացողներն իրենք ևս պիտի աշխատեն, որ արոտները բարեկարգ վիճակում լինեն։ Ամեն տարի եթե արոտների քարերը հավաքեն, մի քանի տարուց հետո ստացած արոտն անճանաչելի կլինի։

Շատ անգամ աղբյուրից այնքան անկանոն են օգտվում, որ եղած ջուրն էլ կորչում է, աղբյուրը դառնում ճահիճ։

Այն գյուղերը, որոնք արոտները խնամքով կպահեն և ջանք կթափեն արոտների բարելավման վրա, կունենան արտոնություններ մնացածների հանդեպ։