Իբրև փետուրն ես համբուրում

ԻԲՐԵՎ ՓԵՏՈՒՐՆ ԵՍ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ


Բառը ձի է, մի թամբիր, մի սանձիր, աչքակալներ մի դիր,-
խոսիր այնպես, իբրեւ խոտն է բուսնում, որը ոչ ոք չի ցանել,
խոսիր այնպես, իբրեւ չես խոսում, իբրեւ հոսում է կտրված երակիդ արյունը,
խոսիր այնպես, իբրեւ դեռ չես ծնվել, չգիտես էլ՝ կծնվես, թե չէ,
եւ հայրդ, առաջին անգամ, դեռ նոր է մորդ ասում՝ սիրում եմ։

Ճամփան ձի է, մի թամբիր, մի սանձիր, աչքակալներ մի դիր,-
քայլիր այնպես, իբրեւ հորիզոնը աղջնակ է գրկաբաց, քեզ ընդառաջ է վազում,
քայլիր այնպես, իբրեւ չես քայլում, արձակում ես ոտքերիդ մեջ կծկված հեռուները,
քայլիր այնպես, իբրեւ Նարեկացին քեզ է սպասում Վանա լճի եզերքին,
եւ «Գիրք ճանապարհիի» թրահեսան էջերն են մեր դաշտերը անծայրածիր։

Երկինքը ձի է, մի թամբիր, մի սանձիր, աչքակալներ մի դիր,-
թռչիր այնպես, իբրեւ թեւերիդ վրա նժարում ես լույսն անկշռելի,
թռչիր այնպես, իբրեւ չես թռչում, իբրեւ արյունդ եռման մեջ է Ավարայրում,
թռչիր այնպես, իբրեւ փետուրն ես համբուրում ձիթենու ճյուղը կտցած աղավնու,
եւ Նոյյան տապանը փրկած Արարատն ինքը դեռ խրված է ջրհեղեղի տիղմերի մեջ։

Արեւը ձի է, մի թամբիր, մի սանձիր, աչքակալներ մի դիր,-
բառավորվիր այնպես, իբրեւ տառերը ստեղներ են խաչքարին Գտչավանքի,
ճամփավորվիր այնպես, իբրեւ Մհերը դուրս է եկել քարայրից ու «մըր Էրգրից» չի գաղթելու,
երկնավորվիր այնպես, իբրեւ վառվում է ճակատիդ արյան շիթը Հիսուսի,
եւ քո դարձի մեջ տուն են դառնում նրանք, ովքեր երբեք տուն չեն դառնալու։