Մեքենաօգտագործական ընկերությունից մինչև կոմունա

Մեքենաօգտագործական ընկերությունից մինչև կոմունա

ՄԵՔԵՆԱՕԳՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅՈԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՈՄՈԻՆԱ

Այսօրվա համարում տպված են մի շարք հոդվածներ և թղթակցություններ կոլեկտիվների մասին[1]: Ի՞նչ են ասում այդ թղթակցությունները։

Կոլեկտիվների անհրաժեշտությունն արդեն պարզ է և հասկանալի մեր գյուղերում։ Իրար ետևից կազմվում են կոլեկտիվներ, բայց կան շատ թերություններ, որոնց վրա պիտի ուշադրություն դարձնել։

Կոլեկտիվները տնտեսության պլան չունեն, հաշվապահությունը կանոնավոր չի, նույնիսկ այնպիսի կոլեկտիվում, ինչպիսին Արփայինն է և կամ Խոտորջուրի կոմունան[2]։ Պատահում են դեպքեր, որ կուլակները չքավորին դուրս են անում կոլեկտիվից և իրենք ներս սպրդում։

Բայց, այս բոլորից բացի, շատ քիչ ուշադրություն են դարձնում մեքենաօգտագործական ընկերությունների վրա։ Մեր շատ թղթակիցներ այն կարծիքին են, թե այդ ընկերությունները մի կողմն են, կոլեկտիվները՝ մյուս կողմ։ Պատահում են դեպքեր, երբ գյուղում տրակտոր կա, սակայն հենց այդ գյուղում կազմված կոլեկտիվը նոր տրակտոր է պահանջում, եղած տրակտորը համարելով մեքենագործական ընկերության սեփականություն։

Այդ սխալ է ո՛չ միայն նրա համար, որ մենք ազատ տրակտորներ չունենք ամեն մի կոլեկտիվին բավարարելու, այլև սխալ է, քանի որ կոլեկտիվն առաջին հերթին պիտի ստեղծել մեքենագործական ընկերությունների շուրջը և, հետզհետե զարգանալով, պիտի վերածվեն ավելի բարդ կազմակերպությունների և հասնեն կոմունայի։

Ինչպե՞ս է կատարվում այդ։

Մի խումբ տնտեսություններ միանում են և ձեռք բերում տրակտոր և լծկաններ։ Նրանց հողերը դեռ միասին չեն, ամեն մարդ իր համար է վար անում։ Այդ կոլեկտիվի առաջին աստիճանն է, երբ միացած է միայն ինվենտարը (գործիք կամ լծկան)։ Մեքենաօգտագործման ընկերություններն առաջին աստիճանի կոլեկտիվ են։

Մի կամ երկու տարի հողը ընկերության տրակտորով վարելուց հետո, ընկերության անդամներր համոզվում են, որ տրակտորը մեկի հողից մյուսին տանելը թանկ է նստում, միջնակները խանգարում են, ավելի շատ նավթ ու բենզին է ծախսվում, երբ տրակտորը տանում են գյուղի զանազան հանդերում ցրված ընկերության անդամների հողերը վարելու։

Այս բոլորը ընկերության անդամներին համոզում է, որ իրենց ավելի ձեռնտու կլինի, եթե հողն էլ միացնեն, միջնակները վերացնեն և միասին վար անեն։ Ուրեմն՝ հողն էլ են միացնում։ Այս էլ կոլեկտիվի երկրորդ աստիճանն է, երբ ամեն մարդ իր ուզածն է ցանում, ինքն է բերքի տերը, բայց գործիքներն ու հողը մի տեղ են։ Այս արդեն հողը միասնաբար մշակելու ընկերություն է կոչվում։

Անցնում է դարձյալ որոշ ժամանակ։ Ընկերության անդամները համոզվում են, որ եթե վարն ու գործիքը միասին է, ձեռնտու կլինի, որ միասին էլ ցանեն, հնձեն ու կալսեն և միայն բերքը բաժ անեն։ Թե ի՛նչ ձևով են բաժանում բերքը, այդ ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ է լինում։ Մի այլ անգամ «Մաճկալն» այդ ձևերի մասին առանձին հոդված կտա[3]։ Այս երրորդ աստիճանը, երբ գործիքները, հողն ու աշխատանքը միասին է, ընկերովի, կոչվում է գյուղատնտեսական արտել։

Եվ, վերջապես, գալիս է չորրորդ աստիճանը, երբ ո՛չ միայն միասնաբար են աշխատում, այլև ընդհանուր է և ստացած բերքի սպառումը։ Այդ արդեն կոչվում է գյուղատնտեսական կոմունա, որի բոլոր անդամներն աշխատում են ամենքն իր ուժի չափ և բավարարվում ըստ կարիքի։

Մենք տեսանք, թե ինչպես կարելի է տրակտորի ընկերություն կազմելուց հասնել մինչև կոմունա։ Իհարկե, այդ չի նշանակում, որ բոլոր աստիճաններն էլ պիտի անցնել կոմունային հասնելու համար։ Եթե պայմանները թույլ են տալիս, և ընկերության անդամները ցանկանում են, կարող են միանգամից դնել գյուղատնտեսական արտելի կամ կոմունայի:

Այնտեղ, որտեղ այդ պայմանները թույլ չեն տալիս, ավելի լավ է՝ սկսել առաջին աստիճանից, հիմքն ամուր դնել և ապա, տարեցտարի ուժեղանալով, բարձրանալ դեպի կոմունա։

Այս հոդվածից պիտի հասկանալի լինի, թե ինչքա՜ն անհրաժեշտ է կոլեկտիվ կազմել առաջին հերթին այնտեղ, որտեղ տրակտոր կա, քանի որ մեքենա գործական ընկերությունները գյուղի կոլեկտիվացման առաջին աստիճանն են կազմում:

Լավ ընկերությունները հետագայում կդառնան մի-մի առողջ և հարուստ կոմունա։ Ուրեմն՝ հենց հիմիկվանից անհրաժեշտ է շատ ուշադրություն դարձնել մեքենաօգտագործման ընկերության վրա, չքավոր ու միջակ տնտեսություններին համախմբելով նրանց շուրջը։

  1. 1
  2. 2
  3. 3